Համաշխարհային Բանահաւաքը. Ալիս Նաւասարգեան
By adminx - Sat Aug 25, 5:37 am
- 0 Comments
- 55 views
- Tweet
Email
Print
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
«Ես միշտ կարծել եմ, որ մեր ազգն անմահ է. ըստ Հին Կտակարանի, երկրային դրախտը Հայկական լեռնաշխարհում էր, որտեղ հետագայում ապրեցին ու պայքարեցին Հայկ նահապետը, մեր թագաւորներն ու հերոսները, ում շնորհիւ հայ ազգը գոյատեւեց, չնայած մեր կողքին ապրող բազմաթիւ ազգեր վաղուց արդէն չկան: Մարդկութեան երկրորդ պատմութիւնն էլ սկսուեց Արարատ լեռից, եւ Նոյը քայլեց մեր հայոց աշխարհում: Կարծում եմ, մեր հողն ու նրանք անմահ են` գործով անմահացած», բանահաւաք, ստեղծագործող Ալիս Նաւասարգեանը այսպէս է մեկնաբանում իր նոր` «Անմահները» (The Immortals) գրքի անուանման ընտրութիւնը:
Տասնեակ տարիներ Նաւասարգեանը ջանասիրաբար աշխարհի տարբեր անկիւններում փնտռել ու հաւաքել է հայոց պատմութեան, աշխարհի տարբեր երկրներում, մասնաւորապէս Իրանում հայերի եւ նրանց նշանակալի ներդրումների մասին պատմող մեծաքանակ տեղեկութիւն, լուսանկարներ: Գիրքը, որ իր բնոյթով պատկերազարդ հանրագիտարան է յիշեցնում` լի փաստագրական նիւթերով, բացայայտումներով, «հայ ազգի վսեմ հոգու մշակութային անձնագիրն է եւ պատկերը` աշխարհի բոլոր ծայրերում», նախաբանում գրում է գրող, լեզուաբան, փրոֆեսէօր Արտեմ Յարութիւնեանը:
Լոս Անճելըսում «Անմահները» գրքի շնորհահանդէսները, որ անցկացուեցին Հայաստանեայց առաքելական եկեղեցու առաջնորդարանում եւ Իրանահայ միութիւնում, անցան մեծ հանդիսաւորութեամբ` համախմբելով համայնքի մտաւորականներին: «Արուեստը եւ մշակոյթը մարդու կեանքը հրաշագործող այն բացառիկ շնորհներն են, որոնց աղբիւրը Աստուած ինքն է, բայց այդ նոյն շնորհի ենթահողը մարդն է, որ իր հաւատքի զօրութեամբ, տեսիլքի զգացողութեամբ գիտի ստեղծագործել եւ թռիչք ամրագրել իր կեանքում դէպի յաւիտենութիւն: Ալիսն իր կեանքը արուեստով արժեւորող այն բացառիկ անձնաւորութիւնն է, որ մշտապէս խոնարհուել է հոգեւոր արժէքների առջեւ եւ արուեստի ճաշակն է հաղորդել իր զրուցակիցներին: Մէկ լուսանակարի, պատմական մէկ տեղեկութեան համար մեր սիրելի Ալիսը օրեր ու շաբաթներ է նուիրել, որովհետեւ խոնարհ աշխատող է եղել եւ վստահաբար պիտի յաջողի, քանզի սրտով է առաջնորդուել», իր խօսքում նշել է առաջնորդ Յովնան արք. Տէրտէրեանը:
Ալիս Նաւասարգեանի «հայկականի» որոնումները թերեւս սկիզբ են առել Սպահանի հայագիտական ամպիոնում սովորելու տարիներին, երբ իրանահայ նկարիչների մասին աւարտական թեզը գրելու նպատակով նա հանդիպել ու ծանօթացել է մի քանի տասնեակ հայ արուեստագէտների: Փնտռտուքների ու բացայայտումների մասին` բանահաւաք, մատենագրող Ալիս Նաւասարգեանը կիսւում է «Ասպարէզ»-ի հետ:
Անմահները Հրամայում Են
