Հայ Տպագրութեան 500-Ամեակը Եւ Նոր Ջուղայի Հայոց Տպարանի Դերը
By adminx - Thu Oct 04, 5:38 am
- 0 Comments
- 105 views
- Tweet
Email
Print
ԱՐԱՄԱՅԻՍ ՄԻՐԶԱԽԱՆԵԱՆ
Մեծ պատիւ է ցանկացած ժողովրդի համար լինել յառաջադէմ մարդկութեան առաջին շարքերում եւ համարուել մտքի, լուսաւորութեան ու մշակոյթի տարածման աւանգարդ ժողովուրդներից մէկը:
Այս յօդուածը գիտական ուսումնասիրութիւն չէ , այլ խօսք ու յիշողութիւն հայ ժողովրդի համար պատմական նշանակութիւն ունեցող մշակութային կենտրոններից մէկի` Նոր Ջուղայի տպարանի մասին:
Յիշենք տպագրութեան արուեստի ու արհեստի հիմնադիր, մեծ գիւտարար Եոհան Կիւթենպերկի մասին: JohannGutenberg-Greatsite.com
Եոհան Կիւթենպերկ
Եոհան Կիւթենպերկ (մօտ 1398 – փետրուարի 3, 1468)` գերմանացի դարբին, ոսկերիչ եւ գիւտարար, ով յայտնագործեց ժամանակակից գրքի տպագրութեան թեքնիքը: ԺԷ. դարի կէսերին նա ստեղծեց իր շարժական տպագրահաստոցը, որը հիմք դրեց տպագրական յեղափոխութեանը Եւրոպայում եւ լայնօրէն համարւում է արդի ժամանակի կարեւորագոյն յայտնագործութիւններից մէկը:
Երկար ու յամառ աշխատանքներից յետոյ, նա ստեղծեց մետաղից առանձին լիտերներ (տառեր) ձուլելու եղանակը. գիւտարարը դրանցով կազմում էր շարուածքի էջեր ու տողեր, որոնցից արտատպուածք էր անում թղթի վրայ: Շարժական տպատառերի օգնութեամբ հնարաւոր էր շարել ցանկացած բնագրի ուզած քանակութեամբ էջեր: Եոհան Կիւթենպերկ յայտնագործեց նաեւ տպագրահաստոցը:
Մօտաւորապես 1445 թուականին Կիւթենպերկ հրատարակեց եւրոպական առաջին տպագիր գիրքը: Դրանից յետոյ գրատպութիւնը Եւրոպայում սկսեց արագօրէն տարածուել: Նրա գիւտից կէս դար անց, Եւրոպայի քաղաքներում գործում էին 1100 տպարան: Գրադարանների գրադարակները լցւում էին եւրոպական բոլոր լեզուներով տարբեր բնագաւառների գրքերով: Բացի դրանից, գրքերի գինը այլեւս այնքան թանկ չէր, որքան ձեռագիր գրքերինը:
1568 թուականի տպագրահաստոցն ունէր մէկ ժամում 240 պատճէնի արտատպման հնարաւորութիւն:
Կիւթենպերկի ամենաարժէքաւոր տպագրած գիրքը Կիւթենպերկի Աստուածաշունչն է, որը բարձր է գնահատւում իր գեղագիտական եւ թեքնիք որակի համար:
Հայ Գրքի Տպագրութիւնը
Հակոբ Մեղապարտ – LitoPedia
ՅԱԿՈԲ ՄԵՂԱՊԱՐՏ (Ջուղայեցի) – Հայ տպագրական արուեստի սկզբնաւորողն ու հիմնադիրն է: Վենետիկում պատուիրել է ձուլածոյ տառեր, զարդագրեր եւ 1512-1513 թթ. հրատարակել հայատառ 6 գիրք: Նրա հրատարակումներից մեզ են հասել հայերէն առաջին տպագիր գիրքը` «Ուրբաթագիրք»-ը եւ եւս չորս գիրք` «Պատարագատետր», «Աղթարք», «Պարզատումար», «Տաղարան»:
Հայ տպագրութեան արուեստը համեմատաբար արագ տարածւում է աշխարհի տարբեր երկրների հայաշատ քաղաքներում:
Համացանցային հետեւեալ հասցէներով կարող էք կարդալ արժէքաւոր տեղեկութիւններ այս մասին: (Յօդուածի մէջ օգտագործուած է որոշ նիւթեր բերուած աղբիւրներից):
http://www.akumb.am/showthread.php/8842-%D5%86%D5%B8%D6%80-%D5%8B%D5%B8%D6%82%D5%B2%D5%A1
Հայ գրքի տպագրութեան հիմնադիրները,
նշանաւոր հրատարակիչներն ու տպարանները
ԽԱՉԱՏՈՒՐ ԿԵՍԱՐԱՑԻՆ Նոր Ջուղայի Ամենափրկիչ վանքում 1638-ին հիմնել է տպարան եւ տպագրել մի սաղմոսարան:
1641-ին լոյս է ընծայել 703 էջից բաղկացած «Հարանց վարք», 1642-ին` «Ատենի ժամագիրք» գրքերը:
17-րդ դարի երկրորդ կէսից տպարանը գործել է ընդմիջումներով: Բեղմնաւոր գործունէութիւնը շարունակել է 1880-ից յետոյ:
ՅՈՎՀԱՆՆԷՍ ՋՈՒՂԱՅԵՑԻն Տպագրական արուեստի մէջ կատարելագործուելու եւ Նոր Ջուղայի տպարանի համար սարքաւորումներ ձեռք բերելու նպատակով 1639 թ. մեկնել է Եւրոպա: 1644թ. Լիվոռնոյում (Իտալիա) հրատարակել է «Սաղմոս Դաւթին» գիրքը, 1647 թ. Նոր Ջուղայում` իր «Պարզատումար Ազարիայրի» աշխատութիւնը եւ նախաձեռնել Աստուածաշնչի հայերէն հրատարակում: Սակայն դժուարութիւնների պատճառով նրա մտայղացումը չի իրագործուել:
ՈՍԿԱՆ ԵՐԵՒԱՆՑԻ
Ոսկան Երեւանցի (նաեւ` Ոսկան Ջուղայեցի, 1614, Նոր Ջուղա, Սպահան,- 1674թ. փետրուարի 4, Մարսէյ, Ֆրանսա) – հայ մշակութային գործիչ, տպագրիչ, լեզուաբան: 1666 – 68թթ. Ամսթերտամում տպագրել է հայերէն Աստուածաշունչ մատգանը, որը համարւում է հայ հին տպագրութեան լաւագոյն նմուշներից մէկը: Մինչեւ 1669 թ. լոյս է ընծայում Մովսէս Խորենացու «Աշխարհացոյց»-ը, Առաքել Դավրիժեցու «Գիրք պատմութեան»-ը, Վարդան Այգեկցու առակները եւ այլն: Տպագրական գործունէութիւն է ծաւալել նաեւ Լիվոռնոյում եւ Մարսէյում:
ՈՍԿԱՆ ԵՐԵՒԱՆՑԻՆ ծնուել է Նոր Ջուղայում, Երեւանցի է անուանուել ծնողների ծննդավայրի անունով:
1666 թ. ստանձնել է Ամսթերտամի հայկական տպարանի տնօրինութիւնը: Նախ հրատարակել է «Այբբենարան եւ քրիստոնէական» հայոց լեզուի եւ կրօնի դասագիրքը, ապա սկսել է 1464 էջից բաղկացած հայերէն առաջին Աստուածաշունչ մատեանի հրատարակումը եւ աւարտել 1668-ին: Այդ ժամանակահատուածում լոյս է ընծայել եւս 12 անուն գիրք` «Նոր Կտակարան», Այգեկցի` «Աղուեսագիրք», Խորենացի` «Աշխարհագրութիւն» եւ այլն: Աստուածաշնչից յետոյ նրա կարեւոր հրատարակումներից է «Ձայնաքաղ շարական» խազագիր ձայնանիշերով հայերէն առաջին տպագիր գիրքը:
1670 -1671թթ. Լիվոռնոյում (Իտալիա) հիմնել է տպարան եւ հրատարակել` 2 անուն գիրք: 1672-ին տպարանը տեղափոխել է Մարսէյ, սակայն հալածուելով կաթոլիկ եկեղեցու կողմից եւ չդիմանալով տառապանքներին` մահացել է 1674-ին: Նրանից յետոյ տպարանը ընդմիջումներով գործել է մինչեւ 1683 թուականը:
Առաքել Դավրիժեցու «Գիրք պատմութեան»-ը առաջին անգամ լոյս է տեսել դեռեւս հեղինակի կենդանութեան օրօք` 1669-ին, Ամսթերտամում, Ոսկան Երեւանցու աշխատասիրութեամբ: 1990 թ. լոյս է տեսել երկի քննական հրատարակութիւնը: Գիրքը թարգմանուել է ֆրանսերէն (1874), ռուսերէն (1973), լեհերէն (1981), հատուածաբար` վրացերէն (1974):
Ոսկան Երեւանցին, Նոր Ջուղայի հայոց տպարանի մեծ երախտաւորներից է, նա երկար տարիներ դժուարին աշխատանքներ է տարել տպարանի զարգացման ու կատարելագործման ուղղութեամբ: Ոսկան Երեւանցու կեանքին ու տպագրական գործունէութեանը լայնօրէն անդրադարձել է հայ գրող-վիպասան Յովհաննէս Ղուկասեանը: Նրա «Ոսկան երեւանցի» պատմավէպը մի խօսող յուշարձան է` նուիրուած հայ տպագրութեան մեծ երախտաւորին: Հ. Ղուկասեանը իր երկհատոր «Բոգդան Սալթանով» աշխատութեան մէջ նոյնպէս մեծ տեղ է յատկացրել տաղանդաւոր լեզուաբանին ու տպագրիչին:
Բոգդան Սալթանովը (Աստուածատուր Սալթանեանց)-ը նոյնպէս մեծ աւանդ ունի Նոր Ջուղայի տպարանի աշխատանքներում: Նկարիչ, ոսկերիչ ու քանդակագործ Բոգդան Սալթանովը, մինչ Ռուսաստան մեկնելը, նոր Ջուղայի այլ արուեստագէտ նկարիչների` Մինասի, Մարքուզի… հետ մեծածաւալ արուեստի գործեր է կատարել Իրանի շահանիստ Իսֆահան քաղաքում:
Տողերիս հեղինակին բարեբաստիկ բախտ վիճակուեց աշակերտելու Նոր Ջուղայի տպարանում: Տասնչորս տարեկան հասակում դպրոցական ամառնային արձակուրդների ժամանակ ես յայտնուեցի սուրբ Ամենափրկիչ Վանքի տարածքում գտնուող Խաչատուր Կեսարացու հիմնադրած տպարանում: Հայրս ինձ յանձնեց տպարանի տեսուչ ու վաստակաւոր տպագրիչ Մկրտիչ Հայրապետեանին, որպէսզի աշակերտեմ եւ մի բան սովորեմ կեանքի համար: Մկրտիչ Հայրապետեանին տիրացու էին կոչում նոր Ջուղայում, քանզի նա տպարանի աշխատանքների հետ համատեղ կատարում էր տեղի Սուրբ Սարգիս եւ Ամենափրկիչ եկեղեցիների ժամկոչի պարտականութիւնները: Մէկ բախտաւորութիւն էլ ունէի, որ տիրացուն իմ փեսայի հայրն էր եւ բարեկամաբար էր վերաբերւում իմ կատարած սխալներին:
Առ այսօր յիշում եմ, թէ տիրացուն ինչպէս հանգամանօրէն ինձ ծանօթացրեց տպարանի սարքաւորումների հետ: Լայն տարածքով, բարձր առաստաղով շէնքի ամենալուսաւոր մասում տեղադրուած էր տպագրական մեքենան: (նկար 1, տիրացուն թուղթ է մատակարարում, իսկ աշակերտողը պտտում է թափանիւը): Փայտեայ արկղների մէջ խնամքով դասաւորուած էին տարբեր չափերի հազարաւոր ձուլուած հայերէն ու նաեւ պարսկերէն ու լատինական տառատեսակները: Տիրացուի առաջին ցուցմունքը եղաւ.
