Sunday May 26, 2013

«Հինգ Օր Ազրպէյճանում»

By adminx - Fri Oct 12, 5:34 am

ՏԱԹԵՒ ԽԱՉԱՏՐԵԱՆ

Սեպտեմբերի 12-ին Մոսկուայում մեկնարկեց ԱՊՀ երկրների առաջին միջպետական hամաժողովը` «Բնակչութեան առողջութիւնը ԱՊՀ երկրների բարգաւաճման հիմքն է»: Այն տեւելու է մինչեւ սեպտեմբերի 15-ը: Համաժողովին նպատակն է բարելաւել ԱՊՀ երկրների համագործակցութիւնը` մարդկանց կեանքի որակը եւ մակարդակը բարձրացնելու` առողջ ապրելակերպ քարոզելու համար:

Համաժողով անցկացւում է մարդասիրական համագործակցութեան միջպետական հիմնադրամի, ԱՊՀ գործադիր կոմիտէի, ինչպէս նաեւ` մի շարք այլ պետական մարմինների աջակցութեամբ:

Համաժողովի ընթացքում քննարկուել են առողջ ապրելակերպին վերաբերող մի շարք հարցեր: Մոսկուայի «Մանեժ» անունը կրող կենտրոնական ցուցասրահում ԱՊՀ երկրների ներկայացուցիչները, ինչպէս նաեւ Ռուսաստանի Դաշնութիւնը իրենց յատկացուած տաղաւարներում փորձել էին իւրովի ցուցադրել մարմնամարզի եւ առողջապահութեան բնագաւառում իրենց ունեցած ձեռքբերումներն ու նուաճումները: Տաղաւարները դասաւորուած էին այբբենական կարգով. Հայաստանը յաջորդում էր Ազրպէյճանին:

Տաղաւարների առաքելութիւնն էր` նախընտրած տարբերակով ցոյց տալ իրենց երկրում առողջութեան, մարմնակրթութեան եւ առողջ ապրելակերպի մակարդակը, կիսուել փորձով: Գրեթէ բոլոր երկրների տաղաւարում կարելի էր տեսնել առողջապահութեանը վերաբերող գրքեր, բուժիչ բոյսեր, պաստառներ եւ նկարներ:

Ղարաբաղ, Շուշա, Նախիջեւանի ինքնավար հանրապետութիւն, հին գորգեր պատկերող պրոշիւրներն ու պրակները գրաւեցին ուշադրութիւնս ու տարան ինձ մեր հարեւան երկրի տաղաւարի մօտ: Անգլերէն-ռուսերէն լեզուներով գրուած տեղանուններն ու պատկերները, որոնք կազմում են իմ երկրի պատմութեան մասը, տեղ էին գտնել այնտեղ: Հայկական տաղաւարում ցուցատախտակի ողջ երկայնքով փակցուած էին երկրի մարզական կեանքը պատկերող նկարներ եւ դրանք այն ամէնն էին, ինչ կար հայկական տաղաւարում:

Մարմնակրթութեան եւ երիտասարդութեան նախարարութեան զանգուածային մարմնակրթութեան բաժնի պետ Սուրէն Պրազեանը երկար պատմեց Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում իրականացուած եւ իրականացուելիք միջոցառումների մասին, որոնք միտուած են երկրում խթանելու առողջ ապրելակերպը (մասնաւորապէս` սեպտեմբերի 17-ին Ստեփանակերտում կայանալիք մարզական փառատօնը): Տաղաւարում ներկայ էին նաեւ առողջապահութեան նախարարութեան ներկայացուցիչներ, որոնք եւս իրենց դրական գնահատականն էին տալիս անցնող տարուայ ձեռքբերումներին:

Այս ամէնը, ի հարկէ, հիանալի է, բայց ինչպէ՞ս մեկնաբանել ազրպէյճանական տաղաւարի գրքոյկներն ու պրակները… Թերեւս ճիշդ կը լինէր դա որակել «խաղի կանոնների հերթական խախտում», որի հետ համաձայնեցին նաեւ մեր նախարարութեան ներկայացուցիչները, բայց ինչպէ՞ս բացատրել այդ տաղաւարին մօտեցող բազմաթիւ մարդկանց, որ… Որ պատմութիւնը սեփական ցանկութեամբ խմբագրել չի կարելի: Զգացմունքներս խառնուել էին Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի սահմանները պաշտպանող զինուորների պատկերների հետ. տաղաւարով մէկ շրջելով` որոշեցի մօտենալ Ազրպէյճանի տաղաւարին…

«Գժուե՞լ ես,- ասաց ընկերուհիս,- նրանք տեսան, թէ ինչպէս էիր դու երկար ու ջերմ խօսում հայկական տաղաւարում»:

Վճռակամութիւնս փոքր-ինչ տեղի տուեց, քայլերս դարձան աւելի զուսպ ու սկսեցինք «թափառել» ազրպէյճանական տաղաւարի հարեւանութեամբ, որտեղ նախարարութեան ներկայացուցիչների թիւը գնալով աւելացել էր: Խորը շունչ քաշելով` վերջապէս մօտեցայ տաղաւարին` իբր թէ զննելու: Յանկարծ ներկայացուցիչներից մէկը, որը, ինչպէս հետագայ զրոյցից պարզ դարձաւ, Ազրպէյճանի առողջապահութեան նախարարութեան կրթութեան եւ գիտութեան քատրերի բաժնի պետ Ռաուֆ Ագայեւն էր, մեկնեց մի գիրք` «5 օր Ազրպէյճանում»:

- Կարդա եւ կը հասկանաս:

- Ի՞նչը:

- Ինչ որ ուզում ես իմանալ:

- Ուզում եմ իմանալ, թէ երկրի առողջութեան եւ առողջ ապրելակերպին վերաբերող համաժողովին որքանո՞վ են առնչւում գորգերի նկարները, Շուշին, Նախիջեւանը…

- Մենք ուզում ենք ցոյց տալ, որ այդ տարածքներում կան առողջապահական համալիրներ:

Յետոյ նա ոգեւորութեամբ պատմեց, թէ ի՛նչ բարեկարգումներ են իրականացւում իրենց երկրում, թէ` ժողովրդի կենսամակարդակը ինչքան է բարելաւուել, որ Պաքւում բոլորը քայլում են ժպիտը դէմքին: Դատելով իմ` ոչ սլաւոնական արտաքինից եւ Հայաստանի տաղաւարի ներկայացուցիչների հետ ունեցած բաւականին ջերմ զրոյցից, պատասխաններն աւելի քան կանխակալ էին:

- Ի՞նչ ազգից ես,- պատասխանը նախօրօք կռահելով` հարցրեց նա:

- Հայ եմ,- ասացի:

Այսքանով մեր զրոյցը սահմանափակուեց. Հայաստանի տաղաւարի ներկայացուցիչները եւս տեսան, թէ ինչպէս եմ ես բաւականին քաղաքակիրթ զրուցում նրանց հետ: Այդ մտքից ինձ մի պահ վատ զգացի, բայց միեւնոյն ժամանակ հասկացայ, որ այդ միամիտ քայլս նշանակում էր «Ես տեսայ, որ դուք խաբում էք… Ու… Ես այն քչերից էի, որ տեսայ…»:

Ես չէի կարող հայկական կողմին «զինել» պատասխան նիւթերով եւ գրքոյկներով, ես չէի կարող Ազրպէյճանի տաղաւարին հետաքրքրասէր դէմքերով մօտեցող եւ հարցեր տուող մասնակիցներին պատմել պատմութիւնն ու բացատրել, որ տեղեկատուական պատերազմի պայմաններում ամենեւին էլ զարմանալի չէ, որ թեմային չառնչուող շատ բաներ կան: Այդ պահին միակ բանը, ինչ ես կարող էի անել, հնարաւորինս շատ գրքոյկներ վերցնելն ու այդտեղից տանելն էր… Պատերազմը շարունակւում է նաեւ խաղաղ պայմաններում:

Բնակչութեան առողջութիւնն առաջին հերթին նրա հոգեբանական կայունութիւնն ու հոգեկան առողջութիւնն է: Այն կարող է լինել բարգաւաճման հիմք այն դէպքում, երբ բնակչութիւնն առողջ է իր մտածելակերպով, իր աշխարհընկալմամբ ու սեփական արժէքներով:

Յ. Գ.- Հէնց այն մի փոքր դրուագը, թէ ինչպիսի լարուածութիւն կար հակառակորդ երկրի տաղաւարին մօտենալիս, նրանց հետ զրուցելիս եւ հեռանալիս մեղաւորութիւն զգալիս, ցոյց է տալիս, որ համաժողովի մակարդակով առնուազն երկու երկրների բնակչութեան հոգեբանական առողջութիւնը խնդիրներ ունի:

«Հետք»

Leave a Reply

Advertisement