Լիբանանում Հայաստանի Արտակարգ Եւ Լիազօր Դեսպան Աշոտ Քոչարեանի Ուղերձը Հայաստանի Անկախութեան 21-ամեակին Կապակցութեամբ
By adminx - Fri Sep 21, 7:19 am
- 0 Comments
- 62 views
- Tweet
Email
Print
Սրտանց շնորհաւորում եմ Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 21-րդ տարեդարձի կապակցութեամբ: 1991 թուականի սեպտեմբերի 21-ին բացուեց հայոց պատմութեան նոր էջը: Այդ օրը հայ ժողովրդի հպարտութեան եւ իրականացուած երազանքի օրն է: Անկախութիւնն այլեւս մեր հզօր ուժն է, հպարտութիւնը, ճակատագիրը, մեր պատասխանատուութիւնը, մեր զէնքն է, իրաւունքը եւ մեր յաղթանակը: Մենք այսօր հնարաւորութիւն ունենք սերունդներին փոխանցելու կերտուած արժէքներն ու այն մարդկանց ժառանգութիւնը, ովքեր պաշտպանել ու կայացրել են ազատ եւ անկախ Հայաստանը:
Հայաստանի Հանրապետութիւնն է հայ ժողովրդի յարատեւութեան միակ իրական երաշխաւորն է: Հայաստանը հաւատարիմ է ժողովրդավարական արժէքների վրայ հիմնուած քաղաքացիական հասարակութիւն կառուցելու նպատակին:
Այսօր մենք ունենք ամրացած հայոց պետութիւն, քաղաքական կայունութիւն, բաց զանազանեցուած տնտեսութիւն, ուժեղ ֆինանսական համակարգ, կանգուն հասարակական կառոյցներ, իր իրաւունքներին իրազեկուած բնակչութիւն: Մենք այդ ամէնին հասել ենք Ազրպէյճանի եւ Թուրքիայի կողմից շարունակուող անօրինական շրջափակման, համաշխարհային ֆինանսական ճգնաժամի եւ տարածաշրջանային համագործակցութեան բացակայութեան պայմաններում: Թուրք-ազրպէյճանական տանդեմը ողջ աշխարհում, բոլոր միջազգային ամպիոններում արշաւ է տանում մեր երկրի դէմ, որին պարտաւոր ենք հակազդել:
Արդի աշխարհը նորանոր մարտահրաւէրներ է առաջադրում մեզ համար: Համոզուած եմ, որ բոլոր մարտահրաւէրները կարող ենք յաղթահարել Հայաստանի, Արցախի ու սփիւռքի միասնականութեամբ ու նուիրումով, այն միասնութեամբ, որի ծնունդն է անկախութիւնը:
Հայաստանը կայուն, կանխատեսելի եւ յուսալի գործընկեր է միջազգային ասպարէզում: Հայաստանի արտաքին քաղաքականութիւնը կառուցուած է փոխվստահութեան, փոխադարձ շահերի ու պարտաւորութիւնների, ինչպէս նաեւ համատեղ պատասխանատուութեան հիման վրայ, որոնք միտուած են տարածաշրջանում քաղաքական կայունութեան, անվտանգութեան, համերաշխութեան եւ տնտեսական զարգացման միջավայրի ստեղծմանը: Արտաքին քաղաքականութեան հիմնական խնդիրներից է Արցախի ժողովրդի ինքնորոշման հիման վրայ ղարաբաղեան հիմնախնդրի խաղաղ եւ արդարացի լուծումը: Ազրպէյճանա-հունգարական խայտառակ գործարքը` մարդասպան-յանցագործին Ազրպէյճան տեղափոխելու, նրան ներում շնորհելու եւ հերոսացնելու առնչութեամբ, որը խիստ դատապարտուել է ողջ միջազգային հանրութեան կողմից, լուրջ վնաս է հասցրել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգաւորման գործընթացին, տարածաշրջանում կայունութեան ու անվտանգութեան ամրապնդմանն ուղղուած ջանքերին: Սա ազրպէյճանական կողմի եւս մէկ փորձ է` ձախողելու ղարաբաղեան հիմնախնդրի խաղաղ կարգաւորման գործընթացը ու այդ ուղղութեամբ միջազգային հանրութեան, ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահների ջանքերը:
Չնայած դժուարութիւններին, աստիճանաբար յաղթահարւում են տնտեսական, ֆինանսական եւ ընկերային լրջագոյն մարտահրաւէրները` ստեղծւում են նոր աշխատատեղեր, իրականացւում են մեծածաւալ շինարարական աշխատանքներ, ակնառու յաջողութիւններ են գրանցւում տեղեկատուական արհեստագիտութիւնների, գիւղատնտեսութեան, փոքր եւ միջին ձեռնարկութիւններին օժանդակութեան ոլորտներում, նշանակալի են յաջողութիւններ արձանագրւում մշակոյթի եւ մարմնակրթութեան բնագաւառներում:
Այսօր արդէն իրականութիւն է դարձել երկքաղաքացիութեան հաստատութիւնը: Հայաստանի Հանրապետութեան անձնագիր են կրում տասնեակ հազարաւոր մեր հայրենակիցներ: Երկիրը գրաւիչ է դառնում աշխարհասփիւռ մեր հայրենակիցների եւ օտարերկրեայ զբօսաշրջիկների համար: Հայաստանում անց են կացւում կարեւոր միջազգային գագաթաժողովներ ու համաժողովներ, շարժապատկերի եւ երգի փառատօններ, մրցոյթներ եւ մարզական մրցաշարեր: Սփիւռքի նախարարութեան նախաձեռնութեամբ կազմակերպւում են բազմաթիւ մասնագիտական հանդիպումներ, կլոր սեղաններ, համաժողովներ, իրականացւում են համահայկական կարեւորութիւն ունեցող բազմաբնոյթ միջոցառումներ:
Այսօր հպարտանում ենք աշխարհասփիւռ մեր իւրաքանչիւր հայրենակցով, որի միջոցով ձեւաւորւում է պատկերացում Հայաստանի եւ հայի մասին աշխարհի տարբեր ծայրերում: Հպարտանում ենք իւրաքանչիւր հայորդու յաջողութիւնով` գիտութեան, արուեստի, մշակոյթի, շախմատի ոլորտներում: Կրկին անգամ շնորհաւորում եմ հայ ժողովրդի շախմատի բոլոր սիրահարներին եւ երկրպագուներին Հայաստանում, Արցախում, Լիբանանում եւ ողջ սփիւռքում: Հայ շախմատիստների հիասքանչ յաղթանակները հայ ժողովրդի մտաւոր ներուժի եւ հաւաքական կամքի դրսեւորում են: Հպարտանում ենք, որ Երեւանը ԵՈՒՆԵՍՔՕ-ի որոշմամբ, ընտրուել է 2012 թ. Գրքի Համաշխարհային մայրաքաղաք: Ամբողջ աշխարհով մէկ շարունակւում են ձեռնարկները նուիրուած հայ գրատպութեան 500-ամեակին:
Սիրելի՛ լիբանանահայեր,
Ձեր կազմակերպուած ու հետեւողական համայնքը մեր կողքին է եղել 21-ամեայ անկախ հանրապետութեան բոլոր դժուար պահերին: Արցախեան հակամարտութեան, երկրաշարժի, արհաւիրքների ու դժուարութիւնների պահերին դուք զօրավիգ եղաք եւ աջակցեցիք Հայաստանին: Այսօր էլ բազում հայորդիներ սատար են կանգնում հայրենիքին` իրենց գիտելիքով ու կարողութիւններով, գաղափարներով եւ ներդրումներով: Դուք նաեւ ձեր մեծ աւանդն ունէք Լիբանանի քաղաքական, տնտեսական եւ մշակութային կեանքի եւ հայ-լիբանանեան բարեկամական յարաբերութիւնների զարգացման ու ամրապնդման գործում: Խորին շնորհակալութիւն եմ յայտնում բոլորիդ ամէնօրեայ աջակցութեան եւ սերտ համագործակցութեան համար:
Ինչպէս նշել է Հայաստանի մեծարգոյ նախագահ Սերժ Սարգսեանը. «Միասին ամրացնելու ենք մեր պետութիւնը` հայոց հայրենիքը ու միասին էլ գալիք սերունդներին ենք փոխանցելու նոր յաղթանակների յիշողութիւնը: Իսկ միասին նշանակում է` մեծով ու փոքրով, հողի մշակով ու մտաւորականով, սփիւռքահայով ու հայրենաբնակով եւ մանաւանդ այն պետութեամբ, որն այլեւս թոյլ չի տալու ցեղասպանական որեւէ արարք կամ գործողութիւն հայ մարդու դէմ: Աշխարհասփիւռ հայութեան իւրաքանչիւր ներկայացուցիչ մեր ազգային միասնութեան կերտողն է: Մենք հզօրանալու ենք մեր համախմբուածութեամբ, մեր միասնութեամբ, համազգային խնդիրների լուծման մեր հաստատակամութեամբ` յաղթահարելով մեր առջեւ ծառացած բոլոր մարտահրաւէրները»:
Շարունակւում են մեր միասնական գործողութիւնները Ցեղասպանութեան միջազգային ճանաչման ուղղութեամբ: Մօտենում է Ցեղասպանութեան 100-ամեակը եւ բոլորիս ջանքերի համադրմամբ այն պէտք է լինի առանցքային` միջազգային ճանաչման եւ դատապարտման իմաստով:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Ժողովրդավարութիւնը եւ ազատութիւնը մեր ժողովրդի ընտրութիւնն է: Մենք դարեր շարունակ գնացել ենք եւ այսօր էլ գնում ենք ազատութեան յետեւից` հարստացած մեր եւ աշխարհի ազգերի մշակոյթներով:
Կրկին շնորհաւորում եմ բոլորիս անկախութեան տօնի առթիւ, մաղթում եմ խաղաղութիւն, ամենայն բարիք ու համազգային նպատակների իրականացում:
կեցցէ՛ Հայաստանի Հանրապետութիւնը:
Կեցցէ՛ ողջ հայ ժողովուրդը:
- 0 Comments
- 62 views
- Tweet
Email
Print




