Վիգի Մարաշլեան. Աւելի Քան Մէկ Դար` Ժողովրդի Հետ, Ժողովրդի Համար
By adminx - Fri Oct 26, 5:42 am
- 0 Comments
- 119 views
- Tweet
Email
Print
Պատրաստեց` ՍԵՒԱԿ ԽԱՉԱՏՐԵԱՆԸ
Ժողովրդիս հետ, ժողովրդիս համար` ահա այս կարգախօսով եւ աւելի քան մէկ դար է, ինչ գործում է Հայ օգնութեան միութիւնը: Հարիւրամեայ այս կազմակերպութիւնն Արցախում գործում է` սկսած 1994 թուականից:
Սեպտեմբերի 23-ին տեղի ունեցաւ Հայ օգնութեան միութեան Արցախի մեկուսի մասնաճիւղի 10-րդ տարեկան անդամակցական ընդհանուր ժողովը: Ժողովը քննութեան առաւ անցած 17 ամիսների գործունէութեան տեղեկագիրը, գնահատական տրուեց ՀՕՄ-ի նշուած ժամանակաշրջանի գործունէութեանը, քննարկուեցին կազմակերպութեան առաջիկայ անելիքներն ու ծրագրերը: Ժողովն ընտրեց Արցախի մեկուսի մասնաճիւղի նոր վարչութիւն: Վարչութեան ատենապետուհի վերընտրուեց Կարինէ Դադայեանը:
Յիշեցնենք, որ Հայ օգնութեան միութիւնը (ՀՕՄ, անգլերէն` Armenian Relief Society) կանանց բարեգործական կազմակերպութիւն է: 1998-ից ՄԱԿ-ի Տնտեսական եւ ընկերային խորհրդի (ECOSOC) անդամ է: Հիմնադրուել է 1910 թ. ՀՅԴ գործիչ Է. Ակնունու (Խաչատուր Մալումեան) ջանքերով, Միացեալ Նահանգների հայ կանանց տարբեր կազմակերպութիւնների միաւորմամբ, եւ կոչուել է ՀՅԴ Կարմիր խաչ: Հայ օգնութեան միութիւնը մարդասիրական, հասարակական, ոչ դաւանական կանանց կազմակերպութիւն է, որ առաքելութիւն ունի ծառայել հայ ժողովրդի ազգային նկարագրի եւ մշակութային ինքնութեան պահպանմանը:
Հայ օգնութեան միութեան գործունէութիւնն ընդգրկում է հետեւեալ աշխատանքները.
- օժանդակել հայ ժողովրդի ընկերային, կրթական, առողջապահական եւ բարեսիրական կառուցողական ձգտումներին: Ստեղծել աղբիւրներ, որոնք նպաստում են ՀՕՄ-ի բարեգործական մղումների շարունակութեան ապահովմանը,
- կատարել յատուկ յատկացումներ` սնունդ, դեղորայք եւ հագուստ հայթայթելու նպատակով` պատերազմների, համաճարակների եւ բնական աղէտների ժամանակ եւ օգնել հիւանդներին, աղքատներին, հաշմանդամներին, ռազմագերիներին, աքսորեալներին,
- հիմնել առողջապահական, սննդի բաշխման եւ ընկերային ծառայութեան կենտրոններ կամ նիւթապէս օժանդակել դրանց,
- նիւթական օժանդակութիւն տրամադրել արժանաւոր ուսանողներին, յատկապէս նրանց, որոնք մասնագիտանում են հայագիտական եւ ընկերային ծառայութիւնների մէջ,
- օժանդակել առողջապահական, կրթական եւ խնամատարական ծրագրերին, որոնք օգնում են հայ զինուորների, մեր ազգային դատին ծառայողների ընտանիքներին, կարօտեալ այն հայերին, որոնք յայտնի են իրենց ազգային ծառայութիւններով, նպաստել նրանց զաւակների կրթութեանը,
- համագործակցել այն կազմակերպութիւնների հետ, որոնք ունեն համանման նպատակներ: ՀՕՄ-ի Արցախի մեկուսի մասնաճիւղի անդամակցական ժողովին մասնակցելու նպատակով Արցախ են ժամանել նաեւ ՀՕՄ-ի Կենտրոնական վարչութեան ատենապետուհի Վիգի Մարաշլեանը եւ Կենտրոնական վարչութեան երեք անդամներ: Առիթը բաց չթողնելով` հանդիպել եւ զրուցել ենք Վիգի Մարաշլեանի եւ ՀՕՄ-ի Կենտրոնական վարչութեան անդամների հետ:
Մեր անկեղծ ու ջերմ զրոյցի ընթացքում Վ. Մարաշլեանը ասաց. «Ամէն անգամ Հայաստան այցելելիս պարտադիր այցելում ենք Արցախ: Այժմ Արցախ ենք այցելել Կենտրոնական վարչութեան չորս ընկերներով եւ մասնակցել Արցախի մեր միաւորի Ընդհանուր ժողովին: Նոր ծրագրեր ունենք, քննարկել ենք այն խնդիրները, որոնք այսօր ծառացած են մեր առջեւ, յատկապէս մեծ աշխատանքներ ունենք «Սօսէ» մանկապարտէզների աշխատանքների առումով»:
ՀՕՄ-ը միշտ պատրաստ եւ ընդունակ է լուծել բոլոր տեսակի խնդիրները եւ կեանքի կոչել նոր ծրագրեր: ՀՕՄ-ի ատենապետուհին, խօսելով առկայ խնդիրների մասին, վստահօրէն նշում է նաեւ, որ խնդիրներից ՀՕՄ-ուհիները չեն վախենում, եւ իրենց համար ամէն խնդիր լուծելի է` ի պատասխան իմ հարցին, թէ ի՞նչ խնդիրներ ունի ՀՕՄ-ը, այսպէս է պատասխանում ատենապետուհին: ՀՕՄ տարածուած է աշխարհի 27 երկրներում` աւելի քան 15 հազար անդամներով:
Ծրագրերը շատ են` առողջապահական, կրթական, մշակութային եւ այլն: «Այս ծրագրերը կեանքի են կոչւում մեր բոլոր միաւորների մասնակցութեամբ եւ աջակցութեամբ: Այս պահին օրակարգում մեզ համար ամենակարեւորը սիրիահայերի օգնութեան եւ նրանց խնդիրների օժանդակութեան խնդիրն է: Այդ խնդիրը այսօր արդէն կրկնապատկուել է: Պէտք է օգնութեան հասնել այն սիրիահայերին, ովքեր Սիրիայում են եւ պէտք է նպաստել, օգնել, որպէսզի պահպանուի սիրիահայ համայնքը եւ մնայ կրկին ուժեղ ու կենսունակ, ինչպէս նաեւ` այն սիրիահայերին, ովքեր Հայաստանում են, Արցախում են, ունեն կեցութեան, կրթութեան եւ այլ խնդիրներ: Մենք նպատակ ունենք մօտ օրերս հանդիպել Հայաստանի սփիւռքի նախարարութեան, ՀՅԴ Բիւրոյի հետ` իրենց հետ խորհրդակցելու, թէ ինչ կերպ կարող ենք օգտակար լինել Սիրիայի մեր հայրենակիցներին,- նշում է Վ. Մարաշլեանը եւ յաւելում,- ՀՕՄ-ը ստեղծել է ֆոնտ եւ մայիս ամսից սկսել է դրամահաւաք կազմակերպել. արդէն 100 հազար ամերիկեան տոլար է հաւաքել սիրիահայութեան օժանդակութեան համար: Շատ երկրներում ստեղծուել է համայնքային միացեալ մարմին` սիրիահայերի օգնութեան նպատակով, որի կազմում են համահայկական կուսակցութիւնները, կազմակերպութիւններ եւ, բնականաբար, մարմինի կազմում է նաեւ ՀՕՄ-ը»:
Վիգի Մարաշլեանը գտնում է, որ սիրիահայութեան հարցը Սիրիայում է. «Այստեղ պարզապէս սիրիահայերի կեանքի փրկութեան հարցն է: Այս ուղղութեամբ մենք պէտք է անենք ամէն հնարաւորը: Անշուշտ պէտք է նաեւ կարողանանք պահպանել Սիրիայի հայկական համայնքը, ինչը մեզ համար շատ կարեւոր նշանակութիւն ունի», խօսելով սիրիահայութեան խնդիրների մասին` նշեց Վ. Մարաշլեանը:
ՀՕՄ-ի ատենապետուհին անդրադարձաւ Արցախում կազմակերպութեան անելիքների ու գործունէութեան մասին: Մեծ աշխատանքներ ունի կատարելու ՀՕՄ-ը նաեւ Արցախում: ՀԸՄ-ը իր «Սօսէ» մանկապարտէզները հիմնեց Արցախում պատերազմից յետոյ եւ մինչ այժմ գործում են: Միայն վերջերս չորս մանկապարտէզներ յանձնեցինք պետութեանը, իսկ մնացեալ ութ մանկապարտէզները շարունակում են յաջողութեամբ գործել ՀՕՄ-ի հոգածութեան ներքոյ: Շատ հպարտ եմ յայտարարելու, որ արդէն 20 տարի է, ինչ ՀՕՄ-ը իրականացնում է «Ծնողազուրկ երեխաների հովանաւորութեան» ծրագիրը եւ այդ ծրագրի քսանամեակը նշելու ենք սեպտեմբերի 29-ին եւ 30-ին, Երեւանում: Լայնընդգրկուն են ՀՕՄ-ի ծրագրերը: Այս ծրագրերի մէջ առաջնային է կրթականը:
ՀՕՄ-ը ունի համալսարանական կրթաթոշակ, ինչպէս նաեւ «Լաւագոյն ուսանող» ծրագիր, եւ ամէն տարի լաւագոյն 5 ուսանողներ պարգեւատրւում են միութեան կողմից: Այս ծրագիրը տարիներ է, արդէն իրագործւում է Արցախում` Կենտրոնական վարչութեան ֆինանսաւորումով: Այս տարի ՀՕՄ-ի Արցախի վարչութիւնը, իր կողմից յաւելեալ 5 լաւագոյն ուսանողների պարգեւատրելով, մրցանակներ ստացողների թիւը բարձրացրեց 10-ի: Այս տարուայ ծրագրերից էր նաեւ ամառնային պատանեկան ճամբարի կազմակերպումը Գանձասարում: Նոր ծրագրեր են կազմւում առաջիկայ տարիների համար եւ նորընտիր վարչութիւնը պէտք է յանձն առնի այդ ծրագրերի իրականացումը:
Մեզ հետաքրքրում էր, թէ ինչ մակարդակի վրայ են ՀՕՄ-ի յարաբերութիւնները Հայաստանի եւ ԼՂՀ իշխանութիւնների հետ: «ՀՕՄ-ը շատ ջերմ յարաբերութիւններ ունի ԼՂՀ իշխանութիւնների հետ` ի դէմս նախագահի եւ վարչապետի: Մեզ բաց սրտով են ընդունում Արցախում: Մենք հանդիպումներ ենք ունենում տարբեր նախարարութիւնների հետ: Բաւարար անհրաժեշտ յարաբերութիւններ ունենք նաեւ Հայաստանի իշխանութիւնների հետ: Մեզ յարգանքով են ընդունում», նշեց Վ. Մարաշլեանը:
ՀՕՄ-ի գլխաւոր վարչութեան անդամ Ալիսիա Բեջանեանը յաւելում է .«Շատ ջերմ յարաբերութիւններ ունենք Հայաստանի իշխանութիւնների, երկրի նախագահի, Առաջին տիկնոջ հետ, ինչպէս նաեւ` սփիւռքի, ընկերային ապահովութեան նախարարութիւնների հետ: Մի քանի տարի է` ընկերային ապահովութեան նախարարութեան հետ իրականացնում ենք մանկատան շրջանաւարտների ծրագիրը»: ՀՕՄ-ի Կենտրոնական վարչութեան անդամներին ընդունել է ԼՂՀ նախագահ Բակօ Սահակեանը: Հանդիպման ընթացքում քննարկուել են կազմակերպութեան կողմից Արցախում իրականացուող ծրագրերի ընթացքին եւ հեռանկարներին վերաբերող մի շարք հարցեր: Նախագահ Սահակեանը բարձր է գնահատել տարիներ շարունակ ՀՕՄ-ի կողմից Արցախում կատարուած աշխատանքները` դրանք գնահատելով որպէս հայրենասիրութեան լաւագոյն դրսեւորում:
Վիգի Մարաշլեանը խօսեց նաեւ ՀՕՄ-ՀՅԴ յարաբերութիւնների մասին. «ՀՕՄ-ՀՅԴ յարաբերութիւնները միշտ աւելի քան ջերմ են: Այդպէս եղել է, այդպէս էլ կը լինեն ընդմիշտ: ՀՅԴ-ն մեր կողքին է, եւ մենք պատրաստ ենք միմեանց օգնելու. մենք ձեռք ձեռքի տուած` քայլում ենք առաջ»: ՀՕՄ-ը իր տեսակի մէջ եզակի կազմակերպութիւն է. իր կազմում ներառում է գրեթէ ամբողջութեամբ կանանց, չնայած տղամարդկանց անդամակցութիւնը չի մերժւում:
Իմ հարցին, թէ ո՞վ կարող է լինել ՀՕՄ-ի անդամ, Վիգի Մարաշլեանը պատասխանեց` դու, եւ բոլոր նրանք, ովքեր պատրաստ են ծառայել մեր հայրենիքի եւ մեր ժողովրդի համար:
Այս առումով Վիգի Մարաշլեանն ընդգծում է. «Մեր կազմակերպութիւնն ապացուցել է, որ 102 տարի, իբրեւ կանանց կազմակերպութիւն, յաղթահարել է իր առջեւ ծառացած խնդիրները եւ գործում է ե՛ւ համահայկական, ե՛ւ միջազգային ասպարէզներում: Մենք, որպէս միջազգային, ոչ կառավարական կազմակերպութիւն, անդամ ենք ՄԱԿ-ի Տնտեսական եւ ընկերային խորհուրդին, ինչպէս նաեւ գործակցում ենք ՄԱԿ-ի Հանրային տեղեկատուութեան բաժանմունքի հետ: Արդէն երկրորդ տարին է` ՀՕՄ-ը աշխուժ մասնակցում է ՄԱԿ-ի տարեկան «Կանանց իրավիճակի խորհրդաժողով»-ի ոչ կառավարական կազմակերպութիւնների խորհրդակցութիւնների կազմակերպման աշխատանքներին»: – Մենք կ՛ուզենք, որ աւելի ընդլայնանայ Արցախում մեր գործունէութիւնը, եւ Արցախի կանայք լինեն առողջ եւ յաջողակ,- իր խօսքն այսպէս աւարտեց ՀՕՄ-ի գլխաւոր վարչութեան ատենապետուհի Վիգի Մարաշլեանը:
«Ապառաժ»
Արցախ
- 0 Comments
- 119 views
- Tweet
Email
Print



