Thursday May 23, 2013

Հաւատի Մեր Բանաձեւը

By adminx - Wed Oct 24, 5:46 am

ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ

«Մարդիկ դժգոհ են, մարդիկ դեռեւս հիասթափուած են: Դժգոհութիւններն առաւելապէս սոցիալ-տնտեսական բնոյթի են, համապետական եւ տեղական իշխանութիւնների գործունէութիւնից են, հեռանկարի եւ յոյսի պակասից են, տարբեր մակարդակների առաջնորդների հանդէպ հաւատի կորստից են: Հասարակական յոռետեսական միջավայրը ներկայում, ըստ էութեան, մեր երկրի առջեւ ծառացած ամենաառաջնային խնդիրներից է, որը լուրջ խոչընդոտ է թէ՛ զարգացման, թէ՛ փոփոխութիւնների ճանապարհին: Մենք փոխելու ենք, ի հարկէ, այս իրավիճակը, մեր իւրաքանչիւր քաղաքացի տեսնելու եւ հաւատալու է, որ ճանապարհը, որով գնում է Հայաստանը միակ անխոցելի եւ հեռուն տանող ճանապարհն է: Բայց պէտք է արդիւնքներ տեսնեն, պէտք է հաւատան, ուղղակի հաւատան»:

Սրանք իմ խօսքերը չեն, սրանք երկրի նախագահի` Սերժ Սարգսեանի խօսքերն են` ասուած ընդամէնը 10 օր առաջ: Ես կիսում եմ այստեղ ասուած իւրաքանչիւր միտք, աւելի՛ն,  զգացողութիւն ունեմ, թէ ես եմ գրել ու համոզուած եմ, որ դժուար թէ Հայաստանում գտնուի ոեւէ մէկը, որ չհամաձայնի այս պարզ ու մերկ ճշմարտութեան հետ: Ես ու ինձ նման հազարներ, որ վստահաբար յոգնել, ձանձրացել, նոյնիսկ զզուել են շարունակ դժգոհելուց, անորոշութիւնից, համատարած յուսահատութիւնից ու հայեացքը Հայաստանի սահմանից դուրս ապրելուց, պիտի փորձեն հաւատալ: Հաւատալ, որովհետեւ ի վերջոյ խօսքը Հայաստանի ու մեզանից իւրաքանչիւրի ճանապարհին ու հեռանկարին է վերաբերում:

Հաւատալու, փոխելու ու փոխուելու քրիստոնէական ուղերձներն ուղեղիս մէջ, մեր կորուստների ու դառնութիւնների բեռից յոգնած, դուրս եմ գալիս տանից ու առաջին անգամուայ պէս, ներշնչում հաւատալ ինձ, նախագահին ու Հայաստանին: Կեանքը հիասքանչ է` ներշնչում եմ ինձ ու երեւանեան ազնուական աշնան մէջ ներշնչանքն առաւել համոզիչ է դառնում:

Բայց հաւատիս բանաձեւը երկար աներեր չի մնում. աշնան արեւը մեղաւոր չի` լրահոսը գուժում է. բանակում երկար ժամանակ տաւարի փոխարէն` գոմէշի անորակ միս են մատակարարել երկար ժամանակ. ու հաւանաբար հէնց այն ժամանակ ու ամէն օր, դիպուկահարի թիրախի տակ շնչող իմ զինուորին, այն ժամանակ, երբ հարազատի սրտացաւութեամբ քննադատում-խօսում էինք հայոց բանակի ամենաթողութիւնների մասին, իսկ նրան տօնից տօն սիրող ու նրանից քարոզչական ցուցանակ սարքող տեսակը մեզ մեղադրում էր թշնամու ջրաղացին ջուր լցնելու համար:

Կաշառակերներին ու յանցագործներին գլխից պիտի բռնել` յորդորում է Հայաստանի նախագահն ու առայժմ բռնում Կապանից ինչ որ մսի գործարանի տնօրէնի, որն անշուշտ այս գործի գլուխը չէր կարող լինել:

Հաւատիս խոցուած բանաձեւը թափ եմ տալիս ու երեւանեան երկարող, առաջուայ պէս ազնուական աշնան մէջ, այնուամենայնիւ, ինձ ներշնչում, որ կեանքը հիասքանչ է:

Ու դարձեալ հաւատիս փորձաքար լրահոսը` կառավարութեան որոշումով, Հայաստանի արտաքին գործերի նախարարութեան շէնքը 51 միլիոն տոլարով վաճառուելու է օտարերկրացի ներդնողի. հիւրանոց են կառուցելու: Նիւեորքեան երկնաքերի մէկ բնակարանի գնով Երեւանի սրտում մի ամբողջ հիւրանոց ձեռք գցելը որոշների համար շահեկան է, շատերիս համար` անպատուութիւն, վիրաւորանք, բաժանում ու օտարում® Ու ես` միամիտս, դարձեալ փորձում եմ հաւատալ: Շատ-շատ եմ ուզում հաւատալ, որ մեր արտաքին ճակատի բազմաթիւ ձախողումների պատճառն արտաքին գերատեսչութեան անյարմարաւէտ շէնքն էր, գուցէեւ երգող շատրուաններից տարածուող զովը կամ մեղեդին, ուզում եմ հաւատալ նաեւ, որ Գերմանիայից նուէր ստացած կապոյտ Մերսետեսն էլ աւելի արդիւնաւէտ կը դարձնի գերատեսչութեան եւ յատկապէս նախարարի աշխատանքը, եւ ամենակարեւորը` հիւրանոց դարձած արտաքին գործերի նախարարութեան ճակատին ծածանուելիք օտարերկրեայ դրօշներն աւելի զգօն ու պատասխանատու կը դարձնեն կառավարութիւնը, բայց չեմ կարող ոչ թէ հաւատի, այլ զուտ իմացութեան դաշտից չբղաւել` օրէնքն է սահմանում իշխանութի՜ւն, ոչ թէ իշխանութիւնը օրէնք:

Ինչո՞ւ, ինչո՞ւ է Հայաստանի օրէնքների շրջանցումով այդպիսի գործարք կատարւում. ու ինձ թոյլ եմ տալիս անդառնալիօրէն վիրաւոր Թամանեանի անունից հարց տալ` ինչո՞ւ է ազգային մշակութային ժառանգութիւն հանդիսացող կառոյցն օտարւում առանց համապատասխան գերատեսչութեան եզրակացութեան, առանց հանրային կարծիքի: Հէնց էն հանրութեան կարծիքի, որին պատկանում էր այդ շէնքը, հէնց այն հանրութեան, որ «հեռանկարի ու յոյսի պակասից» լքում է երկիրը, հէնց էն հանրութեան, որի հաւատի վերջին փշուրները սնելու կոչ է անում նախագահը:

Պիւտճէում գումար չկայ` մօտաւորապէս սա է պաշտօնական հիմնաւորումը, ու այդ նոյն պաշտօնական աղբիւրները շարունակում են լուրեր տարածել, թէ ինչպէս է թալանւում իմ ու իմ հայրենակիցների միջոցներով գոյացող պիւտճէն, իմ երկիրը, նրա ընդերքը:

Ու դարձեալ լրահոսը` Հայաստանի միգրացիայի պետական ծառայութեան տուեալներով, այս տարուայ առաջին ութ ամիսներին Հայաստանից մեկնած եւ չվերադարձած ուղեւորների թիւը կազմել է 90 հազար 800 հոգի` անցեալ տարուայ համեմատ 21 տոկոսով աւելի:

Մեղքը ձեր մէջ գտէք` մօտաւորապէս այսպէս, դաս տուողի ձայնով ասում է Ռուսաստանի դեսպան Վ. Քովալենքոն, եւ դժուարանում ես հակառակել, որովհետեւ մեր համոզմունքները, սպասումներն ու հաւատը սնող իրական ու շօշափելի սրբագրումներ չենք տեսնում:

11 հոկտեմբեր, 2012

Leave a Reply

Advertisement