Tuesday May 21, 2013

Հայաստան Թեքւում Է Դէպի Արեւմուտք, Իսկ Ղարաբաղը` Դէպի Հիւսիս

By adminx - Tue Jul 31, 5:38 am

ՆԱՅԻՐԱ ՀԱՅՐՈՒՄԵԱՆ

Հարաւային Կովկասի տարածաշրջանում տեղի են ունենում հետաքրքիր գործընթացներ: Արեւմտեան ներկայութեան բացայայտ աճը եւ Ռուսաստանի ազդեցութեան որոշակի նուազումն արդէն նկատւում են ոչ միայն փորձագէտների, այլեւ շարքային քաղաքացիների կողմից: Այս անցումն ամէնից ակնառուն է հէնց Հայաստանում:

Վրաստանն արդէն մի քանի տարի է, ինչ հրաժարուել է Ռուսաստանի հովանաւորութիւնից եւ կանգնել արեւմտեան հանրութեան մէջ համարկուելու ճանապարհին: ՕԹԱՆ-ի վերջին գագաթնաժողովում կրկին խոստումներ են հնչել Վրաստանն այդ կազմակերպութեան մէջ ընդունելու վերաբերեալ: Արեւմուտքի հետ կապերն ընդլայնում է նաեւ Ազրպէյճանը, որի նաւթի եւ կազի արդիւնահանման բնագաւառում ներդրուած են անվտանգութեան երաշխիքներ պահանջող արեւմտեան միլիառաւոր տոլարներ: Հէնց այդ եւ Իրանին հարեւան լինելու հանգամանքի շնորհիւ` Միացեալ Նահանգներն օգնում են Ազրպէյճանին պաշտպանել Կասպից ծովի իր սահմաններն եւ, անգամ, առկախել են մինչեւ «Ղարաբաղի բռնագրաւման» աւարտն Ազրպէյճանին ռազմական աջակցութիւն ցուցաբերել արգելող 907 յօդուածը:

Հայաստանը երկար տարիներ համարւում էր տարածաշրջանում Ռուսաստանի յուսալի յենակէտ. այստեղ տեղակայուած է Հարաւային Կովկասում ռուսական միակ ռազմակայանը, ռուսաստանեան սահմանապահները պահպանում են Թուրքիայի եւ Իրանի հետ Հայաստանի սահմանը, Ռուսաստանը ներդրումներ է իրականացրել Հայաստանի հաղորդակցային ոլորտի եւ ռուսական կազից մեծապէս կախուած հայաստանեան տնտեսութեան մէջ: Մէկ խօսքով, թւում էր, թէ Հայաստանը այլընտրանք չունի:

Սակայն վերջին երեք տարիների իրադարձութիւնները ցոյց են տալիս, որ Հայաստանը դէպի Արեւմուտք կտրուկ շրջադարձ է կատարել: Մասնաւորապէս, ամենաբարձր մակարդակով յայտարարուել է եւրոպական ընտանիքի մէջ Հայաստանի հնարաւորինս սերտ ընդգրկուելու մտադրութեան վերաբերեալ. սկսուել են ազատ առեւտրի, վիզայի դրութեան եւ անգամ Եւրոմիութեան մէջ ընդգրկուելու վերաբերեալ բանակցութիւններ: Եւ, ընդհակառակը, Հայաստանը վարչապետի մակարդակով հրաժարուել է մասնակցել ոչ միայն Վլատիմիր Փութինի առաջարկած Եւրասիական միութեանը, այլեւ Ռուսաստանի, Պիելեռուսիոյ եւ Ղազախստանի մաքսային միութեանը:

Այժմ Հայաստանի հետ յարաբերութիւններն աշխուժօրէն սերտացնում են նաեւ Միացեալ Նահանգները: Այդ երկրի դեսպանը չի բացառում, որ Ուաշինկթըն աշխուժօրէն ներդրումներ կը կատարի Հայաստանի տնտեսութեան մէջ, մասնաւորապէս` բարձրագոյն արհեստագիտութեան ոլորտում: Բայց գլխաւորն այն է, որ Միացեալ Նահանգները եւ Եւրոմիութիւնը ֆինանսաւորում են Հայաստանում ընթացող այն բարեփոխումները, որոնք պէտք է յանգեցնեն տնտեսութեան ազատականացմանը եւ քաղաքական համակարգի ժողովրդավարացմանը:

Եւ եթէ մի քանի տարի առաջ այս ամէնը դիտւում էր որպէս զարգացման անիրական ուղեգիծ, ապա այժմ, ինչպէս յայտարարել է Ռուսաստանի առաջին դասի պետական խորհրդատու Մոտեստ Կոլերովը, «Հայաստանի ամերիկամէտ նաւարկումն աւարտուած է եւ ներկայանում է որպէս կատարուած փաստ: Հայաստանի տարածքում մեր երկրի մասնակցութեամբ ինչ կարգի զօրավարժութիւններ էլ անցկացուեն, միեւնոյն է, պատերազմի դէպքում Հայաստանն այլեւս մեր կողմը չի լինի»:

Գալիք տարի Հայաստանում տեղի կ՛ունենան նախագահական ընտրութիւններ եւ, առկայ իրողութիւններից դատելով, հիմնական թեկնածուների միջեւ ջրբաժանն անցնելու է հէնց Ռուսաստան-Արեւմուտք գծի երկայնքով: Քաղաքական եւ տնտեսական զարգացման առաջարկութիւնների մասով թեկնածուների դիրքորոշումները հազիւ թէ տարբերուեն: Բոլորն, ամենայն հաւանականութեամբ, խօսելու են մենաշնորհների եւ սակաւապետների դէմ պայքարի, ընկերային կենսամակարդակի բարձրացման եւ պետական համակարգի ժողովրդավարացման մասին: Տարբերութիւնը կը կայանայ նրանում, թէ զարգացման ո՞ր ուղեգծին են հետեւելու թեկնածուները:

Սերժ Սարգսեանն արդէն իսկ ազդարարել է, որ մտադիր է ընթանալ Արեւմուտքի ուղղութեամբ: Դա չի նշանակում, թէ նա կամենում է վատթարացնել Ռուսաստանի հետ առկայ յարաբերութիւնները: Պարզապէս եկել է ընտրութեան պահը, եւ նա նախընտրել է արեւմտեան ուղին, որն, ինչպէս ասում է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսեանը, մեզ հարազատ է պատմականօրէն ու քաղաքակրթապէս, եւ որն ընդունակ է ապահովել մեր զարգացումը:

Ռուսաստանի աւելորդաբար սեւեռուն հովանաւորչութիւնից ձերբազատուելու անհրաժեշտութեան մասին խօսում են նաեւ ընդդիմադիր քաղաքական գործիչները: Օրինակ, «Հանրապետութիւն» կուսակցութեան առաջնորդ Արամ Սարգսեանը բացէ ի բաց յայտարարել է, որ Հայաստանը Ռուսաստանից ուսանելու բան չունի: Ռուսաստանից կախուածութեան կրճատման անհրաժեշտութեան մասին խօսում են նաեւ խորհրդարան մտած «Ժառանգութիւն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցութիւնները:

«Բարգաւաճ Հայաստան» կուսակցութիւնն, ըստ ամենայնի դատելով, Եւրասիական միութեան մէջ Հայաստանի մասնակցութեան կողմնակից է. յամենայն դէպս դրա մասին յայտարարել է վերջինիս առաջնորդ Գագիկ Ծառուկեանը: Այս հարցում Հայաստանում նա շատ աջակիցներ կ՛ունենայ: Ուստի, ակնյայտ է, որ Հայաստանում կայանալիք նախագահական ընտրութիւնների ընթացքում դէպի Արեւմուտք կամ դէպի Հիւսիս Հայաստանի հետագայ զարգացման ուղեգիծը դառնալու է քննարկումների գլխաւոր նիւթը:

Իսկ ի՞նչ ասենք Ղարաբաղի մասին: Արդեօ՞ք Ղարաբաղի նախագահի թեկնածուները պատրաստ են բանավիճել այս հարցի շուրջ եւ արդեօ՞ք այս հարցում նրանց տեսակէտները տարբեր են: Դա շատ կարեւոր է, քանի որ եթէ Հայաստանը թեքուի դէպի Արեւմուտք, Ղարաբաղը չի կարողանայ մնալ կողմնակի դիտորդի դերում: Չէ՞ որ Հայաստանը չի կարող գնալ դէպի Արեւմուտք, իսկ Ղարաբաղը, ինչպէս ասում են, «գնանք դէպի Հիւսիս»: Դա կարող է լուրջ ճեղքուածք առաջացնել համահայկական քաղաքականութեան մէջ:

Միւս կողմից` Ղարաբաղն ինքնուրոյն քաղաքական միաւոր է եւ պէտք է յստակ կողմնորոշուի, թէ ո՛ր ուղղութեամբ ընթանայ: Եթէ Ղարաբաղի ժողովուրդը վճռի, որ անգամ Հայաստանի հետ կապերի վատթարացման գնով առաւել շահաւէտ է Ռուսաստանի հետ լաւ յարաբերութիւններ պահպանելը, ապա` Աստուած օգնական: Այս հարցը Ղարաբաղում պէտք է քննարկումների նիւթ դառնայ:

Ղարաբաղում Ռուսաստանի հանդէպ կայ առանձնայատուկ վերաբերմունք: Այն շատ «իւրայատուկ» է դարձել Բակօ Սահակեանի իշխանութեան օրով: Առանց այդ էլ փոքրաթիւ արեւմտեան ներդրումները Ղարաբաղում նրա օրօք էլ աւելի են նուազել եւ, ընդհակառակը, ի յայտ է եկել հայկական ծագում ունեցող ռուսաստանեան գործարարների դրամագլուխը: Դրա մէջ դեր է ունեցել նաեւ այն հանգամանքը, որ Բակօ Սահակեանը մի քանի տարի ներկայացնում էր Ղարաբաղը Մոսկուայում` Ռուսաստանի դաշնային անվտանգութեան ծառայութիւնում: Այս կապերը չեն կարող աննկատ անցնել, եւ նրա նախագահ ընտրուելուց յետոյ ռուսաստանեան գործարարներն, իրօք, Ղարաբաղում իրականացրել են մի շարք բարեգործական նախագծեր: Արժէ միայն Սամուէլ Կարապետեանի միջոցներով հանրապետական հիւանդանոցի շինարարութիւնը:

Բացի դրանից, Ղարաբաղում Ռուսաստանը շարունակում է դիտուել որպէս «բնական հովանաւոր», իսկ Արեւմուտքը` որպէս Ղարաբաղի անվտանգութեանը սպառնացող եւ Ազրպէյճանին ու Թուրքիային աջակցող ուժ: Ղարաբաղում չեն ողջունում արեւմտեան հիմնադրամների հետ համագործակցութիւնը եւ այնտեղ տիրում է Արեւմուտքի նախաձեռնութիւնների հանդէպ անվստահութիւնը: Բայց ամենագլխաւորը` թեմայի շուրջ բացակայում է որեւէ քննարկում: Ղարաբաղում հիւրընկալում են տարածքային զիջումների մասին բացայայտ խօսող Կոնստանդին Զատուլինին, իսկ որեւէ խօսակցութիւն այն մասին, թէ կարգաւորման ռուսաստանեան ծրագիրը ենթադրում է տարածքների յանձնում, գնահատւում է որպէս հայ-ռուսական բարեկամութեան դէմ ուղղուած ոտնձգութիւն:

Արդեօք դա պարզ իներցիա՞ է, թէ՞ Ղարաբաղում ոչինչ փոխել չեն ցանկանում: Դժուար է ասել, յատկապէս, երբ տարածաշրջանում ռուսաստանեան ներկայութիւնն, իրօք, շարունակում է մնալ ուժերի հաւասարակշռութեան պահպանման եւ սրացման կանխարգելման կարեւոր գործօն: Ղարաբաղում յիշում են հրասայլերով հայկական գիւղերը ներխուժող եւ ազրպէյճանական բռնագրաւման համար ճանապարհ հարթող խորհրդային զինուորներին, բայց միեւնոյն ժամանակ Ռուսաստանը հայերին քիչ չի օգնել:

Բայց բուն խնդիրն այն է, որ գործընթացները յարընթացաբար զարգանում են, տարածաշրջանը փոխւում է, այնպէս որ, թէ՛ ուժերի փոխհաւասարակշռութիւնն ու թէ՛ Ղարաբաղը կարող են վերածուել «առանց բռնակի պայուսակի», որը ետեւից քարշ են տալիս, եթէ նա ինքը չկողմնորոշուի զարգացման հետագայ ուղեգծի հարցում: Նախագահի թեկնածուները պէտք է ազնուօրէն պատմեն մարդկանց այս փոփոխութիւնների մասին եւ առաջարկեն իրենց ճանապարհը, որպէսզի ժողովուրդն ինքն ընտրի` պահպանե՞լ Ռուսաստանի հետ այժմեան յարաբերութիւնները, թէ՞ ներս թողնել երկիր արեւմտեան քաղաքականութիւնը:

Ի դէպ, Միացեալ Նահանգներն աշխարհի միակ երկիրն են, որ պետական մակարդակով Ղարաբաղին աջակցութիւն են ցուցաբերում: Իսկ Եւրոմիութիւնը նախանձախնդրօրէն փորձում է ներթափանցել Ղարաբաղ` ձգտելով ազատ մուտք ապահովել իր ներկայացուցիչների համար: Պատահական չէ, որ Ազրպէյճանը յուսահատաբար ընդդիմանում է` գիտակցելով, որ Ղարաբաղում Եւրոպական միութեան գրասենեակի ներկայութիւնը լինելու է ներկայ քաղաքական իրավիճակի լաւագոյն ճանաչում:

Այնուամենայնիւ, Ղարաբաղը ոչ մի կերպ չի արձագանգում այս քաղաքական միտումներին` չարտայայտելով ո՛չ իր հաւանութիւնը, ո՛չ էլ միջազգային ուժի կեդրոնների հետ համագործակցելու ցանկութեան բացակայութիւնը: Արդեօ՞ք Ղարաբաղը կամենում է Եւրասիական միութեան մէջ մուտք գործել առանց Հայաստանի: Բայց արդեօ՞ք դա կամենում է հէնց ինքը` Ռուսաստանը:

Յունիսին Մոսկուայում տեղի են ունեցել «Եւրասիական հեռանկարը եւ «չճանաչուած պետութիւնների» քաղաքական, մարդասիրական եւ տնտեսական խնդիրների լուծումը» միջազգային կոմիտէի փորձագիտական լսումները: Դրանց կազմակերպիչը` նոյն ինքը Մոտեստ Կոլերովը յայտարարել է, թէ` «չարժէ ակնկալել Ղարաբաղի առանձնայատուկ սուբյէկտութիւնը եւրասիական հարթութիւնում»: «Այս պիլիարտի հերթը հայերին հարկ է մաքուր խղճով վերադարձնել. չի լինելու Հայաստանի եւ Ղարաբաղի եւրասիական որեւէ համարկում, որքան էլ այն կամենայ Ղարաբաղը, որքան էլ դրա շուրջ խաղայ Հայաստանը», ասաց Կոլերովը:

Ակներեւ է մի բան. այս անգամ Ղարաբաղին չի յաջողուի լռել եւ չյայտարարել իր ընտրութեան մասին, ինչպէս եւ Հայաստանը ստիպուած էր ընտրել` ի հեճուկս Ռուսաստանի կողմից «խանդի տեսարանների» վտանգի: Նախագահական ընտրութիւնները լաւ առիթ են քննարկելու այս «ընտանեկան հարցերը»:

 

 

Leave a Reply

Advertisement