Երեւանը Կրկին Յոյսը Դրել Է Մոսկուայի Վրայ. Հայաստանին Անհրաժեշտ Է Մէկ Միլիառ Տոլար Եւ Էժան Կազ
By adminx - Mon Jul 16, 5:46 am
- 0 Comments
- 59 views
- Tweet
Email
Print
ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
Երբ Եւրոպական Միութիւնը Հայաստանին ֆինանսապէս օժանդակելու նպատակով նախատեսուած նուիրատուների համաժողովը յետաձգեց` ակնարկելով, որ մայիսի 6-ի խորհրդարանական ընտրութիւնները լիովին չեն արդարացրել եւրոպական կառոյցների ակնկալիքները, Երեւանը յայտնուեց բաւական դժուար կացութեան մէջ: Հայաստանը ակնկալում էր, որ այդ համաժողովում հնարաւոր կը լինէր ապահովել մինչեւ 1.5 միլիառ տոլար վարկ եւ օգնութիւն: Պաշտօնական Երեւանին այլ ընտրութիւն չի մնում, քան վարկ ստանալու ակնկալիքով դիմել իր ռազմավարական գործընկերոջը` Ռուսաստանին:
Մի քանի օր առաջ, երբ Հայաստանում էր Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի նախագահ Վալենթինա Մաթուիենքոն, Մոսկուայի օրաթերթերից «Նեզաւիսիմայա կազեթա»-ն գրեց, որ` «Երեւանը դիմել է Մոսկուային` 800 միլիոնից 1 միլիառ տոլարի չափով վարկի տրամադրման խնդրանքով, ընդ որում` ամենաբարձր տոկոսով»: Վարկ ստանալու հետ մէկտեղ Երեւանը փորձում է Մոսկուային համոզել, որպէսզի ռուսական «Կազփրոմ»-ը որոշ ժամանակով յետաձգի Հայաստան մատակարարուող կազի գնի թանկացումը:
Հայաստանին վարկ անհրաժեշտ է երկու հիմնական նպատակով: Առաջին` ծածկել պետական պիւտճէի պակասորդը, երկրորդ` մարել նախկինում վերցուած վարկերի տոկոսադրոյքներն ու մայր գումարը: Հայաստանը վարկեր սկսել է վերցնել 1991 թուականի անկախութիւնից ի վեր: Արդէն 2007 թուականին Հայաստանի արտաքին պարտքը կազմում էր 1.5 միլիառ տոլար: Միջազգային ֆինանսական ճգնաժամի եւ Հայաստանի տնտեսութեան անկման պատճառով վարչապետ Տիգրան Սարգսեանի կառավարութիւնը սկսեց օտարերկրեայ վարկեր ներգրաւել աննախադէպ մեծ ծաւալներով: Չորս տարիների ընթացքում Հայաստանի արտաքին պարտքը հասաւ 3.6 միլիառ տոլարի:
Եթէ այս տարի Հայաստանի կառավարութիւնը պէտք է արտաքին պետական սպասարկման համար ուղղել է 130 միլիոն տոլար, ապա 2013-ին` 230 միլիոն, իսկ 2014-ին` 200 միլիոն: Այսպիսով, եթէ Երեւանին չյաջողուի նոր վարկեր ներգրաւել, ապա այս տարուանից սկսած կառավարութիւնը չի կարողանալու արտաքին պարտքերը մարել, ինչպէս նաեւ` կատարել պետական պիւտճէն: Հետեւաբար Հայաստանին առաջիկայում օդի ու ջրի պէս անհրաժեշտ է մինչեւ 1 միլիառ տոլար վարկ:
Թէեւ Ռուսաստանի տնտեսութիւնը չի ծաղկում, սակայն նրա մեծութիւնը թոյլ է տալիս վարկեր տրամադրել իր կրտսեր գործընկերներին: 2009 թուականին Ռուսաստանը Հայաստանին տրամադրեց 500 միլիոն տոլար վարկ տարեկան մօտ 3.8 տոկոսով: Ամենայն հաւանականութեամբ, այս անգամ էլ Ռուսաստանը վարկ կը տրամադրի Հայաստանին: Մտահոգիչն այն է, որ քաղաքական, տնտեսական եւ ռազմական ոլորտներում Ռուսաստանից մեծ կախում ունեցող Հայաստանը կախուածութեան մէջ է ընկնում նաեւ ֆինանսապէս:
Հայկական իշխանութիւնները հաստատում են, որ վարկեր ստանալու շուրջ բանակցութիւններ են գնում: Բացի այդ, «Կազփրոմ» ընկերութիւնում, «Հայռուսկազարդ»-ում եւ Հայաստանի ուժանիւթային ու բնական պաշարների նախարարութիւնում, առանց յաւելեալ մանրամասների, յայտարարում են, որ բանակցութիւններ են վարւում Հայաստան մատակարարուող ռուսական կազի գնի շուրջ: Հետաքրքրական է, որ ինչպէս ռուսական, այնպէս էլ հայկական մամուլում ռուսական վարկերի ստացման եւ ռուսական կազի նոր գնի շուրջ հարցերը դիտարկւում են միասնաբար:
«Նեզաւիսիմայա կազեթա»-ն գրել է. «Այսօր Երեւանը 180 տոլար է վճարում 1000 խորանարդ մեթր բնական կազի համար: Այս սակագինը չի փոխուել վերջին 3 տարում: Ներքին սակագների կտրուկ բարձրացումը անխուսափելիօրէն կը յանգեցնի բողոքային տրամադրութիւնների աճին` ոչ միայն ընդդիմութեան, այլեւ` թոշակառուների ու անապահով խաւի շրջանում, որոնք կազմում են ընտրազանգուածի զգալի մասը: Այս առումով Երեւանին հարկաւոր է հնարաւորինս արագ համոզել Մոսկուային` յետաձգել կազի սակագների բարձրացումը եւ չհրապարակել նոր գների մասին տուեալները»:
Հայկական մի քանի թերթեր, այդ թւում` «Օրակարգ»-ն ու «Հայկական ժամանակ»-ը, վկայակոչելով Հայաստանի կառավարութեանն առընթեր պետական եկամուտների կոմիտէի մաքսային ծառայութեան պաշտօնական կայքի տուեալները, գրել են, որ ռուսական կազի գինը արդէն 220 տոլար է 1000 խորանարդ մեթրի համար: Ստացւում է, որ ռուսական կազը արդէն իսկ թանկացել է: Շարքային սպառողների վրայ դա դեռեւս չի ազդել, քանի որ «Հայռուսկազարդը» (այս ընկերութեան բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է ռուսական «կազփրոմին», իսկ 20 տոկոսը` Հայաստանի կառավարութեանը) ներքին շուկայում` սպառողների վրայ, կազը վաճառում է նախկին գներով:
Դեռ 2008 թուականին «Կազփրոմ»-ը յայտարարել է, որ 2011 թուականից յետոյ Հայաստանին, Մոլտովային, Ուքրանիային եւ Պիելառուսիային կազը վաճառելու է եւրոպական գներով: Դա նշանակում է, որ առաջիկայում կազի գինը այդ երկրների համար կարող է հասնել 300-350 տոլարի 1000 խորանարդ մեթրի համար: Հայկական լրատուամիջոցներում տեղեկութիւններ են յայտնւում, որ այս տարուայ հոկտեմբերի 1-ից Հայաստանին մատակարարուող ռուսական կազի գինը Հայաստանի սահմանին արդէն արժենալու է 280 տոլար:
Պէտք է նշել, որ տարիներ շարունակ ռուսական կողմը Հայաստանին, ինչպէս նաեւ իր մի շարք ԱՊՀ գործընկերների, կազը վաճառում է ակնյայտ ցածր գներով` համեմատ եւրոպական գների: Ռուսական կազի թանկացումը ակնյայտօրէն կը հարուածի Հայաստանի տնտեսութեանը: Մի շարք ապրանքատեսակների եւ ծառայութիւնների գներ զգալիօրէն կը թանկանան, իսկ աղքատ խաւի համար, ովքեր կազմում են Հայաստանի բնակչութեան շուրջ 35 տոկոսը, կեանքը կը դառնայ աւելի ծանր: 2013 թուականի փետրուարին կայանալիք նախագահական ընտրութիւնների նախօրէին այս վիճակը աշխատելու է ընդդէմ գործող իշխանութիւնների: Անկասկած, գործող իշխանութիւնները կը փորձեն սպառողների համար գոնէ մինչեւ փետրուար պահել կազի գները ներկայ մակարդակի վրայ: Նշենք, որ արդէն երկրորդ տարին «Հայռուսկազարդ»-ը վնասով է աշխատում: Երկու տարուայ ընթացքում ընկերութեան վնասը կազմել է աւելի քան 26 միլիառ դրամ:
Հայկական լրատուամիջոցներում կան տեղեկութիւններ, որ մինչեւ փետրուար Հայաստանի կառավարութիւնը սպառողների համար չի բարձրացնելու կազի գները եւ դա կայուն է պահելու «Հայռուսկազարդ»-ում իր ունեցած 20 տոկոս բաժնեմասից 10 տոկոսը «Կազփրոմ»-ին փոխանցելու հաշուին:
Նման գործարք, անկասկած, չի բացառւում, յատկապէս եթէ յիշենք, որ Հայաստանը նախկինում, առաջին հերթին նախագահ Ռոբերթ Քոչարեանի ղեկավարութեան տարիներին, բազմաթիւ ձեռնարկութիւններ փոխանցել է Ռուսաստանին: Վերջերս բրիտանական «Չեթեմ Հաուս» վերլուծական կենտրոնը մի զեկոյց էր հրապարակել, որում նշւում էր, որ Հայաստանը տնտեսապէս արդէն յանձնուել է Ռուսաստանին, ինչը սպառնում է Հայաստանի ինքնիշխանութեանը:
Յատուկ «Ազդակ»ի համար
- 0 Comments
- 59 views
- Tweet
Email
Print