Ալիս Նաւասարգեանը մշտապէս հետաքրքրուած է եղել հայոց պատմութեամբ ու մշակոյթով եւ նրա այդ նախասիրութիւնը վերածուել է գրեթէ մասնագիտութեան: Նա սկսել է հաւաքել տարաբնոյթ գրքեր սկզբում Իրանից, յետոյ` Միացեալ Նահանգներից ու շրջագայութիւնների ժամանակ այցելած երկրների գրադարաններից, գրախանութներից ու արխիւներից: Նաւասարգեանի հիմնական «թիրախը» եղել են անուանի հայեր` քաղաքական, հասարակական գործիչներ, արուեստագէտներ, ճարտարապետներ, բժիշկներ ու առեւտրականներ, որ ներդրում են ունեցել թէ՛ հայ, թէ՛ համաշխարհային կեանքում, ինչպէս նաեւ` հայոց պատմութեան դրուագների մասին իւրաքանչիւր տեղեկատուութիւն:
«Ամուսնուս հետ միասին յաճախ էինք սիրում ճամբորդել: Իւրաքանչիւր երկիր այցելելիս ինձ համար պարտադիր պայման էր, որ գնայի գրադարաններ, գրախանութներ, որտեղ փնտռում էի հայերի մասին տեղեկութիւններ: Ես բանահաւաք եմ, եւ աչքիցս ոչինչ չի վրիպում: Պարսկաստանում, Պոսթընում ապրածս ժամանակ էլ միշտ հաւաքել եմ, եւ այստեղ` Լոս Անճելըսի հայկական գրախանութները նոր գրքեր ստանալուն պէս ինձ միշտ տեղեակ էին պահում, գրքեր էի ձեռք բերում նաեւ Երեւանի «Վերնիսաժից »: Տղայիս, որ Օքսֆորտի համալսարանում ամառնային դասընթացների էր, եւ աղջկաս, որ սովորում էր Քինկզ քոլեճում այցերի ժամանակ, որոշեցի այդ հաստատութիւնների գրադարաններում նոյնպէս փնտռել հայկական հետք եւ գտայ, նաեւ ինձ տուեցին բազմաթիւ հին գրախանութների հասցէներ, որտեղից գնեցի բառարաններ, հանրագիտարաններ, ուր կային բազմաթիւ յիշատակութիւններ ու հետաքրքիր տեղեկութիւններ հայերի մասին: Օտար երկրներում իմ որոնումները յաճախ էին առիթ դառնում, որ հանդիպեմ ու ծանօթանամ տարբեր երկրների հայերի հետ, ովքեր հետագայում ինձ օգնում էին նոր տեղեկութիւններ հայթայթել: Այդպէս, տարիների ընթացքում ձեռք բերեցի տեղեկութիւններ` Իտալիայից, Թուրքիայից, Եգիպտոսից, Ֆրանսայից, նաեւ` Վենետիկում տպուած թերթերից», իր որոնումների մասին պատմում է բանահաւաքը: Երկարամեայ եւ հետեւողական ուսումնասիրութեան արդիւնքում, Ալիս Նաւասարգեանը համեմատում, համադրում է իր հաւաքածուները եւ ստեղծում է Նոյից մինչեւ մեր օրերը անհատների ու իրադարձութիւնների մասին պատմող բազմածաւալ «Անմահները»:
Գրքում կարելի է գտնել հարիւրաւոր փաստաթղթեր, ձեռագրեր, յիշատակութիւններ ու վկայութիւններ:
««Անմահները» ստեղծելիս իմ նպատակն էր, որ մեր նոր սերունդները, իմ թոռները ճանաչեն հայ ազգին` թէ որտեղից ենք եկել, ինչ ճանապարհ ենք անցել, ովքեր են եղել մեր թագաւորները, հերոսները եւ ինչպէս է մեր փոքրաթիւ ազգը, անցնելով բազմաթիւ փորձութիւնների միջով` կարողացել պահել մեր հողը, մշակոյթը, կրօնը: Հայոց պատմութեան դրուագները ներկայացնելիս օգտուել եմ մեր քերթողահայր Խորենացուց», տեղեկացնում է Նաւասարգեանը:
«Խորհրդածելով Նաւասարգեանի երկարամեայ աշխատանքի մասին` կարելի է ասել, որ նա մշակութապաշտ է եւ յիշեալ հատորներով խոր մտայղացում ունի նոր սերունդներին կապուած պահել իրենց արմատներին, լուսաւորող եւ պայծառ վերընթացի գաղափարներ ծնող մայր մշակոյթին», իր կարծիքն է գրում Սուրբ Էջմիածին թանգարանի նախագահ Շահէն Խաչատրեանը:
Յատկանշական է նաեւ այն հանգամանքը, որ գիրքը անգլերէնով է:
«Նաւասարգեանը դժուար եւ կարեւոր առաջադրանք է ստանձնել` մանրամասն ներկայացնել հայկական մշակոյթը աշխարհին եւ հրատարակելով հաւաքուած նիւթերը նաեւ անգլերէնով, հեղինակը յաջողել է մեր ազգային մշակոյթը նաեւ միջազգային շրջանառութեան մէջ զետեղելու հարցում», նշում է Հայաստանի Գիտութիւնների ազգային ակադեմիայի արուեստի ու երաժշտութեան բաժնի ղեկավար Գէորգ Գէօդակեանը:
Ուր Էլ Որ Հասել, Որտեղ Էլ Եղել`
Ջանացել Ենք Մենք Ամէնքի՛ Համար
«… 1854 թուականին, 26 տարեկանում Մալքոլմ խանը (Վարդանեան), նշանակւում է Իրանի ներքին գործերի նախարար: Այդքան երիտասարդ տարիքում լինելով նաեւ խանի անձնական թարգմանիչը` նա մեծ դեր է ունենում նաեւ երկրի արտաքին քաղաքականութեան հարցերում: Մալքոլմ խանն այնուհետեւ մեծապէս մասնակցում է Իրանի առաջին խորհրդարանի եւ կառավարութեան ձեւաւորմանը: Արտաքսուելով Իրանից ու հաստատուելով Անգլիայում` Մալքոլմ խանը յօդուածներ է գրում Լոնտոնի «Թայմ» պարբերականում, միաժամանակ լինելով անգլիական «Իրաւունք» թերթի խմբագիրը: Վերադառնալով Իրան` նա այնուհետեւ դառնում է տարբեր երկրներում Իրանի դիւանագիտական ներկայացուցիչ, իսկ այնուհետեւ նշանակւում է Իրանի արտաքին գործերի նախարար, Եւրոպայում Իրանի դեսպան:
«… Յովհաննէս խան Մասեհեանը լինելով Իրանի շահի աւագ թարգմանիչը 1887 թ.ից, այնուհետեւ դիւանագիտական առաքելութիւններ է իրականցնում տարբեր երկրներում եւ 1929 թ.ին նշանակւում է Իրանի առաջին դեսպան Ճափոնում: Մասեհեանը նաեւ մեծ ներդրում է ունենում Իրանի կրթական համակարգի, մշակոյթի զարգացման գործում: Յովհաննէս խան Մասեհեանը երբեւէ չի մոռանում նաեւ իր ազգի նկատմամբ բարոյական պարտաւորութիւնների մասին. ութ տարի նա ղեկավարում է Իրանի Հայկազեան դպրոցը, 1894 թուականին հիմնում է եւ դառնում հայ-իրանական առաջին` «Շաւիղ» ամսագրի խմբագիրը: Հայաստանի առաջին հանրապետութեան ձեւաւորումից յետոյ, նա սերտ կապեր է հաստատում հայրենի կառավարութեան հետ եւ շուտով նշանակւում է Հայաստանի դեսպանը Լոնտոնում: Հայ հանրութեանը Մասեհեանը յայտնի է նաեւ իր բազմաթիւ` մասնաւորապէս անգլերէնից-հայերէն Շէյքսփիրի գործերի իր թարգմանութիւններով»:
Այս տեղեկութիւնները հատուածներ էին «Անմահները» գրքի` յայտնի իրանահայերի մասին պատմող գլխից: Ալիս Նաւասարգեանը մեծ սիրով հաւաքել ու մատենագրել է Իրանում նշանակալի ներդրում ունեցած դիւանագէտների, արուեստագէտների, ճարտարապետների ու վաճառականների մասին պատմութիւնները, որ վառ օրինակ են հայ ազգի տաղանդի ու նուիրուածութեան:
«Իրանի թագաւորները շատ բարձր են գնահատել հայերին եւ միշտ բարձր պաշտօններ են տուել նրանց եւ ծայրայեղ իրանցիներից պաշտօնեայ հայերին պաշտպանելու նպատակով շահերը նրանց տուել են իրանական անուններ կամ կոչումներ, ինչպէս, օրինակ, խանի», ներկայացնում է Նաւասարգեանը:
Գրքում կարելի է գտնել նամակներ, հետաքրքիր վկայութիւններ եւ բազմաթիւ լուսանկարներ, օրինակ, Ռուսաստանում յայտնի Լազարեանների ընտանիքի մասին, որոնք սերում են Նոր Ջուղայից, յայտնի բարերար Ալեքսանդր Մանթաշեանի մասին, ով ծնուել է Թաւրիզում, ինչպէս նաեւ` Րաֆֆիի, ճարտարապետ Աւետիս Օհանջանեանի, նկարիչ Վարդգէս Սուրէնեանցի եւ այլ յայտնիների մասին: Հետաքրքիր բացայայտումների շարքից էին Նոր Ջուղայում ծնուած տոքթոր Ջորջիօ Բաղլաւիի պատմութիւնը, ով 1668-1711 թուականներին եղել է Հռոմի ամենայայտնի բժիշկներից ու համալսարանի փրոֆեսէօր, ինչպէս նաեւ` իտալահայ մտաւորական, գրող Վիկտորիա Աղանուրն ու նրա բանաստեղծութիւնները:
Սկիզբ
Ազգայինի նկատմամբ սէրն ու նուիրումը Ալիս Նաւասարգեանի մօտ ձեւաւորուել է մանկուց. նա մեծացել է մի ընտանիքում, որ լի էր հայկական ոգով ու շնչով:
«Մայրս մեծ հայրենասէր էր. նա կապեր ունէր հայկական գրեթէ բոլոր կազմակերպութիւնների հետ` Կանանց միութեան, ՀՕՄ-ի, «Արարատ», «Սասունցի Դաւիթ» միութիւնների, Եկեղեցական միութեան եւ աշխուժօրէն մասնակցում էր ձեռնարկների: Եղբայրս էլ` Ժորա Մինասեանը, հիմնել էր Թաւրիզում առաջին «Մելիք-Թանգեան» երգչախումբը, եւ գրեթէ բոլոր փորձերը տեղի էին ունենում մեր տանը: Կարող եմ ասել, որ իմ հայրական տունը մի մեծ հայկական կենտրոն էր, որտեղ յաճախ կարելի էր հանդիպել հայ արուեստագէտների, պատմաբանների», յիշում է Ա. Նաւասարգեանը: Մանկական ու պատանեկական յիշողութիւնները անջնջելի հետք են թողնում Ալիս Նաւասարգեանի հոգում, որ շարունակւում են լրացուել Սպահանի համալսարանի հայագիտական ամպիոնում:
Ալիս Նաւասարգեանի առաջին` «Իրան-Հայաստան ոսկէ կամուրջներ» խորագրով գիրքը, որ ներկայացնում է 50 իրանահայ նկարիչների շուրջ 250 աշխատանքներ, նրա աւարտական թեզն էր. «Հանդիպել եմ Իրանի տարբեր քաղաքներում ապրող բազմաթիւ նկարիչների, ում գործերը իրաւունք չկար երկրից հանելու, եւ ես որոշեցի դրանք ներկայացնել առաւել լայն հանրութեանը», պատմում է Նաւասարգեանը: Իր երկրորդ գիրքը Ալիսը Նաւասարգեան որոշում է գրել Հայաստանի այցի ընթացքում` ոգեշնչուելով հայ կնոջ կերպարից:
«Հայ կինն այնքան ամբողջական է, այնքան բազմաշերտ, որ ցանկացայ իմ ներդրումն ունենալ հայ կնոջը ներկայացնելու գործում»: Արդիւնքում ստեղծւում է «Բեմին նուիրուած հայուհիներ» գիրքը, որտեղ Ալիս Նուասարգեանը իր տարիների հաւաքածուներից ներկայացնում է աշխարհի մեծ բեմերում յաջողութիւնների հասած եւ համաշխարհային մշակոյթում իրենց ներդրումն ունեցած հայ կանանց` սկսած 19-րդ դարից մինչեւ մեր ժամանակակիցները, այդ թւում` Լուսին Ամարա, Յասմիկ Պապեան, Շեր:
Անդրադառնալով հայրենիքից իր տպաւորութիւններին` Ալիս Նաւասարգեանը յայտնեց, որ շատ է սիրում Հայաստանը: Հարկ է նշել, որ նրա սէրն առ հայրենիք արտայայտւում է ոչ միայն արժէքաւոր գրականութեան ստեղծմամբ. Նաւասարգեանն անձնական հաւաքածուից Սուրբ Էջմիածնի թանգարանին է նուիրել Մինասի նկարներից:
Խորհուրդը
«Պատմութեան միջոցով է, որ մարդն ինքն իրեն ճանաչում է: Իւրաքանչիւր հայ պէտք է իմանայ, թէ որտեղից են իր արմատները, ինչ հերոսներ են կերտել այն ու ամենակարեւորը` հաւատարիմ լինի իր ազգային արժէքներին», պատգամում է Նաւասարգեանը:
Ալիս Նաւասարգեանին յիրաւի կարելի է համարել համաշխարհային կարգի բանահաւաք ու դասել նուիրեալ ու ազգասէր Անմահների կողքին…
- 0 Comments
- 55 views
- Tweet
Email
Print



