Friday May 24, 2013

Վրաստանի Ընտրութիւնների Պատմութիւնից. Մենամարտ Հոկտեմբերի 1-ին` Իվանիշվիլին Ընդդէմ Սահակաշվիլի

By adminx - Mon Oct 01, 5:42 am

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Սեպտեմբերի կէսերից միջազգային լրատուամիջոցների ուշադրութեան կենտրոնում կրկին յայտնուեց Հայաստանի հիւսիսային հարեւան Վրաստանը: Հոկտեմբերի 1-ը խորհրդարանական ընտրութիւնների օր է, իսկ արդէն յունուարին սպասւում են նախագահական ընտրութիւններ: Բայց կար նաեւ երկրորդ եւ հիմնական պատճառը. Թիֆլիսի սեփական երեք հեռուստաընկերութիւններ ցուցադրեցին սահմռկեցուցիչ տեսանիւթեր, թէ ինչպէս են վրացական բանտերից մէկում վերաբերւում բանտարկեալների հետ: Տասնեակ հազարաւոր քաղաքացիներ իրենց վրդովմունքը յայտնելու նպատակով դուրս եկան փողոցներ: Երկու նախարարներ, այդ թւում` ներքին գործերի, հրաժարական տուեցին, սակայն կրքերը չհանդարտուեցին: Անկասկած վրացական ընդդիմութիւնը օգտուեց բանտում կտտանքների փաստից եւ փորձեց գործող իշխանութիւններին աւելի խիստ քննադատել:

Հայաստանը իր անմիջական չորս հարեւաններից դիւանագիտական ու նաեւ բարիդրացիական  յարաբերութիւններ ունի միայն երկուսի` Իրանի ու Վրաստանի հետ: Քանի որ Թուրքիան եւ Ազրպէյճանը շրջափակման տակ են պահում Հայաստանը, արտաքին աշխարհի հետ Հայաստանի ցամաքային կապն իրականացւում է հիմնականում Վրաստանի տարածքով:

Վրաստանը պետականութիւն ունեցող աշխարհի հին երկրներից է, որի պատմութիւնը շատ նմանութիւններ ունի հարաւային հարեւան Հայաստանի պատմութեան հետ: 1918-ի մայիսի 26-ին Վրաստանը, իսկ երկու օր անց` Հայաստանը, հռչակեցին իրենց անկախութիւնը: Արդէն 1919-ի փետրուարին վարչապետական կառավարում ունեցող հանրապետութիւնը անցկացրեց Վրաստանի Հանրապետութեան առաջին եւ վերջին խորհրդարանական ընտրութիւնները, որոնցում ջախջախիչ յաղթանակ տարան սոցիալ դեմոկրատները` մենշեւիկները: 1919-ի ամրանը Հայաստանի Հանրապետութիւնում եւս անցկացուեցին խորհրդարանական առաջին եւ վերջին ընտրութիւնները, որոնցում ջախջախիչ յաղթանակ տարաւ ՀՅԴ-ն: 1921-ի փետրուարին ռուսական Կարմիր բանակը խորհրդայնացրեց Վրաստանը: Աւելի վաղ խորհրդայնացուել էին Ազրպէյճանը եւ Հայաստանը:

1980-ական թուականների վերջերից Խորհրդային Վրաստանը Հայաստանի եւ պալթեան երեք երկրների` Լաթուայի, Լիթուայի եւ Էսթոնիայի հետ միասին անկախութեան ձգտող միութենական հանրապետութիւններից էր: 1990-ի աշնանը Խորհրդային Վրաստանն անցկացրեց առաջին ազատ խորհրդարանական ընտրութիւնները, որոնցում տպաւորիչ յաղթանակ տարաւ առաջին նախագահ Զվիատ Կամսախուրտիայի «Կլոր սեղան-ազատ Վրաստան» միաւորումը: Կամսախուրտիան ընտրուեց խորհրդարանի նախագահ եւ փաստացի երկրի առաջնորդ: Հայաստանում առաջին ազատ խորհրդարանական ընտրութիւններն անց էին կացուել 1990-ի գարնանը, իսկ նոյն տարուայ օգոստոսի 4-ին խորհրդարանի նախագահ էր ընտրուել եւ երկրի փաստացի առաջնորդ դարձել Լեւոն Տէր Պետրոսեանը:

