Saturday May 25, 2013

Հրանուշ Յակոբեան. «Թուրք Իշխանութիւնները Պէտք Է Կանգ Առնեն, Որովհետեւ Ժամանակը Իրենց Օգտին Չի Աշխատում»

By adminx - Thu Apr 26, 4:53 am

Հայոց ցեղասպանութեան 97-ամեակի սեմին Հայաստանի Հանրապետութան սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեան սփիւռքահայութեան եւ հայրենի հայութեան յղեց պաշտօնական խօսք մը, որ կու տանք ստորեւ:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Դարձեալ ապրիլի 24-ն է մօտենում. ալեկոծւում է իւրաքանչիւր հայի միտքն ու հոգին, դարձեալ եռաձայն պատարագ է հնչում հայոց երկնքում ու ժամանակը մեզ համար կանգ է առնում:

Ծիծեռնակաբերդում, աշխարհի հարիւրաւոր բնակավայրերում կերտուած յիշողութեան, ցաւի  ու պայքարի կոթողների, խաչքարերի մօտ խոնարհուող հայ ժողովրդի, առաջադէմ մարդկութեան համար, Հայոց ցեղասպանութեան տարելիցի օրը խորհրդանշական շրջադարձի,  ոգեկոչման ու նահատակների լոյս հոգիներին խնկարկելու պահ է:

Երախտապարտ հայ ժողովուրդը դարձեալ ու դարձեալ յիշում եւ խոնարհւում է այն օտարազգի անհատների յիշատակի առջեւ, ովքեր ըմբոստացան ու պայքարեցին հրէշագործութեան դէմ:

Չնայած միլիոնաւոր կոտորածներին, այնուամենայնիւ հայկական ջոկատները  արիաբար մարտնչեցին, ելան անհաւասար գոյամարտի օսմանեան կանոնաւոր, զինուած ուժերի դէմ եւ արձանագրեցին փառաւոր յաղթանակներ Վանում, Շապին Գարահիսարում, Սասունում ու Մուշում, Զէյթունում, Մուսա լեռում ու Ուրֆայում, Սարդարապատում ու Բաշ Ապարանում:

Հնագոյն քաղաքակրթութիւն եւ բարձր մշակոյթ ունեցող հայ ժողովրդի հայրենիքը, ունեցուածքն ու մշակոյթը խլելու նպատակով իրականացուած Հայոց եղեռնը դարձաւ նախադէպ միւս ցեղասպանութիւնների համար:

Մէկուկէս, գուցէ երկու միլիոն անմեղ նահատակ, մէկ միլիոն տարագիր ու աքսորեալ խեղուած ճակատագրեր: Աւերուեց 66 հայկական քաղաք, 2500 գիւղ, քանդուեց ու բռնագրաւուեց 2350 եկեղեցի, ոչնչացուեց 1500 դպրոց:

Իսկ որքան անչափելի ու անհաշուելի կորուստներ կրեց հայ ժողովուրդը, անգամ ամենաբարձրեալը չի կարող հաշուել. չապրուած կեանքեր, չծնուած մանուկներ, չգրուած երգեր, չհերկուած հերկեր, չտնկուած ծառեր, չկառուցուած տաճարներ, չգրուած գրքեր ու այսպէս շարունակ:

Անպատմելի անձնական ողբերգութիւն ապրեցին բռնի իսլամացած, քրտացած, արաբացած հայերը: Ի՞նչ մեղքի ու քաւութեան դժուար ճամբաներով անցան նրանք, ի՞նչ են զգում այսօր նրանց որդիները, ի՞նչ կարող են անել նրանք վաղը, դժուար է ասել:

Եւ վերջապէս հայոց սփիւռքը: Ինչ է սփիւռքը, եթէ ոչ Հայոց ցեղասպանութեան եղերական պտուղ` անսահման ու անճանաչ:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Հայոց ցեղասպանութեան մեծ մեղքը դեռեւս ծանրացած է մարդկութեան խղճին:

Եթէ մարդկութիւնը 20-րդ դարի սկզբին միահամուռ ու արդարադատ լինէր, արդեօք կը լինէին Ողջակիզումն ու Ռուանտան, վանտալիզմի ու ցեղասպանութեան միւս դրսեւորումները, մշակութային եղեռնագործութեան բազմաթիւ օրինակները: Դժուար թէ:

Եւ ինչպէս Պ. Սեւակն էր ահազանգում`
Ուր էր աշխարհը եւ ինչ էր անում,
Ուր էր օրէնքը հանուր մարդկութեան,
Որ յանցապարտին չմահապարտեց…

Այսօր ահազանգ է հնչում ամէնուրեք, թուրքական հասարակութեան առաջադէմ հատուածը եւս պահանջում է առերեսուել պատմութեան հետ եւ  բացել անցեալի կեղծ վարագոյրը: Ամենաթարմ օրինակներից է նաեւ թուրք խոշոր գործարար Իսհաք Ալաթոնի` Հայոց ցեղասպանութիւնը ճանաչելու կոչը. «Եկէք մենք էլ մեր ձայնը բարձրացնենք Անգարայի խորհրդարանում: Թող օգնեն մեզ բացել կմախքներով լի պահարանների դռները եւ թաղել նրանց, յարգենք անմեղ զոհերի յիշատակը եւ հաշտուենք մեր անցեալի հետ», գրում է թուրք գործարարը:

Սակայն պաշտօնական Անգարան` գիտակցելով իր պատասխանատուութեան ծանր բեռը գործադրում է բոլոր հնարաւոր միջոցները կեղծարարութեան ու սոփեստութեան իր ողջ զինանոցը` փորձելով խուսափել անխուսափելիից:

100 տարի շարունակ հայրենիքը  եւ սփիւռքում ապրող հայերը պայքարել են Ցեղասպանութեան ճանաչման ու դատապարտման համար` հասնելով նկատելի արդիւնքների: Եւ որքան էլ զարմանալի թուայ, գնալով նոր սերունդները ե՛ւ սփիւռքում, ե՛ւ հայրենիքում դառնում են աւելի վճռական, յամառ ու անզիջում: Ինչ խօսք, պայքարի նոր փուլում նրանց թիկունքում  կանգնած է հայրենի անկախ պետութիւնը:

Ցեղասպանութիւնն ու նրա բազմաբնոյթ հետեւանքները շարունակւում են մինչ այսօր. ողջ հայ ժողովուրդն ու մասնաւորապէս նրա սփիւռքեան հատուածները ապրեցին երկատուած էութեամբ, խեղուած հոգեկան աշխարհով, ողբերգութեան ու ցաւի վրայ խարսխուած ազգային ինքնութեամբ: Նրանց սերնդէ սերունդ հալածում են  տեսիլքներն ու տանջում է հայրենիքի կարօտը: Նրանք մի կողմից փորձում են լինել այն երկրի լաւագոյն, օրինապաշտ քաղաքացին, որտեղ ապրում են, միւս կողմից պայքարում հայ մնալու համար, ապրում են 2 «ես»-ով: Իսկ ո՞վ է հաշուել այս հոգեկան տառապանքի գինը, որ ապրում է աշխարհասփիւռ հայութիւնը, ո՞վ պէտք է պատասխան տայ նրանց մայրենի լեզուի կորստի, կրօնի եւ դաւանանքի փոփոխութիւնների համար…

Պահը հասունացել է: Կարծում եմ, այսօր առկայ են բոլոր նախադրեալները, իրաւական հիմքերն ու Հայոց ցեղասպանութիւնը հաստատող աքսիոմա դարձած փաստարկները, որպէսզի սկսուի նոր համակարգուած ու համընդհանուր գործընթաց: Հայոց ցեղասպանութիւնն այն ցաւն է, որ անգամ ամենակարող Ժամանակը չի կարող բուժել: Օսմանեան Թուրքիան եւ նրա իրաւայաջորդները լիակատար պատասխանատուութիւն են կրում իրականացրած Հայոց ցեղասպանութեան եւ նրա ծանրագոյն հետեւանքների համար, որոնց ենթարկուել եւ դեռ շարունակում է ենթարկուել հայ ժողովուրդն ու Հայաստանը:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Հայոց ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցի շեմին մենք լիովին պէտք է ձերբազատուենք զոհի բարդոյթից, ու հանդէս գանք միասնաբար, ինքնավստահ, աննահանջ պահանջատիրոջ կերպարով եւ իրաւունքներով:

Մեր միասնութեան առանցքը պէտք է դառնայ ո՛չ թէ ողբերգութիւնը, այլ ազատ եւ անկախ հայրենիքը, որն անխորտակ միջնաբերդի պէս միշտ կանգնած է լինելու  Ցեղասպանութեան ճանաչման ու դատապարտման, հայոց պահանջատիրութեան թիկունքում:

Մենք պէտք է ամէն ինչ անենք, որ խաղաղուեն անմեղ նահատակների լոյս հոգիները:

Չնայած բոլոր ջանքերին, ոեւէ մէկին չի յաջողուի սեպ խրել հայրենիքի եւ սփիւռքի միջեւ, կեղծելով պատմութիւնը, քողարկել իրականութիւնը, մոլորութեան մէջ դնել մարդկութեանը, այդ թւում եւ Թուրքիայում իրենց պատմութեան հետ առճակատուած, ճշմարտութիւնը հասկացած մարդկանց:

Թուրք իշխանութիւնները պէտք է կանգ առնեն, ժամանակը իրենց օգտին չի աշխատում, մենք 20-րդ դարասկզբում չենք, 21-րդ դարում ենք եւ հայը գրագէտ է, ուժեղ է, իր իրաւունքները լաւ գիտի եւ կարող է պաշտպանել այն:

Հայրենիքը եւ սփիւռքը համախմբուած է եւ միասնական, եւ պայքարը Հայ դատի համար ահագնանում է…

 

Leave a Reply

Comments are closed on this post.

Advertisement