Thursday May 23, 2013

Սպասում Են, Որ Հայաստանը Դատարկուի

By adminx - Wed Oct 24, 5:37 am

ՆԱՅԻՐԱ ՀԱՅՐՈՒՄԵԱՆ

«Մեր տնտեսութիւնը աճում է, իսկ նրանցը փաստօրէն կաթուածահար վիճակում է: Մեր բնակչութիւնը աճում է, իսկ այնտեղ դիտւում է ժողովրդագրական աղէտ, կարելի է ասել, որ չկայ բնական աճ, եւ միեւնոյն ժամանակ մեծ քանակութեամբ մարդիկ գաղթում են երկրից: Միայն ըստ նրանց պաշտօնական վիճակագրութեան, տարուայ առաջին կէսում մօտաւորապէս 70-80 հազար հոգի անվերադարձ լքել են երկիրը». սա հատուած է Իլհամ Ալիեւի ելոյթից: Օրերս նա նորից յայտարարեց, որ Ազրպէյճանը կը վերադարձնի Ղարաբաղը, սակայն այս անգամ յայտարարութիւնները ռազմատենչ չէին: Նա ուղղակի իր ժողովրդին կոչ ուղղեց սպասել` մինչեւ Հայաստանը դատարկուի, եւ Ազրպէյճանին հասնի ոչ միայն Ղարաբաղը, այլ նաեւ` ամբողջ Հայաստանը:

Ժողովրդագրութիւնը կարեւորագոյն աշխարհաքաղաքական գործօն է: Արեւմտեան զարգացած արհեստագիտութիւնները, ինչպէս արդիւնաբերական, ռազմական, այնպէս էլ` հասարակական-քաղաքական, չեն կարող յաղթել ժողովրդագրութեանը: Չնայած նրան, որ քաղաքականութեան մէջ աւելի շատ ընդունուած է խօսել արեւմտեան առաջընթացի եւ արեւելեան աւանդապաշտութեան բախման մասին, սակայն իրականում խոչընդոտը հէնց ժողովրդագրութիւնն է:

Ժողովրդագրութիւնը դառնում է մի գործօն, որը կարող է հայերին հասցնել ոչ միայն ինքնիշխանութեան, այլ նաեւ` ազգային պետութեան լիակատար կորստի: Ռուսաստանի դեսպան Վիաչեսլաւ Քովալենքոն չի թաքցնում, որ իր երկիրը Հայաստանից տանում է մօտաւորապէս 5 հազար հոգի, եւ նոյնքան մարդ էլ «կրին քարտ»-ով մեկնում է Միացեալ Նահանգներ: Նա ասում է, որ հայերին ոչ ոք բռնի ուժով չի քշում Ռուսաստան, դա ճիշդ է, բայց ճիշդ է նաեւ այն, որ Ռուսաստանն ու Միացեալ Նահանգները եւ աւելի շատ Թուրքիան ու Ազրպէյճանը ամէն ինչ անում են Հայաստանը հնարաւորինս սակաւ բնակեցուած երկիր դարձնելու համար:

Սերժ Սարգսեանը համաշխարհային հանրութեանը կոչ է ուղղում քայլեր ձեռնարկել Ազրպէյճանի դէմ, որը, ըստ նրա, պատրաստւում է պատերազմի: Իրականում, Ազրպէյճանը պատրաստւում է իւրացնել հայկական հողերը այն բանից յետոյ, երբ Հայաստանի ժողովրդագրական իրավիճակը հասնի տագնապալի կէտի:

Կառավարութիւնը որ ոչ միայն չի կանգնեցնում արտագաղթը, այլ նաեւ խթանում է այն, պէտք է մեղադրուի ազգային դաւաճանութեան մէջ: Նա մեզ զրկում է աշխարհի ամենակարեւոր զէնքից` ժողովրդագրութիւնից:

Եւ եթէ մենք նոյնիսկ հրաշքով ձեռք բերենք առաջադէմ արհեստագիտութեամբ զէնք, միեւնոյն է, չենք կարող գոյատեւել առանց ժողովրդագրական խնդիրները լուծելու: Խորհրդարանն ու կառավարութիւնը պէտք է լսումներ հրաւիրեն ժողովրդագրութեան հարցով: Ընդ որում, մէկ պարունակում անհրաժեշտ է դիտարկել ե՛ւ բնական, ե՛ւ «մեքանիք»-ական անկման հարցերը: Անհրաժեշտ են համակողմանի միջոցներ` արտագաղթի կասեցման եւ ծնելիութեան խթանման համար:

«Լրագիր»

 

 

Leave a Reply

Advertisement