«Ուշադիր կը լինես, տառերը չխառնես, քանզի տառ շարելու ժամանակ բազմաթիւ սխալների պատճառ կարող է դառնալ այդ»:
Անխօս լսում էի տիրացուին ու մտքումս մտածում էի, տեսնես` իմ գործը ի՛նչ է լինելու այստեղ… Տպարանի տարածքում առանձին սենեակում տեղաւորուած էր հսկայական չափերով թուղթ կտրող դանակ-սարքը: Մեծ սրահում երկար ու լայն փայտեայ սեղանների վրայ դրուած էին տարբեր չափերի փայտեայ մամլիչներ, գիրք կազմելու տարբեր հարմարանքներ ու մագաղաթներ նորոգելու յատուկ բաժին: Առաջին իսկ հայեացքից գիրք կազմելու գործիքները իմ ուշադրութիւնը գրաւեցին…
Մօտենալով տպագրական մեքենային` տիրացուն ասաց. «Առաջիկայ օրերին քո աշխատանքը այստեղ է լինելու»: Այդ նշանակում էր` ես պէտք էր պտտէի թափանիւը, որպէսզի շարժման մէջ դրուեր տպագրական հաստոցը: Իւրաքանչիւր պտոյտ համապատասխանում էր տիրացուի մէկ թերթի մատակարարմանը, որն իր հերթին անցնելով տառաշարերի վրայով` կատարւում էր մէկ էջի տպագրութիւն: Առաջին հայեացքից պարզ թուացող այս գործողութիւնը պահանջում էր իր վարպետութիւնը: Ժամանակ տեւեց, որպէսզի կարողանամ թափանիւի պտոյտների ընթացքը համաձայնեցնեմ տիրացուի ձեռքի շարժումներին:
Երկու շաբաթ յետոյ օգտակար աշխատանք էի կատարում… Մկրտիչ Հայրապետեանն ինձ սովորեցրեց գիրք կազմելու արհեստը: Աշխատանքի հետ համատեղ ինքնամոռաց իմ դասագրքերն էի կազմում:
Վանքի տարածքում է գտնւում Նոր Ջուղայի թանգարանը եւ նրան կից մատենադարանը: Տիրացուի հետ այնտեղից մագաղաթներ էինք բերում վերանորոգման համար: Հին ձեռագրերի վերանորոգումները ու վնասուածքների վերականգնումը կատարում էր ինքը, տիրացուն: Միայն երկրորդ տարում ինձ վստահուեց մագաղաթների հետ շփուել: Սովորեցի տառ շարել եւ կարճ բնագրերից էջեր կապել…
Չգիտէի, ասենք որտեղից կարող էի իմանալ, որ այդ տպարանում աշխատել են հայ ազգի գրքի ու տպագրութեան նուիրեալները: Հետագայում, Հայաստանում ուսումնառութեան տարիներին գրականութեան միջոցով ծանօթացայ իմ հարազատ քաղաքի` Նոր Ջուղայի ու նրա տպարանի պատմութեանը: Նոր Ջուղայի տպարանում աշակերտած ժամանակները խորը ազդեցութիւն ունեցան իմ մտաւոր դաստիարակութեան վրայ, յարգանք դէպի գիրքն ու տպագրութիւնը:
Շատ տարիներ յետոյ, Սթոքհոլմում հրատարակեցի «ԲԱԼԵՆԻ» ամսագիրը, բանասէր Ջոկոնդա Մանասերեան- Միրզախանեանի խմբագրութեամբ: «ԲԱԼԵՆԻ»-ին սքանտինաւեան եւ առհասարակ Եւրոպայում տպագրուող հայատառ թերթերից ու ամսագրերից առաջիններից մէկն էր, որը տպագրուեց «Մաքինթոշ» համակարգչի օգնութեամբ: Հայկական տառերի ելեկտրոնային տարբերակը «Մաքինթոշ» համակարգչի համար ծրագրել է հայ գիտնական, տոքթոր Արի Թոփուզխանեանը: Թերթի տպագրական աշխատանքները կատարելիս, տեսաժապաւէնի նման աչքիս առջեւով անցնում էր Նոր Ջուղայի տպարանը: Իմ ուսուցիչ` Մկրտիչ Հայրապետեանի յիշատակը ընդմիշտ մնացել է անմոռաց:
Երկրորդ նկարի մէջ տեսնում էք վարպետին` տիրացուին ու քաղաքի կրօնական երեւելիներին տպագրական հաստոցի մօտ: Ինչպէս երեւում է նկարում, տպագրող մեքենայի ինձ համար շատ սիրելի թափանիւը, որը հազար անգամներ պտտել եմ, փոխարինել են ելեկտրական շարժաբերով, որով իսկ անխոհեմօրէն արժէքազրկել են պատմական արժէք ունեցող ու թանգարանային հարստութիւն` տպագրական մեքենան:
29 օգոստոս, 2012թ., Սթոքհոլմ
- 0 Comments
- 105 views
- Tweet
Email
Print









