Հայ Զինուորականներն Օսմանեան Բանակում. Ծառայութիւն Եւ Ոչնչացում

Օսմանեան կայսրութեան ձեւաւորման եւ զարգացման պատմութիւնը սերտօրէն կապուած է նրա ռազմական կառոյցի ձեւաւորման ու զարգացման հետ: Օսմանցի թուրքերը մշտական նուաճողական պատերազմներ էին վարում, սակայն սկզբնական շրջանում բաւարար քանակութեամբ ռազմական ուժ չունէին, քանզի փոքրամասնութիւն էին կազմում իրենց գրաւած տարածքներում: Քրիստոնեայ հպատակների ռազմական ուժը գործածելու եւ իրենց ռազմուժի շարունակ աճող կարիքները հոգալու նպատակով` սուլթանական իշխանութիւնները հպատակ քրիստոնեայ բնակչութեան հանդէպ սկսեցին կիրառել մարդահարկ` տեւշիրմէ (մանկահաւաք, մանկաժողով): Բացի այդ ռազմագերիների հանդէպ կիրառւում էր նաեւ փենչէք կոչուող հարկատեսակը, որի միջոցով հպատակ ժողովուրդներից իւրաքանչիւր հինգ հոգուց մէկը յանձնւում էր Օսմանեան կայսրութեանը` բանակի շարքերը համալրելու համար: Սուլթանական իշխանութիւնները պարբերաբար բռնութեամբ հաւաքագրում էին պնդակազմ ու առողջ մանկահասակ տղաներին եւ պատանիների, որոնց կրօնափոխ անելուց յետոյ ուղարկում էին աճեմի (անփորձ, օտար) զօրամիաւորում: Այնտեղ նրանք ձեռք էին բերում ռազմական գիտելիքներ, փորձառութիւն, իսկ առաւել ուժեղ եւ ռազմունակ երիտասարդներն ընդգրկւում էին ենիչերիական զօրամիաւորումում:

Ենիչերիական զօրագնդերը ստեղծուել են 1361-1363 թթ. Սուլթան Մուրատ Ա.ի օրօք եւ հիմնականում կազմուած են եղել բռնի մահմետականացուած քրիստոնեաներից: Հայ մանուկների բազմաթիւ սերունդներ, խլուելով իրենց ազգային միջավայրից, ծառայել են օսմանեան պետութեան շահերին: Հայկական ծագում ունեցող ենիչերիների մէջ ի յայտ են եկել այնպիսի անհատականութիւններ, ովքեր իրենց քաջութեան եւ ընդունակութիւնների շնորհիւ կարողացել են բարձրագոյն դիրքեր գրաւել օսմանեան ռազմական եւ վարչական համակարգում: Նրանցից էին նշանաւոր ծովակալ Հալիլ փաշան, զօրավար եւ պետական գործիչ Սուլէյման փաշա Էրմենին,  Տամատ Աբրահամ փաշան եւ այլոք:

Թէեւ շարիաթի սկզբունքներին դէմ էր անհաւատների մուտքը «հաւատքի բանակ», սակայն օսմանեան իշխանութիւնները, իրենց պետական շահերից ելնելով, յաճախ անտեսել են կրօնական նորմերը, քրիստոնեաներին գործածելով թուրքական բանակի տարբեր զօրատեսակներում` եայա (հետեւակ), լաղըմճը (խրամատ փորող), մեզարճը (գերեզմանափոր) եւ այլն: Հայերը, որպէս վարձկաններ, ծառայել են նաեւ օսմանեան  ռազմածովային նաւատորմում:

Դարեր շարունակ բանակին սպասարկող հայ արհեստաւորների մեծ խումբ է եղել կայսրութեան ցամաքային ուժերում եւ ռազմածովային նաւատորմում: Շատ բարձր է գնահատուել յատկապէս հայ զինագործների, թամբագործների, դերձակների եւ այլ արհեստաւորների դերը օսմանեան բանակում:

Օսմանեան բանակի հետեւակային գունդի ա. վաշտի ձախ թեւի հրամանատար Աղա Նազարէթ էֆենտի Տաղաւարեանը պարգեւատրուել է շքանշանով` 29 փետրուար 1892-ին:

