Արցախի Ընտրութիւնը . Ոչ Միայն Ընտրութիւն, Այլ Յաղթանակ` Ազրպէյճանի Նկատմամբ
By adminx - Mon Jul 23, 5:46 am
- 0 Comments
- 32 views
- Tweet
Email
Print
ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
Արցախի նախագահական ընտրութիւններում գործող նախագահ Բակօ Սահակեանի յաղթանակը կասկած չէր յարուցում: Յուլիսի 19-ի քուէարկութեան ընթացքում նա ստացաւ ձայների աւելի քան 66 տոկոսը: Այլընտրանքային կամ ընդդիմադիր թեկնածու Վիթալի Բալասանեանը, ով արցախեան ազատամարտի իրական հերոսներից է եւ տարիներ առաջ արժանացել է «Արցախի հերոս» բարձրագոյն պարգեւին, ստացաւ ձայների աւելի քան 32 տոկոսը: Նախագահի երրորդ թեկնածուն` Արկադի Սողոմոնեանը, չկարողացաւ հաւաքել քուէների անգամ մէկ տոկոսը:
Գործող նախագահ Սահակեանի վերընտրուելու հնարաւորութիւնները մեծ էին մի քանի պատճառներով: Առաջին. ինչպէս Հայաստանում, այնպէս էլ Արցախում, չի եղել նախագահական որեւէ ընտրութիւն, որի ընթացքում յաղթի ընդդիմութեան թեկնածուն կամ գործող նախագահը պարտութիւն կրի: Երկրորդ. գործող նախագահները օգտագործում են իշխանական եւ ուժային լծակները: Երրորդ. Սահակեանի դէպքում Արցախի առաջատար բոլոր քաղաքական ուժերը, այդ թւում` ՀՅԴ-ն, պաշտպանում էին հէնց նրա թեկնածութիւնը:
Նման պայմաններում ընդդիմադիր կամ այլընտրանքային թեկնածուին յաղթելու հնարաւորութիւն գրեթէ չէր մնում: Սակայն Բալասանեանի ստացած վստահութիւնը, կարելի է ասել, անակնկալ էր: Նախագահական նախորդ չորս ընտրութիւններում երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուին լաւագոյնը յաջողուել էր հաւաքել քուէների շուրջ 12 տոկոսը: Բալասանեանին յաջողուեց ստանալ արցախցիների աւելի քան 32 տոկոսի վստահութիւնը:
Սա նշանակում է, որ յուլիսի 19-ի ընտրութիւններում աղաղակող կեղծիքներ ու ընտրութիւնների ելքի վրայ էական ազդեցութիւն թողած ընտրախախտումներ, ինչը բնորոշ է Հայաստանի նախագահական ընտրութիւններին, Արցախում չեն գրանցուել: Ի դէպ, Բալասանեանը քուէարկութիւնը որակել է «ազատ, բայց ոչ արդար»: Երկրորդ, սա նշանակում է, որ Արցախում բնակչութեան աւելի քան մէկ երրորդը դժգոհ է իշխանութիւնների քաղաքականութիւնից եւ ցանկանում է բարեփոխումներ ու աւելի արժանապատիւ կեանք: Քարոզարշաւի ողջ ընթացքում Բալասանեանը քննադատում էր Սահակեանին եւ առաջարկում առկայ խնդիրների լուծման իր տարբերակներն ու պատկերացումները: Բնակչութեան աւելի քան 32 տոկոսը վստահեց Բալասանեանին ու նրա ծրագրին: Բայց աւելի կարեւոր էր մէկ այլ բան. Բալասանեանը եւ նրա խմբակը կարողացաւ ջարդել այն կարծրատիպը, թէ իշխանութիւններին քննադատելով` Ազրպէյճանի ջրաղացին ջուր ենք լցնում: Անկախ նրանից, թէ ի՛նչ են մտածում Ազրպէյճանում կամ այլուր, չի կարելի առկայ խնդիրները լռութեան ու անտարբերութեան մատնել: Աւելի՛ն. պէտք է վեր հանել Արցախի ներքին խնդիրները եւ դրանք լուծել:
Յուլիսի 19-ին Արցախը ոչ միայն ընտրեց (վերընտրեց) իր նախագահին, այլ ժողովրդավարութեան հարցում յաղթեց Ազրպէյճանին: Հարեւան երկրի նախագահական ընտրութիւններում երբեւէ չի յաջողուել ընդդիմութեանը հաւաքել ձայների աւելի քան 30 տոկոս: Աւելի՛ն. այսօր Ազրպէյճանի սահմանադրութիւնը այնպէս է յարմարեցուել իշխող վարչակարգին, որ Իլհամ Ալիեւը կարող է անընդհատ մնալ նախագահի պաշտօնին: Ի դէպ, Ազրպէյճանի նախագահական վերջին ընտրութիւններում Ալիեւը ստացել էր քուէների շուրջ 87 տոկոսը: Սա արդիւնք է, որին ո՛չ միջազգային հանրութիւնը եւ ո՛չ էլ Ազրպէյճանի ժողովուրդը չի հաւատում:
Ինչո՞ւ է կարեւոր, որ Արցախը ժողովրդավարութեան առումով մի քանի քայլ առաջ լինի Ազրպէյճանից: Ժողովրդավարութեան առկայութիւնը Արցախի միջազգային ճանաչման դժուարին ու երկարատեւ ճանապարհի պահանջուած պայմաններից է: Ե՛ւ բանակցային գործընթացում, ե՛ւ միջազգային ասպարէզում հայութեան ձեռքին աւելի հզօր լծակ, քան Արցախի ժողովրդավարութիւնն է ամբողջատիրական Ազրպէյճանի նկատմամբ, ուղղակի չկայ: Ժողովրդավարութիւնը միայն ընտրութիւններով չի որոշւում, անշուշտ: Կարեւոր են նաեւ ազատ մամուլի, մարդու իրաւունքների յարգման եւ օրէնքի գերակայութեան պահպանման կանոնները, բայց ընտրութիւնները հասարակութեան եւ միջազգային հանրութեան համար ժողովրդավարութեան մակարդակի ամենատեսանելի եւ շօշափելի ցուցիչներն են:
Միջազգային հեղինակաւոր «Ֆրիտըմ հաուս» կազմակերպութիւնը ամէն տարի ներկայացնում է աշխարհի ճանաչուած եւ չճանաչուած երկրների ժողովրդավարութեան աստիճանը` նրանց դասակարգելով երեք հիմնական խմբերում` «ազատ», «մասամբ ազատ» եւ «ոչ ազատ»: Եթէ վերջին 15 տարիներին Ազրպէյճանը իր մնայուն տեղն է զբաղեցնում «ոչ ազատ», իսկ Հայաստանը` «մասամբ ազատ» երկրների շարքում, ապա Արցախը մինչեւ 2010 թուականը Հայաստանի հետ նոյն խմբում էր` «մասամբ ազատ»: Վերջին երկու տարիներին Արցախը եւս համարւում է «ոչ ազատ»: Պատճառը ոչ թէ «Ֆրիտըմ հաուս»-ի կողմնակալութիւնն է, ինչպէս փորձում են ներկայացնել որոշ հայ պաշտօնեաներ ու վերլուծաբաններ, այլ` այն քուէարկութիւնը, որը տեղի ունեցաւ Արցախում 2010-ին: 2010թ. ԼՂՀ խորհրդարանական ընտրութիւններին ոչ մի ընդդիմադիր թեկնածու կամ կուսակցութիւն չէր մասնակցում: Սա արդէն բաւարար էր, որպէսզի Արցախին դասեն «ոչ ազատ» երկրների շարքին:
Պէտք չէ անտեսել միջազգային հեղինակաւոր կազմակերպութիւնների եւ միջազգային հանրութեան տեսակէտը: Խոշոր պետութիւնները, այդ թւում` ԵԱՀԿ Մինսքի խմբի եռանախագահները, եւ միջազգային կազմակերպութիւնները Արցախի մասին կարծիք են կազմում ոչ թէ հայկական իշխանութիւնների յայտարարութիւններով եւ կամ իշխանական լրատուամիջոցների թղթակցութիւններով, այլ` հեղինակաւոր միջազգային կազմակերպութիւնների զեկոյցներով ու գնահատականներով: Ահա թէ ինչո՛ւ պէտք չէ անտեսել այդ կազմակերպութիւնների զեկոյցները:
Գրեթէ կասկած չկայ, որ «Ֆրիտըմ հաուս»-ի նոր զեկոյցում Արցախը կը վերադառնայ «մասամբ ազատ» երկրների շարք եւ չի լինի Ազրպէյճանի հետ նոյն խմբում: Ճիշդ է, միջազգային հանրութիւնը չի ճանաչում Արցախը որպէս անկախ պետութիւն, սակայն մեծ ուշադրութեամբ է հետեւում այնտեղ ընթացող ներքաղաքական եւ ժողովրդավարական զարգացումներին: Արցախի միջազգային դրական ընկալման համար շատ կարեւոր է, որպէսզի Արցախում լինի ընդդիմութիւն եւ լինեն անկախ եւ ընդդիմադիր լրատուամիջոցներ: Նախորդ 20 տարիներին, ժամանակ առ ժամանակ, Արցախում միակ ընդդիմադիր քաղաքական ուժը եղել է ՀՅԴ-ն: Այսօր, երբ Դաշնակցութիւնը աւելի շատ համագործակցում է իշխանութիւնների հետ, ըստ էութեան, Արցախում ընդդիմադիր դաշտը ազատ է: Վիթալի Բալասանեանը իր ստացած քուէներով լուրջ յաւակնութիւն կարող է ունենալ ընդդիմադիր նոր ուժ ձեւաւորելու ճանապարհին:
Բալասանեանը ընտրութիւնների յաջորդ իսկ օրը իր ստացած քուէները համարել է լաւ արդիւնք քաղաքական նոր կառոյցի ստեղծման համար: Արցախում լուրջ ընդդիմութեան առկայութիւնը կարող է նպաստել պետութեան զարգացմանը եւ նրա միջազգային ճանաչմանը, այլ ոչ` հակառակը: Հայկական ուժեղ բանակը, այո՛, ամէնից կարեւոր պաշտպանն է Ազրպէյճանի նոր ոտնձգութիւնները զսպելու գործում, սակայն պէտք է գիտակցել, որ ժողովրդավարութեան ամրագրումը եւս նպաստում է Արցախի անվտանգութեանը եւ պաշտպանութեանը:
Արցախին ընդդիմութիւն պէտք է ոչ թէ եւ ոչ միայն աշխարհին ցոյց տալու, այլ առաջին հերթին ի՛ր համար: Ուժեղ ընդդիմութեան առկայութիւնը եւ նրա կողմից իշխանութիւնների վերահսկողութիւնը վերջիններին ստիպում է աւելի արդիւնաւէտ աշխատել եւ հաշուետու լինել հասարակութեանը: Կարելի է ենթադրել, որ Արցախի իշխանութիւններն այսուհետ աւելի հաշուետու կը լինեն հասարակութեանը: Որեւէ ժողովրդավարական պետութիւն, լինի ճանաչուած կամ ոչ, չի կարող լինել առանց լուրջ ընդդիմութեան: Արցախին պէտք է նաեւ ազատ, այլընտրանքային եւ ընդդիմադիր լրատուադաշտ` կուսակցական եւ պաշտօնական լրատուամիջոցների կողքին:
Յատուկ «Ազդակ»-ի համար
- 0 Comments
- 32 views
- Tweet
Email
Print



