Արդեօք Իրապէս Արդարութեան Յետեւի՞ց Են

ԳՐԻԳՈՐ ՂԱԶԱՐԵԱՆ

Արդեօք Թուրքիայի ներկայ իշխանութիւնը եւ թուրքերը հետաքրքրուա՞ծ են իրենց անցեալով:

Արդեօք փորձո՞ւմ են իսկապէս սրբագրել անցեալում գործուած սխալները, թէ՞ դրանք միայն քաղաքական խաղեր են:

* * *

Աւելի քան 30 տարի առաջ, 1980 թուականի սեպտեմբեր 12-ին, Թուրքիայում տեղի ունեցաւ զինուորական յեղաշրջում` երրորդ անգամը լինելով: Մինչ այդ, Օսմանական կայսրութեան փլուզումից եւ հանրապետութեան ստեղծումից յետոյ, Թուրքիայում տեղի էին ունեցել երկու այլ զինուորական յեղաշրջումներ` 1960 թ. եւ 1971 թ.:

Այժմ, 32 տարի անց, 1980 թուականի յեղաշրջման հիմնական հեղինակները (Քենան Էւրեն` 95 տարեկան եւ Թահսին Շահինքայա` 87 տարեկան) պատասխանատուութեան են կանչուել օրէնքի առաջ եւ դատւում են:

Զօր. Քենան Էւրենը 1980 թուականից մինչեւ շուրջ ինը տարի (նոյեմբեր 1989) մնաց գործի գլուխ` որպէս հանրապետութեան նախագահ: Այդ յեղաշրջման պատճառով ձերբակալուեցին 65 հազար հոգի, համատարած երեւոյթ դարձաւ խոշտանգումը` բանտերում, որտեղ էլ հարիւրաւորներ սպաննուեցին, տասնեակ մարդիկ կախաղան հանուեցին, արգելուեցին քաղաքական կուսակցութիւնները, շուրջ 30 հազար հոգի թողեցին երկիրը, Թուրքիան երեք տարի մնաց առանց խորհրդարանի, եւ զինուորականները թելադրեցին նոր սահմանադրական օրէնք:

Այդ օրերում Էւրենին անուանում էին հերոս, որ երկիրը փրկեց քաոսից: Մինչ օրս դեռ Թուրքիայում գոյութիւն ունեն դպրոցներ, մարզական ու մշակութային կենտրոններ, որոնք կրում են Քենան Էւրենի անունը:

Այսօր այդ հերոսը կանչուել է դատարան եւ պէտք է պատասխան տայ իր քայլերի համար:

Դատ յարուցողներն են` այն օրերում զոհուածների հարազատները, քաղաքական կուսակցութիւնները եւ ընդհանրապէս յեղաշրջումից տուժածները:

Զինուորական բարձրաստիճան զօրավարներին Թուրքիայում կոչում են օսմանական ժամանակուանից վերցուած «փաշա» տիտղոսով: Փաշաները այժմ դատւում են անցեալում գործած իրենց մեղքերի համար. մի երեւոյթ, որի մասին չէր կարելի մտածել ու պատկերացնել սրանից մի քանի տարի առաջ` Թուրքիայում:

Տարիներ հնարաւոր չեղաւ բռնութիւնների հեղինակներին դատարան կանչել, օրէնքը թոյլ չէր տալիս, միայն անցեալ տարի ամրանը Թուրքիայում տեղի ունեցած հանրաքուէից յետոյ, որով որոշուեց երկրի սահմանադրական օրէնքը փոփոխութեան ենթարկել, թոյլ տրուեց, որ պատասխանատուութեան կանչուեն այդ զինուորականները:

Արդիւնքը դեռ պարզ չէ, թէ ի՛նչ պիտի լինի «Էրկենեքոն»-ի պարագայում եւս: Սրանից 3-4 տարի առաջ ձերբակալուեցին մի շարք զինուորականներ, որոնք կառավարութեանը տապալելու եւ խափանարար աշխատանքներ տանելու պատճառով սկսեցին դատուել, սակայն դեռ վերջնական արդիւնքները չեն եզրակացուել: Նոյնը նաեւ` այս երկու զինուորականի պարագայում. թւում է, թէ Թուրքիայի դատական ատեանը չի կարողանում ցուցաբերել հարկ եղած վճռակամութիւնը կամ չունի անհրաժեշտ իրաւական լիազօրութիւնը` նման քաղաքական հարցերին արդիւնաւոր կերպով տնօրինումներ կատարելու համար:

Այստեղ մնում է միայն հարցերի շարան:

Արդեօք այս դատավարութիւնը քաղաքական խա՞ղ է` մտքերը շեղելու աւելի կարեւոր հարցերով չզբաղուելու նպատակով (օրինակ` քրտերի խնդիր, փոքրամասնութիւնների իրաւունքների հարց, մարդու իրաւունքների ոտնահարումները` Թուրքիայում), արդեօք մամուլը եւ այլ լրատուամիջոցները այնքան ազատութիւն կ՛ունենա՞ն, որ դատավարութիւնը մանրամասնօրէն ներկայացնեն, արդեօք այսօր Թուրքիան սկսել է հարցականի՞ տակ առնել իր անցեալում պատահած դէպքերը, արդեօք վե՞ր է հանում անցեալի մութ ծալքերը եւ փորձում է սրբագրել պատմական սխալներն ու արդար լուծումներ գտնել դրանց համար…

Եթէ այդպէս է, ուրեմն շատ ուրիշ հարցեր եւս գոյութիւն ունեն Թուրքիայի պատմութեան մէջ, որոնք դեռեւս կարօտ են արդար տնօրինումների: