Thursday Jun 20, 2013

Կոմանդոս. «Աստուած Ինքն Է Ինձ Ուղարկել Աշոտին»

By adminx - Mon Jul 23, 5:40 am

ԼԵՒՈՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

Բազմաթիւ նշանաւոր գրողներ, անցեալ դարի երեսնական թուականներից սկսած, գրել են «կորուսեալ սերնդի» մասին, նկատի ունենալով Ա. Համաշխարհային պատերազմի ռազմաճակատներում մարտնչած այն երիտասարդներին, ովքեր յաճախ դեռեւս կեանքը չճանաչած, արդէն սովորել էին սպաննել: «Կորուսեալ սերնդի» թեման արծարծուել է Հեմինկուէյի, Ռեմարքի, Պարպիւսի, Ֆիցճերալտի, Օ՛Հարայի եւ այդ ժամանակաշրջանի միւս խոշորագոյն գրողների երկերում: Նրանց ստեղծագործութիւններում «կորուսեալ սերունդը» բարոյապէս, ոչ հազուադէպ նաեւ` ֆիզիքապէս, հաշմուած մարդիկ էին, որոնք ունակ չէին համակերպուելու խաղաղ կեանքին: Ընդ որում, ոչ մի նշանակութիւն չունէր, թէ ո՛ր կողմից էին կռուել այդ երիտասարդները, ում յետոյ պիտի անուանէին «կորուսեալ սերունդ»: Տխուր է այդ երկերի հերոսներից շատերի ճակատագիրը. նրանք տարւում են հարբեցողութեամբ, ախտահարւում անբուժելի հիւանդութիւններով, դիմում ինքնասպանութեան: Մի խօսքով, անգամ խաղաղութեան հաստատումից յետոյ պատերազմը շարունակում էր սպաննել նրանց:

1973 թուականին, Վիեթնամի պատերազմի փաստացի աւարտից յետոյ, ամերիկեան հասարակութիւնը, ի դէմս ընկճախտային խանգարում ապրած բազմաթիւ երիտասարդների, բախուեց «վիեթնամական համախտանիշին»: Նրանք առանձնանում էին միաժամանակեայ յարձակողապաշտութեամբ ու անկումային տրամադրութեամբ, քրէական յանցագործութիւնների նկատմամբ հակուածութեամբ եւ աշխատունակութեան բացակայութեամբ: Միացեալ Նահանգներում կտրուկ աճ ապրեցին ծանր յանցագործութիւնների տոկոսը եւ թմրամոլութիւնը: Կրկին յայտնուեցին գիտնականներ ու գրողներ, ովքեր «վիեթնամական համախտանիշը» փորձում էին բացատրել յետպատերազմեան ծանր հոգեբանական ապրումներով: Միեւնոյն ժամանակ  ուշադրութեան չարժանացաւ այն հանգամանքը, որ հէնց վիեթնամցիների մէջ «վիեթնամական համախտանիշն» առանձնապէս լայն տարածում չգտաւ: Ու դա այն դէպքում, երբ պատերազմին մասնակցել էին բազմակի անգամ շատ վիեթնամցիներ, քան` ամերիկացիներ, նրանք վերապրել էին աւելի ծանր ընկճախտներ, երբ վիեթնամցիների տներն էին փլուզուել ու երեխաները զոհուել: Սակայն «վիեթնամական համախտանիշը» վարակեց միայն ամերիկացիներին:

Եթէ անդրադառնանք արցախեան պատերազմին, ապա «վիեթնամական համախտանիշը» փաստօրէն ամենեւին չազդեց Պաշտպանութեան բանակի մարտիկների ու ԼՂՀ բնակչութեան վրայ: Աւելի՛ն. նախապատերազմեան տարիների համեմատ զգալիօրէն կրճատուեց յանցաւորութեան մակարդակը: Ճիշդ է, Արցախի երիտասարդութեան որոշ մասը խաղաղ պայմաններում «կորցրեց իրեն», բայց նրանց թուաքանակը ոչ մի կերպ իրաւունք կամ հնարաւորութիւն չի ընձեռում եզրակացնել կորուսեալ սերնդի կամ, առաւել եւս, «վիեթնամական համախտանիշի» մասին: Ինչքան գիտեմ, այս հարցով ընկերաբանական յատուկ հետազօտութիւններ չեն կատարուել, բայց համոզուած եմ, որ եթէ այդպիսիք անցկացուէին, ապա այսօր կը խօսէինք «արցախեան համախտանիշի», կամ խաղաղ կեանքին յետպատերազմեան հանրութեան բնական համակերպման մասին:

Ազրպէյճանական յարձակման տարիներին Արցախի տղամարդկանց մեծագոյն մասը, այդ թւում եւ 14-16 տարեկան տղաները, զէնքը ձեռքներին հայրենիք էին պաշտպանում: Թւում է, թէ Արցախում առկայ են եղել կորուսեալ սերնդի եւ «վիեթնամական համախտանիշի» բոլոր նախադրեալները: Խոստովանեմ, որ այս հարցն ինձ շատ է մտահոգել պատերազմի տարիներին, բայց հետագայում ես այդ մասին մոռացայ, քանզի այդ համախտանիշները երբեւէ չարտայայտուեցին Արցախում: Ի դէպ, ի տարբերութիւն Ազրպէյճանի, որտեղ, ըստ մամուլում տեղ գտած հրապարակումների, եթէ ձեռնպահ մնանք աւելի ճշգրիտ սահմանումից, առկայ է «վիեթնամական համախտանիշը»:

Այս ամէնը ես մտաբերեցի, յուլիսի 5-ին, իմ վաղեմի ռազմաճակատային ընկերոջ` Աշոտ Խաչատրեանի ծննդեան տարեդարձը նշելիս: Սեղանի շուրջ նստած էին մօտ 60 մարդ, որոնցից շատերը պատիւ են ունեցել երիտասարդ հասակում զէնքը ձեռքին հայրենիք պաշտպանել ու ոչնչացնել թշնամուն շատ աւելի վաղ, քան նրանց կարող էին հասուն տղամարդ համարել: Այն միտքը, որ ես ներկաներից ամենատարեցն եմ, տրամաբանօրէն յիշեցրեց կորուսեալ սերնդի  ու «վիեթնամական համախտանիշի» մասին: Բայց մասնակիցների մէջ չկար ոչ մի «կորուսեալ», կամ առաւել եւս` «վիեթնամական համախտանիշով» տառապող անձ: Կարող է եւ տարօրինակ թուալ, բայց, չնչին բացառութեամբ, ինչը դժբախտաբար վերաբերում է նաեւ ինձ, նրանցից ոչ ոք նոյնիսկ չէր ծխում: Նրանք աշխատում են տարբեր ոլորտներում` ի բարօրութիւն հայրենիքի, զրուցում են հանդարտ, առանց բորբոքուելու, պատմում երեխաների յաջողութիւններից ու իրենց ծրագրերի մասին: Մի խօսքով` սովորական մարդիկ են, ինչպէս ընդունուած է ասել, աշխատունակ տարիքում, եւ լիովին արդարացնում են այդ տարիքը:

Արդարացի կը լինէր գրել նրանցից իւրաքանչիւրի մասին, բոլոր իմ ողջ ու ընկած ընկերների մասին, որոնց բարեկամութեամբ  մշտապէս հպարտանալու եմ, բայց, ափսոս, այսօր դա հնարաւոր չէ: Հետեւաբար, օգտուելով առիթից, որ 5 յուլիսին մենք նշում ենք Աշոտ Խաչատրեանի ծննդեան տօնը, կը պատմեմ մէկ-երկու ճակատային դրուագներ նրա մասնակցութեամբ, նախապէս յիշեցնելով, որ Ոսկանապատի համար նա է հեղինակել «Ուղեղների պատերազմը»:

Աշոտը շատ երիտասարդ էր, երբ եկաւ Արցախ, չնայած` ամենապատանի մարտիկն էլ չէր: Բայց նա իր տարիքից էլ էր երիտասարդ երեւում: Աշոտի արտաքինի լիարժէք պատկերացման համար նշեմ, որ երբ կինս առաջին անգամ նրան տեսաւ, չդիմացաւ. «Ի՛նչ լաւ բալիկ է, մեր կրտսերին է նման»: Իսկ «մեր կրտսերի նմանակը» շատ շուտով դարձաւ այն ժամանակուան Արցախի ինքնապաշտպանութեան ուժերի լաւագոյն մարտիկներից մէկը, այնուհետեւ էլ գլխաւորեց մեր ռազմական հետախուզութիւնը:

Բացառիկ վերլուծական միտքը, միակ ճիշդ որոշումն ընդունելու կարողութիւնը, ոչ կաղապարուած մտածողութիւնը, հակառակորդի մտայղացումները գուշակելու ունակութիւնը: Հետախոյզի այս բոլոր անբեկանելի որակները բնատուր էին Աշոտի մօտ: Արժէ՞ր զարմանալ, որ արդէն 24 տարեկանում նա դարձաւ ԼՂՀ Ազգային անվտանգութեան պետական վարչութեան առաջին պետը: Իսկ դրանից դեռ շատ առաջ Կոմանդոսը` Արկադի Տէր Թադեւոսեանը, իր կնոջը գրել էր հետեւեալ տողերը. «Աստուած ինքն է ինձ ուղարկել Աշոտին»:

Աշոտի մարտական կեղծանունն էր «Կրտսեր եղբայր»: Առայսօր ես կատակում եմ, որ Աշոտին յաջողուեց շատ կարճ ժամկէտում Կրտսեր եղբօրից վերափոխուելու Ուսուցչի, ապա նոյնքան արագ` ընկերոջ, յաջողացնելով միաժամանակ մնալ որպէս կրտսեր եղբայր: Հասկանալի է, թէ ինչու Կրտսեր եղբայր, բայց ինչպէ՞ս կարող էր գրեթէ պատանի մարտիկը դառնալ Ուսուցիչ: Գաղտնիքն այն է, որ Աշոտը լիարժէք տիրապետում էր այդ պատերազմում գործածուող բոլոր զինատեսակներին (կասկածում եմ, որ նրան յայտնի են աշխարհի բոլոր զինատեսակները, նոյնիսկ նրանք, որոնց արտադրութիւնը դեռ նոր է ծրագրւում) եւ շռայլօրէն կիսւում էր մեզ հետ իր գիտելիքներով: Ինչպէ՞ս կարելի է բացարձակապէս անձայն ստուգել փամփուշտի առկայութիւնը ինքնաձիգի փամփշտակալում: Ինչպէ՞ս անվտանգ պահել պայթուցիկները: Ինչպէ՞ս պատրաստել պայթուցիկ` կենցաղային նիւթերից: Ինչպէ՞ս անտառում կարդալ հետքերը: Ինչպէ՞ս քողարկուել անտառում կամ սարերում: Ու չկար այնպիսի հարց, որի պատասխանը չունենար Աշոտը:

Աշոտը միայն չգիտէր, թէ ի՛նչ է հանգիստը: Նա կարող էր չքնել 5-7 օր, այդ ընթացքում մէկ երկու անգամ աչքերը փակ մի քանի րոպէով յենուելով ծառին: Ի՞նչն էր կապում նրան արցախեան ծառերի հետ, յայտնի չէ, սակայն նմանատիպ «վարժանքից» յետոյ նա կարող էր չքնել եւս մի քանի օր: Ու մշտապէս մնում էր թարմ, մաքուր, կարծես հէնց նոր լուացած ու արդուկած հագուստով:

***

1991թ. աշնանը մենք գտնւում էինք Հադրութում, մի քանի քիլոմեթր հեռու անդրկովկասեան թուրքերի կողմից բնակեցուած մի գիւղից, որը քարտէսի վրայ կոչւում էր Գոգա: Այդ գիւղի բուն հայկական անունը Վեղեր էր, սակայն յիսունականների սկզբին այն առանձնացուել էր Լեռնային Ղարաբաղից ու միացուել Ֆիզուլու շրջանին: Դրանից յետոյ հայերը հեռացել էին գիւղից: 1991 թուին այն վերածուել էր Ազրպէյճանի ՕՄՕՆ-ի մարտական յենակէտի, իսկ  տներից մէկը դարձրել էին կենտրոն,  տանիքին կանգնեցնելով դրօշ: Խառը ժամանակներ էին: Խորհրդային Միութիւնը հոգեվարքի մէջ էր, իսկ Արցախում «կարգ ու կանոն հաստատելու համար» տեղակայուած զինուորական ու ոստիկանական ստորաբաժանումների սպաները ձգտում էի գումարներ վաստակել` կատարելով մերթ մեր, մերթ թշնամու «պատուէրները»:

Հադրութի շրջանի Տող գիւղում տեղակայուած էր այդպիսի «խաղաղապահ» մի գումարտակ: Սպաներից մէկին ես առաջարկեցի 500 ռուբլու դիմաց ականանետով կրակել հակառակորդի կենտրոնին: Խորոզատես մայորն իսկոյն համաձայնուեց: Նա բաւականին երկար հաշուարկելով թիրախը ու աւարտելով նշանառութիւնը, կրակեց: Ականը պայթեց տանից մօտ 200 մ հեռաւորութեամբ: Սպան գոհունակութեամբ շփեց ձեռքերը, որ մի քանի կրակոցով կարող է փող աշխատել: Այստեղ ես բողոքեցի, մինչեւ դուք կրակոցներ արձակէք, այդ տանը մարդ չի մնայ: Մայորն սկսեց բացատրել, որ ականանետը հրացան չէ ու դրանից անհնար է մի անգամից դիպչել թիրախին: Ես հիասթափուած էի, քանզի եթէ թուրքերը դեռ չեն փախել, ապա երկրորդ յարկից յետոյ տանը հաստատ մարդ չէր մնայ: Այդ պահին Աշոտը, որ ամբողջ ընթացքում լուռ հետեւում էր մեզ, հայերէն դիմեց ինձ. «Ասա թող թոյլ տան ես կրակեմ»: Իմանալով արդէն Աշոտի ունակութիւնները, ես դիմեցի մայորին. «Լսի՛ր, մայո՛ր, թող մեր հրաձիգը կրակի, եթէ առաջին անգամից դիպչի, ես քեզ ոչինչ չեմ տալիս, իսկ եթէ ոչ, վճարում եմ կրկնակին»: Մայորը նայեց «տղային» ու իսկոյն համաձայնուեց: Աշոտը մօտեցաւ ականանետին, շոյեց փողը, ինչ-որ բաներ պտտացրեց, հաշուարկներ արեց, ապա կրակեց: Տունը, տանիքը, դրօշը մի անգամից ցրիւ եկան: Փողերը մնացին մեզ, իսկ մայորը դարձաւ Աշոտի մտերիմ ընկերը:

***

Հայկական երեք գիւղերի եւ հեռուստաաշտարակի ազատագրմանն ուղղուած Սարինշենի գործողութիւնը սկսուեց ® ռատիօեթերում Աշոտի կողմից հնչեցրած հրամանով. «Ուշադրութի՛ւն, բոլոր ջոկատներին, սկսում ենք Ֆազիլիա գործողութիւնը»: Թշնամին իսկոյն «բացայայտեց» հաղորդագրութեան «բարդ ծածկագիրը» եւ գլխի ընկաւ, որ հայերը պատրաստւում են յարձակուելու Ֆիզուլիի ուղղութեամբ: Թէ ինչպէս էին մեզ սպասում Ֆիզուլիում, ինձ յայտնի չէ, սակայն հայկական երեք գիւղերում բուն դրած ՕՄՕՆ-ականներն այդպէս էլ ոչ մի օգնութիւն չստացան:

***

Կրկժանը Ստեփանակերտի վրայ կախուած թաղամաս է, որը մինչեւ 1992 թ. յունուարի վերջը հիմնականում բնակեցուած էր անդրկովկասեան թուրքերով: Այստեղից ամէն օր կրակում էին քաղաքի վրայ: Յատկապէս վտանգաւոր էին ջրի հերթերը: Ծարաւ մարդիկ, հիմնականում կանայք, օրերով հերթ էին կանգնում աղբիւրի մօտ, իսկ թշնամին, դրանից օգտուելով, համարեա ամէն օր մարդ էր սպաննում: Վերջապէս որոշում կայացուեց չէզոքացնել այդ չարորակ ուռուցքը: Խնդիրը բարդ էր այնքանով, որ Կրկժանի եւ դեռեւս թուրքերի ձեռքում գտնուող Շուշիի միջեւ ուղիղ կապ կար, ու հակառակորդն անընդմէջ օգնութիւն էր ստանում կենդանի ուժի ու ռազմամթերքի տեսքով: Այնուամենայնիւ Կրկժանն ազատագրուեց ազրպէյճանական աւազակային խմբաւորումներից: Բայց մնացել էր մի սպայ, որը փակուել էր խուլ մի շինութիւնում ու անդադար կրակում էր տարբեր ուղղութիւններով: Նրան սպաննելն իմաստ չունէր, ընդհակառակը, ձեռնտու էր կենդանի վերցնել, բայց նա կրակում էր ու կրակում: Այդպէս շարունակուեց մի քանի ժամ, մինչեւ եկաւ Աշոտը իր վինչեստրով.

- Էս հո Շուշիի «մեր ընկերների» ուղարկած բոլոր պատրոնները կը ծախսի,- Աշոտը գրեթէ առանց նշան բռնելու արցունքաբեր կազի փամփուշտով կրակեց կառոյցի մի նեղ անցքի; Յետոյ նոյն անցքին կրակեց եւս մի փամփուշտ: Մէկ րոպէ չանցած` ոտքից վիրաւոր ու մահացու սարսափած սպան դուրս սողաց իր բնից:

***

Ազրպէյճանական աւազակախմբերի գազանութիւնների տարիներին Արցախի համարեա բոլոր գլխաւոր ճանապարհները նրանց հսկողութեան տակ էին: Մեր բոլոր ինքնաշարժները անխնայ գնդակոծւում էին: Ստիպուած` կառուցում էին նոր ճանապարհներ անտառի միջով: Այդպիսի մի ճանապարհով ես ու Աշոտը գիշերով վերադառնում էինք Ստեփանակերտ: Նա նստել էր ղեկի առջեւ ու ժամանակ առ ժամանակ մի քանի վայրկեանով վառում էր լապտերները: Թշնամին, Շուշիից նկատելով մեր մեքենան, խոշոր տրամաչափի զինատեսակներից խիտ կրակ բաց արեց: Մեզանից մօտ քսան մեթր յետ արկերը խուզեցին ծառերը: Աշոտը սառնասրտօրէն շարունակում էր վարել մեքենան, իսկ ես թեքուելով մեզանից մի քանի հարիւր մեթր հեռու գտնուող թշնամու կողմը` ասացի. «Ապուշներ, որպէսզի շարժուող թիրախին դիպչէք, պիտի կրակէք նրա շարժմանն ընդառաջ»: Աշոտը շրջուեց իմ կողմը ու լուրջ տեսքով յանդիմանեց. «Կամա՛ց, կը լսե՛ն»:

***

Ստանձնելով Արցախի Ազգային անվտանգութեան պետական վարչութեան ղեկավարի պաշտօնը` Աշոտը խորհրդային թրծուածքի ՔԱ. Կէ. Պէ.-ականներին բաւականին արագ վերաուղղորդեց ու դրեց ճիշդ ուղու վրայ: Նրա անմնացորդ հայրենասիրութիւնը եւ երկաթեայ, անսասան կամքը արագ փոխանցուեցին ենթականերին, եւ մեր ազգային անվտանգութեան համակարգն աշխատեց երկրին անհրաժեշտ հունով:

Հետախուզական գործունէութեան մեթոտների, յատուկ ծառայութիւնների իրականացրած գործողութիւնների մասին, որպէս կանոն, յիշում են շատ տարիներ անց, այն էլ թռուցիկ ու ակնարկներով: Իսկ որոշ բաներ այդպէս էլ մնում են առանձնասենեակների լռութեան մէջ: Այս պատճառով է, որ իմ պատմութիւններն Աշոտի մասին այսքան կցկտուր են: Յուսով եմ, որ երբեւէ, եթէ ոչ ես, ապա ինչ-որ մի ուրիշը կը կարողանայ պատմել Աշոտ Խաչատրեանի մասին աւելի մանրամասն: Իսկ առայժմ վերադառնանք ամերիկացիների «վիեթնամական համախտանիշին» ու Եւրոպայի կորուսեալ սերնդին:

Իմ խորին համոզմամբ, այդպիսի երեւոյթ կարող է տեղի ունենալ միայն անիմաստ պատերազմի ու ոչնչով չարդարացուած սպանութիւնների պայմաններում: Ա. Աշխարհամարտը պատերազմ էր աշխարհի բաժանման համար, այն ոչ մի ընդհանրութիւն չունէր դրանում ընդգրկուած ժողովուրդների ազգային ձգտումների հետ: Մարդիկ կրակում էին միմեանց վրայ, թունաւորում կազով կամ հրդեհում իրար միայն նրա համար, որ դա պէտք էր իրենց իշխանութիւններին: Դա մի մսաղաց էր, որտեղ սպաննւում էր մարդկային գոյը: Պատահական չէր, որ Բ. Համաշխարհայինը չծնեց կորուսեալ սերունդ: Նոյնքան անիմաստ էր նաեւ Միացեալ Նահանգների պատերազմը Վիեթնամի դէմ: Աւելի ստոյգ, այն իմաստ ունէր խամաճիկ խաղացնողների համար, բայց ոչ երբեք` շարքային Ճոն Սմիթի, ում ուղարկել էին հեռաւոր անտառներ` սպաննելու եւ մեռնելու: Նման պատերազմի անմտութիւնն առաջ է բերում յոռետեսութիւն, անկումային տրամադրութիւն ու կեանքի նկատմամբ անտարբերութիւն: Իրենց օճախն ու հայրենիքը պաշտպանած վիեթնամցիները ոչ միայն անկումային տրամադրութիւն չապրեցին, այլեւ ստեղծագործ կեանքի մի հզօր ազդակ ստացան:

Նոյն բանը կատարուեց եւ Արցախում: Յարձակում սկսած Ազրպէյճանը հայոց լեռներում ըստ էութեան երկու պարտութիւն կրեց: Առաջինի մասին յաճախ է խօսւում: Կորցնելով 37 ու կէս հազարից աւելի ասկեարների, Ազրպէյճանը խաղաղութիւն աղերսեց: Երկրորդ պարտութիւնը անդրկովկասեան թուրքերի կորուսեալ սերունդն է, որն այդպէս էլ չհասկացաւ, թէ յանուն ինչի՞ զոհաբերուեց արցախեան լեռներում:

Իր հերթին, բազմակի անգամ աւելի շատ սպառազինութեան եւ կենդանի ուժի տիրապետող Ազրպէյճանին ծնկի բերած հայ մարտիկները ստացել են ստեղծագործական հսկայական դրական լիցք, ինչն էլ օգնում է Արցախի հանրապետութեան քաղաքացիներին` կառուցել իրապէս ժողովրդավար հանրութիւն:

Ահա այսպիսի մտքեր էին ինձ այցելում ընկերոջս ծննդեան տօնակատարութեան ժամանակ, ուր շնորհաւորելու էին եկել տասնեակ մարտական ընկերներ: Մնում է միայն աւելացնել, որ սեղանի շուրջ նստել էին գիտութեան չորս թեկնածու, վաստակաւոր արուեստագէտ, կապի գծով Հայաստանի լաւագոյն ճարտարագէտներից մէկը, գործարարներ, բժիշկներ, ուսուցիչներ, շինարար բանուորներ® Ահա այսպիսին է մեր «Կորուսեալ սերունդը»:

 

 

Leave a Reply

Advertisement