Օգնել Եղբայրներին

ՎԱՀԱՆ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

Սուրիան սարսափելի աղէտի մէջ է: Երկիրը, որը մեր հազարամեայ հարեւանն է, քաղաքացիական պատերազմի բոցերի մէջ է եւ բաժան-բաժան է լինում: Բայց չէ՞ որ մենք` հայերս, Սուրիան բոլորից լաւ ենք ճանաչում: Մեր կապերը հեռաւոր անցեալից են սկիզբ առնում: Յիշո՞ւմ էք` «Սասունցի Դաւիթ» դիւցազնավէպում յիշատակւում է. «Մեզ համար հաց էին բերում Շամն ու Հալէպը»:

Շամ` արաբերէն այդպէս են անուանում Սուրիան: Իսկ արաբներից առաջ այն անուանում էին Սուրի: Այդ հողը յիշում է Տիգրան Մեծի հայ զինուորներին եւ Կիլիկիայի արքայ Լեւոն Բ.-ի ջոկատներին: Շամից էին սկսւում արաբական զաւթիչների շատ արշաւներ դէպի մեր երկիր: Շամում` արաբական քաղաքներում եւ անապատի քոչուոր ցեղերի վրաններում օթեւան գտան ցեղասպանութեան տարիներին փրկուած մեր հայրենակիցները: Այստեղ` Միջերկրական ծովի ափին, Քեսապի շրջանում կարելի է գտնել նաեւ Կիլիկիայի հայերի վերջին գիւղերը: Այստեղ` Հալէպում ապրում են մեր այն ազգակիցների սերունդները, որոնք եւրոպական դաշնակիցներից լքուած ու դաւաճանուած, զէնքը ձեռքներին եւ վիշտը սրտում` վերջինն էին Զէյթունից, Այնթապից, Եդեսիայից նահանջում դէպի հարաւ` Սուրիա…

Հայ-սուրիական կապերի մասին շատ է գրուել: Իմ դրուագային յիշատակումներն ամենեւին չեն յաւակնում այդ կապերի ամբողջական կամ նոյնիսկ մասնակի լուսաբանմանը: Բայց մենք իրաւունք չունենք մոռանալ, որ սուրիահայերի համայնքները տասնամեակներ շարունակ որպէս մարդուժի դարբնոց են ծառայել սփիւռքի համար` աշխարհով մէկ սփռուած հայ ժողովրդին մատակարարելով ուսուցիչներ, մշակոյթի եւ արուեստի գործիչներ, հասարակական, եկեղեցական եւ քաղաքական առաջնորդներ: Նրանք, ովքեր կռուել են յանուն Ղարաբաղի ազատութեան, երբեք չեն մոռանայ Սուրիայից եկած համեստ, տոկուն, առնական եւ կարգապահ հայ կամաւորականներին: Սուրիահայութեան դերը սփիւռքի ազգային ինքնութեան պահպանման հարցում անվիճելի է եւ հայրենիքում այն դեռ արդար գնահատականի կ՛արժանանայ:

Իսկ բուն սուրիացիների հետ մենք դարերով առեւտուր ենք արել, բայց միմեանց չենք կողոպտել, կռուել ենք, բայց թշնամիներ չենք եղել, միասին պայքարել եւ տառապել ենք, երբ ե՛ւ Հայաստանին, ե՛ւ Սուրիային պարտադրուել էր թուրքական իշխանութեան անմարդկային լուծը:

Եւ ահա այսօր Սուրիան աղէտի առաջ է: Ո՞վ է մեղաւոր: Պատասխանն այնքան էլ ակնառու չէ, որքան թւում է: Ըստ երեւոյթին ապագայում պէտք է վերստին անդրադառնանք այս հարցին` հասկանալու համար, թէ ինչպէ՛ս ստացուեց, որ կայուն հասարակութիւնն այսքան արագ ու հիմնիվեր խարխլուեց, յայտնուեց քաղաքացիական պատերազմի բոցերում. որպէսզի ամբողջովին հասկանալի դառնայ տարածաշրջանի եւ առհասարակ ժամանակակից աշխարհի պատկերը: Աշխարհին տիրելու յաւակնողները դեռ փորձում են կիրառել հին կարգախօսը` բաժանի՛ր ու տիրի՛ր, բայց նրանց յաջողւում է միայն առաջին մասը` բաժանելը, իսկ վարժ կառավարելը, այսինքն իրաւունքներ սահմանելը, վաղուց մոռացուած է: Իսկ մենք ժամանակն է, որպէսզի հասկանանք, թէ յատկապէս ինչպէ՛ս է գործում սուննիներին ու շիիներին, քրիստոնեաներին ու հրեաներին, միւսներին միմեանց դէմ տրամադրելու, թունաւորելու կործանարար մեքանիզմը, ո՞վ եւ ինչպէ՞ս է դրանից օգտւում եւ ի վերջոյ` ինչո՞ւ է Արեւմուտքի քաղաքական միտքը «գարուն» անուանում այն իրադարձութիւնների շղթան, որը ներառում է ոչ միայն ատելի բռնապետի բռնաբարութիւնն ու տանջամահութիւնը, այլեւ Միացեալ Նահանգների դեսպանի խոշտանգումն ու անարգանքը եւ նրա գազանային սպանութիւնը: Բայց հիմա մենք խօսում ենք այլ բանի մասին: Սուրիան վտանգի մէջ է, եւ մեր այն հայրենակիցները, ովքեր այդ երկիրն իրենց տունն են անուանում` նոյնպէս վտանգի մէջ են: Մեր պարտքն է օգնել` ինչով կարող ենք: Եւ առաջին հերթին դա հայրենիքի` Հայաստանի ու Արցախի պարտքն է:

«Oգնի՛ր եղբօրդ» հասարակական նախաձեռնութիւնը կազմակերպել է միջոցների ու մարդասիրական օգնութեան ժողովում` Սուրիայի մեր հայրենակիցների անապահով ընտանիքների համար: Քաղաքացիներից եւ կազմակերպութիւններից արդէն հաւաքուել են զգալի քանակութեան բեռ եւ դրամական միջոցներ, որոնք մօտակայ օրերին կ՛ուղարկուեն Հալէպ: Յաջորդ շաբաթ կը հրապարակուի օգնութեան թէ՛ մուտքերի, թէ՛ բաշխման ամբողջական հաշուետուութիւնը:

«Առեքսիմպանքում» բացուած են հաշուեհամարներ` նուիրատուութիւնների համար.

դրամային հաշուեհամար` 23800 AMD 01157620300,

տոլարային հաշուեհամար` 23800 USD 01157620401:

Ձեր նուիրատուութիւնները կարող էք ուղարկել Վահան Յովհաննիսեանի անունով` «Օգնի՛ր եղբօրդ» մարդասիրական ծրագրի համար:

Շնորհակալութիւն ենք յայտնում բոլորին, ովքեր արձագանգել են եւ դեռ կ՛արձագանգեն:

Քաղաքացիական նախաձեռնութեան անունից`

ՎԱՀԱՆ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
Հայաստանի Ազգային ժողովի
պատգամաւոր

«Հայաստանի զրուցակից»

Share This Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)