Նիկոլ Փաշինեանի Ընտրութիւնը

ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆ

Նիկոլ Փաշինեանի իշխանութիւնը բարոյապէս սպառուած է: Եթէ Փաշինեանը պիտի նստի ու ամէն անգամ հաշուի, թէ քանի հոգի է իր դէմ ցոյցի դուրս գալիս, ըստ այդմ որոշելու համար գահընկէց լինելու համար այդ թիւը սպառնալի՞ք է, թէ՞ ոչ, ապա նա չարաչար սխալւում է: Կասկած չկայ, որ Նիկոլ Փաշինեանի եւ իր իշխանութեան նկատմամբ ատելութիւն է տածում ժողովրդի բացարձակ մեծամասնութիւնը, նրա հրաժարականը պահանջում են ոչ միայն ընդհանրապէս ժողովուրդն ու քաղաքական ընդդիմութիւնը, այլեւ, ըստ էութեան, հասարակութեան բոլոր շերտերը, Արցախը, ինչպէս եւ սփիւռքը: Որեւէ երկրում ոեւէ մէկի համար հեռանալու ազդանշան կը ծառայէր միայն այն, որ արտայայտելով ժողովրդի կամքը երկրի նախագահը ուղիղ ու բացէիբաց ձեւով խօսում է կառավարութեան հրաժարականի անհրաժեշտութեան մասին:

Աւելորդ է ասել, որ իր երկրում բարոյական օրինականութիւնը կորցրած ղեկավարին այլ կերպ չեն ընդունի դրսում: Թերեւս այդպէս կ՛անեն միայն նրանք, ում դեռ անհրաժեշտ է, որ Նիկոլ Փաշինեանը, Հայաստանի ղեկավարի պաշտօնական հանգամանքով, աւարտին հասցնի երկրի յանձնման գործընթացը, որից յետոյ նրանց համար եւս նա կը դառնայ հետագայ գործածութեան համար անպիտան: Եթէ ինչ-որ արտաքին ուժեր փորձեն այսուհետ պաշտպանել նրան, վերջիններս հրաշալի պատկերացնելու են, որ մօտ ապագայում եկող յաջորդ իշխանութիւնը երկրի կոմնորոշումը թեքելու է դէպի հակառակ բեւեռ, ուրեմն յանուն ինչի՞ պիտի աջակցեն բարոյապէս սպառուած եւ իր ժողովրդի գիտակցութեան մէջ երկիրը ծախած իշխանութեանը:

Ի դէպ, Նիկոլ Փաշինեանի հակաժողովրդական քայլերն ու կոչերը հրաշալի տեսնում եւ դրանց համապատասխան ձեւով արձագանգում են դրսում: Նիկոլ Փաշինեանն իր ֆեյքային գործարանի եւ իրեն հայրենիքից շատ սիրողների միջոցով կարող է որոշ ժամանակ դեռեւս ձեռնածութիւն անել, թէ իբր հասարակութեան մէջ համակրողներն ու հակակրողները կիսուած են իրար հակակշռող բանակների, սակայն ինքն էլ հրաշալի հասկանում է, որ դա կարճատեւ ազդեցութեան խաղ է:

Նիկոլ Փաշինեանը անշուշտ իր մտքի մէջ օր-օրի, իսկ գուցէ արդէն ժամ-ժամ կորցնում է վստահութիւնը նաեւ այն փոքրաթիւ խմբերի նկատմամբ, որոնք դեռեւս պատնէշի դեր են խաղում իր եւ ժողովրդի միջեւ: Խօսքը ուժային կառոյցների, դատախազութեան, դատարանների, իր ընչաքաղց ու անսկզբունք քաղաքական խմբակի մասին է, որոնց բոլորի համար էլ այլեւս անտանելի է դառնում երկրի վարչապետի ձեռքին էժան խաղալիք լինելու դերը: Նրանք տեսնում են, որ սեփական իշխանութիւնը անորոշ ժամանակով երկարաձգելու համար Նիկոլ Փաշինեանը պատրաստ է զոհաբերել իրենց հեղինակութիւնը, օրինապահութիւնը եւ նոյնիսկ ֆիզիքական ապագան: Սրանցից իւրաքանչիւրը բնականաբար մտածում է, որ ի վերջոյ գալու է սեփական արարքների համար պատասխան տալու ժամանակը եւ այդ պահին Նիկոլ Փաշինեանը, ամենայն հաւանականութեամբ, ո՛չ կը կարողանայ, ո՛չ էլ կը ցանկանայ փրկել իրենց: Այդ պատճառով էլ այսօր փլւում է աւելի մեծ բան, քան` քաղաքական անդէմ խմբակը, փլւում է երկրի իշխանութիւնը:

Նիկոլի մէջ ուռճացող առարկայական կասկածները վաղը-միւս օրը ստիպելու են մէկ օրում գուցէ նոյն աթոռի վրայ մէկից աւելի մարդ փոխել, բայց միեւնոյն է, նրանցից ոչ ոք նախորդից աւելի վստահութիւն չի ներշնչելու: Այսօր էլ այդ համակարգերը չեն ցանկանում իրագործել անհաւասարակշիռ մարդու գլխում ամէն պահի առկայծող դաւի ու բռնութեան նոր բեմագրութիւնները: Որեւէ երկրի համար կատարեալ խայտառակութիւն է, երբ ձերբակալւում են մարդիկ քաղաքական ամենածանրակշիռ մեղադրանքներով` երկրի առաջնորդի դէմ մահափորձի կազմակերպման կասկածանքով, եւ ընդամէնը մէկ-երկու օր յետոյ ազատ են արձակւում, քանի որ դատարանները հիմնաւորուած չեն համարում կասկածները եւ նոյնիսկ որակում են դրանք շինծու: Դատաւորները, դատախազները հրաժարւում են խամաճիկի դերից, քանի որ նաեւ մտահոգ են իրենց ապագայով:

Ձգտելով ամէն գնով պաշտպանել աթոռը` ի՞նչ է մնում նման պարագայում անելու իշխանութեանը: Նրա առջեւ այլ ճանապարհ չկայ, քան` սադրանքներն ու բռնութիւնը: Հասարակութեան այսօրուայ գերլարուած վիճակում, երբ դեռ շարունակւում են պատերազմի զոհերի յուղարկաւորութիւնները, Արցախից Հայաստան են գալիս մարդիկ` իրենց ետեւից հրդեհած սեփական օճախները, եւ շարունակում են Հայաստան վերադառնալ զինուորներն ու կամաւորները, ում գլխի մէջ դեռեւս մարսուած չէ տեղի ունեցած ողբերգութեան ողջ առեղծուածը, սադրանքի փոքր կայծերը կարող են հրդեհ տարածել` այս անգամ արձանագրելով ողբերգութեան հերթական արարը, յանգելով ներհասարակական բախման:

Սա ի հարկէ կը լինի նոր ամօթ ու նոր ողբերգութիւն երկրի համար, բայց սա կը լինի նաեւ Նիկոլ Փաշինեանի համար մի վերջաբան, որի պատասխանատուութեան տակից այլեւս չի կարողանայ դուրս գալ:

Մենք բարեբախտաբար դեռ այդտեղ չենք հասել, եւ այդ բանը կարող է կանխել դարձեալ մէկ մարդ` նոյն Նիկոլ Փաշինեանը:

Այսօր նա կարող է եւ պէտք է խաղաղ հեռանայ, որովհետեւ մենք դեռ կառչում ենք այն հաւանականութիւնից, որ նոր եկողները կը կարողանան փրկել ինչ-որ բան: Շարունակելով մնալ, Նիկոլ Փաշինեանը փակում է յոյսի այդ ճանապարհը` հիմնաւորելով իր կատարածի մէջ դաւաճանութեան վարկածը : Ուզում եմ հաւատալ, որ Նիկոլ Փաշինեանը, փորձելով աւելին փրկել, կորցրեց առաւելագոյնը, ուզում եմ հաւատալ, որ նա իսկապէս ողբերգութիւն չի համարում Մեղրիի ճանապարհը դարաւոր թշնամու դէմ բացելը, ազրպէյճանաթուրքական զօրքի յայտնուելը Սիւնիքի սահմանագլխին եւ այլն, բայց այդ ամէնը ազգային ողբերգութիւն ու անվտանգութեան կորստի լրջագոյն մարտահրաւէրներ է համարում հայութեան բացարձակ մեծամասնութեանը եւ նա պէտք է անսա մեծամասնութեան ձայնին, ինչի մասին անվերջ կրկնում էր խորհրդարանական ընտրութիւններից յետոյ: Նիկոլ Փաշինեանը լրջագոյն մարտահրաւէրի առջեւ է, երբ ընտրութիւնը տղայական դուխի (ոգեշնչման, Ա.)  կամ թասիբի (արժանապատուութեան, Ա.) խնդիր չէ, այլ վերաբերում է մի ողջ ժողովրդի ճակատագրին: Յուսանք ի վերջոյ կը յաղթանակի բանականութիւնը: Դրանով է պայմանաւորուած եւ մեր եւ Նիկոլ Փաշինեանի ապագան:

 

 

Share This Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )