Tuesday May 21, 2013

Խմբագրական «Արցախ Թերթ»-ի. Ազրպէյճանը Ղարաբաղի Նկատմամբ Իրաւունքներ Չունի Ո՛չ Բարոյական, Ո՛չ Էլ Իրաւաբանական

By adminx - Fri Oct 12, 5:38 am

Հունգարիայից մարդասպան Սաֆարովի արտայանձնման եւ Ազրպէյճանի նախագահի կողմից նրա շուտափոյթ ներման առաջ բերած խայտառակութիւնը զայրոյթի ալիք է բարձրացրել աշխարհում: Տարբեր երկրներից ու կազմակերպութիւններից ծայր առան այդ քայլը դատապարտող արձագանգները, անմասն չմնացին նաեւ ղարաբաղեան կարգաւորման գործընթացով զբաղուող միջազգային միջնորդները:

ԵԱՀԿ Մինսքի խմբի բոլոր երեք համանախագահ պետութիւնները` Ռուսաստանը, Միացեալ Նահանգները եւ Ֆրանսան, չափազանց կոշտ գնահատական տուեցին Ազրպէյճանի իշխանութիւնների գործողութիւններին, որոնք ոտնահարել են բարոյականութեան եւ միջազգային իրաւունքի չափանիշները: Սաֆարովի գործի առնչութեամբ ինչպէս Մինսքի խմբի համանախագահները, այնպէս էլ քաղաքագէտների ու փորձագէտների ճնշող մեծամասնութիւնը միակարծիք եղան, որ հակամարտութեան խաղաղ կարգաւորման գործընթացին լուրջ հարուած է հասցուած: Իրօք, ստեղծուած պայմաններում չափազանց խնդրայարոյց է թւում բանակցութիւնները շարունակելը, եւ, թերեւս, բաւականաչափ ժամանակ կը պահանջուի խաղաղարար գործընթացի վերակենդանացման համար, եթէ ընդհանրապէս հնարաւոր է այն:

Կարելի է համարձակօրէն պնդել, որ այսօր կարգաւորման գործընթացում երեւան են եկել նոր գործօններ` կապուած «սաֆարովշչինայի» հետ: Այն կատարելապէս նոր իրադրութիւն է մտցրել այդ գործընթացի մէջ, եւ բանակցութիւնները պուտափեշտեան մարդասպանի գործից կտրուած դիտելը պարզապէս անհնար է, ինչը գիտակցում են առողջ դատող քաղաքական գործիչներն ու փորձագէտները: Աւա՜ղ, դա, կարծես, հասկանալ չի ցանկանում պաշտօնական Պաքուն, որը փորձում է չնկատել ակնյայտը եւ շարունակում է ուրախ դէմք ցոյց տալ տանուլ տուած խաղի ժամանակ: Դրա վկայութիւնն է Ազրպէյճանի արտաքին գործերի փոխնախարար Արազ Ազիմովի հարցազրոյցը, ով տառացիօրէն օրերս լրագրողների համար մեկնաբանեց լեռնայինղարաբաղեան կարգաւորման հարցը: Նրա խօսքերով. «Ազրպէյճանի տարածքային ամբողջականութիւնը պէտք է վերականգնուի, եւ Լեռնային Ղարաբաղում ապրող հայերը պէտք է համատեղ ապրեն ազրպէյճանցիների հետ, պէտք է ինքնավարութեան մոտել մշակուի նրանց գոյակցութեան վերաբերեալ»: Եւ ապա. «Մենք երբեք չենք մերժել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման գաղափարը, սակայն կարգավիճակը կարող է քննարկուել սոսկ ազրպէյճանցիներն այդ տարածաշրջան վերադառնալուց յետոյ»: Ապա հետեւում են  ազրպէյճանական քարոզչական զինանոցի սաստիկ տրորուած խօսքեր Ազրպէյճանի տարածքային ամբողջականութեան վերաբերեալ, որն, իբր, սատարւում է ՄԱԿ-ի Ապահովութեան  խորհրդի եւ ՕԹԱՆ-ի կողմից, ինչպէս նաեւ` Հայաստանի ապակառուցողականութեան մասին, որը չի ցանկանում վերանայել իր դիրքորոշումը եւ այլն:

«Սկզբունքային յայտարարութիւնները, որոնցով նրանք հանդէս են գալիս (ՄԱԿը, ՕԹԱՆ-հեղ.), պէտք է դառնան բաց ուղերձ Հայաստանին, նա պէտք է դա հասկանայ եւ ընդունի», կտրականապէս յայտարարում է Ազիմովը: Բայց տրամաբանական հարց է ծագում. իսկ Ազրպէյճանն ընդունո՞ւմ է, արդեօք, այն բազմաթիւ «սկզբունքային յայտարարութիւնները» հակամարտութեան խաղաղ կարգաւորումն այլընտրանք չունենալու մասին, որոնցով հանդէս են գալիս նոյն ՄԱԿ-ն ու ՕԹԱՆ-ն, ինչպէս նաեւ` միջազգային այլ ատեաններ: Պաքուի չդադարեցուող ռազմապաշտ  քաղաքականութիւնն այս հարցի պերճախօս պատասխանն է:

Լսելով տարբեր կարգի ազրպէյճանցի քաղաքական գործիչներին, տուեալ դէպքում` Ազիմովին, չես կարողանում ազատուել այն զգացումից, որ նրանք շարունակում են ապրել պատրանքներով, մի ինչ որ զուգահեռ, իրականութիւնից բոլորովին կտրուած աշխարհում: Հակառակ դէպքում նոյն Ազիմովը չէր առաջարկի արդէն իսկ հիմա, առանց ժամանակ կորցնելու, անմիջականօրէն կազմել հակամարտութեան լուծման ամէնօրեայ միջոցառումների ժամանակացոյցը, որում, նրա խօսքերով, «Պէտք է իրենց արտացոլումը գտնեն այն հարցերը, որոնք անհանգստացնում են ինչպէս հայկական կողմին, այնպէս էլ մեզ»: Մինչդեռ կարգաւորման գործընթացի տրամաբանութիւնը եւ հէնց կեանքն ինքը, պահանջում են ստեղծուած իրողութիւնների առարկայական գնահատում եւ, համապատասխանաբար, խաղաղարար գործընթացի մասնակիցների, եւ ամէնից առաջ` Ազրպէյճանի, համարժէք վարքը: Քանզի ակնյայտ է, որ ղարաբաղեան հիմնախնդրի լուծման յատակագիծը պատրանքների վրայ կառուցելը` առանց հաշուի առնելու ինչպէս բուն հակամարտութեան, այնպէս էլ ժամանակակից աշխարհի եղափոխութեան առարկայական գործընթացները` անմտութիւն է եւ նոյնիսկ վտանգաւոր: Բայց իրօ՞ք Ազրպէյճանը կտրուել է իրականութիւնից: Ի հարկէ, ո՛չ: Նա ունի իր` զուտ ազրպէյճանական ըմբռնմամբ, իրականութիւնը, որն ընդհանուր ոչինչ չունի հարեւան ժողովուրդների քաղաքակիրթ եւ խաղաղ գոյակցութեան հետ:

Եթէ Ազրպէյճանն իրօք շահագրգռուած լինէր հակամարտութեան խաղաղ լուծմամբ, ապա այն բոլոր հարցերի քննարկման համար, որոնք, Ազիմովի արտայայտութեամբ` «անհանգստացնում են ինչպէս հայկական կողմին, այնպէս էլ մեզ», նա կը նստէր ԼՂՀ-ի հետ բանակցութիւնների սեղանի մօտ: Բայց բանն էլ հէնց այն է, որ Լեռնային Ղարաբաղում հայերի ու ազրպէյճանցիների համատեղ խաղաղ գոյակցութեան մասին «ճիշդ» խօսքերի յետեւում թաքնուած է Ազրպէյճանի իսկական նպատակը: Իսկ այդ նպատակը մէկն է` հայերին դուրս մղել Լեռնային Ղարաբաղից, կամ` պարզապէս ոչնչացնել նրանց: Չէ՞ որ նոյն Ազիմովը շատ լաւ է հասկանում, որ ազրպէյճանցիներին Ղարաբաղ վերադարձնելու առաջարկութիւնը, եթէ նոյնիսկ այդպիսի ծրագիրի իրականացում թոյլ տալու լինենք, կը յանգեցնի ամենեւին էլ ոչ թէ խաղաղութեան, այլ` նոր պատերազմի: Այսօր չափից դուրս խորն են հակասութիւնները հայ եւ ազրպէյճանական ժողովուրդների միջեւ, ինչը մի աւելորդ անգամ հաստատեց մարդասպան Սաֆարովին ազատելու պատմութիւնը, եւ դրանց յաղթահարման համար ժամանակ կը պահանջուի:

Իսկ առայժմ… Իսկ առայժմ մենք տեսնում ենք ազրպէյճանական կողմի անզուսպ ցանկութիւնը` փոշի փչել միջազգային ընտանիքի աչքերին` իրեն ձիթենու ճիւղը կտցին խաղաղութեան աղաւնի ներկայացնելով: Դոյզն ինչ չամաչելով նոյնիսկ այն բանից, որ Սաֆարովի հետ կապուած խայտառակութիւնը, որը միջազգային արձագանգ է ստացել, համաշխարհային հանրակցութեան առաջ մերկացրել է հայ ժողովրդի հանդէպ հիւանդագին ատելութեամբ տառապող ազրպէյճանական հասարակութեան խոցերը: Մի պետութիւն, որտեղ մարդասպանի արտայանձնումն ու ներումը դիւանագիտական յաղթանակ է անուանւում, որտեղ հայ սպաննելը յանցագործութիւն չի համարւում, բարոյական իրաւունք չունի Լեռնային Ղարաբաղի նկատմամբ նկրտումներ ներկայացնել: Ինչպէս եւ, ի միջի այլոց, ոչ մի իրաւաբանական իրաւունք չունի միջազգային ընտանիքից պահանջել` անկախ ԼՂՀ-ն իր իրաւասութեանը ենթարկեցնել:

«ԱՐՑԱԽ ԹԵՐԹ»-ը Արցախի կառավարութեան պաշտօնաթերթն է

Leave a Reply

Advertisement