Ո՞վ Է «Իտալացի Աղջկայ Երգը» Բանաստեղծութեան Հեղինակը

Արցախահայ աւագ սերունդի գրողներու կարկառուն դէմքերէն հանդիսացող բանաստեղծ, գրականագէտ, թարգմանիչ եւ դասախօս Սոկրատ Խանեան մէկն է բախտաւոր աստղի տակ ծնած այն բացառիկ ծնունդներէն, որոնց շունչին տակ իրերայաջորդ սերունդները ազգային ոգի եւ պողպատակուռ նկարագիր ստացան: Իր սերնդակից մեծ գրչեղբօր` գրականագէտ, բանասիրական գիտութիւններու դոկտոր, վաստակաշատ դասախօս Սերգէյ Սարինեանի հետ Սոկրատ Խանեան մնայուն ներկայութիւն եղաւ ժամանակակից հայ գրական կեանքի կիզակէտին վրայ` իբրեւ գաղափարապաշտ, լրջախոհ եւ նուիրեալ հայ գրողի ճշմարիտ տիպար մը, որուն ստորագրութիւնը կրող ուսումնասիրութիւններն ու յօդուածները փնտռուեցան բոլորէն ու միշտ, հաւասարապէս արժանացան թէ՛ գրականագէտներու եւ թէ՛ գրասէր ընթերցողներու բարձր գնահատանքին:

«Ո՞վ է «Իտալացու աղջկայ երգը» բանաստեղծութեան հեղինակը» խորագրեալ իր այս ուսումնասիրութիւնը մէկ պերճախօս ապացոյցն է վերեւ կատարուած հաստատումին: Աւելի քան վեց տասնամեակներու անմար յիշողութեամբ քաղցրացած խորաթափանց ուսումնասիրութիւն մըն է այս բազմավաստակ գրողին նորագոյն գրութիւնը, որ պայծառ լոյսեր կը սփռէ մեր ժողովուրդի պատմութեան ոգին ու պատգամը խտացուցած Միքայէլ Նալբանդեանի «Իտալացու աղջկայ երգը» բանաստեղծութեան «առեղծուած»-ին վրայ եւ միանգամընդմիշտ լռութեան կը դատապարտէ բոլոր անոնք, որոնք «թեթեւ ձեռքով» կը շարունակեն մեր հայրենակերտ սրբութիւնը` «Մեր հայրենիք»-ը ներկայացնել իբրեւ որդեգիր թարգմանութիւն:

Ինչպէս ազգերն ու մարդիկ ունեն իւրովի ճակատագիր, այդպէս էլ հռչակաւոր ստեղծագործողների գլուխ-գործոցներին է վիճակուած: Ասենք` Մ. Խորենացու «Հայոց պատմութիւնը» պիտի դառնար մեր ժողովրդի Աշխարհիկ Սուրբ գիրքը, Գ. Նարեկացու «Ողբերգութեան մատեանը»` աղօթագիրքը, Խ. Աբովեանի «Վէրքը»` ապագայ մշակութային ձեռքբերումների հիմնաքարը, «Կռունկը»` մեր անանց կարօտի կանչը եւ այլն, եւ այլն… Իսկ Մ. Նալբանդեանի «Իտալացի աղջկայ երգը» պիտի բորբոքէր Սարդարապատի վճռական ոգին ու թեւածէր որպէս մեր Առաջին եւ Երկրորդ անկախ պետականութիւնների օրհնեալ երգը` հայաստանուած, արարատուած ու յաւերժուած:

Սակայն հէնց մեր թեթեւ ձեռքով մեր օրհնուած օրհներգը պիտի որակուէր որպէս թարգմանութիւն եւ նոյնիսկ երաժշտութիւնն էլ իտալական: Նշեցի` մեր թեթեւ ձեռքով, քանզի յաճախ ծանրութեթեւ չենք անում մեր կարեւոր ասելիքը` ցուցաբերելով անտեղեակութիւն ու ինքներս կասկածելով մեր հանճարեղ ժողովրդի հանճարածին գետնի վրայ ու մեր հիանալին ու լաւը նշմարելով այլոց հանճարի լուսարձակի տակ: Այդպէս էլ տեղի է ունեցել անմահ Նալբանդեանի վերոնշեալ քերթուածի հետ: Յիշում եմ իմ ուսումնառութիւնը Աստղածին Արցախի Դիզակի շրջանի Ուխտաձոր գիւղի միջնակարգում: Իններորդում էի: Բանաստեղծութիւններ էի գրում: Ուստի գտնւում էի իմ անմոռանալի ուսուցչուհի Արեւ Թամրազեանի ուշադրութեան կենտրոնում: Դասաւանդում էր հայոց լեզու եւ գրականութիւն եւ անգիր գիտէր հայոց պոեզիան` Մ. Մաշտոցի շարականներից մինչեւ արգելուած Չարենց, Տէրեանից մինչեւ Գեղամ Սարեան:

Գարնանային օրերից մէկն էր: Նա դասարան մտաւ ամէն անգամուայ պէս ժպտադէմ, հմայիչ եւ նշեց, որ օրուայ նոր դասի թեման Մ. Նալբանդեանի պոեզիան է: Եւ ինչպէս միշտ, պոետական խօսքի ուլունքաշարով ներկայացրեց ականաւոր գրողի «Մանկութեան օրեր», «Ազատութիւն» բանաստեղծութիւնները եւ ապա առանձնայատուկ երանգներով` «Իտալացի աղջկայ երգը»: Նա արտասանում էր արցունքոտուած աչքերով, դողում էին նուրբ շուրթերը: Մենք ամբողջ դասարանով համակուած լսում էինք նրան: Մեր հոգու խորքում արձագանգում էին Նալբանդեանի տողերը` նրա յուզիչ արտաբերմամբ.

Մեր հայրենիք, թշուառ, անտէր,
Մեր թշնամուց ոտնակոխ,
Իւր որդիքը արդ կանչում է,
Հանել իւր վրէժ, քէն ու ոխ…
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Ամենայն տեղ մահը մի է,
Մարդ մի անգամ պիտ մեռնի,
Բայց երանի՜, որ իւր ազգի
Ազատութեան կը զոհուի(1):

Այսպէս, մինչեւ վերջին քառատողը հնչում էր բանաստեղծութիւնը նրա շուրթերին: Արտասանութիւնն աւարտելուց յետոյ նա անդրադարձաւ այդ հզօր երգի արարման պատմութեանը եւ նշեց, որ Նալբանդեանի այս հոյակապ գործը թարգմանութիւն է իտալերէնից: «Բայց լաւ է թարգմանել, չէ՞»,- ասաց ու մտորումների մէջ ընկաւ: Յետոյ աւելացրեց. «Ճիշդ է, բանաստեղծութեան մէջ կան Իտալիա, Աւստրիա բառերը, բայց, երեխաներ, Նալբանդեանը նկատի է առել մեր Հայաստանը, մեր ժողովրդի վիճակն ու ճակատագիրը Օսմանեան Թուրքիայի հայակործան լծի տակ»: Աւելացրեց ու կրկին նստեց, գլուխն առաւ ափերի մէջ եւ ընկաւ խոհերի գիրկը: Ի՜նչ իմանայինք, գուցէ նա մտորում էր Արցախի մելիքանիստ Տող գիւղի մասին, ուր հարս էր գնացել: Ամուսնացել էր տողեցի Սամուէլ Գրիգորեանի հետ, որն էլ մեր պատմութեան ուսուցիչն էր: Նրանք դասերից դուրս յաճախ էին վրդովւում այն երեւոյթից, որ Տողում արդէն կրկնապատկուել է ազերիների թիւը թէ՛ գիւղում եւ թէ՛ դպրոցում, եւ յաճախակի են տեղի ունենում տհաճ վէճեր` ընդհուպ մինչեւ անօրինական պահանջը, որ դպրոցի տնօրէնը պէտք է լինի ազրպէյճանցի: 1946 թուականն էր… Պատանիներ էինք… Յետոյ միայն հասկացանք, թէ ինչն ինչոց է: Ամէն դէպքում, մեր սիրելի ուսուցչուհին միշտ դասերի վերջում հնարաւորութիւն էր ընձեռում, որ մեզ հետաքրքրող հարցերով դիմենք իրեն: Եւ քանի որ ես արդէն ինձ պոէտ էի կարծում, հարցրի. «Իսկ Նալբանդեանն ինքը նշե՞լ է, որ այդ գործը թարգմանութիւն է»: Նա կտրուկ պատասխանեց. «Ոչ, պարզապէս դասագրքերում գրում են, որ թարգմանութիւն է»:

Անցան տարիները: Ես շարունակեցի կրթութիւնս բանասիրութեան գծով: Դարձեալ նոյն անհիմն մօտեցումն ու քարացած կարծիքը: Չափազանցութիւն չէ, եթէ ասեմ, որ այս հարցը միշտ յուզել է ինձ ամբողջ կեանքում: Ինչքան խորացել եմ Նալբանդեանի ստեղծագործական աշխարհի մէջ, ծանօթացել նրա թարգմանչական արուեստին, այնքան աւելի է յուզել «Իտալացի աղջկայ երգը» երգի ճակատագիրը ու միշտ իմ մտքի աչքերով ասես տեսել եմ Նալբանդեանին այդ կոթողն արարելիս:

Այդ հին հարցի ճշգրիտ պատասխանի հրամայականով նորից բերում եմ իմ կարծիքը` ելնելով գրականագէտի ու բանաստեղծի իմ կուտակումներից ու համոզմունքից:

Նախ, անդրադառնանք Մ. Նալբանդեանի թարգմանչական արուեստի նրբերանգներին, առանձնապէս այն տարիների ընդգրկմամբ, երբ գրուել է «Իտալացի աղջկայ երգը»: Նրա առաջին թարգմանական գործերից է «Չերքեզի երգը», որ կատարել է Պուշկինի «Կովկասի գերին» պոէմից: Համեմատութիւնը բնագրի հետ ապացուցում է, որ թարգմանութիւնը կատարուած է համեմատաբար անմշակ լեզուով եւ ձեւով, որ այն վերաբերում է Նալբանդեանի ստեղծագործութեան վաղ շրջանին: Այդ շրջանում Նալբանդեանը հայ ընթերցողին է յանձնում Լերմոնտովի «Մարգարէն», «Պալեստինու ոստը»: Ապա Պուշկինի «Պոէտ» գործի նմանութեամբ ստեղծում է «Բանաստեղծը»: Նալբանդեանի «Վէճ» քերթուածքը Լերմոնտովի «հտտր» բանաստեղծութեան թարգմանութիւնն է: Դրան յաջորդում է Բերանժէի «Վայր ընկնող  աստղերը» եւ «Աղքատ կին» գործերը, որ փոխադրել է ռուսերէնից: 1858 թ. «Հիւսիսափայլ»-ի թիւ 5-ում տպագրւում է «Առօրեայ աշխարհ» բանաստեղծութիւնը, որը Վ. Գ. Բենեդիկտովի «Ին՞չ ես աղմկում» գործի թարգմանութիւնն է: Ի դէպ, Դոբրոլիւբովն այդ երկի մասին գրել է. «Կրկնում ենք, այստեղ պոէզիայի հետք անգամ չկայ (այդ, ի դէպ, ընթերցողն ինքն էլ է տեսնում), բայց մտքերը հիանալի են: Ով էլ եւ ինչպէս էլ որ դրանք արտայայտի Ռուսաստանում մեր ժամանակում,- ամէն ոք կ՛արժանանայ գովասանքի եւ շնորհակալութեան»(2):

Համաշխարհային ականաւոր գրողների ազատասիրական երկերը չեն վրիպել  Նալբանդեանի ուշադրութիւնից: 1858թ. «Հիւսիսափայլ»-ի թիւ 11-ում նա ազատ թարգմանութեան հնարանքներով հայ ընթերցողին է ներկայացնում Հ. Հայնէի «Երազ» բանաստեղծութիւնը: Հանգամանալից համեմատութիւնն ու թարգմանչական արուեստի պահանջուող օրինաչափութիւնների դիտարկումն ապացուցում են, որ Մ. Նալբանդեանը թարգմանութիւնների մէջ աւելի շատ տեղի է տուել տողացի հնարանքին, որի հետեւանքով արտայայտամիջոցների մէջ զգացւում է կաշկանդուածութիւն:

Այժմ անդրադառնանք «Իտալացի աղջկայ երգը» գոհարին` գրուած 1859 թուականին:

Նալբանդեանագիտութիւնը համարեա առանց բացառութեան մեծ գրողի «Իտալացի աղջկայ երգը» յանգեցրել է Իտալիայի ազգային հերոս Գարիբալդիի դարաշրջանի երգիչներ Ա. Ալէատդիի եւ Լ. Մերկանտինիի ստեղծագործութեանը` առանց կոնկրետ նշելու խնդրոյ առարկայ թեմային առնչուող որեւէ բնագիր: Շրջանառուող կարծիքը հասել է նաեւ «Հայ նոր գրականութեան պատմութիւն» ստեղծող կոլեկտիվին: Գրականագէտ Խ. Սարգսեանը գրում է. «Եթէ «Իտալացի աղջկայ երգը», ինչպէս ասում են, իրօք թարգմանութիւն կամ աւելի ճիշդ փոխադրութիւն է իտալերէնից, ապա այդ վերաբերում է բանաստեղծութեան առաջին մասին միայն, որովհետեւ վերջին մասը, ուր խօսւում է Հայաստանի վիճակի մասին, աներկբայօրէն պատկանում է Նալբանդեանին»(3):

Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչութիւնը սկսում է տպագրել Մ. Նալբանդեանի երկերի լիակատար ժողովածուի ակադեմիական վեցհատորեակը: Անդրադառնալով «Իտալացի աղջկայ երգը» ստեղծագործութեանը` Ն. Մուրադեանը յայտնում է հետեւեալը. «Այս երգի համար, հաւանօրէն ստեղծագործական խթան է հանդիսացել բանաստեղծ Լ. Մերկանտինիի «Սապրիի հասկահաւաքը», որ վերածուել է ժողովրդական լեգենդի: Նալբանդեանը դրան կարող էր ծանօթացած լինել Գերցենի միջոցով: Վերջինս այդ բանաստեղծութեան բնագիրը ռուսերէն արձակ թարգմանութեան հետ բերում է իր «Եղելութիւններ եւ խոհեր» մեմուարների 37-րդ գրքում, որն սկզբնապէս տպագրուել է «Փոլեարնայա զվեզտա» 1859, թիւ 5-ում(4):

Ն. Մուրադեանը, սակայն, ներքին իր անհամաձայնութիւնը փաստելու միտումով բերում է Միքայէլ Յակոբեանի ենթադրութիւնն այն մասին, որ  Նալբանդեանն իր «երգի» համար կարող է ստացած լինէր հայկական աղբիւրից. այն է` Ստ. Ոսկանի «Արեւմուտք»-ից: Գրականագէտը զետեղում է այդ զրոյցը. «Մայր մը իր երեք որդիքը որսորդ ըրեր է եւ իր բոլոր եկամուտը որսալու զէնքի համար կը նուիրէ»: Փափկասուն քոյր մը իր ձեռքով բռնէր է դրօշը, որ իր եղբօր յանձնուեր է…»: Գրականագէտը, սակայն, աւելացնում է. «Այս վարկածը կարող էր հաւանական համարուել, եթէ անտեսուէր «Իտալացի աղջկայ երգի» գրութեան թուականը. այն գրուել է 1859-ի յունիսի առաջին կէսին, գերմանական Զոդեն բնակավայրում, մինչդեռ Ոսկանի թերթի այդ տողերը լոյս են տեսել «Արեւմուտք»-ի յուլիսի 1-ի համարում»(5): Այսպիսով, Ն. Մուրադեանը հասնում է ընդհանուր այն կարծիքին, որ Նալբանդեանի հանրայայտ երգը թարգմանութիւն է իտալերէնից:

Այժմ մտքով տեղափոխուենք 1859 թուականը` Նալբանդեանի անցած իրական եւ հոգեւոր խաչմերուկներին` տեսնելու այն շօշափելի ու հաւանական իրադարձութիւնները, որոնք յուշել են այդ քերթուածքի արարումը:

Նալբանդեանագիտութեան չհնացող էջերից է Ա. Ինճիկեանի «Միքայէլ Նալբանդեանի կեանքի եւ գործունէութեան տարեգրութիւնը» ծաւալուն աշխատութիւնը, որ հրատարակել է ՀՍՍՌ գիտութիւնների ակադեմիայի Մ. Աբեղեանի անուան գրականութեան ինստիտուտը, 1954թ., Մ. Նալբանդեանի ծննդեան 195-ամեակի առթիւ:

1859 թ. հէնց սկզբից հայ յետադիմական կղերական ուժերը Գաբրիէլ Այվազովսկու գլխաւորութեամբ ոչ միայն սկսում են հալածել Մ. Նալբանդեանին, այլեւ պահանջում են, որ ցարական կառավարիչները նրան ենթարկեն արժանի պատժի` օրէնքի ամբողջ խստութեամբ:

Մ. Նալբանդեանը 1859-ի մարտի 16-ին նամակ է յղում իր մտերիմ ընկերոջը` Գրիգոր Սալթիկեանին եւ յայտնում արտասահման մեկնելու իր մտադրութեան մասին: Նոյնիսկ զգուշացնում է, որ եթէ իր գնալու լուրը տարածուի Նախիջեւանում` ծնողներին հանգստացնի, որ ինքը ողջ եւ առողջ է եւ ուսանելու համար է արտասահման մեկնել: Նալբանդեանը Սալթիկեանին նորից զգուշացնում է, որ առայժմ իր արտասահման գնալու մասին ոչ ոքի` «ոչ թշնամու եւ ոչ էլ ամենամերձ բարեկամի» չյայտնի:

Մարտի 14-ին երեկոյեան Նալբանդեանը մեկնում է արտասահման` Վարշաւայի վրայով: Ապրիլի 3-ին նամակներ է յղում հարազատներին, . Սալթիկեանին, Մ. Վեհապետեանին, Ս. Ալաջալեանին, Չեթուին: Այս օրերի համար ուշագրաւ է Մ. Բերոյեանի ընդարձակ բացատրութիւնը` ուղղուած Պետերբուրգի գրաքննչական կոմիտէի նախագահին: Մ Բերոյեանը կտրականապէս հերքում է .Վ. Այվազովսկու առաջադրած մեղադրանքները «Հիւսիսափայլի» դէմ` պնդելով, որ այդ ամսագրի հրատարակութեան սկզբից նրա մէջ չեն տպագրուել չարամիտ, կրօնի ոգուն  հակառակ եւ կամ խստամբեր բարոյականութեանն ընդդէմ յօդուածներ: Գալով «Հիւսիսափայլ»-ի 1858 թ. 11-րդ ամսատետրակին, Բերոյեանը պարտք է համարում Նալբանդեանի յօդուածները վերապատմել մանրամասնօրէն, «որ յոյժ կարեւոր է ցոյց տալու համար գլխաւոր պատճառը, թէ ի՛նչն է դրդել Այվազովսկուն դուրս գալու ընդդէմ Նազարեանի ու Նալբանդեանի եւ նեղութիւն պատճառելու իշխանութեանն իր անօգուտ գանգատով»(5): Բերոյեանն աններելի է համարում Ներսէս կաթողիկոսի ցուցաբերած անսահման վստահութիւնը Խալիբեանի նկատմամբ, որն ի չարը գործադրեց այն: Բերոյեանը նշում է, որ Նալբանդեանը բնաւ չի կպչում հոգեւորականութեանը եւ կրօնին, եւ այդ իմաստով ոչ մի պատճառ չկայ նրան դատապարտելու: Որպէս եզրակացութիւն, Բերոյեանը կրկնում է, որ «Նալբանդեանի ամսագրի մէջ մինչ այժմ տպագրուած ընդհանրապէս բոլոր յօդուածներում` անբարեմտութեան, անվայելչութեան եւ հակակրօնականութեան ստուերն իսկ չկայ եւ ամէն ինչ համապատասխանում է գրաքննական կանոնագրքին»(6):

1959-ի ապրիլի 15-ին (27-ին) Նալբանդեանը Պերլինում էր. այնտեղից նամակներ է յղում Ստ. Նազարեանին: Ապրիլի 23-ին Փարիզում հանդիպում է Ստ. Ոսկանին: Մայիսի 5-ին Փարիզից նամակ է յղում Գր. Սալթիկեանին` յայտնելով իր մտադրութիւնը` «Հիւսիսափայլ»-ը արգելուելու դէպքում այն փոխադրել արտասահման, որը եւ նրա ուղեւորութեան հիմնական նպատակն էր: Ահա այդ նամակը` մասամբ. «Չգիտեմ, թէ ինչ վիճակի մէջ է «Հիւսիսափայլ»-ը… Ես յոյս ունիմ, որ դուք, բոլոր մեր ճշմարտասէր եւ ազնուամիտ հայրենակիցք եւ բարեկամք, ինձ օգնական եւ ձեռնտու կը լինիք, եթէ Մոսկուա փակուի «Հիւսիսափայլ»-ը, նորից ուրիշ տեղ… վերանորոգելու եւ բոլոր մեր գլխից եւ ձեր գլխից, այլեւ ազգի եւ եկեղեցու գլխից անցածները ճշմարտութեամբ հրատարակելու համար: Յոյս ունիմ եւ յոյսս մեծ է. միթէ՞ մեր ազգի մէջ մինչեւ այժմ եւս խաւարը եւ սուտը պիտի յաղթանակէ լոյսի եւ ճշմարտութեան վրայ: Մենք բոլոր բան հասկացողքս պարտական ենք ընդդէմ զինուորուել եւ ցոյց տալ ժամանակով մեր ապագայից, որ ազգի համար անհոգ չենք եղել, որ ազգի թշնամիների յարձակմունքին դէմ ենք դրել մեր կուրծքը եւ ճակատը, որ ազգի օգտի համար զոհել ենք մեր հանգստութիւնը, հայրենիքը եւ այլ, եւ այլն»(7):

Մայիսի 6-ին Նալբանդեանը Փարիզից մեկնում է Լոնտոն: Յունիսի առաջին կէսին Զոդենում, Մայնի վրայ, Ֆրանկֆուրտի մօտ Նալբանդեանը գրում է «Իտալացի աղջկայ երգը 1859 թուականից» բանաստեղծութիւնը:

Ին՞չ առնչութիւններ են կամարուած «Իտալացի աղջկայ երգը» բանաստեղծութեան եւ Գերցենի յուշագրութեան ու խոհերի հետ, որոնց մասին թեթեւակի խօսք են ասում նալբանդեանագէտները: Կը ձգտենք քննարկել համառօտակի եւ կոնկրետ: Չի բացառւում, որ երկու յեղափոխական դեմոկրատները զրուցել են Եւրոպայում, առանձնապէս Իտալիայում տեղի ունեցող իրադարձութիւնների վերաբերեալ: Բերենք Գերցենի ստացած տպաւորութիւնից մի հատուած, որտեղ նկարագրուած են 1847-1852 թուականների իրադարձութիւնները եւ Իտալիայից ստացած իր տպաւորութիւնները:

– ՜Օ, Հռոմ,- գրում է Գերցենը,- ինչպէս եմ սիրում ես անդրադառնալ քո պատրանքներին, ամէն օր ինչպիսի՜ հաճոյքով եմ յիշում այն ժամանակը, երբ ես հարբած էի քեզնով:

… Մութ գիշեր է: Կորսոն ծածկուած է ժողովրդով, որոշ տեղերում ջահեր են: Փարիզում արդէն մէկ ամիս է, ինչ յայտարարուած է հանրապետութիւն: Միլանից նորութիւններ են հասել: Այնտեղ վիճում են, ժողովուրդը պահանջում է պատերազմ, լուրեր են բերել, որ Կարլ Ալբերտը գալիս է զօրքով: Անհանգիստ ամբոխի խօսակցութիւնը նմանւում է փրփրադէզ ալիքների շառաչին, որը մերթ հեղեղւում է աղմուկով, մերթ խաղաղւում ոգով:

Շարք են կանգնում ամբոխները: Նրանք գնում են բարեպաշտ դեսպանի մօտ` իմանալու` արդեօք յայտարարուա՞ծ է պատերազմ:

– Շարք կանգնէք, մեզ հետ շարք կանգնէք,- հնչում են տասնեակ ձայներ:

– Մենք արտասահմանցիներ ենք:

– Աւելի լաւ, Աստծոյ կամօք դուք մեր հիւրն էք:

Գնում ենք եւ մենք:

– Առաջ թողէք հիւրերին, առաջ թողէք տիկնանց, առաջ օտարերկրացուհիներին:

Եւ ամբոխը կրքոտ, հաստատող բացականչութիւններով տեղի է տալիս: Չիչերովակկիոն եւ նրա հետ երիտասարդ հռոմէացին` ժողովրդական երգերի բանաստեղծ, առաջ են անցնում դրօշներով, ամբոխը սեղմում է տիկնանց ձեռքերը, եւ նրանց մօտ կանգնում են տասը-տասներկու հազար մարդ,- եւ բոլորը շարժւում են հզօր ու կուռ շարքերով, որ յատուկ է միայն հռոմէական ժողովրդին:

Առաջնայինները մտնում են Պալացցոյ, եւ մինչեւ մի քանի րոպէ դահլիճի դռները բացւում են դէպի պատշգամբ: Դեսպանը եկել է հանգստացնելու ժողովրդին եւ հաստատելու լուրը պատերազմի մասին, նրա խօսքը ընդունւում է կատարեալ ուրախութեամբ: Չիչերովակկիոն պատշգամբում էր` լուսաւորուած վառվռուն ջահերով եւ աշտանակներով, իսկ նրա մօտ Իտալիայի դրօշների հովանու տակ չորս երիտասարդ կանայք, բոլոր չորսն էլ ռուսներ. տարօրինակ չէ՞, արդեօք: Ես հիմա ասես տեսնում եմ այդ քարէ ամբիոնում կանգնածներին, իսկ ներքեւ` ալեկոծուած անթիւ ժողովրդին, որ միաձոյլ հնչեցնում էր պատերազմի եւ ճիզուիտների դէմ անէծքների կոչը եւ բարձրաձայնում. «Կեցցե՛ն օտարերկրացիները»(8):

Ահա այն իրադարձութիւնը, որի մասին կարող էր պատմել Գերցենը Նալբանդեանին: Յայտնի է, որ 1948-1949-ին Իտալիայում տեղի է ունեցել յեղափոխութիւն: Այդ ժամանակ Իտալիայի ժողովրդական հերոս, գեներալ, իտալական ազգային-ազատագրական շարժման առաջնորդ Ջուզեպէ արիբալդին վերադարձել էր Հարաւային Ամերիկայից, ուր վտարանդի էր: Նա վերադառնալուց յետոյ կազմակերպել է կամաւորների ջոկատ: Եղել է իր իսկ առաջարկով 1849-ի փետրուարի 9-ին հռչակուած Հռոմի հանրապետութեան ղեկավար գործիչներից մէկը: Հանրապետութեան անկումից յետոյ, 1849-ին նորից տարագրուել է: 1859-ի աւստրո-իտալո-ֆրանսական պատերազմի ժամանակ կազմակերպել է կամաւորական (ալպիական հրաձիգների) կորպուս, յաղթական մարտեր մղել Աւստրիայի դէմ մղուած մարտերին` յանուն Իտալիայի ազատութեան: Ջ. Գարիբալդին եղել է Մ. Նաբանդեանի իտէալական հերոսը:

«Իտալացի աղջկայ երգը» բանաստեղծութիւնը` գրուած 1859-ին, լրիւ վերաբերում է իտալական ժողովրդի ազգային-ազատագրական պայքարին:

Եթէ ընդունենք, որ Մ. Նալբանդեանը «Երգը» գրել է Գերցենի զրոյցի ազդեցութեամբ, ապա այստեղ ծագում են տարբեր հարցեր: Գերցենի զրոյցի հերոսուհիները ռուսներ են, իսկ Նալբանդեանի ստեղծագործութեան հերոսն իտալուհի է: Ռուս աղջիկները եկել էին մասնակցելու իտալական յեղափոխութեանը` յանուն հանրապետութեան, ֆրանսական յեղափոխութիւնից յետոյ: Ուրեմն, Գերցենի զրոյցը կարող էր միայն մտայղացման աղբիւր լինել:

Նալբանդեանը բանաստեղծութիւնը չի համարել թարգմանութիւն, եւ դրա կարիքը չկար. «Երգի» տակ միայն նշուած է յօրինման վայրը: Մ. Նալբանդեանը որպէս յեղափոխական-դեմոկրատ, որպէս Չերնիշեւսկու գաղափարական զինակիցը, լաւ էր հասկանում, որ դասակարգային պայքարն սկսելուց առաջ Արեւմտեան Հայաստանը պէտք է ազատագրուէր Օսմանեան Թուրքիայի լծից: Ուստի նա նախ ջատագովում էր օտարի լծից իր ազգի ազատագրման գործը: Այստեղից էլ այն հետաքրքրութիւնն ու համակրանքը, որ ունեցել է նա իտալական ժողովրդի ազատագրական պայքարի հանդէպ եւ նոյնիսկ հանդիպել է արիբալդուն: Այս գաղափարն է յուշել հայ ականաւոր պօէտին գրելու «Երգը», որտեղ որպէս մետաֆորներ, օգտագործուած են Իտալիա, Աւստրիա տեղանունները` հաւատարիմ մնալով պատմական իրադարձութիւնների ճշմարտացիութեանը: Ուրեմն` իտալացիների ազատագրական պատերազմը օրինակ պէտք է հանդիսանար առաջին հերթին Արեւմտահայաստանի համար, իսկ այդ գաղափարի դրօշակակիրներից էր նաեւ Յարութիւն Սուաճեանը, որ Կ. Պոլսում հրատարակուող իր «Մեղու» թերթում զետեղում է Նալբանդեանի «Երգը»: Նալբանդեանն այդ օրերին չէր կարող գրել «Հայ աղջկայ երգը» եւ նրանում ընդգծէր Թուրքիա, Հայաստան տեղանունները: Չմոռանանք, որ այդ ժամանակահատուածում նրա հանդէպ իրենց ռեակցիոն հետապնդումներն էին կազմակերպել . Այվազովսկին եւ նրա նման խաւարամիտ ուժերը:

«Երգի» մէջ Նալբանդեանը ջատագովելով ու փառաբանելով իտալական ազգային-ազատագրական պայքարը, վերջում աւելացրել է.

Ո՜հ, իմ սիրտը կտրատւում է,
Տեսանելով այսպէս սէր
Դէպի թշուառ մի հայրենիք,
Որ ոտնակոխ եղած էր:

Սորա կէսը, կէսի կէսը
Գէթ երեւէր մեր ազգում,
Բայց մեր կանայք… ու՜ր Եղիշէ,
Ու՜ր մեր տիկնայք փափկասուն:

Ոհ՛… արտասուք ինձ խեղդում են,
Այլ չեմ կարող բան խօսել.
Չէ՛… թշուառ չէ Իտալիան,
Եթէ կանայք այսպէս են(9):

«Իտալացի աղջկայ երգը» բանաստեղծութիւնը ոչ միայն հայ ժողովրդի կրած տառապանքների պատկերներից է, այլեւ ազատաբաղձ ոգու ճիչ, ազատագրական գիտակցուած պայքարի կոչ` համաժողովրդական միասնական ուժերով: Դեռ աւելին: Մեծ բանաստեղծը նրանում ստեղծել է նաեւ ապագայ անկախ եւ ազատ Հայաստանի պետական դրօշի խորհրդանիշը: Յայտնի է, որ Իտալիայի պետական դրօշը եռագոյն է եղել` կանաչ, սպիտակ, կարմիր: Մ. Նալբանդեանը ենթաբնագրային արծարծումով է անդրադարձել իտալուհու գործած դրօշին.

Ահա՛, եղբայր, քեզ մի դրօշ,
Որ իմ ձեռքով գործեցի,
Գիշերները ես քուն չեղայ
Արտասուքով լուացի:

Նայի՛ր նորան երեք գունով,
Նուիրական մեր նշան… (10)

Մ. Նալբանդեանն ընդգծում է եռագոյնի գաղափարը: Կասկածից դուրս է, որ նա տեղեակ է եղել 18-րդ դարի հնդկահայ հրապարակախօս Շահամիր Շահամիրեանի 1773 թ. հրատարակած «Որոգայթ փառաց» աշխատութեանը, որտեղ ներկայացուած է Հայաստանի ապագայ դրօշը (կարմիր, կապոյտ եւ դեղին)` ստեղծուելիք բանակի երեք սպարապետութիւնների զինուորների համազգեստների գոյներին համապատասխան:

Շ. Շահամիրեանից յետոյ 1789 թ. Հ. Լազարեանը եւ Հ. Արղութեանը Հայաստանի պետական դրօշը նախատեսել են կարմիր, կանաչ, կապոյտ գոյներով եւ Նոյեան տապանի նշանով:

1918թ. Սարդարապատի յաղթանակի շնորհիւ վերածնուած Հայոց անկախ պետականութեան դրօշն ընդունուեց Շ. Շահամիրեանի նախատեսած ու Մ. Նալբանդեանի երազած կարմիր-կապոյտ-դեղին գոյներով դրօշը:

«Իտալացի աղջկայ երգը 1859 թուականից» ստեղծագործութիւնն ամբողջութեան մէջ գաղափարական խորութեամբ ու յուզականութեամբ, կառուցուածքային նրբերանգներով, պատկերների ներդաշնակութեամբ, տաղաչափական համակարգով, բանաստեղծական ոտքի տեսակներով հայ դասական պոէզիայի նմուշներից է, Նալբանդեանի հեղինակային-սեփական յաղթանակներից մէկը, որ կազմում է մի եռամիասնութիւն «Մանկութեան օրեր», «Ազատութիւն» հիւսուածքների հետ:

ՍՈԿՐԱՏ ԽԱՆԵԱՆ
(Բանասիրական գիտութիւնների դոկտոր,
պրոֆէսոր, ԼՂՀ գիտութեան վաստակաւոր գործիչ)

 

Ծանօթագրութիւններ

(1) Մ Նալբանդեան, Երկերի լիակատար ժողովածու, 6 հատորով, հ. 1, ՀՍՍՀ  ԳԱ հրատ., Ե., 1979, էջ 107-108:

(2) Նոյն տեղում, էջ 435:

(3) Հայ նոր գրականութեան պատմութիւն, ՀՍՍՀ  ԳԱԱ հրատ., Ե., 1962, էջ 195:

(4) Մ. Նալբանդեան, Երկերի լիակատար ժողովածու, 6 հատորով, հ. 1:

(5) Նոյն տեղում, էջ 438:

(6) Նոյն տեղում, էջ 4:

(7)  Նոյն տեղում, էջ 115:

(8) Ա.Ի. Գերցեն, Ընտիր երկեր (ռուսերէն), Մոսկուա, պետհրատարակչութիւն, 1959-1957, էջ 314-315:

(9) Մ. Նալբանդեան, Երկերի լիակատար ժողովածու, 6 հատորով, հ. 1, ՀՍՍՀ  ԳԱ հրատ., Ե., 1979, էջ 9:

(10) Նոյն տեղում, էջ 107:

 

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)