Տունդարձի Ճանապարհին. Ինչպէ՞ս Վերաբնակեցնել Եւ Վերականգնեցնել Քաշաթաղն Ու Քարվաճառը
By adminx - Mon Sep 24, 5:44 am
- 0 Comments
- 78 views
- Tweet
Email
Print
ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
Մռաւի լեռներից մինչեւ Արաքս ընկած տարածքների` Քարվաճառի (Նոր Շահումեան) եւ Քաշաթաղի շրջանների վերականգնումն ու վերաբնակեցումը պէտք էր լինէր Հայաստանի ու Արցախի իշխանութիւնների, ինչպէս նաեւ սփիւռքի առաջնահերթ նպատակներից: Այդ տարածքները Խորհրդային Միութեան տարիներին եղել են Ազրպէյճանի կազմում եւ միմեանցից անջատել են Հայաստանն ու Արցախը: Ազատագրումից յետոյ անցել է գրեթէ երկու տասնամեակ, սակայն Քարվաճառի եւ Քաշաթաղի շրջաններում, որոնք միասին աւելի քան 5 հազար քառակուսի քիլոմեթր տարածք են զբաղեցնում, բնակւում է ընդամէնը 12-13 հազար հայ: Ընդ որում, այս թիւը, որոշ տատանումներով, անփոփոխ է արդէն աւելի քան տասը տարի: Անցնող տարիների հետ համեմատ, որոշակի, նոյնիսկ ակնյայտ դրական փոփոխութիւններ կան այդ շրջանների վերականգնման հարցում: Նրանք, ովքեր առաջին անգամ են այցելում Քարվաճառ եւ Քաշաթաղ, նախ եւ առաջ ուշադրութիւն են դարձնում հրաշալի բնութեանն ու աւերակներին, որոնք մնացել են պատերազմից յետոյ: Նրանք, ովքեր երկրորդ անգամ կամ յաճախ են այցելում այդ շրջաններ, տեսնում են նաեւ դրական փոփոխութիւններ, թէեւ գերիշխողը շարունակում են մնալ հրաշալի բնութիւնն ու աւերակները:
Սեպտեմբերի առաջին օրերին Լեռնային Ղարաբաղ այցելեցին Լիբանանի «Արցախ» ֆոնտի եւ ԱՌԻ (Artsakh Roots Investment) ընկերութեան աւելի քան 50 ներկայացուցիչներ: «Արցախ» ֆոնտը Քաշաթաղի եւ Քարվաճառի շրջաններում արդէն հինգ տարի մէկ կթու կով է նուիրում բոլոր այն ընտանիքներին, որտեղ ծնւում է երրորդ եւ յաջորդ երեխան: ԱՌԻ ընկերութիւնը ցածր տոկոսներով, երկարաժամկէտ եւ առանց գրաւի վարկ է տրամադրում գիւղատնտեսութեամբ, անասնապահութեամբ եւ մեղուաբուծութեամբ զբաղուող ընտանիքներին: 2009-ի օգոստոսին «Արցախ» ֆոնտի ներկայացուցիչներն ու լիբանանահայ մի քանի տասնեակ գործարարներ, որոնք մէկ տարի անց` 2010-ին հիմնադրեցին ԱՌԻ-ն, այցելել էին Քաշաթաղ: Ինչպէս երեք տարի առաջ, այնպէս էլ այս անգամ տունդարձի ճանապարհին ես լիբանանահայ գործարարներին հարցրեցի իրենց տպաւորութիւնների, ակնկալիքների ու հեռանկարների մասին:
