Thursday May 23, 2013

Հայկական Գրադարանների Միջազգային Երկրորդ Համաժողովի Բանաձեւ

By adminx - Sat Oct 20, 5:40 am

2012թ. Հայ գրատպութեան 500-ամեակի եւ «Երեւանը 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաքէ ծրագրի շրջանակներում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Հայաստանի մշակոյթի նախարարութեան նախաձեռնութեամբ կազմակերպուեց եւ 2012թ. հոկտեմբերի 5-6 անցկացուեց «անցեալի պահպանութիւն` յանուն ապագայի» հայկական գրադարանների միջազգային երկրորդ համաժողովը: Երկօրեայ համաժողովի մասնակիցները ձեւաւորեցին գործադիր մարմին` հետեւեալ կազմով.

Տէր Արարատ քհն. Պօղոսեան-մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտօնական մամուլի բաժնի տեխնիկական խմբագիր,

Տէր Ասողիկ քահանայ Կարապետեան-մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ձեռագրատան, արխիւի եւ թանգարանների տնօրէն,

Տիգրան Զարգարեան- Հայաստանի ազգային գրադարանի տնօրէն,

Տիրայր արքեպս. Փանոսեան-Լիբանան, Անթիլիաս, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան մատենադարանի տեսուչ,

Տէր Ներսէս Ա. քահանայ Ներսէսեան- Մեծն Բրիտանիա, Լոնտոնի Ս. Եղիշէ եկեղեցու հոգեւոր հովիւ,

Արա Ղազարեանց-Միացեալ Նահանգներ, Պոսթըն, Հայ մշակութային հիմնարկութեան տնօրէն,

Փիթեր Քաուի-Միացեալ Նահանգներ, Լոս Անճելըս, Քալիֆորնիոյ համալսարանի Նարեկացու անուան հայագիտութեան ամպիոնի վարիչ,

Միհրան Մինասեան- Սիրիա, Հալէպ,

Ռոպէր Տէր Մերկերեան-ֆրանսա, Մարսէյ,

Անդրանիկ Տագէսեան – Լիբանան, Պէյրութ, Հայկազեան համալսարանի հայկական սփիւռքի ուսումնասիրման կենդրոնի տնօրէն,

Դաւիթ Ղազարեան – Հայաստանի, Մատենադարան – Մ. Մաշտոցի անուան հին ձեռագրերի գիտահետազօտական հիմնարկ,

Կարօ Մինասեան – Հայաստանի ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի տնօրէն:

Համաժողովը արձանագրեց դրական տեղաշարժերը, որ տեղի են ունեցել հայկական գրադարանների առաջին համաժողովից յետոյ, արձանագրեց, որ գրադարանային հաւաքածուների թուայնացման ուղղութեամբ կատարուել է զգալի աշխատանք. ձեւաւորուել է.

ա. հայերէն հնատիպ գրքի համահաւաք շտեմարանը,

բ. Հայաստանի գրադարանների համահաւաք ելեկտրոնային գրացուցակը,

գ. հայկական գիտատեղեկատուական հանգոյցը: Դրանք առ 2012 թ. հոկտեմբերի 1 պարունակում են 800.000-ից աւելի գրառում եւ 500.000-ից աւելի թուայնացուած էջ:

Թուայնացուած նիւթերը հասանելի են www.nla.am եւ www.flib.sci.am կայքերում:

Գործադիր մարմինը կը մշակի համագումարի կանոնադրութիւնը եւ մինչեւ 2013թ. մարտի 1-ը կը ներկայացնի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ու Հայաստանի մշակոյթի նախարարութիւն:

Համաժողովը որոշեց գրադարանավարների համահայկական համաժողով հրաւիրել երկամեայ պարբերականութեամբ, Թարգմանչաց տօնին` հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը:

Գրադարանային գործի առաջընթացն ապահովելու, ժամանակակից մարտահրաւէրների պայմաններում գրադարանների աշխատանքն առաւել արդիւնաւէտ ուղղութեամբ տանելու նպատակով համաժողովը որոշեց.

