Thursday May 16, 2013

Հայոց Տառարուեստը

By adminx - Sat Apr 28, 5:38 am

Ոչ միայն գրքեր ու մատեաններ, թերթեր ու պարբերականներ են հասել դարերի խորքից, այլեւ մի արուեստ` տառարուեստը, որը շատ քիչ  ժողովուրդների մօտ է այնպիսի ծաղկում ունեցել, ինչպէս`  հայերի: Տառարուեստը զարգացել է միջնադարեան հայ նկարիչների տաղանդի եւ երեւակայութեան շնորհիւ: Հազարաւոր մատեաններ գրուել եւ ծաղկուել են հայոց զարդատառերով: Միջնադարեան նկարիչներին ներշնչել են մեսրոպեան տառերի ձեւերը: Շատ նշանաւոր տառագէտներ մեր տառերը բնորոշել են իբրեւ ինքնուրոյն տառեր, այսինքն իւրաքանչիւր տառ հանդէս է գալիս իբրեւ առանձին միաւոր եւ իր գրութեամբ կարող է դառնալ ինքնուրոյն զարդ կամ նախշ: Հայ տառարուեստի նախշերը շատ տարբեր են այլ ժողովուրդների տառերի ձեւաւորումներից:

Ծաղիկներից եւ այլ բոյսերից կազմուած ծաղկագիր տառատեսակը միւս զարդատառերի համեմատութեամբ առաւել պարզ նկարագիր ունի:

Զարդատառերի աւելի բարդ տեսակն են հանգուցագրերը, որոնց ձեւաւորման մէջ մեծ տեղ են գրաւում զանազան հիւսուածքներն ու հանգոյցները:

Ըստ հայագէտ Լեւոն Չուքասզեանի, հայկական տառարուեստի մէջ կարելի է հանդիպել թռչնագիր, ձագագիր կամ ճնճղագիր անուանումներին, որոնք վերաբերում են տարբեր թռչուններով զարդարուած տառերի: Վիշապագիր անուան տակ միաւորւում են օձերի, վիշապների եւ այլ առասպելական կենդանիների տեսքով տառերը, սակայն երբեմն ուսումնասիրողները գործածում են նաեւ օձագիր բառը:

Հայագէտը նշում է մէկ այլ տառաձեւ` մարդագիրը, որը  մարդկանց փոքր կերպարանքներից յօրինուած տառեր են: Ինչպէս Լեւոն Չուքասզեանն է նշում, մարդագրերը, վիշապագրերը եւ թռչուններով ձեւաւորուած տառերը երբեմն որոշ ուսումնասիրողներ միաւորում են կենդանական կոչուող ընդհանուր խորագրի ներքոյ:

Կենդանականից բացի, զանազանում են նաեւ զարդատառերի գազանագիր տեսակը:  Հայկական գազանագրերը կազմուած են տարբեր կենդանիներից` վագրերից, առիւծներից, եղնիկներից եւ այլն:

Այս զարդատառերից բացի յայտնի է նաեւ փառագիր անուանումը, որն  օգտագործւում էր հիմնականում գրքի առաջին երեսի շարադրանքի մէջ: Երբ շարադրանքի առաջին տառը շատ շքեղ էր զարդարւում, կոչւում էր փառագիր:

Հայ գրքարուեստում, ըստ Լեւոն Չուքասզեանի,  տառերը զարդարելու փորձերը սկիզբ են առնում 10-րդ դարից: Այդ մասին են վկայում Էջմիածնի 989 թուականի նշանաւոր Աւետարանի մէջ Օ կամ Ծ տառերի ներսում հանդիպող մարդկային դէմքերի պատկերումները եւ 10-րդ կամ 11-րդ դարերին վերագրուող երուսաղէմեան վերոյիշեալ մատեանի փառագրերը:

11-րդ դարի երկու շքեղ ձեռագրերում` Կարսի եւ  Տրապիզոնի աւետարաններում սկզբնատառերի ուղղահայեաց ձողի վրայ նկարուած են թռչուններ: Որոշ դէպքերում այդ թռչունները կտցում են Ա տառի կէսը: Մէկ այլ օրինակում եղջերաւոր կենդանու գլուխը կապուած է տառի ուղղահայեաց ձողին: Հայկական զարդատառերի արուեստում 11-րդ դարի վերջից երկու` իրարից տարբեր հոսանքներ են առաջանում: Բուն Հայաստանի վարպետները նախընտրում էին «արեւելեան դրոշմ ունեցող» երկրաչափական եւ բուսական բովանդակութիւն:  Այս վարպետների աշխատանքներում տառի ձողը շատ անգամ բաժանւում էր ուղղանկիւն կամ քառանկիւն մասերի, եւ հատուածների մէջ նկարւում էին երկրաչափական կամ կեռախաչ զարդեր, հիւսուածքներ, փոքր տերեւներ կամ վարդեակներ:

Կիլիկեան վարպետների ստեղծագործութիւններում, ինչպէս նշում են մասնագէտները, զգալի է բիւզանդական ազդեցութիւնը: Հայագէտ Լեւոն Չուքասզեանի դիտարկմամբ, բիւզանդական զարդատառերի հետ համեմատութիւնը թոյլ է տալիս մտածել, որ հայ ծաղկողների երեւակայութիւնը աւելի վառ է, կիլիկեան զարդերը շատ աւելի ճոխ են, հետեւաբար, կենդանագրերը եւ մարդագրերը աւելի հետաքրքրական են:

Բուն Հայաստանի եւ Կիլիկիոյ հոսանքները, ըստ հայագէտին, անխառն ձեւով հանդէս չեն եկել, այլ որոշ փոխազդեցութիւն են ունեցել միմեանց վրայ: Կիլիկեան նկարիչ Գրիգոր Մլիճեցու`  1173 թուականին Սկեւռայում ծաղկած Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեան» պոէմի ձեռագրում եւ 12-րդ դարի կիլիկեան այլ մատեաններում յայտնւում են թռչնագրեր, իսկ այդ նոյն ժամանակ Կիլիկիայում գործող Ներսէս Շնորհալուն պատկանած Աւետարանում (1066 թ., Սեբաստիա) զետեղւում են նկարազարդ թերթեր, որտեղ յայտնւում է Ա մարդագրի տեսակը: Այս ձեռագրում թեւաւոր առիւծի վրայ կանգնած Քրիստոսի մանրանկարով ձեւաւորուած տառը հաստատում է, որ մարդագրերն ու կենդանագրերն սկսում են միախառնուած ներկայացուել:

Կարինում 1181 թուականին ծաղկուած Աւետարանում անուանաթերթի տառերը բնորոշւում են արտակարգ կոթողայնութեամբ: Անուանաթերթերից մէկում Գ տառը գերիշխող դեր է կատարում ձեւաւորման միւս մասերի նկատմամբ: Այսօրինակ կատարումը հիմնականում յատկանշական է բուն Հայաստանի վարպետների աշխատանքներին, մինչդեռ կիլիկեան նկարիչները, ինչպէս նկատել է Լեւոն Չուքասզեանը,  իրենց ուշադրութիւնը կեդրոնացնում էին տառերի նրբագեղութեանը եւ շքեղութեանը: Բուն Հայաստանի վերը նշուած ձեւաւորումը որոշ արձագանգներ է գտնում 13-րդ դարի կիլիկեան մեծանուն վարպետ Թորոս Ռոսլինի ու նրա ժամանակակիցների աշխատանքներում: Ռոսլինեան մանրակերտներից յատկապէս յիշարժան է 1256 թուականի Զէյթունի Աւետարանի բնագրում հանդիպող Զ տառը, որը ձեւաւորուած է երկու սիրամարգերի միահիւսուած պարանոցներով: Երկու թռչունների միութեամբ ստեղծուած այդ պատկերը շատ սիրուած ու տարածուած է հայ միջնադարեան արուեստում:

Հայկական զարդագրերի ձեւաւորումներում պահպանուել են հեթանոսական արարողութիւնների, տօների  յիշողութիւններ, նոյնիսկ տոհմի ու թոթեմականութեան պաշտամունքի հետ առնչուող երեւոյթների, ծէսերի կնիքը:

Հին տօնահանդէսների, թատերական արարողութիւնների յուշը կրող օրինակներից յիշարժան է 1304 թուականի  Աւետարանի եզան պատկերով զարդարուած Ք տառը: Նկարիչը մի քիչ վերեւ է բարձրացրել տառը պատկերող եզան գլուխը` ցոյց տալով նրա տակ թաքնուած դերակատարի դէմքը:

Բացի զարդագրերից հայերն ունեցել են նաեւ այլ գրատեսակներ, ինչպէս օրինակ, երկաթագիրը, բոլորգիրը, նոտրգիրը, ձեռագիրը, շղագիրը (գրուել է շիւղով), գրչագիրը եւ այլ գրատեսակներ:

Հայկական զարդագրերը շարունակում են հետաքրքրել ուսումնասիրողներին, եւ անցեալի այդ հոյակապ ժառանգութիւնը, ըստ Լեւոն Չուքասզեանի,  այսօր մեծ չափով կարող է օգտակար լինել գեղարուեստական գրականութեան, դասագրքերի, ուղերձների, շնորհաւորականների, հրաւիրագրերի ձեւաւորման համար:

Այս իմաստով հայ միջնադարեան ձեռագրերի զարդատառերը շարունակում են պահպանել եւ միշտ կը պահպանեն իրենց գեղարուեստական արժէքը:

Պատրաստեց՝ ԱՆՈՒՇ ԹՐՈՒԱՆՑ

 

 

Leave a Reply

Comments are closed on this post.

Advertisement