Monday May 20, 2013

Խմբագրական «Ազատ Արցախ»-ի. Անհամատեղելիութեան Վիճակ (Դա Հաստատեց Ազրպէյճանական-Հունգարական Գործարքը)

By adminx - Tue Sep 25, 5:46 am

Պուտափեշտում հայ սպային կացնահարած Ռամիլ Սաֆարովի արտայանձնումը Ազրպէյճան, ապա եւ նրան ներում շնորհելը շարունակում են յարուցել շատ երկրների, միջազգային կազմակերպութիւնների, քաղաքական գործիչների եւ իրաւապաշտպանների բողոքն ու զայրալից դատապարտումը: Պուտափեշտի եւ Պաքուի ամօթալի գործարքը, որի արդիւնքում ազատութիւն ստացաւ ցմահ բանտարկութեան դատապարտուած ոճրագործը, ստիպեց նորովի հայեացք ձգել եւրոպական արժէքների եւ միջազգային իրաւունքի վրայ` ընդհանրապէս: Այս համատեքստում լիովին օրինաչափ է դառնում նաեւ ազրպէյճանական-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործընթացի նկատմամբ վերաբերմունքի վերանայումը:

Կարելի է համարձակօրէն պնդել, որ մարդասպանին ներում շնորհելու մասին Ազրպէյճանի նախագահի հրամանագիրը կատարելապէս նոր իրադրութիւն է ստեղծել կարգաւորման գործընթացում` ապակայունացնելով այն եւ լրացուցիչ լարուածութիւն մտցնելով արտակարգ բարդ բանակցութիւնների մէջ: Աւելին, այժմ առարկայականօրէն ծառանում է բանակցութիւնների շարունակման նպատակայարմարութեան հարցը, քանի որ պաշտօնական Պաքուի գործողութիւնները, որոնք այլ կերպ չես անուանի, քան ցինիկ մարտահրաւէր քաղաքակիրթ աշխարհին, ի չիք դարձրին հակամարտութեան խաղաղ կարգաւորման նուազագոյն իսկ հեռանկարները: Ըստ էութեան, Ազրպէյճանի վարքագիծը, որը կարգաւորման գործընթացի սկզբից ի վեր ոչ կառուցողական դիրքորոշում էր որդեգրել, նախկինում էլ լաւատեսութիւն չէր ներշնչում փոխզիջումային լուծման հասնելու նկատմամբ: Պաքուն էն գլխից էլ չէր թաքցնում իր ագրեսիւ էքսպանսիոնիստական պլանները (յարձակողական ծաւալապաշտական ծրագիրները-Խմբ.), թէպէտ երբեմն էլ ջանում էր, քողարկուելով հիմնախնդրի խաղաղ լուծմանը նուիրուածութեան վերաբերեալ պացիֆիստական հռետորաբանութեամբ (խաղաղասիրական ճառախօսութիւններով-Խմբ.), մոլորութեան մէջ գցել, ինչպէս իրեն էր թւում, միջազգային միջնորդներին: Սակայն այդ թատերախաղը վերջացած է, Ազրպէյճանն իրենից պոկեց դիմակը: Պուտափեշտեան մարդասպանին ներում շնորհելն ու հերոսացնելը, կարծում ենք, պէտք է որ վերջապէս բացեն ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահների աչքերը, որոնք ոչ մի կերպ չէին ցանկանում հաւատալ հայկական երկու կողմերին, որոնք պնդում էին Ազրպէյճանն ու Լեռնային Ղարաբաղը մէկ ընդհանուր տանիքի տակ մտցնելու անհնարինութեան մասին:

Իւր ժամանակ Հայաստանի ղեկավարութիւնը, վկայակոչելով պատմութեան փաստերը, այդ թւում եւ նորագոյն պատմութեան, յայտարարել է հայ եւ ազրպէյճանական ժողովուրդների էթնիկական անհամատեղելիութեան մասին: Աւաղ, այն ընդդիմագործութեան ենթարկուեց ոչ միայն մի շարք միջազգային կազմակերպութիւնների կողմից, այլեւ նոյնիսկ երկրի ներսում: Ինչպէս տեսնում ենք, կեանքն ապացուցեց տուեալ պնդման արդարացիութիւնը: Եթէ Ազրպէյճանում ազգային հերոսի կարգն են բարձրացնում խաղաղ հայ քաղաքացիներին սպաննողներին, ինչպէս դա տեղի է ունեցել Սումկայիթում ու Պաքւում, իսկ Պուտափեշտում Սաֆարովի գործով դատավարութիւնում նրա ազրպէյճանցի փաստաբանն ուղղակի յայտարարում է, որ իրենց երկրում հային սպաննելը յանցագործութիւն չի համարւում, ապա էլ ի՞նչ խաղաղ գոյակցութեան մասին կարելի է խօսել: Դա պարզապէս անիմաստ է: Ազրպէյճանի իշխանութիւնները դուրս են եկել  քաղաքակրթուածութեան սահմանագծից` յանցագործութիւն կատարելով բարոյականութեան եւ մարդկայնութեան դէմ, եւ համաշխարհային հանրակցութիւնը պարզապէս պարտաւոր է արձագանգել, գործել: Եւ գործել վճռականօրէն:

Ուղղակի ասենք, պուտափեշտեան միջադէպի համար պատասխանատուութեան որոշ բաժին էլ ընկած է ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահութեան վրայ: Այդ ոճրագործութիւնը հանդիսացաւ նաեւ այն արատաւոր հաւասարական վերաբերմունքի հետեւանքը, որը միջնորդները, ղեկավարուելով թիւր հասկացուած դիւանագիտական բարոյագիտութեամբ, ցուցադրում էին ամէն անգամ, երբ Ազրպէյճանն ամենակոպիտ ձեւով խախտում էր հրադադարի ռեժիմը եւ զինուած սադրանքներ ձեռնարկում: Ինչպէս յայտնի է, չպատժուած չարիքը նորն է ծնում, եւ եթէ Ազրպէյճանի սադրանքները իւր  ժամանակին պատշաճ գնահատականի եւ խիստ պատժամիջոցների արժանանային միջազգային ատեանների կողմից, հնարաւոր է, ազրպէյճանական-հունգարական գործարքը չէր էլ կայանայ: Սակայն շատ աւելի կարեւոր է ոչ թէ արդէն կատարուած յանցագործութեանն արձագանգելը, այլ այն կանխելը, եւ առաւել եւս դրան չդրդելը: Ստեղծուած իրավիճակում, թերեւս, կարելի է նոյնիսկ խօսել այն քրէածին ներուժի մասին, որը պարունակւում է Մատրիտեան սկզբունքների մէջ, որոնք ներկայումս գտնւում են բանակցութիւնների սեղանին: Քանզի ակնյայտ է, որ Լեռնային Ղարաբաղը բռնի կերպով Ազրպէյճանի կազմը մտցնելը, ինչ ձեւով էլ այն տեղի ունենայ, անխուսափելիօրէն կը յանգեցնի նրա հայ բնակչութեան ցեղասպանութեանը:

Ազրպէյճանը գործնականում խափանեց բանակցային գործընթացը: Այնինչ օրերս Ասիական-Խաղաղովկիանոսեան տնտեսական համագործակցութեան գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի արտաքին գործերի նախարարութեան ղեկավար Սերկէյ Լաւրովը եւ Միացեալ Նահանգների պետքարտուղար Հիլըրի Քլինթընը յայտարարել են բանակցութիւնները վերսկսելու համար ջանքեր չխնայելու պատրաստակամութեան մասին: Եթէ Ռուսաստանը, Միացեալ Նահանգները եւ Ֆրանսան որպէս միջնորդ պետութիւններ դեռեւս շարունակում են հաւատալ Ազրպէյճանի հետ պայմանաւորուելու հնարաւորութեանը, ապա նրանց համար աւելի նպատակայարմար է, ամէնից առաջ, նրան պատասխանատուութեան կանչել եւ վերջ տալ նրա հանդէպ ներողամիտ լինելուն: Ինչպէս ցոյց տուեց պուտափեշտեան գործը, ագրեսորի հանդէպ ներողամտութիւնը միայն խթանում է նրա միլիտարիզմը (ռազմապաշտութիւնը-Խմբ.) եւ խրախուսում նոր ոճրագործութիւնների:

Ազրպէյճանի վերջին գործողութիւններն ամենայն համոզչութեամբ հաստատում են ԼՂՀ-ի` իր անկախութեան միջազգային ճանաչում ստանալու իրաւունքը, ինչպէս եւ Պաքուի` փոխզիջումների գնալու եւ հակամարտութեան խաղաղ հանգուցալուծում որոնելու անընդունակութիւնը: Սաֆարովեան պատմութիւնը մի աւելորդ անգամ ապացուցեց, որ ազրպէյճանական ղեկավարութեանը հաւատալ չի կարելի: Հունգարիան Ազրպէյճանին մեղադրել է այն բանում, որ նա իրեն պարզապէս խաբել է` խոստանալով, թէ մարդասպանը կը շարունակի պատիժը կրել հայրենիքում: Իսկ նշանակում է` ոչ մի երաշխիք չկայ, թէ պաշտօնական Պաքուն, ինչպէս դա եղել է քանիցս, նաեւ միջազգային միջնորդներին չի խաբի` չկատարելով ենթադրեալ խաղաղ համաձայնագրով ստանձնելիք պարտաւորութիւնները: Այլ խօսքով` բանակցութիւնները կարելի է համարել աւարտուած, եւ հայկական երկու կողմերն էլ լիակատար բարոյական իրաւունք ունեն չշարունակել դրանք: Եւ, իսկն ասած, ի՞նչ քննարկել Ազրպէյճանի հետ: Լեռնային Ղարաբաղի անկախ քաղաքական կարգավիճա՞կը, որը նա որոշել է աւելի քան քսան տարի առաջ եւ որի հիմնաւորուածութիւնը  յաջողութեամբ ապացուցել է, թէ՞ այն տարածքների հարցը, որոնց պատմական պատկանելիութիւնը հայ ժողովրդին  միայն Ազրպէյճանն ու Թուրքիան են վիճարկում: Թէ որ քննարկման ենթակայ որեւէ բան կայ, ապա դա միայն ԼՂՀ-ի եւ Ազրպէյճանի ապագայ միջպետական յարաբերութիւնների ձեւաչափն է, այն էլ` Ստեփանակերտի եւ Պաքուի միջեւ ուղղակի բանակցութիւններում:

«ԱԶԱՏ ԱՐՑԱԽ»
ԼՂՀ կառավարական պաշտօնաթերթ

Leave a Reply

Advertisement