Հաղորդագրութիւն
By adminx - Wed Oct 10, 7:16 am
- 0 Comments
- 105 views
- Tweet
Email
Print
Այսու տեղեկացնում ենք, որ Պուլկարիայի Ընկերվարական կուսակցութեան հրաւէրով թուականիս սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի
6-ը Պուլկարիայի մայրաքաղաք Սոֆիայում տեղի ունեցաւ «Երիտասարդ առաջնորդներ 2012» միջազգային ծրագիրը:
Ծրագրին մասնակցում էին ներկայացուցիչներ Հայաստանից, Ազրպէյճանից, Պուլկարիայից, Մակեդոնիայից, Սերպիայից, Խրուաթիայից, Ալպանիայից, Ռումանիայից եւ Մոլաւիայից:
ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի կազմակերպմամբ ծրագրին մասնակցում էր Վանիկ Չալոյեանը (Հայաստան): Նշենք, որ Հայաստանից հրաւիրուած էր միայն ՀՅԴ Երիտասարդականը:
Մէկ շաբաթուայ ընթացքում մասնակիցները հանդիպումներ են ունեցել Պուլկարիային նախագահի խորհրդականների, Պուլկարիայի Ազգային ժողովի փոխնախագահի եւ մի քանի պատգամաւորների, արտաքին գործոց նախարարութեան պատասխանատուների եւ Եւրոպական խորհրդարանում Պուլկարիայի Ընկերվարական կուսակցութեան պատգամաւորների հետ:
Հանդիպումներ են տեղի ունեցել նաեւ Պուլկարիայի Ընկերվարական կուսակցութեան եւ Եւրոպայի Ընկերվարականների կուսակցութեան նախագահ Սերկէյ Սթանիշեւի եւ կուսակցութեան երիտասարդական թեւի պատասխանատուների հետ:
Վերոյիշեալ հանդիպումների ժամանակ մասնակիցները ծանօթացել են Պուլկարիայի քաղաքական համակարգին եւ Պուլկարիայի Ընկերվարական կուսակցութեան կառոյցին ու ծրագրերին:
Եւրոպական խորհրդարանում Պուլկարիայի Ընկերվարական կուսակցութեան ներկայացուցիչ Քրիսթիան Վիկնինի հետ հանդիպման ժամանակ, ՀՅԴ Երիտասարդականը ներկայացնող Վանիկ Չալոյեանը հարց բարձրացրեց Հունգարիայի իշխանութիւնների կողմից Ազրպէյճանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ազրպէյճանին արտայանձնելու եւ այնուհետեւ Ազրպէյճանի նախագահի կողմից նրան ներում շնորհելու փաստի առնչութեամբ, որին ի պատասխան յարգարժան պատգամաւորը նոյնպէս յայտնեց իր դժգոհութիւնը` մատնանշելով, որ դա ոչնչով չի նպաստում Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման խաղաղ գործընթացին եւ առհասարակ դէմ է համամարդկային արժէքներին:
Ծրագրի շրջանակներում մասնակիցները մեկնեցին մայրաքաղաք Սոֆիայից 150 քմ հեռաւորութեան վրայ գտնուող Լովեչ քաղաք, որտեղ էլ հանդիպեցին Լովեչի քաղաքապետի հետ, ծանօթացան քաղաքի հիմնական խնդիրների ու քաղաքային իշխանութեան հետագայ անելիքների հետ: Այնուհետեւ ներկայ գտնուեցին քաղաքապետի կողմից հիւրերի համար կազմակերպուած համերգին:
Ծրագիրն անցել է ջերմ մթնոլորտում: Պայմանաւորուածութիւն է կայացել ամրապնդել հաստատուած կապերը եւ շարունակել հետագայ համագործակցութիւնը:
ՀՅԴ ԲԻՒՐՈՅԻ
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԳՐԱՍԵՆԵԱԿ
9 հոկտեմբեր, 2012 Երեւան
- 0 Comments
- 105 views
- Tweet
Email
Print



