Friday May 24, 2013

Ու Նորից Ցորենը Որոմից Զատելու Ժամանակը Կամ «Դու Հպարտ Չես, Իմ Հայրենիք», Վահան Տէրեան

By adminx - Thu Jun 21, 5:44 am

ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ

Մայիսի վեցից յետոյ դժուար էր խօսելը, աւելի ճիշդ` անիմաստ: Ու շատերը լռեցին, լռեցին աղաղակող լռութեամբ.  լռեցին նրանք, որոնք արդէն կարկատել էին իրենց առաջիկայ հինգ տարին` կարկատել ասֆալտով, ու էդ կարկատան- մազութը սեւ  ու խուլ ծանրութեամբ այլեւս տարածուել է Հայաստանի Հանրապետութեան ողջ տարածքով` իջնելով իւրաքանչիւր քաղաքացու ուսերին` իբրեւ ընտրութիւն, իբրեւ ճակատագիր, իբրեւ ապագայ, իբրեւ գետնաքարշ  գոյութիւն: Նրանք չեն տրտնջայ, ոչ էլ իրաւունք ունեն տրտնջալու` նրանք ընտրել են իրենց բաժին մազութը:

Չեն տրտնջայ նաեւ նրանք, ովքեր հոծ ու կազմակերպուած շարքերով, անձնագրերը ձեռքներին, ճշմարիտ ու բնական լինելու չափ անթաքոյց, գիւղապետարանների առջեւ շարքի կանգնած` ընտրակաշառք էին ստանում, որոշները պահանջում` ճիշդ այնպէս, ինչպէս վաստակած թոշակը կը ստանային:

Կը լռեն նաեւ նրանք, որոնց լռութիւնը գին ու հատուցում ունի` կերակրատաշտից ինչ-որ պատառ, տարբեր բարձրութեան ու որակի աթոռներ, մանր-մունր ծառայութիւններ եւ, ի հարկէ, կոչումներ (յաճախ անյետագիծ ու տարակուսելի վաստակի համար):

Լռեցին նաեւ միջազգային դիտորդները, որոնք ընտրութիւններից երկու օր առաջ եկան  Հայաստան եւ հորթային, իսկ գուցէեւ կանխորոշուած անտեղեակութեամբ, վաւերացրին  քաղաքակրթական ու քաղաքական պղծութեան  այս խաղի կանոնները: Իսկ, եթէ անկեղծ, նրանք վաղուց են յոգնել մեր գզվռտուքներից ու իրենց  նուազագոյն զամբիւղի մէջ կարող են գոհանալ Գառնի-Գեղարդ-Էջմիածնով ու իշխանով: Դէ, իսկ մենք յարմար առիթը բաց չէինք թողնի յիշեցնելու, որ առաջին քրիստոնեաներն ենք, որ մեր գրատպութիւնը 500 տարեկան է ու էսպիսի բաներ® ոչինչ, որ անբարոյականութիւնը վաղուց լցուել է մեր տները ու գիրք կարդացողներին էլ գրախանութների պէս մատների վրայ կը հաշուես:

Լռեցին նաեւ այն քաղաքական  «վիպապաշտները», ովքեր իրենց ու շատերին համոզեցին, թէ իրենց արածը սոսկ ինքնաապահովագրում ու աթոռաիշխանական կռիւ չէ, այն էլ` հինգ տարուայ հորիզոնով, եւ ի վիճակի են գայլերի հետ ոչխարների անվտանգութիւնն ապահովել` որդեգրելով նոյնքան քստմնելի` կեղտը կեղտով մաքրելու «արուեստը»:

Յետընտրական լռութեան մէջ նաեւ վերելակամիջանցքային  ափսոսանք- գնահատականներ հնչեցին: Այո, Հայաստանում,  յատկապէս քաղաքական միջավայրում, «տղամարդկանց» մի տեսակ է բուծուել, որոնց անկեղծ լինելու սահմանն ու աշխարհագրութիւնը վերելակներից, միջանցքներից ու քեֆի սեղաններից  այնկողմ չի անցնում: Որոշներն, իսկապէս, անկեղծ էին, պարտուած, անճարակ ու ազնիւ` բաց վէրքի ցաւով: Բայց  արգահատելի շնականներն աւելի շատ էին` յատկապէս նրանք, որ իշխանութեան կամ իշխանութեանը մերձ լինելու համար  ոչնչի առջեւ չէին կանգնել. այդ ճանապարհին նրանց յենարանն ու զինակիցը քրէական հեղինակութիւններն էին, հայաթի խուժանը, բազմակի օգտագործման հայրենի մտաւորականութեան ընտրանի տեսակը եւ, ի հարկէ, իրեն 10-15,000 դրամ գնահատած  Հայաստանի Հանրապետութեան «քաղաքացին»:

Ես իսկապէս չգիտեմ, թէ ո՛վ յաղթեց: Այս բազմակողմ գործարք-լռութեան մէջ պարտութեան ու մեղքի ճնշող աղմուկ կայ ու բեռ` բոլո՜ր բոլորի՛ ուսերին ու յատկապէս` Հայաստանի Հանրապետութեան կենսագրութեան վրայ իջնող: Ու ես կարեկցում եմ   բոլորիս: Մեր հաւաքական  խղճի վրայ վէրքեր են ծանրացել, չսպիացող վէրքեր: Մտքումս դարերի մէջ  կենսունակ, մեր պատմութեան մէջ երբեք բացակայ չստացող «Աւերակացս ո՞նց թագաւորեմ» հարցն է ու Վահան Տէրեանի նոյնքան էլ ապրող հարիւրամեայ քառատողը` «Դու հպարտ չես, իմ հայրենիք,

Խեղճութիւնըդ խաւար ու լուռ,
Աղօթքներըդ դառն ու ցաւոտ,
Զանգակներիդ զարկը տխուր
Եւ խուղերիդ լոյսերն աղօտ…:

Իսկ մայիսի 28-ին քանի՜-քանիսը բաժակ բարձրացրին, կամ էլ` առանց բաժակի, խօսեցին ու ճառեցին հայրենասիրութեան, անկախ պետութեան գաղափարի, յաղթանակելու կամքի, մեր ազատատենչ ոգու, մեր կերպի, արդարութեան, հզօրացող հայրենիքի, մշակութային ժառանգութեան, Աւարայրի, Սարդարապատի, Նժդեհի ու էս կարգի վսեմ-վսեմ բաների մասին, բայց իրականում ոչնչի առջեւ չկանգնեցին մորթելու անկախութեան գաղափարը, ջարդելու պետականութեան ողնաշարը, նուաստացնելու նրա քաղաքացուն:  Թերի, հիւանդ, գետնաքարշ, քծնող, դաւադիր, անտէր®  դէպի յետ ու դէպի յետ…

Որտե՞ղ է մեր նահանջի սահմանը, ինձ տանջում է այս հարցը: Ինչո՞ւ ենք մենակ, մոլորուած թողնում հայ մարդուն: Ինչո՞ւ ենք մեր սխալներն ուրիշի խաղի առաւելութիւն դարձնում` պարարտ հող  տալով, որ մեր արթնացող, իր եւ մէկ ուրիշ հայի  իրաւունքի համար պայքարող քաղաքացուն տէր կանգնի ու խրախուսի օտարը: Ուզում եմ, շատ եմ ուզում հաւատալ օտարի սրտացաւութեանն ու անկեղծութեանը: Ես ի հարկէ կը հաւատայի, եթէ  նոյն խանդավառութեամբ չխրախուսուէր նաեւ այդ նոյն քաղաքացուն ու նրա իրաւունքը երեք ամիս շարունակ արհամարհող իշխանութիւնը: Չէ՛, դու հպարտ չես, իմ հայրենիք:

Մեզ առատօրէն մատուցուած սուտը դարձել է վաւերական ու խեղդող: Կեղծ անգիտութեամբ հեշտ է ապրել` գրեթէ անմեղսունակ, անպատասխանատու, բայց հաստատ` ոչ հպարտ:

Շարունակ փորձել եմ հանրութեանը խնայել,  մտածել եմ քաղաքական մարդու կողմից հասարակութեանը մեղադրելը մեղք է, անիմացութիւն: Բայց նրանք, ովքեր ուզում են, կարող են տեսնել, նրանք, ովքեր ուզում են, կարող են ճանաչել ճշմարտութիւնը, որովհետեւ ճշմարտութիւնը մեզանից իւրաքանչիւրի, Հայաստանի ապագան է, Հայաստանի հպարտութիւնը: Իսկապէս, չեմ ուզում, որ ինձ-մեզ շարունակ հետապնդի Տէրեանի տողը: Հայրենիքիս խեղճութիւնը վիրաւորում է ինձ, խոցում արժանապատուութիւնս: Ես գիտեմ նաեւ, որ  անբարոյականութեան ու ստի թանձրագիծ վանդակներից դուրս, յարձակողապաշտ ու խուլ  զանգուածի կողքին ապրում եւ շարունակում է ապրել ազատ մտածող, արթուն, հեռանկարը չփակող  արժանապատիւ հայը: Այնուամենայնիւ կայ այլընտրանքի տեսակը, որին պէտք է գնահատել, պէտք է արժեւորել, չթողնել, որ  մոլորուի: Մենք նրա հետ խօսելու, նրա ձեռքը բռնելու, նրա ովասիսի եւ թթուածնի տարածքները մեծացնելու խնդիր ունենք: Մեր տէրն էլ, ծառան էլ մեր մէջ պիտի փնտռենք:

Ընտրութիւնների, ճգնաժամերի, կեղծ ու չկեղծ ընդդիմութիւնների, գնացող-եկող կառավարութիւնների, գրեթէ սովորական դարձած ինքնասպանութիւնների, անտարբերութեան  արանքներում պատերազմը երկարել է ու մենք կորցրել ենք զգօնութիւնը: Այգեպարի ու Չինարի գոյժը սթափեցնում է մեզ. կորուստների ու վշտի մէջ կարողացել եւ կարողանում ենք միասին  լինել: Մենք կարողացել ենք մեր յաղթանակն էլ, խաղաղութիւնն էլ պարտադրել հակառակորդին:

Իսկ մենք պարտաւոր էինք զգօն ու արթուն լինել ոչ միայն սահմանին, այլեւ` սահմանից ներս, որովհետեւ խաղաղութեան մեր պարտադրանքը սկսում է ներքին սահմանի ամրութիւնից: Ամրութիւն, որն անկարելի է կառուցել ստի ու անբարոյականութեան վրայ: Բայց նախ փոխուելու, նոյնն է թէ փրկուելու ուժ ու կամք պիտի ունենանք: Ու չմոռանաք, որ անբարոյականութիւնը կործանեց Անին:

 

Leave a Reply

Advertisement