«Արցախ» ֆոնտի ատենապետ Մելքոն Յակոբեանը բազմաթիւ անգամ այցելել է Քաշաթաղ ու Քարվաճառ: Պէտք է ասել, որ ԱՌԻ-ի ստեղծման ակունքներում «Արցախ» ֆոնտն է եղել: Երբ «Արցախ» ֆոնտի ներկայացուցիչները կովեր բաժանելու նպատակով այցելում էին ազատագրուած տարածքներ, համոզւում էին, որ բարեգործութիւնից բացի անհրաժեշտ է վերաբնակիչներին օգնել նաեւ մնայուն աշխատանք ունենալու հարցում: Ոչ միայն մարդուն ձուկ տալ, այլ նաեւ կարթ, որպէսզի ինքը որսայ իր ձուկը: «Այս այցելութեան ընթացքում մենք նկատեցինք, որ ժողովրդի կենսամակարդակը բարձրացել է, պետութիւնը ամրապնդւում է: Բաւական մեծ տարբերութիւն նկատեցինք: Իր կղզիացած վիճակից դուրս հանելու եւ Արցախը ճանաչումի հասցնելու ճիգը պահանջում է, որ մենք շատ աւելին անենք», ասում է Մելքոն Յակոբեանը:
ԱՌԻ-ի բաժնետէր Գրիգոր Տաքեսեանը նախկինում եղել էր Արցախում, սակայն առաջին անգամ էր այցելում Քաշաթաղ ու Քարվաճառ: «Մենք շփուեցինք գիւղացիների հետ, նրանց մէջ տեսանք բարձր տրամադրութիւն, իրենց տներում մնալու կամք: Նախագահ Բակօ Սահակեանի եւ վարչապետ Արա Յարութիւնեանի հետ հանդիպումները մեր վրայ թողեցին բարձր տրամադրութիւն: Ազատագրուած տարածքները` Քաշաթաղի եւ Քարվաճառի շրջանները վերաբնակեցնելը մեր գերխնդիրը պիտի դառնայ: Վերաբնակեցումը պէտք է դառնայ ռազմավարութիւն», համոզուած է Գրիգոր Տաքեսեանը:
ԱՌԻ-ի եւ «Արցախ» ֆոնտի ներկայացուցիչներից Բենիամին Պչաքճեանը լաւատեղեակ է ազատագրուած տարածքներում տիրող կացութեանը, այնքան յաճախ է այցելում Քաշաթաղ, որ տեղի բնակիչներին մի մասին արդէն գիտի անունով: «2009-ին, երբ այցելեցինք, մեր ծրագրերը սաղմնային վիճակում էին: Տակաւին ԱՌԻ-ն չէր ստեղծուել: ԱՌԻ-ն մեր այցելութեան արդիւնքը եղաւ: Այս այցելութեան ընթացքում ուղղակի շփումների մէջ մտանք վարկառուների հետ, հարցրեցինք, թէ իրենք դժուարութիւններ ունե՞ն գումարները հետ վերադարձնելու հարցում, մեզ ուղղուած այլ հարցեր ունե՞ն: Պետական օղակների մօտ կայ աւելի լուրջ մօտեցում այս մոտելի հանդէպ: Այս եռանկիւն փոխգործակցութիւնը, որ կայ ներդրողի, վարկառուի` վերաբնակիչ, եւ պետութեան միջեւ, լաւ օրինակ է, որտեղ բոլորն էլ շահելիք ունեն, սա win-win իրավիճակ է: Վարկաւորման այս մոտելը գրաւիչ է, տրամադրութիւն կայ սփիւռքի այլ համայնքերում էլ օգտագործել եւ նոր ներդրողներ ներգրաւել: Ե՛ւ նախագահը, ե՛ւ վարչապետը մտադիր են այս հարցում օժանդակել եւ համագործակցել մեզ հետ: Ժողովրդի ընկերային իրավիճակի բարելաւում կայ, ճիշդ է` մեր ուզած մակարդակին չէ, բայց բաւական բան է փոխուել», ասում է Պեն Պչաքճեանը:
Ստեփան Տէր Պետրոսեանը եւս «Արցախ» ֆոնտի ու ԱՌԻ-ի ներկայացուցիչներից է: Նա, համեմատելով 2009-ին իր տեսածի հետ, ասում է, որ ժողովրդի տնտեսական կեանքում այսօր առաջխաղացում կայ, մարդկանց պարտէզները աւելի շատ են մշակուած, ցանուած արտերն են աւելի շատ: «2009-ին առաջին այցն էր, մենք ոգեւորուած էինք, բայց չգիտէինք` այն ինչ ծրագրել ենք, յաջողութեա՞մբ է աւարտուելու, թէ՞ ոչ: Այն մարդիկ, ովքեր օգտուել են մեր վարկերից, շատ դրական են ընկալել վարկաւորման այս ձեւը: Սա իրենց օգտակար է եղել, հոգեբանօրէն նրանց բերել է նոր ներուժ: Շատ աւելի մեծ թիւ կայ մարդկանց, ովքեր դեռ չեն օգտուել վարկերից: Պէտք է հնարաւորութիւն տալ, որ նրանք էլ կարողանան օգտուել: Այցը աւելի ամրացրեց մեր կամքը, որ անպայման շարունակենք մեր աշխատանքը», ասում է Ստեփան Տէր Պետրոսեանը:
Սարգիս Փարմաքսզեանը դեռեւս ԱՌԻ-ի վարկատու չէ, սակայն մտադիր է մաս կազմել: «Մեր պտոյտի ընթացքում կարեւոր բանը, որ նշմարեցի, բնակչութեան խտութեան պակասն է: Առաջին հերթին պէտք է մարդուժ: Այս տարածքները պէտք է վերաբնակեցուեն: Մարդուժը աւելանալու դէպքում է, որ նախագծերը կը յաջողեն», նկատում է Սարգիս Փարմաքսզեանը:
ԱՌԻ-ի գործադիր տնօրէն Սուրէն Սարգսեանի համար եւս ամենալուրջ հարցը բնակչութեան սակաւութիւնն է: «Ինչպէ՞ս կարելի է Քաշաթաղի նման սքանչելի հողը վերաբնակեցնել լաւ թուով ժողովրդով, որպէսզի մի օր բանակցութիւնների ժամանակ մեզ չասեն, որ մինչեւ այսօր տասը հազար մարդ ունէք այնտեղ, ո՛չ դպրոց էք կառուցել, ո՛չ տներ, ապրելու յարմարութիւններ չէք շինել, ձգեցէք այս հողը: Աւելի քան յիսուն գիւղ կայ Քաշաթաղում, այդ գիւղերը դեռ խեղճուկրակ վիճակում են: Այս գիւղերին ճանապարհներ են պէտք, որ միմեանց հետ կապուեն: Պէտք է բնակչութիւնը շատացնել: Մենք մեր ուշադրութեան կենտրոնում ենք պահում անասնապահութիւնը եւ հողագործութիւնը, բայց սրանից զատ, եթէ ԱՌԻ-ի գծով պիտի ներդրումներ անենք, ապա մենք պէտք է մեր կարկինը աւելի լայն բացենք եւ ունենանք թեթեւ ճարտարարուեստներ: Այն, ինչ ստացւում է գիւղատնտեսութիւնից եւ անասնապահութիւնից, պէտք է պահածոների վերածել եւ հանել վաճառքի», ասում է Սուրէն Սարգսեանը:
ԱՌԻ-ի բաժնետէր Ալեքսան Սուսանին առաջին անգամ էր այցելում Քաշաթաղ ու Քարվաճառ: «Քիչ մարդ է ապրում այս հողերում, մայր հայրենիքդ է, սիրտդ է ցաւում: Պէտք է ոչ թէ մարդկանց միայն օգնել, այլ տանել սովորեցնել նրանց եւ հետ բերել: Պէտք է մարդկանց արհեստ սովորեցնենք: Մէկ անձի սովորեցնես, այստեղ տասը մարդ կ՛աշխատացնի: Ի հարկէ, կարեւոր է վարուցանքի աշխատանքը: Հարստութիւն կայ, շատ գործեր կարելի է անել: Պէտք է մտածել արտադրութիւն դնելու եւ այդ արտադրանքը դուրս տանելու մասին: Շատ բաներ կան, որ կարելի է դրսում վաճառել: Նուռի եւ հոնի հիւթը դրսում շատ պահանջուած են», ասում է Ալեքսան Սուսանին:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի Լիբանանի ատենապետ Սարգիս Արմէնեանը նախկինում մի քանի անգամ եղել է Արցախում, բայց առաջին անգամն էր այցելում ազատագրուած տարածքներ: «Արցախ մեր նախորդ այցերի ժամանակ մեզ ցոյց էին տուել հիմնադրամի կատարած աշխատանքները, նախագծերը: Մենք չէինք տեսել այն աղքատութիւնը, որ կայ այս` Քաշաթաղի եւ Նոր Շահումեանի շրջաններում: ԱՌԻ-ի տղաները շատ գնահատելի գործ են անում, ես էլ եմ փափաքում լինել ԱՌԻ-ի բաժնետէր եւ ինչո՞ւ չէ` «Հայաստան» համահայկական հիմնադրամի շրջանակներում փորձել տարեկան մի քանի հարիւր հազար տոլարով մասնակցութիւն բերել այս շրջանների վերականգնմանը», ասում է Սարգիս Արմէնեանը:
ԱՌԻ-ի բաժնետէր Դրօ Մանտալեանի կարծիքով, ամենագլխաւորն այն է, որ մարդիկ ազատագրուած տարածքներում գործ ունենան: «Հէնց որ մարդ գործ ունենայ, իր խուցը` ընտանիքը կը կազմի, կը կապուի հողին: Նախ եւ առաջ պէտք է սկսել վաճառականական եւ արհեստաւորական գործերից: Վաճառականական մտածելակերպը զօրացնելու կարիքը կայ: Պարզ օրինակ տամ. մի տեղ մեզ ասացին, որ մեղուաբուծութեան մէջ յաջողութիւններ ունեն, այդ անձը միայն խօսքով մեզ ասաց, որ ինքը լաւ մեղր ունի, բայց` ոչ գործով: Եթէ մի քիոսք լինէր, այնտեղ ցուցադրէր իր մեղրը` առանց մեզ բացատրելու, որ լաւ մեղր է, մենք կը գնէինք: Այդտեղից է սկսում վաճառականութիւնը», ասում է Դրօ Մանտալեանը:
ԱՌԻ-ի բաժնետէր Սերժ Չուխատարեանը նկատել էր, որ Քաշաթաղի եւ Քարվաճառի բնութիւնը հարուստ է, յատկապէս առատ են ջրերը` գետերը: «Ջուրը շատ կարեւոր է, այլ երկրներում ջրի համար պատերազմում են: Կարելի է գիւղատնտեսութիւնը զարգացնել, պէտք է ուսումնասիրութիւն կատարել, թէ որ ճիւղը զարգացուի: Ո՞րն է առաջնային` ցորե՞նը: Պէտք է նաեւ ուսումնասիրութիւն կատարել, թէ հարեւան երկրները ինչի՞ կարիք ունեն, որպէսզի արտահանումից դրամագլուխ գայ երկիր: Դա է նաեւ տնտեսութեան զարգացման ճանապարհը: Երկարաժամկէտ կտրուածքով, դժուարանում եմ ասել, թէ ինչպիսի արտադրութիւն կարելի է հիմնել, ինչպիսի ներդրումներ է հնարաւոր անել, քանի որ Արցախի եւ ազատագրուած տարածքների կարգավիճակը դեռ յստակ չէ: Պէտք է մտածել գիւղատնտեսութեան մէջ կարճաժամկէտ ներդրումների մասին: Յուսանք, որ այս հողերը կը մնան հայերի ձեռքում», նշում է Սերժ Չուխատարեանը:
Բնութեան հարստութիւնը չէր վրիպել նաեւ միւս գործարարների ուշադրութիւնից: ԱՌԻ-ի բաժնետէր Սարգիս Սիմիթեանը կարծում է, որ անհրաժեշտ է Արցախի կարելիութիւնները արտերկրում` տարբեր ժողովների եւ հաւաքների ժամանակ, պատշաճ կերպով ներկայացնել, որպէսզի դրսում տեղեակ լինեն: «Քաշաթաղում եւ Քարվաճառում բնութիւնը շատ հարուստ է, պէտք է անտառային պտուղները հաւաքել եւ փոքրիկ գործարաններ հիմնել` հիւթերի եւ մուրապաների արտադրութիւն: Պտուղների, առաջին հերթին ընկոյզի ու հոնի շատ պահանջարկ կայ դրսում: Լաւ պանիր արտադրելու կարելիութիւններ կան: Բայց պէտք է լաւ պանիր արտադրել: Պանիրն իր շուկան ունի: Ես համտեսեցի այստեղի պանիրը, որը ստացւում է 50-60-ականանների արհեստագիտութեամբ, պէտք է դրանք զարգացնել», ասում է Սարգիս Սիմիթեանը:
ԱՌԻ-ի բաժնետէրերից ծնունդով Լիբանանից Հրայր Ճերմակեանը եկել էր Միացեալ Նահանգներից: Նա կարծում է, որ անասնապահութիւնից ու գիւղատնտեսութիւնից բացի, Քաշաթաղի եւ Քարվաճառի շրջաններում պէտք է բացել գործատեղիներ, որպէսզի մարդիկ դրամ շահեն: Հրայր Ճերմակեանը, ինչպէս եւ Արցախ այցելած լիբանանահայերի խմբի մեծ մասը եկել էին իրենց կանանց կամ զաւակների հետ:
Գահիրէից ժամանած Տիգրան Գալայճեանը Արցախը դիտել էր զգացական աչքով: Նա ԱՌԻ-ի կամ «Արցախ» ֆոնտի անդամ չէ, սակայն Իշխանաձորում մէկ կթու կով նուիրեց մի ընտանիքի, որտեղ ծնուել էր վեցերորդ երեխան: Նա նկատում է, որ սփիւռքահայերը ազատագրուած տարածքներին պէտք է բերեն ոչ միայն ներդրումներ ու բարեգործութիւն, այլեւ` իրենց փորձը: Նրա կինը` Անգինէ Գալայճեանը, ով առաջին այցելութիւնն էր կատարում Քաշաթաղ, ասում է, որ անելու շատ բան կայ տնտեսութեան, կրթութեան, մշակոյթի եւ միւս ոլորտներում: «Մենք հասկացանք եւ որոշեցինք, որ մեր արձակուրդները այսուհետ պիտի անց կացնենք Արցախում եւ դրանով օգտակար դառնանք», ասում է Անգինէ Գալայճեանը:
Ստեփանակերտում վարչապետ Արա Յարութիւնեանի հետ հանդիպման ընթացքում ԱՌԻ-ի բաժնետէրերից Վահան Գասարճեանը բոլոր ներկաների սեղաններին դրել էր մէկական արեւային ակնոց եւ սպիտակ գլխարկ, որի վրայ անգլերէնով գրուած էր. The Future Looks So Bright: Նա բոլորին առաջարկեց դնել ակնոցներն ու գլխարկները եւ համոզմունք յայտնեց, որ ապագան, իրաւամբ, շատ պայծառ է լինելու: «Երեք տարի առաջ` 2009-ին, երբ առաջին անգամ եկանք Քաշաթաղ, մենք ունէինք հարցեր. Արցախի կառավարութիւնը մեզ կռնակ կը կանգնի՞, Լիբանանում մեր գաղութը ինչպէ՞ս պէտք է ընդունի գաղափարը: Կառավարութեան կողմից համագործակցութիւնը շատ յստակ ձեւով եղաւ: Գետնի վրայ գիւղացիները, ովքեր վարկ են վերցրել, լաւ վիճակում են, շրջաններում կովերի թիւը աճել է: Այս անգամ եւս անցանք նոյն ճամբան: Այն տեղերը, որ նախորդ անգամ աւելի վատ վիճակում էին, այս անգամ բարելաւում նկատեցինք: Ազատագրուած տարածքներում բնակուող մարդիկ աւելի ինքնավստահ էին: Մեր ապագան փայլուն է», ասում է Վահան Գասարճեանը: Նա կարծում է, որ Արցախի կառավարութեանը` վարչապետին կից, անհրաժեշտ է ստեղծել խորհրդատուական մի խումբ, որի կազմում լինեն սփիւռքի տարբեր գաղութներից մարդիկ, ովքեր կը բերեն գաղափարներ ու նորարարութիւններ: «Մենք ունենք խելացի մարդիկ: Հողը կայ, ջուրը կայ, ամէն ինչ կայ, բայց գաղափարը եւ համակարգը չկայ: Առաջիկայ տարիներին ԱՌԻ-ի գումարները տասը միլիոնը կը հասցնենք: ԱՌԻ-ի վարկաւորման այս դրութիւնը պէտք է վարակիչ լինի», ասում է նա:
Ստեփանակերտ-Երեւան
- 0 Comments
- 78 views
- Tweet
Email
Print



