Ժամ Առաջ Հրաժարիր

ԴՈԿՏ. ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ

«Մենք ներշնչուած արեգակով`
Տենչում էինք այգաբացին,
Սակայն եղար դու մեզ համար,
Միջնադարեան սրած կացին»

Մինչեւ իր էութեան խորքերը ցնցուած հայութիւնն այսօր է՛լ աւելի մեծ ցնցում ապրեց` մէկ անգամ եւս լսելով իր դաւաճան վարչապետի ինքն իրեն արդարացնող ցնդաբանութիւնը: Ասում եմ` ցնդաբանութիւն, քանզի մտածող ու վերլուծող ոեւէ անհատ չի կարող այդ ելոյթին ուրիշ որակաւորում տալ:

Մինչ 6 երկար ու հոգեմաշ օրեր, իր հայրենի տարածքների մեծագոյն մասը դաւադրօրէն կորցրած, միւս մասն էլ վտանգած, ազգի նուիրեալների հազարաւորների կեանքերի համար սգացող, հրապարակներում ու փողոցներում հաւաքագրուած հարիւր հազարաւոր խաբուած, վիրաւորուած արժանապատուութեամբ, անյայտ ճակատագրի ենթարկուած հայեր, որպէս չարիքի փոքրագոյն, այս ամէնի պատասխանատու վարչապետի հրաժարականն են պահանջում, նա դեռ իր երկուս ու կէս տարի անկանգառ քարոզած ատելութիւնն է շարունակում հրամցնել ժողովրդին` ողջ պատասխանատուութիւնը կրկին նախկինների վրայ բարդելով:

Իր մանկամիտ մտքերով եւ դեռ ինքն իրենով տարուած, իր աթոռին կառչած` նա նոյնիսկ չի նկատում, որ իր ղեկավարած, իր ստերով սնուած ժողովրդի մի հսկայ հատուած մտքով արթնացել է ու տեսնում է որպէս ղեկավար, որպէս մարդ իր վարչապետի սնանկութիւնն ու ողբալիութիւնը եւ պահանջում է ժամ առաջ ազատուել իրենից, որ` աւելի չստորանայ, որ աւելի կորուստներ չունենայ, որ` գոնէ մի փոքր ազգայնութիւն փրկի իր հետագայ կեցութեան ու վերականգման, իր սերունդների համար:

Որովհետեւ ղեկավարին ոչ հարիր նրա իւրաքանչիւր նախադասութիւն ազգային անպատուութիւն է: Մեր ազգը իր բարձագոյն արժանիքներով այսպիսի փոքրոգի եւ բացարձակ ազգադաւ մանկամիտ ղեկավարի արժանի չէր:

Արդարացրէ՛ք, խնդրեմ, պետութեան այն ղեկավարին, որն իր երկրի ինքնակամօրէն թշնամուն յանձնած տարածքը անուանում է` «ԴԺԲԱԽՏ ՈՒ ՏԺԳՈՅՆ ՔԱՂԱՔ, ՈՐԸ ՄԵԶ ՊԷՏՔ ՉԷ»:

Ես ինքս ինձ թոյլ չեմ տալիս թուարկել այդ նոյն «տժգոյն ու դժբախտ Շուշիի» առաւելութիւնները, նրա դարաւոր կապը, կենսագրութիւնը մեր ազգային կեանքում ու պատմութիւնում, նրա կարեւորութիւնը մեր լինելիութեան համար: Միայն ուզում եմ շեշտել, որ պարզւում է` թշնամին մեր ղեկավարից աւելի խելացի ու հեռատես է, որ գնահատելով Շուշին իր բոլոր «դժբախտութիւններով ու տխրութիւնով»` երկար ու ձիգ տարիներ սպասել է միայն դրան տիրանալու համար:

Մենք ազգովին այս պահին ահաւոր մեծ վտանգի առջեւ ենք կանգնած, քանի որ այսպիսի մի ղեկավար, որի համար իր աթոռը էլ աւելի երջանիկ, յաջողութիւնների փայլով լուսաւորուած իրողութիւն է, քան` իր երկրի տարածքները, որոնք որպէս անպէտքութիւն է յանձնում թշնամուն, որոնց ԿԻՍԱՒԷՐ ԽՐՃԻԹՆԵՐԻ, ՎԵՐԱՄԲԱՐՁ ՁԵՌՆԵՐԻ ՆՄԱՆ ԵՐԿԻՆՔ ՊԱՐԶՈՒԱԾ ՔԱՐԵՐԻ, ԴԱՌՆ ՈՒ ՑԱՒՈՏ ԱՂՕԹՔՆԵՐԻ, ԶԱՆԳԱԿՆԵՐԻ ՏԽՈՒՐ ԶԱՆԳԵՐԻ ՂՕՂԱՆՋՆԵՐԻ ԱՌԱՋ ԽՈՆԱՐՀՈՒԵԼ ԵՆ ՍԵՐՈՒՆԴՆԵՐ ՈՒ ՊԱՀԵԼ ԵՆ ԱՅԴ ԱՄԷՆԸ ԻՐԵՆՑ ԱՐՑՈՒՆՔՈՎ, ԻՐԵՆՑ ԱՆՄՆԱՑՈՐԴ ՍԻՐՈՎ ՈՒ ԿԱՊՈՒԱԾՈՒԹԵԱՄԲ ՈՒ ԴԵՌ ՅԱՄԱՌՕՐԷՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՊԱՀԵԼ:

Այս օրերին ողջ հայութիւնը սիրտ կեղեքող զգացումներով, սփոփանք չգտնող յուզումով հետեւում ու իրենց հետ ապրում, իրենց հետ արցունքով հրաժեշտ ենք տալիս այն բնակավայրերին, ուր ապահով ապրել ու բազմացել են նրանք` մեր հայրենակիցները:

Ես չեմ կարողանում նայել այդ երեխաների տխրութիւնից, ներքին ապրումներից քարացած դէմքերին, որոնք լուռ հետեւում, օգնում են իրենց ծնողներին` հաւաքելու իրենց տունն ու տեղը,  որոնց կտրեց ընդամէնը երկուս ու կէս տարի ղեկավարած վարչապետը իրենց հոգեհարազատ շրջապատից, իրենց բակից, տնից, փողոցներից, լեռներից, որոնցից ուժ պիտի ստանային ու հոգեկան սնունդ, ուր պիտի բազմանային ու հոգ տանէին իրենց հայրենական տանը, յուշարձաններին, անտառներին ու դաշտերին: Նրանց անորոշութեան մատնուած, անհեռանկար ճակատագիրը խենթացնում, հանգիստ չի տալիս ոչ միայն իրենց, այլ նաեւ` ինձ, մեր բոլորին: Ինչո՞ւ, ի՞նչ իրաւունքով իրենցից խլեցիր նրանց մանկութիւնը, պատանութիւնը, երիտասարդութիւնն ու ապագան:

Բայց չէ՞ որ պաշտօնիդ բերումով, երկիրդ կտրատելուց, թշնամուն յանձնելուց առաջ ղեկավարի պարտականութիւնն էր լուծել իր ժողովրդի տեղադրման, նրանց ապահով կեցութեան հարցը: Գուցէ դա՞ էլ նախկիններն էին անելու: Դու առանց այդ հարցերը լուծելու` ո՞ւր էիր շտապում, ինչո՞ւ էիր զիջում տարածքները, ինչո՞ւ զէնքով չէիր ապահովում իր երկիրը իր կեանքով պաշտպանող քո զինուորին:

Գուցէ դրանք քեզ համար մոլախոտերով ծածկուած տխուր ու դժբախտ տարածքներ էին, բայց յիշեցնեմ, որ դրանք քո ժողովրդի սերունդների հայրենիքն է, որոնք դու յօշոտեցիր: Դու ինչու անտեսեցիր, բնաջնջեցիր քո ժողովրդին:

Ո՞վ ես դու, որ քո ժողովրդի մի հոծ հատուածին դաւադիր դաւաճանութեամբ այս վիճակին մատնելուց յետոյ դեռ արդարանալու եւ խօսելու, նախկիններին մեղադրելու իրաւունք ես վերապահում: Ժողովրդի յիշողութեան մէջ դեռ թարմ է, թէ ինչպէս քո պաշտպան Լեւոնի հրամանին հակառակ` Շուշին ազատագրուեց նոյն այդ նախկինների կողմից ու նրանց իշխանութեան օրօք ծաղկեց ու երբեք չյանձնուեց թշնամուն:

