Պրիւքսելի Ազդանշանը Եւ Նախապայմանը. Եւրոպական Միութիւնը Հայաստանին Փող Կը Տայ Արդար Ընտրութիւններից Յետոյ Միայն
By adminx - Tue Jul 03, 5:42 am
- 0 Comments
- 15 views
- Tweet
Email
Print
ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
Հէնց այն օրերին, երբ Հայաստանի նախագահը Պրիւքսելում հանդիպումներ էր ունենում Եւրոպական Միութեան բարձրաստիճան պաշտօնեաների հետ, կազմակերպութեան ընդարձակման եւ հարեւանութեան հարցերով յանձնակատար Շթեֆան Ֆիւլլէի բանբերը յայտարարեց, որ Եւրոպական Միութիւնը Հայաստանին ֆինանսապէս օժանդակելու նպատակով նախատեսուած նուիրատուների համաժողովը կ՛անցկացնի 2013 թ. փետրուարին կայանալիք Հայաստանի նախագահական ընտրութիւններից յետոյ միայն: Աւելի՛ն. երբ Հայաստանի նախագահական նստավայրի մամուլի ծառայութիւնը հաղորդեց, որ Եւրոպական Միութեան արտաքին գործերի եւ անվտանգութեան քաղաքականութեան հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթընը յունիսի 27-ին Սերժ Սարգսեանի հետ հանդիպման ընթացքում մայիսի 6-ի խորհրդարանական ընտրութիւնները համարել է լաւագոյնը Հայաստանի անկախութեան 20 տարիների ընթացքում, Շթեֆան Ֆիւլլէի բանբերը ակնարկել է, որ նուիրատուների համաժողովը յետաձգւում է, քանի որ խորհրդարանական ընտրութիւնները լիովին չեն արդարացրել եւրոպական կառոյցների ակնկալիքները, եւ Պրիւքսելը սպասում է 2013 թ. նախագահական ընտրութիւններին:
Եթէ այս ամէնը աւելի հասկանալի լեզուով ներկայացնենք, ապա կ՛ունենանք հետեւեալ պատկերը. Եւրոպական Միութիւնը Հայաստանին ֆինանսական օժանդակութիւն եւ վարկեր կը յատկացնի միայն նախագահական ընտրութիւններից յետոյ, եթէ այդ ընտրութիւնները արդարացնեն եւրոպացիների ակնկալիքները: Ուշադրութիւն դարձրէ՛ք. Եւրոպական Միութիւնը այդ մասին յայտարարում է հէնց այն օրը, երբ Հայաստանի նախագահը Պրիւքսելում է:
Ինչպէս Միացեալ Նահանգները, այնպէս էլ Եւրոպական Միութիւնը ֆինանսական դժուարութիւններ կրող երկրներին օգնելու դիմաց պահանջում են տարբեր պայմանների կատարում` արդար կառավարում, փտածութեան չափերի կրճատում, ազատ եւ արդար ընտրութիւնների անցկացում: 2008-ի նախագահական ընտրութիւնների եւ մարտի 1-ի պատճառով Միացեալ Նահանգները կասեցրեցին «Հազարամեակի մարտահրաւէրներ» ծրագրով Հայաստանին յատկացուած գումարի մէկ մասը` մօտ 160 միլիոն տոլար, որից 70 միլիոնը պէտք է ներդրուէր 350 քմ գիւղական նշանակութեան ճանապարհների վերականգնման վրայ: Ծրագիրը դադարեցուեց այն հիմնաւորմամբ, որ Հայաստանում ժողովրդավարութեան խորացման, մարդու իրաւունքների պաշտպանութեան եւ ընտրութիւնների վստահելիութեան ոլորտներում առաջընթաց չի գրանցւում:
Եւրոպական Միութիւնը Հայաստանին ֆինանսապէս օժանդակելու նպատակով նախատեսուած նուիրատուների համաժողովը յետաձգում է մի ժամանակահատուածում, երբ Հայաստանը իրաւամբ ունի ֆինանսական օժանդակութեան կարիք: Հայաստանում դրամը շարունակում է արժեզրկուել, իսկ Կենտրոնական դրամատունը այլեւս չի կարողանում ներքին շուկայ «տոլարային ներխուժումներով» կանգնեցնել արժեզրկումը: Եթէ 2008-ին տոլար-դրամ յարաբերակցութիւնը 300 դրամի սահմաններում էր մէկ տոլարի դիմաց, ապա այսօր հասնում է 420-ի: Դրամի արժեզրկումը իր հետ բերում է գների աճ, քանի որ Հայաստանը շատ քիչ բան է արտադրում: Առաջին անհրաժեշտութեան ապրանքների մեծ մասը, այդ թւում` հացը, շաքարը, կարագը, վառելանիւթը, ներկրւում է արտասահմանից: Նախագահ Սարգսեանի չորս տարիների կառավարութեան ընթացքում Հայաստանը շուրջ մէկուկէս միլիառ տոլար վարկ է վերցրել մի շարք երկրներից եւ միջազգային կազմակերպութիւններից, սակայն երկրի ֆինանսական եւ տնտեսական ցուցանիշները անկում են գրանցել: Այսօր Հայաստանի արտաքին պարտքը շուրջ երեքուկէս միլիառ տոլարի սահմաններում է: Չորս տարիների ընթացքում Հայաստանում աղքատութեան մակարդակը 20 տոկոսից հասել է 35-ի, այսինքն իւրաքանչիւր երրորդ հայաստանցին աղքատ է:
Եւրոպական Միութեան ընդարձակման եւ հարեւանութեան հարցերով յանձնակատար Շթեֆան Ֆիւլլէի բանբերը ասել է, որ Հայաստանի խորհրդարանական ընտրութիւնները հիմնականում դրական անցան, սակայն միայն 2013 թ. փետրուարին կայանալիք նախագահական ընտրութիւններից յետոյ յստակ կը լինի, թէ ե՛րբ է անցկացուելու նուիրատուների համաժողովը: Բանբերը նշել է նաեւ այն ոլորտները, որտեղ Հայաստանի իշխանութիւնները պէտք է արձանագրեն առաջընթաց. միջազգային չափանիշներին լիովին համապատասխանող նախագահական ընտրութիւններ, փտածութեան դէմ պայքար, դատական համակարգի անկախութեան ամրապնդում, ինչպէս նաեւ առաջընթաց` ղարաբաղեան կարգաւորման գործընթացում:
Եւրոպական Միութիւնը Հայաստանին ֆինանսապէս օգնելու նպատակով համաժողով մէկ անգամ արդէն կազմակերպել է 2001 թուականին Փարիզում: Համաշխարհային դրամատան, Արժոյթի միջազգային հիմնադրամի եւ զարգացած մի շարք երկրների ներկայացուցիչների մասնակցութեամբ կայացած այդ հանդիպման արդիւնքում Հայաստանը ստացաւ աւելի քան 600 միլիոն տոլար վարկեր եւ օգնութիւն: Գումարը ուղղուեց աղքատութեան կրճատմանը:
Հայաստանի իշխանութիւնները շտապեցին յայտարարել, որ նուիրատուների համաժողովի անցկացումը մնում է Հայաստան-Եւրոպական Միութիւն յարաբերութիւնների օրակարգում, նման միջոցառման որակեալ կազմակերպումը լուրջ աշխատանք եւ ժամանակ է պահանջում, իսկ պաշտօնական Երեւանը ցանկանում է այդ համաժողովը արագ, բայց նաեւ որակով կազմակերպել: Ընդդիմութիւնը նուիրատուների համաժողովի անցկացումը յետաձգելու Եւրոպական Միութեան կեցուածքը որակեց հարուած Հայաստանին եւ անձամբ նախագահ Սարգսեանին:
Եւրոպական համարկումը Հայաստանի արտաքին քաղաքականութեան առաջնահերթութիւններից է, իսկ Եւրոպական Միութիւնը Ռուսաստանի հետ միասին Հայաստանի հիմնական տնտեսական եւ առեւտրային գործընկերն է: Քանի դեռ Հայաստանը գտնւում է Ռուսաստանից ռազմական, տնտեսական եւ քաղաքական ուղղակի կախման մէջ, անիմաստ է խօսել Հայաստանի` Եւրոպական Միութեան անդամակցութեան ցանկութիւնների ու հեռանկարների մասին: Սակայն, միւս կողմից, Հայաստանի համար չափազանց կարեւոր է Եւրոպական Միութեան հետ խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գօտու ստեղծումը, ինչպէս նաեւ` եւրոպական երկրներ այցելող Հայաստանի քաղաքացիներին աւելի դիւրին կերպով մուտքի այցագրերի (վիզաներ) տրամադրումը:
Յատուկ «Ազդակ»ի համար
- 0 Comments
- 15 views
- Tweet
Email
Print



