Sunday May 26, 2013

Անիրականանալի Երազանքներ Ու Մղձաւանջային Յիշողութիւններ Փախուստի Ու Կարօտի Մասին

By adminx - Wed Sep 12, 5:37 am

ԱՐՓԻ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ

Կարսը՝ երէկ եւ այսօր

Անդրանիկ Մաթեւոսեանը թաքուն երազանք է փայփայում հոգու խորքում, թէեւ զգում է, որ այն չի իրականանայ:

Ուզում է մէկ անգամ էլ տեսնել հայրենի Կարսը: Սակայն այժմ, երբ ինքն արդէն 93 տարեկան է, իսկ սահմանը փակ է, նա գիտէ, որ երեւի այդպէս էլ կը հեռանայ այս աշխարհից` առանց կարօտն առնելու:

«Հա՛, բա ո՛նց, բալա ջան, ի հարկէ երազանքներ ունեմ: Քանի ապրում եմ, երազանքներս էլ հետս են ապրելու», ասում է Անդրանիկ պապը:

6 տարեկան է եղել Անդրանիկը, երբ 1918 թ. ընտանիքը բռնել է գաղթի ճամբան: Ճիշդ է, փոքր է եղել, բայց այսօրուայ պէս յիշում է կրած զրկանքները:

«Մի հոգի չէինք, էրկու հոգի չէինք, հարիւրաւոր մարդկանցով փախէփախի մէջ էինք: Ահ ու դողը սրտներումս` գնում էինք: Չէինք մտածում` ուր կը հասնենք, ինչ կը լինի, ուշքն ու միտքներս թուրքի ձեռից փախնելն էր, թէ չէ կը սպաննէին: Բայց, տէ, մարդիկ ուժասպառ էին լինում, սովամահ էին լինում», յիշում է Անդրանիկը:

Մարդիկ ստիպուած ճանապարհին էին թողնում իրենց հետ վերցրած իրերը, քանի որ այլեւս անկարող էին տանել: Իսկ երբ ուժասպառ ընկնում էին, փորձում էին երեխաներին փրկելու մի հնար գտնել:

«Չեմ մոռանում ծնողներիս աչքերը…»

«Հէնց խօսում եմ, միտս են գալիս գրկանոց էրեխեքը, որոնց ծնողները գետն էին գցում, հէնց զգում էին, որ ի վիճակի չեն ճամբեն շարունակելու: Մտածում էին, որ իրենք կը մեռնեն, էրեխեքը թուրքի բաժին կը դառնան, իսկ տենց կարող ա մի ձեւ փրկուեն, որ ափ ընկնեն», պատմում է Անդրանիկ պապն ու իր պատմածից յուզուելով` լռում մի քանի րոպէ:

Հայերը ճանապարհին ձեւացնում էին, թէ քիւրտ են ու չէին խօսում հայերէն, որպէսզի շփոթեցնեն հանդիպող թշնամուն ու փրկուեն: Անդրանիկը յիշում է, թէ ինչպէս էր հայրը ճանկռոտել, մրոտել մօր գեղեցիկ դէմքն ու գզգզել մազերը, որ թուրք տղամարդիկ չփախցնեն:

Գաղթականներն ամէն գիշեր չէին քնում: Մի քանի օրը մէկ միայն հանգրուանում էին ծառապատ տարածքում ու գիշերում:

«Յիշում եմ, ինչպէս էին գրկանոց երեխաներին ջուրը գցում…»:

«Կեանքումս չիմ մոռանում հօրս ու մօրս աչքերը, երբ առաւօտը ճամբայ ընկանք, ու մէկ էլ մերս յիշեց, որ պստիկ քրոջս մոռացել են ծառի տակ: Մերս ձեռները ծնկներին էր խփում, լաց էր լինում, մինչեւ հերս գնաց, բերեց էրեխին: Ախր, իրանց էլ մեղադրելու չէր, արդէն ոնց որ անգիտակից լինէին, էլ չէին հասկանում` ինչ ա կատարւում, փախնում էին ու վերջ», պատմում է Անդրանիկ պապը:

Ճանապարհին Մաթեւոսեանները տասնեակ հարազատ ու հարեւան են կորցնում: Մէկ ամիս շարունակ քայլելով, տարբեր վայրերում կայանելով` հասնում են Պաթում:

«Ոնց են ոչխարի հօտը լցնում փարախը, տենց էլ մեզ լցրին կազարմեն (զօրանոցը, Ա.), որ յետոյ ջոկ-ջոկ տեղաւորեն: Ո՛վ ուզում էր, ուղարկում էին Անգլիա, ով չէ` մնում էր Պաթումում: Մենք էլ մնացինք: Էղած-չեղած մի քանի հարազատ էինք մնացել, Շուշան տատս որոշեց, որ իրարից չհեռանանք,- պատմում է Անդրանիկը: – Ըտենց տեղաւորուեցինք Պաթումում: Պատերազմը պրծաւ, Լենինը էղաւ, էլ վտանգ չկար»:

1928-ին Մաթեւոսեանների ընտանիքը տեղափոխւում է Ռուսաստան: Այնտեղ Անդրանիկն ընտանիք է կազմում հայրենակցուհու` կարսեցի Սիրանուշի հետ: Համատեղ կեանքի ընթացքում 7 զաւակ, 25 թոռ ու ծոռ են ունենում:

1936 թուականին Մաթեւոսեանները տեղափոխւում են Հայաստան:

«Իմ ծնողները հասարակ հողագործ մարդիկ են եղել. վարուցանք են արել, անասուն պահել: Ես էլ նրանց ազնիւ գործի շարունակողը էղայ` բանուոր դարձայ: Իմ ձեռով տուն շինեցի Երեւանի հին թաղամասերից մէկում` Սարի թաղում, աշխատեցի ու Սիրանիս հետ էրեխեքիս մեծացրի: Բայց Սիրանն ինձնից առաջ ընկաւ, անցեալ տարի մեռաւ: Չնայած ինձ էլ բան չի մնացել, ես էլ պիտի գնամ ու հետս տանեմ յիշողութիւններս», ասում է Անդրանիկ պապն ու խնամքով շոյում կնոջ նկարը:

ԱՐՓԻ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ
«Արմենիանաու»-ի Թղթակից

 

 

Leave a Reply

Advertisement