Դու լաւ կը լինի լսես, թէ ի՛նչ են ասում իրենց տները այրող, անօթեւան, անյայտ ճակատագրին մատնուածները: Տեսնում ենք չէ՞, ի՜նչ տներ, ի՜նչ տնտեսութիւններ են նրանք հիմնել ու ապահովութեամբ ապրել այս վերջին 30 տարում, ի՜նչ այգիներ են մշակել: Եւ 30 տարուայ նրանց քրտինքը դու քո անկարողութեամբ յանձնեցիր դարաւոր թշնամուն: Եթէ 30 տարի առաջ թշնամին թշուառ ու քայքայուած երկիր էր ստանալու, այսօր ծաղկած ու բարգաւաճ պատրաստի երկրի տէր դարձրիր նրանց, իսկ մեր զաւակների արիւնը ոտնատակ տուիր:

Դու ո՞վ էիր, որ եկար ու իր հողի տէր ժողովուրդին դարձրիր անհող ու անտուն: Մեր մայրերին զրկեցիր իրենց սիրասուն զաւակներից, մեր երեխաներին թողեցիր որբ ու անհայրենիք:

Իր ժայռերին, իր անզուգական կանաչապատ լեռների, կարկաչուն աղբիւրների, տաք ու շոգիացող ջրերի վայլեքով ապրող հասարակ, պարզ ժողովրդիցդ տմարդօրէն խլեցիր այս ամէնն ու յանձնեցիր քո սիրելի ազերի ժողովրդին, որի իրաւունքները պաշտպանեցիր քո իշխանութեան առաջին իսկ օրից, բայց որը կուրացած հետեւորդներդ չհասկացան, ու դու քո բռնատիրութիւնը ամրացրիր նրանց տգիտութեան վրայ:

Ո՞վ էիր, որ քո իսկ ժողովրդին դարձրիր մեր դարաւոր թշնամու հպատակը, որ այսօր օտար զինուած զինուորների ստուգմամբ ու թոյլտուութեամբ են իրենց երկրին վերջին անգամ հրաժեշտ տալիս այդ հողում ծնուած, հասակ առած, պայքարած ու յաղթանակով իրենց կեցութիւնը 30 տարիներ ապահոված ժողովուրդը:

Ամիսներ առաջ հայրենի տաղանդաւոր արուեստագէտ Մարտիրոս Բադալեանը մեխերով մի աթոռ էր նուիրում քեզ, որի բառացի բացատրութիւնն էր` երբեք հանգիստ չգտնել այդ  «աթոռի» վրայ: Մեխերի սրութիւնով ծակծկող, բազում պահանջներով լեցուն ու պատասխանատու պաշտօն է այն: Բայց անշուշտ քո մտային կարողութեամբ դու չէիր կարող դրա իմաստը հասկանալ: Այսօր էլ դեռ չես հասկանում, որ ոչ թէ միայն աթոռը, այլ ողջ ազգն է մեխերով խաչում քեզ ոչ միայն հայրենի հրապարակներում ու փողոցներում, այլ` ողջ աշխարհում:

Իսկ դու շարունակում ես դեռ քո բռնատիրութիւնը, եւ զարմանալի չի լինի, որ վաղը յօշոտես քո հրաժարականը պահանջողներին, որոնց մի մասին սկսել ես ձերբակալել, իսկ միւս կէսին հանել իրար դէմ: Դու մեզ համար դարձար Չարենցի խօսքերով` «միջնադարեան ՍՐԱԾ ԿԱՑԻՆ, որով ԱՐԵԳԱԿՆԵՐ Խորտակեցիր եւ ուրեմն չես կարող մնալ քո պաշտօնում:

Սա է այսօրուայ իրականութիւնը, եւ ոչ մէկը չհամարձակի միասնականութեան դասեր տալու ինձ: Այդ դասերը ուղղէք ձեր կիսակենդան վարչապետին:

Այս վարչապետը արժանի չէ մեր ժողովրդին, նա օգտագործեց ժողովրդի նուիրուածութիւնը թուրքի համար եւ ուրեմն ժամ առաջ հեռանալու է:

Մեր երկիրն այսօր ծայրագոյն լարուած ու քայքայուած վիճակում է, բոլոր իմաստներով: Տնտեսապէս, բարոյապէս, ֆիզիքապէս հիւծուած, համաճարակի տակ կքած, հարիւր հազարաւոր գաղթականների անորոշ ճակատագրով, ազգայնօրէն պառակտուած ու դեռ թշնամուն դիմագրաւող:

Բոլորիս միակամ պահանջն է` ժամ առաջ ստանալ այս վարչապետի հրաժարականը, որպէսզի սկսենք երկրի եւ մեր անօթեւան ժողովրդի համատեղ կեցութեան վերականգման գործը:

 

 

Share This Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )