Երազ Հայթայթող Արուեստագէտը` Զաւէն Խտըշեան

ԼԵՒՈՆ ԼԱՃԻԿԵԱՆ

«Լիբանանի հայ համայնքի օրերը Հայաստանում» ծրագրի շրջանակում Երեւանի պատմութեան թանգարանում յունիսի 21-ին բացուեց պէյրութահայ նշանաւոր քանդակագործ Զաւէն Խտըշեանի ստեղծագործութիւնների անհատական ցուցահանդէսը` հովանաւորութեամբ Հայաստանի սփիւռքի նախարարութեան եւ Երեւանի քաղաքապետարանի:

«Արուեստագէտն աներազ մարդու երազ հայթայթողն է», այսպէս է բանաձեւում արուեստագէտի անելիքը Զաւէն Խտըշեանը: Ինքն էլ, արդէն 80 տարի, ապրում է նոյն առաքելութեամբ` իր երազներն ու իղձերն արտայայտելով քանդակային ձեւերի մէջ ու դրանց միջոցով:

Փոքրուց երազել է երաժշտահան դառնալ: Շատ է սիրել դասական երաժշտութիւն: Տարիներ անց էլ յիշում է Պուրճ Համուտի խանութներից մէկի անկիւնում ընկած այն սկաւառակը, որը պիտի տուն տանէր ու ամէն իրիկուն լսէր Իգոր Սթրաւինսքու կախարդական մեղեդիները: Հայրը, սակայն, չի խրախուսել «օդային» այդ զբաղմունքը: Բայց եւ դէմ չի եղել որդու` քանդակագործ դառնալու ցանկութեանը. դա արդէն իսկական տղամարդու գործ է, որն ամէնօրեայ կռիւ է ենթադրում քարի ու մետաղի հետ: Ու տարիներ անց նա հէնց քանդակի միջոցով էր արտայայտելու իր չկորսուած սէրն առ նորին մեծութիւն երաժշտութիւնը:

Պէյրութի «Նշան Փալանճեան» ճեմարանն աւարտելուց յետոյ, 1949-1952 թթ. Զաւէն Խտըշեանը սովորել է Գեղարուեստի ակադեմիայում, ապա մեկնել Փարիզ` ուսումը շարունակելու տեղի Ազգային բարձրագոյն արուեստների դպրոցում: Այսօր եւս հպարտութեամբ է տալիս իր սիրելի ուսուցիչների անունները` Հիւպերթ Եանսես, Մարսել Ժիմոն, Ալֆրետ Ժանեօ: Ուսանող էր, երբ 1954-ին ցուցադրուեց «Փըթի փալէ» հռչակաւոր ցուցասրահում: Արդիւնքում յաջորդ երկու տարիներին ստացաւ Փարիզի Գեղարուեստի ակադեմիայի երկու մրցանակները:

1964-ին ծննդավայրում Զաւէն Խտըշեանը բացում է իր առաջին անհատական ցուցահանդէսը: Այդ տարի էր, որ գաղթական ծնողների զաւակը Պէյրութին մերձակայ Պիքֆայա բարձունքին վեր խոյացրեց 1915-ի անմեղ զոհերի յիշատակը յաւերժացնող յուշակոթողը: Այն գաղթի ճամբեքին երկու քոյր եւ անհաշիւ հարազատներ կորցրած հայորդու հոգու ճիչն ու սրտի բողոքն էր` ուղղուած դէպի երկինք:

Զաւէն Խտըշեանը կոթողային այդ յուշարձանից յետոյ միանգամից յայտնի անուն դարձաւ ողջ հայ սփիւռքում: Չշտապեց, սակայն, շահարկել իր անունը` իջեցնելով այն շուկաայական արուեստի մակարդակի: Շատ դժուարութեամբ էր բաժանւում գործերից, որոնք հարազատանում էին իրեն: Ծերունազարդ վարպետը շատ է սիրում կրկնել. «Արձանս շօշափելը նոյնն է, թէ մարմինս կը շօշափեմ»: Մի անգամ նոյնիսկ շատ բարձր գին է դրել, որպէսզի չգնեն: Գնել են սակայն:

Ընտանիքն ապրեցնելու համար Խտըշեանը հիմնականում պատուէրներ կամ, ինչպէս ինքն է ասում, «ապսպրանք» է վերցրել: Միաժամանակ «Ճարտարապետութիւն» առարկան է դասաւանդել Պէյրութի Գեղարուեստի ակադեմիայում: Հետաքրքիր են նրա դատողութիւնները քանդակագործութեան ու ճարտարապետութեան համեմատութեան շուրջ: Վերջինս, ըստ նրա, «բնակելի քանդակ է, իսկ քանդակը` անբնակ ճարտարապետութիւն»:

Երեւանեան ցուցահանդէսը, որ գործելու է ընդամէնը մէկ շաբաթ, կոչուած է ամփոփելու Զաւէն Խտըշեանի ստեղծագործական արգասաւոր ուղին: Այդ ընթացքում, ի հարկէ, նա հասցրել է արժանի ճանաչում ձեռք բերել թէ՛ Լիբանանում, թէ՛ Մերձաւոր Արեւելքում: Յիշատակենք միայն մի փաստ. երբ Պէյրութում տարիներ առաջ լոյս տեսաւ Սեզարի «Քանդակագործութիւնը Լիբանանի մէջ» հանրագիտարանային աշխատութիւնը, դրա շապիկին մեր հայրենակցի աշխատանքներից մէկի վերատպութիւնն էր պատկերուած: Մէջբերենք նաեւ նրա արուեստի մասին լիբանանցի ժամանակակից քննադատ Ժոզեֆ Թարրապի հետեւեալ միտքը. «Խտըշեանի ստեղծագործական կերպը հիմնուած է պարուրողի եւ պարուրուածի տրամախոհութեան վրայ»:

Զաւէն Խտըշեանի ստեղծագործութիւններն իրենց ողորկ մակերեսներով եւ ծաւալային ինքնատիպ լուծումներով ակնյայտ երաժշտական հնչեղութիւն ունեն: Բնական է ընթացել իրապաշտ արձանագործութիւնից դէպի վերացարկուած-ոճաւորուած քանդակագործութիւն տանող ճանապարհը:

Հեղինակը քանդակի սահմանափակ լեզուով կարողանում է հայրենասիրական վեհ զգացումներ ու գաղափարներ արտայայտել: Թուարկենք մի քանի վերնագիր միայն. «Հայաստանի անկախութիւնը», «Արցախի ազատագրումը»: Վերջինս, օրինակ, աջ ձեռքը վեր` դէպի դրօշը պարզած ազատատենչ մարտիկի կերպար է մարմնաւորում: Զարմանում ես, թէ ի՜նչ փլասթիքա կայ, եւ այդ փլասթիքայի մէջ` ազատութեան ի՜նչ տենչ… Աշխատանքը 80-ամեայ վարպետն ուզում է տեղադրուած տեսնել Լեռնային Ղարաբաղի որեւէ անկիւնում, ու Արցախ է ուղեւորուելու` որոնելու բարձրադիր մի վայր:

Ցուցադրուած գործերից առանձնացնենք նաեւ «Ասթարթէ աստուածուհին» ստեղծագործութիւնը, որը կերպաւորում է Արա Գեղեցիկի ու Շամիրամի սիրավէպի փիւնիկեան տարբերակը: Ասթարթեն, ըստ փիւնիկեան դիցաբանութեան, երկինքների աստուածուհին է եւ պատկերուած է ճախրանքի պահին:

Զաւէն Խտըշեանի գործերն ընդհանրապէս յատկորոշւում են բնորդի` երկրից դէպի երկինք սլացքը յաւերժացնելու կարողութեամբ եւ այդ սահմանագիծը յաղթահարել փորձող հերոսի կերպաւորմամբ:

Խոստովանենք, որ Զաւէն Խտըշեանը մինչ այս ցուցահանդէսը ծանօթ անուն չէր մայր հայրենիքում: Յուսանք, թէ ներկայ ցուցահանդէսը շրջադարձային կը լինի քանդակագործի կեանքում` տալով նրան ստեղծագործական լիցք ու կորով:

«Օրակարգ»

Share This Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)