Thursday Jun 20, 2013

Բակօ Սահակեան. «Ազատագրուած Տարածքները Մեր Հայրենիքի Մի Մասն Է»

By adminx - Tue Sep 04, 7:22 am

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Սեպտեմբերի 3-ին Ստեփանակերտում ընդունելով Լիբանանից Արցախ ժամանած գործարարների պատուիրակութեանը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանը յայտարարեց, որ «ազատագրուած տարածքները մեր հայրենիքի մի մասն է»: Լիբանանցի աւելի քան ութ տասնեակ գործարարներ միաւորուել ու ստեղծել են ԱՌԻ (Արցախ Ռութց Ինվեսթմընթ) ընկերութեանը եւ վարկաւորում են գիւղատնտեսութիւնը եւ անասնապահութիւնը աշխարհի ամենառիսքային համարուող շրջաններից մէկում` Լեռնային Ղարաբաղի Շահումեանի (Քարվաճառ) եւ Քաշաթաղի (նախկին Լաչինի, Ղուբաթլուի, Ճեպրայիլի, Զանգելանի վարչական միաւորներ) հատուածում` Մռաւից Արաքս ընկած տարածքներում:

«Մենք լաւ հնարաւորութիւն ունենք Արցախի գիւղատնտեսութիւնը զարգացնել Արաքսի ափին, որտեղ տարուայ 320 օրերին արեւ կայ», ասաց Սահակեանը: Պատասխանելով գործարարներից մէկի` Ստեփան Տէր Պետրոսեանի հարցին, թէ հնարաւո՞ր է ազատագրուած տարածքները դառնան սակարկութեան առարկայ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացում, նախագահ Սահակեանը ասաց, որ «մենք քայլ առ քայլ զարգացնելու ենք այդ տարածքները»: Արցախի առաջնորդը դրուատեց այն աշխատանքը, այդ թւում` ԱՌԻ-ի, որ կատարւում է ազատագրուած տարածքներում: «Ահա դա է ձեր հարցի ամենաշիտակ պատասխանը», ասաց Սահակեանը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան նախագահը ԱՌԻ-ի ընկերութեանը պարգեւատրեց «Երախտագիտութեան մետալով»` Արցախի գիւղատնտեսութեան զարգացմանը նպաստելուն ուղղուած ջանքերի համար: «Ձեր աշխատանքը նոր շունչ է տուել Քաշաթաղի եւ Շահումեանի շրջաններին», ասաց Բակօ Սահակեանը:

Արցախ այցելութեան հինգ օրերի ընթացքում Լիբանանից ժամանած աւելի քան 50 հոգանոց պատուիրակութիւնը հանդիպում ունեցաւ նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան վարչապետ Արա Յարութիւնեանի հետ, ինչպէս նաեւ Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարութեան եւ վարկառուների հետ` Բերձորում եւ Շահումեանի շրջանի վարչակազմի ղեկավարութեան եւ վարկառուների հետ` Դադիվանքում: Պատուիրակութեան անդամները անցան հարիւրաւոր քիլոմեթրեր, եղան Քարվաճառի լեռնային հատուածում եւ Հակարի գետի աւազանի մի շարք գիւղական համայնքներում ու Արաքսի ափին, այցելեցին Դրմբոնի «Պէյս մեթըլս» հանքարդիւնաբերական համալիր:

Լիբանանեան դրամագլուխով Կիպրոսում գրանցուած  ԱՌԻ (Արցախ Ռութց Ինվեսթմընթ) ընկերութեանը երկարաժամկէտ, ցածր տոկոսադրոյքով եւ առանց գրաւի վարկեր է տրամադրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան գիւղի եւ գիւղատնտեսութեան զարգացման հիմնադրամին, որն էլ իր հերթին վարկավարում է գիւղատնտեսութիւնն ու անասնապահութիւնը Քաշաթաղի եւ Շահումեանի շրջաններում: Անցնող երկու տարիների ընթացքում շուրջ 1.5 միլիոն տոլար է ուղղուել աւելի քան 600 մանր տնտեսութիւնների տասնեակ տնտեսութիւններում: Ստացուած վարկերով գիւղացիները գնում են անասուններ, զբաղւում մեղուաբուծութեամբ եւ գիւղատնտեսութեամբ:

Այցի ընթացքում Լիբանանի «Արցախ» ֆոնտի ներկայացուցիչները մի քանի ընտանիքների կթու կովեր նուիրեցին Իշխանաձորում եւ Կովսականում: Արդէն հինգ տարի ֆոնտը կթու կով է տրամադրում Մռաւից Արաքս ընկած բնակավայրերի բոլոր այն ընտանիքներին, որտեղ ծնւում է երրորդ եւ յաջորդ երեխան: Այս տարի բարեգործութիւնից կ՛օգտուեն աւելի քան 150 ընտանիքներ: Հինգ տարիների ընթացքում «Արցախ» ֆոնտը աւելի քան 500 կով է բաժանել:

 

Ստեփանակերտ

Leave a Reply

Advertisement