1991-ին Վրաստանում անցկացուեցին նախագահական ընտրութիւններ, որոնցում ջախջախիչ յաղթանակ տարաւ Կամսախուրտիան` ստանալով քուէների գրեթէ 88 տոկոսը: Սակայն կարճ ժամանակ անց, երբ 1992-ի յունուարին Վրաստանում իրականացուեց ռազմական յեղաշրջում, Կամսախուրտիան ստիպուած եղաւ փախչել երկրից եւ ապաստան գտաւ Հայաստանում, ապա` Չեչնիայում, իսկ 1993-ի վերջին օրերին սպաննուեց Արեւմտեան Վրաստանի անտառներում:

Յանցաւոր աշխարհում յայտնի հեղինակութիւն Ճապա Իոսելիանիի եւ նկարիչ Թենկիզ Քիթովանիի  ռազմական խմբաւորումների օգնութեամբ իշխանութեան եկաւ Խորհրդային Վրաստանի երկար տարիների նախկին առաջնորդ եւ ԽՍՀՄ վերջին արտաքին գործերի նախարարներից Էտուարտ Շեւարտնածէն, ով 1992-ի աշնանը կազմակերպեց խորհրդարանական ընտրութիւններ եւ ապահովեց իր կողմնակիցների յաղթանակը: Շեւարտնածէն ստանձնեց նաեւ երկրի նախագահի լիազօրութիւնները եւ աւելի քան տասը տարի ղեկավարեց երկիրը. 2003-ի աշնանը «վարդերի յեղափոխութեան» արդիւնքում նա հրաժարական տուեց:

1995-ի նախագահական ընտրութիւններում Շեւարտնածէն ստացաւ քուէների 77 տոկոսը, իսկ 2000-ին` 82 տոկոսը: Բնականաբար, միջազգային հանրութիւնը կասկածի տակ դրեց երկու նախագահական ընտրութիւնների արդիւնքները` հաշուի առնելով նաեւ Շեւարտնածէի ժողովրդականութիւն չվայելելը վրաց հասարակութեան լայն շրջանակներում: Այդ տարիներին արեւմտեան մամուլը Վրաստանի համար օգտագործում էր «failed state», այսինքն` ձախողուած պետութիւն որակումը: Այսօր եւ Սահակաշվիլիի  նախագահութեան ութ տարիներին Վրաստանը աշխարհի ամէնից արագ զարգացող երկրներից է, որտեղ փտածութիւնը աննախադէպ կերպով արմատախիլ է արւում:

Շեւարտնածէի նախագահութեան տարիներին անց են կացուել խորհրդարանական երեք ընտրութիւններ` 1995-ին, 1999-ին եւ 2003-ին: Առաջին երկուսում` 1995-ին եւ 1999-ին Շեւարտնածէի գլխաւորած «Վրաստանի քաղաքացիների միութիւն» կուսակցութիւնը նկատելի առաւելութեամբ յաղթեց միւս քաղաքական ուժերին: Միջազգային կազմակերպութիւնները այդ ընտրութիւնները համարեցին ոչ ազատ եւ ոչ արդար: 2003-ի նոյեմբերի խորհրդարանական ընտրութիւններում եւս յաղթանակ տարաւ Շեւարտնածէի ղեկավարած «Յանուն նոր Վրաստանի» ուժը: Սակայն ընտրութիւններից անմիջապէս յետոյ Շեւարտնածէի նախկին թիմակիցներ Միխայիլ Սահակաշվիլին, Զուրապ Ժվանիան (թունաւոր կազից մահացել, այլ վարկածով` սպաննուել է 2005-ի փետրուարին) եւ Նինօ Պուրճանածէն (տարիներ անց նա դարձաւ Սահակաշվիլու ամենախիստ քննադատողը) ժողովրդին դուրս բերեցին փողոց: Շեւարտնածէն հրաժարական տուեց:

