Յիշատակի Խօսք. Ես Երգում Եմ Հրեշտակների Համար

ԹԱՄԱՐ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

Լուսինէ Զաքարեան

Ընթացիկ տարին նշանաւորւում է անուանի երգչուհի Լուսինէ Զաքարեանի ծննդեան 75 եւ մահուան 20-ամեակներով:

Կան մարդիկ, որոնք լուսաւոր հետք են թողնում իրենցից յետոյ, լոյս ճառագող էներգետիկ դաշտ` նրանց ճանաչողների մտքում եւ հոգում: Նրանք գնում են թողնելով մեզ իրենց անհատականութեան լոյսը: Այդ լոյսը իւրայատկօրէն օգնում է մեզ ապրել, մաքառել, յաղթահարել կեանքի առտնին դժուարութիւնները: Այդպիսինն էր Լուսինէ Զաքարեանը: Լոյս սփռող Լուսինէն: Եւ այդ լոյսը առկայ էր, ապրում էր իր թովիչ ձայնի մէջ, իր մեղմ ժպիտի մէջ, իր զուսպ, անպահանջկոտ, սակայն արժանապատիւ գոյակերպի մէջ, իր` հայ հոգեւոր երաժշտութեան գանձերը աներեւակայելի բարձունքներին թագադրելու տաղանդին մէջ:

… Լուսինէին ուսանողական տարիներն էին, ականաւոր նուագավար, Հայաստանի ժողովրդական դերասան, Կոմիտասի անուան պետական երաժշտանոցի փրոֆեսէօր Սուրէն Չարեքեանը մէկ անգամ ասաց. «Երբ նայում-լսում եմ Լուսինէին, պատկերացնում եմ նրան Ճուզեփփէ Վերտիի Թրաւիաթայի դերում, Լուսինէն հրաշք է, նա կարող է հիանալի կատարել այդ դերը»: Այն տարիներին բոլորը, ովքեր գէթ մէկ անգամ լսել էին Լուսինէին, այո, պատկերացնում էին նրան ոչ միայն համերգային, այլ նաեւ օփերային բեմում, եւ յաճախ խօսում էին, կիսւում էին միմեանց հետ նման մտայնութեամբ. թէ արդեօք ո՞ր ճանապարհը կ՛ընտրի այդ երիտասարդ հմայիչ երգչուհին: Ուսանողուհի Լուսինէ Զաքարեանի երգացանկում բնականօրէն (ինչպէս եւ հետագայում) իրենց պատեհ տեղն ունէին եւ՛ դասական (հայ եւ համաշխարհային) եւ արդի յօրինողների ստեղծագործութիւնները:

Սակայն արդէն այդ օրերից ակնառու էր իր բացառիկ սէրն ու ձգտումը յատկապէս հայ հոգեւոր երաժշտութեան նկատմամբ: Եւ այն ներդրումը, որն ունեցաւ Լուսինէ Զաքարեանը հայ հոգեւոր երաժշտութեան գանձարանի տարածման մէջ (անշուշտ, զօրակից ունենալով իր ամուսնուն` Խորէն Պալեանին)` դա մի վեհ առաքելութիւն էր թէ՛ մասնագիտական, թէ՛ հոգեւոր, թէ՛ բարոյական առումներով: Եւ այն ոսկէ տառերով սեպագրուեց հայ ազգի մշակութային պատմութեան դարակազմիկ մատեանում:

…1974 թուականի փետրուարն էր, ես` որպէս ֆիլհարմոնիայի «Հայհամերգ» միաւորման մենակատար, նաեւ որպէս Հայաստանի պետական ակադեմական երգչախմբի աշխատող, յիշեալ երգչախմբի, մաէսթրօ Յովհաննէս Չէքիճեանի, Լուսինէ Զաքարեանի եւ մեր օփերային թատրոնի մեներգիչներ Վահան Միրաքեանի ու Օլգա Գաբայեանի հետ մեկնում էինք Լիբանան` հիւրախաղերի: Մեր համերգները տեղի պիտի ունենային Պէյրութի հռչակաւոր, բազմահազարանոց ԵՈՒՆԵՍՔՕ սրահում, բոլոր տոմսերը մէկ ամիս առաջ արդէն սպառուած էին: Մեծ էր եւ՛ մեր եւ լիբանանահայութեան խանդավառութիւնը: Ինչ-ինչ պատճառներով մեր ինքնաթիռի թռիչքը յետաձգուեց մի քանի ժամով: Երկար փնտռեցի Լուսինէին օդակայանի սպասրահում` մտաբերելով, որ նա չի սիրում ժխոր, աղմուկ եւ նման դէպքերում ջանում է մեկուսանալ մի գողտրիկ, խաղաղ անկիւնում: Ի վերջոյ գտայ նրան, նստեցի կողքին եւ ծայր առաւ մի հետաքրքրական զրոյց հայ արուեստի մասին: Յանկարծ մտաբերելով ժամանակին ասած Սուրէն Չարեքեանի խօսքերը` ասացի. «Լուսինէ ջան, գիտէք, որ Չարեքեանը ասում էր, թէ երբ լսում է ձեր սքանչելի ձայնը, ապա պատկերացնում է ձեզ Ճուզեփփէ Վերտիի «Թրաւիաթա» օփերայի գլխաւոր հերոսուհու` Վիոլեթի դերում»:

Լուսինէն մի պահ լռեց, մեղմ ժպտաց, ձեռքը դրեց ուսիս ու մտերմիկ ասաց. «Նոր էի ընդունուել երաժշտանոց, եւ յանկարծ ծանր հիւանդացայ: Մի գիշեր երազ տեսայ. կանգնած եմ բեմում, մարդկանցով լի մեծ դահլիճ է, պիտի սկսեմ երգել ու տեսնում եմ, որ յանկարծ աչքիս առջեւ դահլիճում նստած բոլոր մարդիկ վերակերպւում են` դառնում են ճերմակ հրեշտակներ, սկսում են սահուն սաւառնել օդում, բայց դուրս չեն թռչում, ասես սպասում են, որ սկսեմ երգել, ու ես երգու՜մ եմ… Նրանք լսում են ինձ: Չգիտեմ, կարճ թէ երկար տեւեց այդ երազը, բայց երբ արթնացայ, մի հաստատուն գիտակցութիւն կար իմ մէջ` ես պիտի երգեմ հրեշտակների համար: Ու երեւի հէնց այս ամէնն էր, որ ներքուստ դրդեց ինձ որպէս ամենահարազատ ճանապարհը` հաստատուն ու վերջնականօրէն ընտրել հիմնականում հոգեւոր երաժշտութեան բնագաւառը: Ու ես գոհ եմ իմ այդ ընտրութիւնից: Երբ բեմում Կոմիտաս կամ Եկմալեան եմ երգում, կամ` մեր տաղերն ու շարականները, ասես զգում-տեսնում եմ ինձ լսող այդ (իմ այն երազի) հրեշտակներին, ես երգում եմ նրանց համար»:

… Մեր բոլոր համերգները Պէյրութում անցան փառահեղ, աննախադէպ յաջողութեամբ: ԵՈՒՆԵՍՔՕ սրահում մի քանի երեկոյ, մի քանի ժամով, հայկական հանճարեղ երաժշտութեան ներքոյ, մենք ամէնքս` թէ՛ կատարողներս, թէ՛ հանդիսատեսը միակերպւում էինք, դառնում էինք մի էութիւն, մի մարդ: Չկար սփիւռքահայը» ու «հայաստանահայը», չկային մեզ բաժանող, տարանջատող բազում պայմանական ու իրական խոչընդոտներ: Կար հայը, կար հայի յաւէրժող երգը: Եւ այդ երգով օծուած հայ ոգու միասնական ամբողջութիւն: Այո՛, անմոռանալի են պէյրութեան այդ օրերի յուշերն ու տպաւորութիւնները: Եւ դրանց առանցքներից մէկը Լուսինէ Զաքարեանն էր, որի իւրաքանչիւր կատարումից յետոյ դահլիճի մի քանի հազար ունկնդիրները ծափահարում էին երկար ու ոտնկայս:

Մի համերգից յետոյ գեղեցիկ խնճոյք ունեցանք Քազինօ Տիւ Լիպանում: Մեզ հետ էր ճանաչուած երգչուհի-մանկավարժ, Պէյրութի պետական երաժշտանոցի փրոֆէսէօր Արփինէ Փեհլիվանեանը: Նա հրաւիրեց Լուսինէին ու ինձ յաջորդ օրը իր մօտ` երաժշտանոց: Նշուած ժամին մենք մօտեցանք իր լսարանին, դրան ետեւից լսուեց ուսանողուհու ձայն. Կոմիտասի «Չինար ես»-ն էր: Չինար ես կեռանալ մի՛… «Մեր չինարը երբէք չի՛ կեռանայ, – ասաց Լուսինէն, – տես` ի՛նչ լաւ է երգում այս հայ աղջիկը: Մտանք լսարան, երգողը արաբուհի էր:

«Իմ բոլոր սաները` թէ՛ հայ, թէ՛ արաբ պարտադիր Կոմիտաս են երգում», ասաց Արփինէ Փեհլիվանեանը: Լուսինէն, որը շատ դիւրազգաց էր, արցունքոտ աչքերով գրկեց Ալիսին: Մի օր, ազատ ժամին Պէյրութի կենտրոնական փողոցով` Համրայով զբօսնելիս, մի բաց լուսամուտից լսուեց ձայնասփիւռով բարձր հնչող Արամ Խաչատուրեանի «Սուսերով պարը»: Լուսինէն ասաց ինձ. «Հայաստանում եւ այլուր շատ ենք լսել, որ մարդիկ ասում են.

«Պէյրութը` Արեւելքի Փարիզն է»: Ճիշտ է, բայց ես կ՛ասէի, որ շատ առումներով, իր վառ ազգային ոգով` Պէյրութը փոքրիկ Հայաստան է»: Լուսինէի այդ խօսքերի մէջ ճշմարտութիւն կար:

… Այդ օրերին Պէյրութում, ես բացայայտեցի ինձ համար Լուսինէի եւս մի մարդկային նրբերանգներից մէկը: ԵՈՒՆԵՍՔՕ սրահի բեմի ետնամասը յարմարաւէտ, գողտրիկ տեսք ունէր, որտեղ ամէն մէկս, մինչեւ մեր բեմելը, «պատսպարւում» էինք, տեսնում մեր վերջին պատրաստութիւնը անմիջապէս բեմ դուրս գալուց առաջ: Յանկարծ մի այդպիսի անկիւնից լսեցի Լուսինէի ձայնը. Կոմիտասի «Տէր ողորմեա»-ն էր: Երգում էր շատ մեղմ ձայնով:

Սակայն այդ «մեղմը», անշուշտ, վերաբերում էր ձայնի զուտ ֆիզիքական հնչողութեանը` այնքան լեցուն ու հնչեղ էր նրա հոգեւոր ձայնը: Չցանկացայ մօտենալ, խանգարել: Պահ անց դուրս եկայ բեմ: Նոյնը կրկնուեց յաջորդ երեկոյ: Այս անգամ Լուսինէն մեղմաձայն երգում էր Եկմալեանի «Սուրբ, սուրբ»-ը: Մօտեցայ: Այն, ինչ տեսայ, ցնցեց ինձ. նա նստած էր աթոռին, կողքին` սրսկման ներարկիչ, դեղի սրուակ, ձեռքերը աղօթքի մէջ ծալած, աչքերը փակ: Երբ աւարտեց «Սուրբ-սուրբ»-ը, մօտեցայ նրան:

– Այս ի՞նչ է, Լուսինէ, – սրտացաւ զարմանքով հարցրեցի ես:

– Չէ՞ որ ես տառապում եմ շաքարախտով. ստիպուած` սովորել եմ ինքս ինձ դեղը ներարկել, այլապէս հիւրախաղերի երբեք չէի կարողանայ գնալ, կը զրկուէի ամէն ինչից, իսկ այս դեղը անհրաժեշտ է սրսկել ճիշդ նոյն, յատուկ ժամերին: Ամէն անգամ, երբ ինձ ներարկում եմ, յետոյ որպէս աղօթք Կոմիտաս կամ Եկմալեան եմ մրմնջում, այո՛, դա իմ աղօթքն է Աստծուն, – այսպիսինն էր Լուսինէի պատասխանը:

Պահ անց, արուեստագէտի վայել կեցուածքով, նա քայլեց դէպի բեմ, այնտեղ, ուր նրան անհամբեր սպասում էր իրեն սիրող, գնահատող լիբանանեան հանդիսատեսը:

Ես յիշեցի Լուսինէի խօսքերը. «Ես երգում եմ հրեշտակների համար»: Նա ապրում էր, երգում էր մարդկանց համար, իր ստեղծագործական անեղծ արարումով մօտեցնելով, մերձեցնելով մարդկանց ու հրեշտակներին, երկիրն ու երկինքը: Այդպիսին էր իր շուրթերից թեւ առնող հայ հոգեւոր երգը: Այդպիսին էր Լուսինէ Զաքարեանը:

Այդպիսին է նա այսօր` իր Երկնային   յաւէրժական ճամբորդութեան մէջ:

ԹԱՄԱՐ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
Արուեստագիտութեան դոկտոր

Երեւան

Share This Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)