Saturday May 25, 2013

Հայաստանի Արեւը, Սիպիրի Ձիւնը. Սխալները Փնտռել Հայաստանի Ներսում

By adminx - Mon Oct 15, 5:44 am

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Երեւանում հաւատարմագրուած օտարերկրեայ դեսպանները սովորաբար հրապարակային յայտարարութիւններով չեն անդրադառնում եւ չեն միջամտում Հայաստանի ներքին խնդիրներին: Անշուշտ, լինում են նաեւ բացառութիւններ: Ինչպէս աշխարհի շատ երկրներում, այնպէս էլ Հայաստանում, իրենց անհամեմատ «ազատ» են զգում Միացեալ Նահանգների եւ Ռուսաստանի  դիւանագէտները: Անցնող օրերին Հայաստանի ներքաղաքական խնդիրներին անդրադարձան այդ երկու երկրների դեսպանները: Ռուս դեսպան Վեաչեսլաւ Քովալենքոն խօսեց Հայաստանից արտագաղթի, իսկ ամերիկացի դեսպան Ճոն Հեֆֆերնը` արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանեանի եւ վերջինիս հիմնադրած «Սիվիլիթաս»-ի մասին:

Ամերիկացի դեսպանի քննադատութեանը` ուղղուած Հայաստանի արդարադատութեանը, չեմ անդրադառնայ մէկ պատճառով: Ինքս արդէն երեք տարի աշխատում եմ «Սիվիլիթաս»-ում, եւ իմ ընթերցողը կարող է եւ իրաւունք ունի ինձ մեղադրել կողմնակալութեան մէջ: Միայն ներկայացնեմ, թէ ինչ էր ասել դեսպան Հեֆֆերնը. «Օսկանեանին պաշտօնապէս մեղադրանք ներկայացնելու յայտարարութիւնից յետոյ ինձ են դիմել Միացեալ Նահանգների դիրքորոշումը ներկայացնելու խնդրանքով: Այս զարգացումն իմ կարծիքով վատ է Հայաստանի արդարադատութեան ու ժողովրդավարութեան տեսանկիւնից: Այս գործը, կարծես, ներկայանում է որպէս Հայաստանի օրէնսդրութեան ընտրովի կիրառում: Աւելի՛ն. անհանգստացնող է, որ այս դէպքերը տեղի են ունենում ընտրութիւններին նախընթաց: Մենք Հայաստանի իշխանութիւններին կոչ ենք անում կատարել իրենց յանձնառութիւնները` համակարգուած, արդարացի ու թափանցիկ կերպով օրէնքի գերակայութիւնը ապահովելու հարցում»:

Անդրադառնանք ռուս դեսպան Քովալենքոյի յայտարարութեանը: Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսեանը վերջերս հրապարակաւ քննադատել էր Ռուսաստանի իշխանութիւններին: Ազգային ժողովի ամպիոնից նա յայտարարել էր, որ այն ձեւաչափով ու եղանակներով, որ Ռուսաստանի Միկրացիոն ծառայութեան ներկայացուցչութիւնը  Հայաստանում իրականացնում է «Հայրենակիցներ» ծրագիրը, Հայաստանի կառավարութեան համար անընդունելի է:

Նախ հասկանանք, թէ ի՛նչ է «Հայրենակիցներ» ծրագիրը: Ռուսաստանը տարածքով աշխարհի ամենամեծ պետութիւնն է, որը ունի ընդամէնը 140 միլիոն բնակչութիւն: Ցածր ծնելիութեան, բարձր մահացութեան եւ արտագաղթի մեծ չափերի պատճառով Ռուսաստանը ամէն տարի զրկւում է տասնեակ հազարաւոր քաղաքացիներից: Բացի այդ, Ռուսաստանի արեւելեան շրջանները միշտ էլ շատ քիչ բնակչութիւն են ունեցել: Եւ ահա, որպէսզի բնակեցնեն Սիպիրն ու Հեռաւոր Արեւելքը, Ռուսաստանի ղեկավարութիւնը նախկին խորհրդային հանրապետութիւններից, այդ թւում` Հայաստանից, հրաւիրում է ընտանիքների: Այս ծրագիրը Հայաստանում իրականացւում է 2006 թուականից: Ռուսաստան մեկնելու դիմում են ներկայացրել հազարաւոր հայաստանցի ընտանիքներ, որոնցից 1500-ը արդէն հրաժարուել է քաղաքացիութիւնից, ընդունել Ռուսաստանի քաղաքացիութիւն եւ հեռացել հայրենիքից:

Ռուսաստանը մտադիր է առաւել դիւրացնել «Հայրենակիցներ» ծրագիրը, որպէսզի կարողանայ  տարեկան ապահովել 300 հազար գաղթականների հոսք դէպի Ռուսաստան: Այստեղ կարեւոր է նշել, որ այդ ծրագրով Ռուսաստան մեկնողները պարտաւոր են բնակուել Սիպիրում, Հեռաւոր Արեւելքում, Ալթայում, Պայքալում ու նմանօրինակ վայրերում, որտեղ տարուայ մեծ մասը ձմեռ է ու ձիւն, ցուրտ է ու չկայ արեւ:

Հասկանո՞ւմ ես, սիրելի ընթերցող, աշխատասէր հայ մարդը թողնում է տուն ու տեղը, թողնում է Հայաստանի արեւը ու նոր կեանք ու արդարութիւն փնտռում Ռուսաստանի Սիպիրում, որտեղ ձիւն է, բուք ու բորան, որտեղ արեւ չկայ` Հայաստանի արեւ: Գուցէ այնտեղ էլ չկայ արդարութիւն: Հաւանաբար չկայ: Բայց թողնում ու գնում է: Գնում աշխատասէր հայ գիւղացին, քաղաքաբնակը:

Ահա հէնց այս ծրագրից (կարդալ` համակարգուած արտագաղթից) ու Հայաստանում դրա գործադրման եղանակներից է դժգոհում վարչապետ Տիգրան Սարգսեանը: Մի կողմ թողնենք, որ վարչապետն ու արտագաղթի պատճառ ու աղբիւր միւս բարձրաստիճան պաշտօնեաները արտագաղթին անդրադառնում են ուշացումով: Մինչեւ վերջերս նրանք ընդհանրապէս հերքում էին արտագաղթի իրողութիւնը: Իսկ այսօր` նախագահական ընտրութիւնների նախօրէին, նրանք յանկարծ յիշում են, որ հայերը հեռանում են Հայաստանից: Բայց ամէնից անտանելին այն է, որ Հայաստանի գործող իշխանութիւնները հակուած են իրենց ձախողումների մէջ մեղաւորներ գտնել ամէնուր, բայց ոչ երբեք` ընդունել իրենց մեղքը:

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վեաչեսլաւ Քովալենքոն արձագանգել է  վարչապետ Սարգսեանի քննադատութեանը` յայտարարելով, որ «Հայրենակիցներ» ծրագրի շրջանակում հայերին «ոչ ոք բռնի ուժով Ռուսաստան չի տանում», եւ «երկրից մեկնելու խնդրի պատասխանը պէտք է այլ տեղում փնտռել»: Դեսպան Քովալենքոն հարց է տալիս. «Արդեօ՞ք խնդիրը Ռուսաստանի Միկրացիոն ծառայութեան ներկայացուցչութեան մէջ է: Արդեօ՞ք ինչ-որ մէկը հային ստիպողաբար Հայաստանից Ռուսաստան է տանում: Եթէ դուք փակէք ներկայացուցչութիւնը, կարծում էք այդ մարդիկ չե՞ն մեկնի»:

Բացի այդ, Ռուսաստանի դեսպանը ստիպուած էր թուեր ներկայացնելով վարչապետ Տիգրան Սարգսեանին ու Հայաստանի ղեկավարութեանը հասկացնել տալ, որ հայերը արտագաղթում են նաեւ այլ երկրներ, այդ թւում` Միացեալ Նահանգներ, սակայն դրա վրայ ուշադրութիւն չեն դարձնում: Այսպէս, վերջին հինգ տարիներին «Կրին քարտով» Միացեալ Նահանգներ է մեկնել աւելի քան հինգ հազար հայաստանցի:

Հինգ տարի շարունակ, երբ լրատուամիջոցներն ու հասարակական-քաղաքական գործիչները կրկին բարձրաձայնում էին արտագաղթի նոր ալիքի մասին, Հայաստանի ղեկավարութիւնը հերքում էր դա` ասելով, որ ամէն ինչ լաւ է, կարիք չկայ մտահոգուելու, ընդդիմադիրները ուռճացնում են թուերը: Եւ ահա, երբ հրապարակուեցին նոր մարդահամարի նախնական տուեալները, պարզուեց, որ Հայաստանում բնակչութեան թիւը երեք միլիոնից արդէն պակաս է: Վերջին յիսուն տարիներին առաջին անգամ է, որ Հայաստանի իրական բնակչութեան թիւը երեք միլիոնից պակաս է: Բայց վտանգաւորը ոչ այնքան երեք միլիոնից պակաս թիւն է, որքան` Հայաստանի գործող ղեկավարութեան ոչ համարժէք հակազդեցութիւնը արտագաղթի հանդէպ: Հանրային հարցումները ցոյց են տուել, որ հայ երիտասարդութեան շուրջ 40 տոկոսը պատրաստ է հնարաւորութեան դէպքում հեռանալ Հայաստանից:

Անցեալ տարի Սերժ Սարգսեանը Հայաստանի համապատասխան մարմիններին կարգադրեց հասարակութեանը ներկայացնել այնպիսի վիճակագրութիւն, համաձայն որի, Հայաստանում արտագաղթ չկայ: Նման կարգադրութիւնը անհասկանալի էր մի քանի պատճառներով: Նախ, Հայաստանում ամէն մէկը տեսնում եւ զգում է, որ մարդիկ դժգոհ են իրենց կեանքից ու երկրի ղեկավարութիւնից ու այդ պատճառով պատրաստ են հեռանալ հայրենիքից: Ի հարկէ, հեռուստատեսութիւնները օր ու գիշեր հաղորդում են Հայաստանի տնտեսական ու միւս յաջողութիւնների մասին, գովաբանում նախագահին ու միւս պաշտօնեաներին, փորձում համոզել, որ արտագաղթ չկայ, բայց դրան ոչ ոք չի հաւատում: Երկրորդ, շատ վտանգաւոր է, երբ երկրի ղեկավարութիւնը ակնյայտ վտանգը կանխելու փոխարէն` ձեւացնում է, թէ վտանգ չկայ:

Եւ ահա, երբ այլեւս անհնար էր թաքցնել արտագաղթի ծաւալների իրական պատկերը, երկրի ղեկավարութիւնը ստիպուած էր արձագանգել: Սակայն, ինչպէս այլ դէպքերում, Հայաստանի կառավարութիւնը սխալները սկսեց գտնել այլ տեղում:

Հայաստանից արտագաղթը կը դադարի միայն այն ժամանակ, երբ մարդիկ զգան, որ իրենց երեխաների համար ապագայ կայ: Ինչո՞ւ պէտք է հայաստանցին իր ապագան կապի այս երկրի ու նրա ղեկավարութեան հետ, երբ ամէն օր նրա իրաւունքները ոտնահարում է նոյն այդ ղեկավարութիւնը: Ինչո՞ւ պէտք է հայաստանցին իր ապագան կապի այս երկրի հետ, երբ դժուարութեամբ է ապահովում իր ընտանիքի ապրուստը:

Արտագաղթը դադարեցնելու համար նախ պէտք է հաւատը վերականգնել Հայաստանի ապագայի հանդէպ: Պէտք է վերացնել ընկերային անարդարութիւնը, վերջ տալ ընտրութիւններ կեղծելուն, չխրախուսել քաղաքական եւ տնտեսական մենաշնորհները: Հակառակ դէպքում, եթէ անգամ Հայաստանում փակուեն բոլոր օտարերկրեայ հիւպատոսութիւնները, հայերը արտագաղթելու ճանապարհներ կը գտնեն:

 

Յատուկ «Ազդակ»-ի համար
Երեւան 

 

Leave a Reply

Advertisement