2004-ի գարնանը Վրաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրութիւններ, որոնցում ջախջախիչ յաղթանակ տարաւ Սահակաշվիլի-Ժվանիա-Պուրճանածէի եռեակի ստեղծած «Ազգային շարժում-դեմոկրատներ» դաշինքը` ստանալով քուէների աւելի քան երկու երրորդը: Նոյն թուականի յունուարին Սահակաշվիլին նախագահ էր ընտրուել քուէների 96 տոկոսով: Միջազգային հանրութիւնը, այդ թւում ԵԱՀԿ-ն, կասկածի տակ չդրեց այդ ընտրութիւնների արդիւնքները, թէեւ 96 տոկոս արդիւնքը բնորոշ է ամբողջատիրական երկրներին:

2008-ի մայիսին կայացած խորհրդարանական ընտրութիւններում Սահակաշվիլու «Միասնական ազգային շարժումը» ստացաւ քուէների գրեթէ 60 տոկոսը: Մինչ այդ` նոյն տարուայ յունուարին կայացած նախագահական վիճելի ընտրութիւններում Սահակաշվիլին վերընտրուել էր նախագահի պաշտօնում` ստանալով քուէների 53 տոկոսը: Երկու ընտրութիւններում էլ իշխող ուժը կիրառեց կեղծարարութեան բոլոր այն հնարքները, որոնք կիրառւում են յետխորհրդային տարածքում, այդ թւում նաեւ` Հայաստանում:

Վրաստանի սահմանադրութիւնը արգելում է Սահակաշվիլիին երրորդ անգամ զբաղեցնել նախագահի պաշտօնը: Հաւանական է թւում, որ հոկտեմբերի 1-ին կայանալիք ընտրութիւններից յետոյ, եթէ, անշուշտ, «Միասնական ազգային շարժմանը» յաջողուի յաղթել եւ բաւարար թուով աթոռներ ունենալ նոր խորհրդարանում, Սահակաշվիլին զբաղեցնի երկրի վարչապետի պաշտօնը: Այդ պաշտօնը այժմ զբաղեցնում է Սահակաշվիլիի ամենահաւատարիմ զինակիցը` Վանօ Մերապիշվիլին, ով իշխանութեան թեկնածուն է համարւում 2013-ի յունուարին կայանալիք նախագահական ընտրութիւններում:

Սահակաշվիլուն եւ Վրաստանում իշխող ամբողջատիրական համակարգին մարտահրաւէր է նետել աշխարհի ամենահարուստ վրացին` Պիծինա Իվանիշվիլին, որի կարողութիւնները կազմում են շուրջ 5 միլիառ տոլար: Իվանիշվիլի-Սահակաշվիլի պայքարը դուրս է եկել քաղաքական բարոյագիտութեան գրուած ու չգրուած օրէնքներից եւ խիստ պառակտում առաջ բերել վրաց հասարակութեան մէջ:

Վրաստանի հայերը, ովքեր կազմում են երկրի բնակչութեան 6 տոկոսը, սովորաբար ընտրութիւններում քուէարկում են այն քաղաքական ուժի օգտին, որը իշխանութեան է: Այս ընտրութիւններում եւս վիրահայութիւնը հաւանաբար կը քուէարկի գործող նախագահ Սահակաշվիլիի գլխաւորած ուժի օգտին, թէեւ քիչ չեն նաեւ այն հայերը, այդ թւում Ջաւախքում, որոնք կը քուէարկեն ընդդիմութեան` «Վրացական երազանք» միաւորման օգտին:

 

Յատուկ «Ազդակ»-ի համար

 

Leave a Reply

Advertisement