Վերջապէս Մշուշը Կը Ցրուի
By adminx - Fri Oct 26, 5:38 am
- 0 Comments
- 51 views
- Tweet
Email
Print
ԷԴԻԿ ԱՆԴՐԷԱՍԵԱՆ
Միացեալ Նահանգների նախագահի թեկնածուներից եւ ոչ մէկն իր քարոզարշաւի ընթացքում մինչ օրս չի անդրադարձել հայկական հարցերին եւ որեւէ խոստում չի տուել, թէ առաջիկայ տարիներում այս ու այս է անելու հայերի համար: Չի բացառւում, որ մինչեւ ընտրութիւնների լռութեան օրն էլ նրանք որեւէ բառ չարտասանեն, որովհետեւ մինչ այս պահը անպատասխան են թողել Միացեալ Նահանգների Հայ դատի գրասենեակի այդ խնդրով բոլոր գրաւոր դիմումները:
Փաստը, անշուշտ, ամենաուրախալիներից չէ: Պէտք է ենթադրել, որ կա՛մ Միացեալ Նահանգների նախագահի թեկնածուներ` Օպաման եւ Ռոմնին գրեթէ վստահ են, որ ամերիկահայութեան քուէն էական ազդեցութիւն չունի այլեւս նախագահական պայքարում, եւ կա՛մ նրանցից առնուազն Օպաման նախագահի պաշտօնում այնքան սուտ է խօսել, որ այլեւս համարձակութիւն չունի նոյն խոստումները տալ հայութեանը: Իսկ ինչ վերաբերում է Ռոմնիին, ապա նա ո՛չ Մասաչուսեցի նահանգապետի պաշտօնում, ո՛չ էլ դրանից առաջ աչքի չի ընկել հայերի խնդիրներով իր մտահոգուածութեամբ:
Ինչպէ՞ս որակել այս երեւոյթը. հայկական գործօնի թուլացո՞ւմ, Հայ դատի յանձնախմբի աշխատանքներում տեղ գտած թերութի՞ւն, հետեւանք Հայաստան-Միացեալ Նահանգներ փոխյարաբերութիւններում առկայ կնճիռների՞, պատասխան հայ-թուրքական արձանագրութիւնների սառեցման գործընթացի՞® Եթէ Սիրիայի կնճիռն այստեղ դերակատար է եղել, ապա առնուազն տարօրինակ է, որ Միացեալ Նահանգների ղեկավարին թուացել է, թէ Հայաստանն ու աշխարհի ողջ հայութիւնը կարող էին անտարբեր մնալ սիրիահայ համայնքի ճակատագրի հանդէպ: Ի վերջոյ, բոլորն էլ գիտեն, որ վաղը, միւս օրը հէնց Միացեալ Նահանգներն են ամենամեծ մարդասիրական օգնութիւնն առաքելու մի երկիր, որտեղ ոչ առանց իրենց մասնակցութեան` այդքան աւերներ գործուեցին:
Հայ դատի ամերիկեան գրասենեակները պնդում են, որ, չնայած թեկնածուների դրսեւորած անտարբերութեանը, շարունակուելու են յարաբերական աշխատանքները` թէ՛ մէկի եւ թէ՛ միւսի վարչակարգի հետ: Սա նշանակում է, որ թէ՛ մէկի եւ թէ՛ միւսի զօրակայաններում ազդեցիկ մարդիկ, ովքեր անկեղծօրէն մտահոգուած են հայկական խնդրով եւ իրենցից կախուած ամէն ինչ կ՛անեն, որ աշխարհի գերտէրութիւններից մէկը անտարբեր-չէզոք դիրք չգրաւի այնպիսի հակամարդկային երեւոյթի հանդէպ, ինչպիսին Հայոց ցեղասպանութիւնն է:
Միանգամայն հասկանալի է, որ Հայ դատի աշխատանքներում կ՛որդեգրուեն նոր մեթոտներ ու կը կիրառուեն միանգամայն նոր գործիքներ, որոնք մինչ այս նոր իրավիճակը համարուել են կամ անժամանակ, կամ` ոչ արդիւնաւէտ, որովհետեւ հերթական նախագահների կամ թեկնածուների կողմից միշտ հնչել են հաւաստիացումներ, որ իրենք ուշադրութեան կենտրոնում են պահելու հայութեան խնդիրների խնդիրը: Նրանց խոստումներին չհաւատալու բազմաթիւ հիմքեր ունեցող հայութիւնը, սակայն միշտ յոյսով է սպասել, որ մեծ տէրութեան հերթական ղեկավարը, ահա-ահա, իրերն իրենց անուններով կը կոչի ու վերջապէս տեղից կը շարժի Հայոց ցեղասպանութեան հարցը: Բայց, ամէն անգամ, ինչպէս ապրիլի 24-ի նախօրեակին, այնպէս էլ Միացեալ Նահանգների բարձրաստիճան պաշտօնեաների տարբեր առիթներով արած յայտարարութիւնների պատճառով հայութիւնն ստիպուած է եղել կուլ տալ հերթական հիասթափութիւնը: Ո՞ւմ էր պէտք Օպամայի «Մեծ եղեռն» ձեւակերպումը, եթէ նրա արտաքին գործերի նախարարը պէտք է դրանից յետոյ Հայոց ցեղասպանութիւնը որակէր պատմաբանների ուսումնասիրութեան հարց: Քանի՞ ժողովրդի գլխով անցած «Մեծ եղեռն» է այսօր ուսումնասիրւում պատմաբանների կողմից: Թոյլ տուէք հարցնել` այս ի՞նչ տարբերակուած, իսկ Հայաստանում Միացեալ Նահանգների դեսպան Հեֆֆեռնի խօսքով` ընտրողական մօտեցում է հայոց հարցին:
Բայց, ինչպէս ասում են` չկայ չարիք` առանց բարիքի: Գուցէ սա նաեւ կը ցրի՞ մեր աչքի մշուշը, որպէսզի վերջնականապէս համոզուենք, որ խեղդուողի փրկութիւնը առաջին հերթին խեղդուողի սուրբ պարտականութիւնն է: Այլապէս` սպասել, որ մեր փոխարէն ոեւէ մէկը կ՛անի դա, մի տեսակ անիմաստ է դառնում այլեւս:
Ամփոփելով` դիտել տանք` չի բացառւում, որ թէ՛ Օպաման, եւ թէ՛ Ռոմնին, ովքեր յաղթանակի դէպքում Միացեալ Նահանգների նախագահ կը լինեն 2015 թուականին, այսօրուանից արդէն հոգ են տանում, որպէսզի կարողանան շատ աւելի չէզոք դիրքում յայտնուել, երբ Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի միջոցառումների շրջագծում թափ հաւաքած ճանաչման գործընթացը նոր թափով բախի անտարբերների դռները: Տխուր է, ի հարկէ, երբ այնպիսի հզօր երկիր, ինչպիսին Ամերիկայի Միացեալ Նահանգներն են, այսօրէական իրենց շահի ակնոցով են նայում մարդկութեան դէմ գործուած սոսկալի յանցագործութեանը: Եւ, առհասարակ, ո՞ր կողմ են նայում հարիւր միլիոնաւոր ամերիկացիները, ովքեր չեն տեսնում, որ իրենց երկիրը, փոխանակ իր յարաբերութիւնները կարգաւորելու տարածաշրջանի երկրների հետ, դիցուք` Օպամայի նախագահութեան տարիներում այսպիսի սրընթաց անցում է կատարում դէպի Թուրքիայից վասալական կախուածութիւն: Չէ՞ որ դա ողբերգութիւն է, եւ ողբերգութիւն, առաջին հերթին, իրենց համար:
- 0 Comments
- 51 views
- Tweet
Email
Print