Օսմանեան ռազմական նաւատորմի ատաղձագործ վարպետները հիմնականում հաւաքագրւում էին հայերից եւ յոյներից: Կայսրութեան ծովակալութեան դարբնապետութեան պաշտօնը ԺԷ.-ԺԹ. դդ. յանձնուած էր Տեմիրճիպաշեան ընտանիքին: Իսկ կայսրութեան վառօդարանները շուրջ մէկ դար համալրում ու վերահսկում էր նշանաւոր Տատեան ամիրայական տոհմը: Օսմանեան բանակի հիմնական մատակարարները հայ վաճառականներն էին, ովքեր դարեր շարունակ հոգում էին բանակի պէտքերն ու պարէնի պաշարների համալրումը: Տարբեր դարերի ընթացքում կայսրութեանն իրենց ծառայութիւններն են մատուցել օսմանեան բանակի նշանաւոր մատակարարներ Եոհաննէս պէյ Խանազատը, Աբրահամ չելեպի Ապրոյանը, Հաճի Օհան Եաղճեանը, Նորատունկեանները: Վերջիններս երկար տարիներ կրում էին «Էքմեքճի պաշի» տիտղոսը:

Հայերը երկրի տարբեր ոլորտներում ծառայելուց զատ բարձր պաշտօններ են զբաղեցրել նաեւ ռազմական (պատերազմի) եւ նաւատորմի նախարարութիւններում: Նրանցից շատեր ստացել են զինուորական բարձր կոչումներ: Իրենց մասնագիտական հմտութեամբ առանձնացել են Յովսէփ Վարդանեանը (Վարդան փաշա), Ստեփան փաշա Ասլանեանը, Անտոն Եաւէր փաշա Թընկըրեանը: 1839թ. նոյեմբերի 9-ին սուլթան Ապտուլ Մեճիտ Ա.ը Գիւլհանէի արքայական պալատում հռչակեց օսմանեան բարենորոգումների առաջին հրովարտակը` Հաթթը Շերիֆը, որը յայտնի է Թանզիմաթ անունով:

Թանզիմաթի ընձեռած հնարաւորութիւնների եւ թուրք բժիշկների սակաւութեան պատճառով` Եւրոպայի համալսարաններում կրթութիւն ստացած հայ բժիշկներն սկսեցին ծառայել օսմանեան բանակում: 1841թ.-ից ոչ մահմետականներին հնարաւորութիւն տրուեց սովորել կայսերական զինուորական բժշկական վարժարանում (այսուհետ` ԿԶԲՎ), որը հիմնադրուել էր 1838 թ. սուլթան Մահմուտ Բ.ի արքունի բժիշկ Մանուէլ Շաշեանի նախաձեռնութեամբ: Հայ զինուորական բժիշկներից շատերը դասաւանդել են ԿԶԲՎ-ում, նրանց նախաձեռնութեամբ հիմնուել է կայսերական բժշկական ընկերութիւնը: Հայ զինուորական բժիշկներից շատերը կայսրութեանն իրենց մատուցած ծառայութիւնների համար արժանացել են փաշայի եւ պէյի տիտղոսների: Նրանցից էին Գաբրիէլ փաշա Սեւանը (1822-1900), ով օսմանեան ռազմածովային նաւատորմի առաջին հայ զինուորական բժիշկն էր, Անտոն փաշա Նաֆիլէանը, Տիրան փաշա Փափազեանը, Արթին պէյ Տեվլէթեանը, Տիգրան փաշա Փափազեանը եւ այլոք:

Անտոն փաշա Նաֆիլեան (1834-1912) . Հայտարփաշայի զինուորական հիւանդանոցի բժշկապետ 1891թ. արժանացել է Մեճիտիէի, Օսմանիէի շքանշանների

Օսմանեան բանակի գնդապետ Պօղոս պէյ Տատեան (1862-1934)

Կայսերական վառօդապետ Սիմոն ամիրա Տատեան (1777-1834)

Կայսերական վառօդապետ Օհաննէս պէյ Տատեան (1798-1869)

Հայազգի Տամատ Աբրահամ փաշա Օսմանեան բանակի բարձրաստիճան զինուորական

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Օսմանեան բանակի հայ կրտսեր սպաներ . Ա. (ձախից).- Երուանդ Հեքիմեան, Մատթէոս Մամուրեան, Գասպար Հայրապետեան Բ.- Վարդան Ստամպօլեան, Շաւարշ Խրխշլեան, Անանիա Աբրահամեան

Տիրան փաշա Փափազեան (1858-1926). Օսմանեան Գ. զօրաբանակի բժշկապետ

Արթին պէյ Տեւլէթեան (1852-1937) . Պալքանեան պատերազմում Բ. զօրաբանակի բժշկապետ Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ Գատըգիւղի զինուորական հիւանդանոցի բժշկապետ

Յովսէփ Վարդանեան (Վարդան փաշա) (1815-1879) Արժանացել է Մեճիտիէի, Օսմանիէի շքանշանների

Տիգրան փաշա Պապայեան (1861-1939), գնդապետ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Հարպիէ»-ի զինուորական վարժարանի սեբաստացի հայ ուսանողներ, 1910-1914

Զինուորական բժիշկներից բացի օսմանեան բանակի տարբեր ստորաբաժանումներում ստուար թիւ են կազմել նաեւ հայ դեղագործներն ու անասնաբուժները: Թանզիմաթից յետոյ եւս Բարձր Դուռը հրաժարուեց քրիստոնեաներին համատարած զինուորագրելու գաղափարից եւ շարունակեց գանձել զինուորագրութեան հարկը` նախ իյանէի ասքերիէ (օժանդակութիւն բանակին), ապա` բեդելի ասքերիէ (զինուորագրութեան փոխարէն): Թէպէտ,  երբ օսմանեան բանակը երկրի արեւելեան նահանգներում պայքարում էր քուրտ ինքնիշխան ցեղապետերի դէմ, 1847 թ. հայերը կարճ ժամանակով զինուորական ծառայութեան կանչուեցին կառավարութեան կողմից:

1864 թ. բացուեց «Հարպիէ»-ի Զինուորական Վարժարանը: Սուլթան Ապտուլ Ազիզի հրամանով հինգ հայ երիտասարդներ (Գաբրիէլ Էքնայեան, Կարապետ Պարազամեան, Սիմոն Տատեան, Հովեան, Սինարեան) ընդունուեցին վարժարան, սակայն նրանց չթոյլատրուեց հարիւրապետից բարձր աստիճան ստանալ:

1914թ. «Հարպիէ»-ն աւարտած մի խումբ հայ սպաներ. Մեսրոպ Քաջբերունի, Մարտիրոս Զուրիկեան, Մկրտիչ Խանճեան եւ Մկրտիչ Շալճեան

1908 թ. Սահմանադրութեան վերահռչակումից յետոյ հայերը երկրի միւս քրիստոնեաների հետ միասին օսմանեան խորհրդարանում պահանջեցին զինուորագրուել եւ հաւասար իրաւունքով ծառայել օսմանեան բանակում: 1910 թ. օսմանեան խորհրդարանի կողմից ընդունուած օրէնքով երկրի բոլոր ազգերն ենթակայ էին զինուորագրութեան: 1910 թ. օգոստոսին եւ սեպտեմբերին հրատարակուած զօրակոչի հրամանները հայ երիտասարդներն ընդունեցին մեծ ոգեւորութեամբ: Բազում հայ երիտասարդներ ընդունուեցին «Հարպիէ»-ի վարժարան եւ ցուցաբերեցին իրենց կարողութիւնները զինուորական ասպարէզում: Շատերը ստացան զինուորական բարձր աստիճաններ: Հայ զինուորականները թէ՛ Պալքանեան, եւ թէ՛ Առաջին Աշխարհամարտի ժամանակ աչքի ընկան մարտունակութեամբ եւ բազում քաջագործութիւններով:

Պալքանեան պատերազմում նահատակուած հայ զինուորներ, Ատրիանապոլիս, 1912 թ. Ձախից` Գրիգոր Պալելօզեան, Գարեգին Աստուրեան, Ղըլչըրեան . Նստած` Յակոբ Չէթինեան, Մկրտիչ Սիւմելեան

1914 թ. օգոստոսի 1-ին սկսուեց Առաջին Աշխարհամարտը: Օսմանեան բանակ զօրակոչուեցին 18-45 տարեկան բոլոր տղամարդիկ, այդ թւում նաեւ շուրջ 60 հազար հայ տղամարդ, ովքեր միացան մինչեւ այդ արդէն Օսմանեան բանակում ծառայող հայ զինուորականութեանը:

Չնայած բանակում հայ զինուորների համար ստեղծուած ծանր պայմաններին` նրանք բարձր պատասխանատուութեամբ յանձն առան կատարելու իրենց պարտականութիւնները: Հայ զինուորները Կարնոյ ճակատում գերի ընկնելու վտանգից փրկեցին ռազմական նախարար Էնվէր փաշային, ով այդ առիթով գովեստի խօսք ու շնորհակալագիր յղեց Կ. Պոլսի հայոց պատրիարք Զաւէն Տէր Եղիայեանին:

Օսմանեան բանակի հայ զինաթափուած զօրակոչիկները բեռնակիր բանուորի կարգավիճակում, 1915 թ.

Սարիղամիշի տակ թուրքական բանակի ծանր պարտութիւնն առիթ հանդիսացաւ հայ զինուորականներին մեղադրելու դաւաճանութեան մէջ: 1915թ. փետրուարի 12-ին նոյն Էնվէր փաշայի հրամանով սկսուեց օսմանեան բանակի հայ զինուորականութեան զինաթափումը, որից յետոյ նրանցից կազմուեցին ամելէ թապուրիները (բանուորական գումարտակներ) եւ համալ թապուրիները (բեռնափոխադրող գումարտակներ): Նոյն ժամանակ սկսուեց հայ սպաների մեկուսացումն ու ձերբակալութիւնները: Դրան յաջորդեց ռազմական նախարար Էնվէրի` օսմանեան բանակում ծառայող, հայ զինուորներին ոչնչացնելու մասին հրամանը: Ռազմաճակատում գտնուող հազարաւոր հայ զինուորականներ եւ բանակի մատակարարներ թիկունքում անօրինակ դաժանութեամբ սպաննուեցին իրենց թուրք զինակիցների կողմից:

Պիթլիսի ճանապարհին զինաթափուած եւ սպաննուած հայ զինուորական, 1915/16

 

Պատերազմի առաջին օրերից զինուորական հիւանդանոցներում ծառայող հայ բժիշկներից շատերն ընկան պատերազմի դաշտում: Ոմանք մահացան իրենց պարտականութիւնները կատարելիս` բծաւոր տիֆով վարակուած թուրք զինուորներին խնամելու ժամանակ, իսկ շատերն էլ սպաննուեցին պարզապէս հայ լինելու համար: Ու եթէ նրանց մի մասի կեանքն էլ խնայուեց, ապա դրա հիմնական պատճառը ռազմաճակատում թուրք բժիշկների պակասն էր:

Թրքահայ զինաթափուած զինուորականի դիակը Պիթլիսում, 1915/16 թթ.

Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ տասնեակ հազարաւոր հայ երիտասարդների զինուորագրումը եւ նրանց ծառայութիւնն Օսմանեան բանակում մէկ անգամ եւս ապացուցում է թուրքական ժխտողականութեան պնդումների սնանկութիւնը, թէ իբր հայերը յարել են օտարերկրեայ բանակներին` դրանով իսկ վտանգ ստեղծելով Օսմանեան բանակի թիկունքում:

Հայ զինուորականութեան զինաթափումն ու ոչնչացումը կայսրութեան հայ բնակչութեան դէմ իրագործուած Ցեղասպանութեան առաջին փուլը հանդիսացաւ: Օսմանեան կառավարութիւնը, հետեւողականօրէն ոչնչացնելով արեւմտահայութեան մարտունակ ուժերը, հնարաւորութիւն ստացաւ հեշտութեամբ ու առանց լուրջ խոչընդոտների իրականացնելու հայ բնակչութեան նախապէս ծրագրուած տեղահանութիւնն ու բնաջնջումը:

Պիթլիսի ճանապարհի թրքահայ գլխատուած զինուորներ . Լուսանկարուել է ռուս զինուորների կողմից, 1915/1916 թթ.

Զինաթափուած հայ զինուորական, սպաննուած Մուշի մօտ, 1914-1915 թթ.

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ՀԻՄՆԱՐԿ

Share This Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)