1. Հայաստանի մշակոյթի նախարարութեանը կից գրադարանների խորհրդի կազմում ընդգրկել սփիւռքի գրադարանների ներկայացուցիչներին, որոնց հետ կապ կը պահպանուի նաեւ հեռահաղորդակցման միջոցով,

2. Հայաստանի ազգային գրադարանին յանձնարարել ստեղծել էլեկտրօնային գրանցահամակարգ, որտեղ կը գրանցուեն Հայաստանի Հանրապետութեան եւ արտերկրի հայկական գրադարանները եւ հայագիտական հաստատութիւնները,

3. Սփիւռքի գրադարանների պատասխանատուների մասնագիտական մակարդակը բարձրացնելու նպատակով Հայաստանի ազգային գրադարանում տարին մէկ անգամ կազմակերպել եւ անցկացնել «վարպետաց դասեր»: Յանձնարարել Հայաստանի ազգային գրադարանի տնօրէնին կազմելու ուսուցողական դասընթացների պիւճէն եւ դասաւանդող առարկաների համառօտ նկարագրութիւնը:

4. Դիմել Հայաստանի Մշակոյթի նախարարութեանը ապահովելու «Վարպետաց դասերի» անցկացման ֆինանսական աջակցութիւնը:

5. Հայաստանի կառավարութեան յատուկ ուշադրութիւնը հրաւիրել սփիւռքում առկայ եւ ազգային մտաւոր ժառանգութեան մաս կազմող վտանգուած, լքեալ, անուշադրութեան մատնուած հաւաքածուների եւ գրադարանների վրայ,

6. Անհրաժեշտութեան դէպքում Հայաստանի ազգային գրադարանից համապատասխան մասնագէտներ գործուղել սփիւռքի գրադարաններ` տեղերում մեթոտական օգնութիւն կազմակերպելու համար,

7. Խթանել Հայաստանի եւ սփիւռքի գրադարանների միջեւ գրքափոխանակութեան աշխուժացմանը` դրանում կարեւորելով ինչպէս Հայաստանի մշակոյթի, սփիւռքի, արտաքին գործերի նախարարութիւնների պատասխանատուների, այնպէս էլ կրօնական կառոյցների` Հայ առաքելական սուրբ եկեղեցու, Հայ կաթողիկէ եկեղեցու եւ Հայ աւետարանական եկեղեցու շահագրգիռ մասնակցութիւնը,

8. Առաջարկել Հայաստանի մշակոյթի նախարարութեանը «գրադարանների եւ գրադարանային գործի մասին» Հայաստանի օրէնքում կէտ մտցնել արտերկրից պետական գրադարաններին նուիրաբերուող եւ համալրման տրուող գրքերը հարկերից եւ տուրքերից  ազատելու ուղղութեամբ,

9. Դիմել Հայաստանի մշակոյթի նախարարութեանը` ֆինանսաւորելու արտերկրի գրադարաններին եւ հաստատութիւններին` հնատիպ ու հազուագիւտ գրքերի եւ պարբերական մամուլի թուայնացման գործընթացը տեղերում կազմակերպելու համար,

10. Հայաստանի ազգային գրադարանին յանձնարարել ապահովել հայ հնատիպ գրքի եւ հայ պարբերական մամուլի գրադարանային համահաւաք շտեմարանի ձեւաւորման եւ հանրայնացման աշխատանքները,

11. Ստեղծել պետական հաստատութիւններում առկայ, ինչպէս նաեւ մասնաւոր հաւաքածուներ յայտնաբերող, ուսումնասիրող եւ դրանք շրջանառութեան մէջ դնող յանձնախումբ,

12. Մասնակից հաստատութիւններին յանձնարարել մշակել Ցեղասպանութեան 100-ամեակին ընդառաջ միջոցառումների յստակ ծրագիր` 2014 թ. գրադարանավարների 3-րդ համաժողովին ներկայացնելու համար,

13. Ընկերային ցանցերում տեսանելի դարձնել համաժողովի աշխատանքները:

Համաժողովն իր մտահոգութիւնն է յայտնում հրատարակուող գրականութեան բովանդակութեան առնչութեամբ եւ յորդորում է պատկան մարմիններին.

ա. ուժեղացնել վերահսկողական լծակները` կանխելու համար մատաղ սերնդի հոգին ու միտքը խեղող գրքերի հրատարակութիւնը,

բ. խրախուսել ազգային նկարագրի ձեւաւորմանն ու կերտմանը միտուած գրքերի հրատարակութիւնները

ՀԱՅԿԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ

Leave a Reply

Advertisement