Sunday May 26, 2013

Պիծինա Իվանիշվիլիի «Տը Նիու Թայմզ»-ի Հարցազրոյցում Վրաստանի Հայերի Մասին Ասածը Մեծ Արձագանգ Ունեցաւ Թէ՛ Վրաստանում, Թէ՛ Հայաստանում: Ի՞նչ Են Մտածում Դրա Մասին Ախալքալաքում

By adminx - Tue Oct 23, 5:52 am

ՇՈՒՇԱՆ ՇԻՐԻՆԵԱՆ

Իվանիշվիլի

Լրատուամիջոցներում արդէն կրքերը հանդարտուեցին, որոնք բորբոքուել էին Իվանիշվիլիի` հայերի մասին արտայայտութիւնից յետոյ: Սակայն ախալքալաքցիներին մինչեւ հիմա հետաքրքրում է այն հարցը, թէ դա ուղղակի լրագրողի սխա՞լ էր` ով լրիւութեամբ չէր ներկայացրել հարցազրոյցում արտայայտած միտքը, թէ՞ ընտրութիւններին յաղթանակ տարած դաշինքի ղեկավարը անհանդուրժողականօրէն է վերաբերւում Վրաստանում բնակուող հայերին:

Պիծինա Իվանիշվիլին հոկտեմբերի 2-ին հարցազրոյց է տուել ռուսական «Տը Նիւ Թայմզ» պարբերականի գլխաւոր խմբագիր Եւկենիա Ալպացին:

- «Դուք ապրել էք Ֆրանսայում, ձեր երեխաները մեծացել են այդ երկրում, եւ յանկարծ` կուսակցութիւն, ընտրութիւններ… Ձեր ինչի՞ն է պէտք այդ ամէնը», հնչում է Ալպացի 10-րդ հարցը:

- «Մենք` վրացիներս այդպէս տարօրինակ ենք, մենք կապուած ենք մեր հողին: Այդպիսին է մեր բնաւորութիւնը: Ահա, օրինակ, մեզ մօտ այստեղ հայեր են ապրում, չնայած որ մեր մօտ ոչնչով Հայաստանից լաւ չէ: Իսկ ես ապշահար եմ լինում. ահա նրանց հայրենիքը կողքին է, իսկ նրանք մեզ մօտ են ապրում: Ձեր համար, հաւանաբար, այդպիսի հարց չկայ: Իսկ ինձ համար անհասկանալի է: Ես ապրել եմ Ֆրանսայում, մէկ տարի Ամերիկայում, իսկ ինձ երազում սկսեց երեւալ իմ գիւղը, իմ հողը…», ասում է Իվանիշվիլին:

Այս հարց-պատասխանը «Տը Նիու Թայմզ»-ի համացանցային էջում հրապարակուած «հարցազրոյցի լրիւ տարբերակի» միջից է: Չնայած որ հարցազրոյցը գրուած է հոկտեմբերի 2-ին, սակայն արձագանգը տեղի ունեցաւ հոկտեմբերի 5-ին:

Նշենք որ, տարբեր լրատուամիջոցներում տարածուած տարբերակը, «Տը Նիու Թայմզ»-ի հրապարակած «լրիւ տարբերակից» քիչ է տարբերւում: Տարածուած տարբերակում չկայ միայն «չնայած որ մեր մօտ ոչինչով Հայաստանից լաւ չի» հատուածը:

Հոկտեմբերի 5-ի երեկոյեան Պիծինա Իվանիշվիլիի «ֆէյսպուքեան» պաշտօնական էջում տարածուեց հերքում:

- «Ինչ վերաբերւում է հարցազրոյցին, ապա ես լրագրողի հարցին ընդգծուած նշել եմ, որ հիացած եմ հայերի եւ հրեաների յատուկ շնորհքով, որ նրանք կարողանում են աշխարհի քաղաքացի լինել, նրանք ամէնուրեք յաջողակ են, որտեղ էլ որ ապրեն, եւ ուժեղ սփիւռք ունեն: Իսկ մենք` վրացիներս, զարմանալի ժողովուրդ ենք, ցաւօք որեւէ տեղ չկարողացանք հիմնաւորուել եւ ուժեղ սփիւռք կազմել: Այսպիսին էր իմ պատասխանի հիմնական բովանդակութիւնը: Միեւնոյն ժամանակ ցանկանում եմ եւս մէկ անգամ նշել, որ Վրաստանը բազմազգ պետութիւն է եւ այստեղ բնակուող բոլոր ժողովուրդների հայրենիքն է», ասւում է հերքման մէջ:

Ախալքալաքում շատերը չեն հաւատում, որ Իվանիշվիլին նման բան կարող էր ասել:

«Ինձ թւում է նրա խօսքերը աղաւաղել են, նա չէր կարող այդպիսի բան ասել, ես չեմ հաւատում», ասում է մի ախալքալաքցի:

Շատերի մօտ փոքր-ինչ անորոշութիւն է առաջացել: Մարդիկ շփոթուեցին, երբ իմացան այդ հարցազրոյցի մասին, եւ նորից յոյս գտան Իվանիշվիլիի հերքումից յետոյ: Շատերը, ով քննադատում են յայտարարութիւնը, նախընտրում են դեռ սպասել, եւ չեն ուզում, որ իրենց կարծիքը հրապարակուած լինի:

Սիլվա Զադոյեանը հարցազրոյցը լրիւութեամբ չի կարդացել:

- «Ամէն դէպքում, այդ կարգի եւ դիրքի մարդը պէտք է այնպէս արտայայտուի, որպէսզի երկակի չմեկնաբանուի: Նա պէտք է ուշադիր լինի ամէն մի բառին: Ինքը սխալուելու իրաւունք չունի, ամբողջ աշխարհը իրեն է հետեւում, մանաւանդ հիմա», ասում է նա:

Սամցխէ-Ջաւախքի հայկական հասարակական կազմակերպութիւնների խորհրդի համակարգող Արտակ Գաբրիէլեանը ասում է, որ մինչեւ լրիւ բնագիրը ճշդուած չլինի, խորհուրդը չի կարող ճիշդ արձագանգ անել:

- «Ընդհանուր առմամբ դեռ յստակուած չէ այդ հարցազրոյցի ամբողջական բնագիրը: Մեզ համար գնահատական տալը մի քիչ դժուար է: Հէնց սկզբից նման տիպի յայտարարութիւնը կարող է վատ հետեւանք ունենալ ազգամիջեան յարաբերութիւնների առումով, բայց ամէն դէպքում շատ վատ անդրադարձ կարող է ունենալ Վրաստանի մէջ ազգային փոքրամասնութիւնների, մասնաւորապէս` հայերի համար»:

Նրա խօսքերով, պաշտօնական հերքումը աւելի լաւ կը լինէր, եթէ դա անէր խօսնակը` հաւաքելով լրատուամիջոցներին, ոչ թէ ֆէյսպուքում յայտարարուէր:

- «Յետոյ ես կը խնդրէի պարոն Իվանիշվիլիին, որպիսի վիրահայութիւնն ու ջաւախահայութիւնը տարբեր պարունակներով դիտարկել, նոյն հարթութեան վրայ չդիտարկել: Ջաւախքցիները իր պատմական հողի վրայ են ապրում, եւ 100 տարին դեռ չի լրացել, որ Վրաստանի կազմում է», աւելացրեց Արտակ Գաբրիէլեանը:

Ախալքալաքի «Վրացական երազանք»-ի մեծամասնական թեկնածու Նորիկ Կարապետեանը համոզուած է, որ Իվանիշվիլին նման բան չէր կարող ասել, եւ որ դա զրպարտութիւն է:

«Հարցազրոյցը կտրտուած եւ որոշ բաներ փոփոխուած են տուել: Նա այդ բանը չի ասել: Ո՞նց կարող էր պարոն Իվանիշվիլին այդպիսի յայտարարութիւն տայ, եթէ նա եկել էր այստեղ (Հ.Դ. նախընտրական քարոզարշաւի ժամանակ) ժողովրդի հետ հանդիպման եւ յայտարարում էր, որ պիտի խօսուի լեզուի կարգավիճակի հարցի մասին, պիտի ստեղծուի հայ-վրացական համատեղ համալսարան, մեր եկեղեցին պիտի պահպանուի, գիւղատնտեսութեանը արագ թափ պիտի տրուի, հսկայական աշխատատեղեր պիտի ստեղծուեն, որտեղ պիտի աշխատեն մեր ժողովուրդը, այլ ոչ` դրսից եկածները», ասում է Նորայր Կարապետեանը:

Վրաստանում այսօր իրադարձութիւնները զարգանում են շատ արագ, Պիծինա Իվանիշվիլիի յայտարարութիւնը արդէն կորցրել է արդիականութիւնը, եւ դա լրագրողական սխա՞լ էր, թէ՞ անհանդուրժողականութիւն, ցոյց կը տայ ժամանակը:

«Հարաւային դարպաս»
Ախալքալաք

Leave a Reply

Advertisement