«Այս Անգամ Եւս Հակառակորդը Պիտի Ձախողի». Ջալալ Յարութիւնեանի Մարտակոչը

Արցախի Հանրապետութեան պաշտպանութեան բանակի հրամանատար Ջալալ Յարութիւնեան հետեւեալ մարտական կոչով դիմեց զինուորներուն.-

«Հայրենակիցնե՛ր,

2016 թուականի մարտական գործողութիւններից շուրջ չորս տարի անց հակառակորդը կրկին դիմել է զէնքի ուժին` կարծելով, թէ այդ ճանապարհով կարողանալու է յօգուտ իրեն լուծել արցախեան հիմնահարցը: Սեպտեմբերի 27-ի առաւօտեան ազրպէյճանական բանակը հրթիռահրետանային նախապատրաստութիւնից ու անօդաչու թռչող սարքերի հարուածներից յետոյ յարձակման է անցել շփման գծի ամբողջ երկարութեամբ:  Այս պահին պաշտպանութեան  ստորաբաժանումները, հակառակորդին մեծաթիւ կորուստներ պատճառելով, յաջողութեամբ խափանում են նրա ծրագրերը: Այդ ծրագրերը մեզ յայտնի են վաղուց, դրանց էութիւնը կարելի է արտայայտել մի բառակապակցութեամբ` հայաթափել Արցախն ու Հայաստանը:

Վստա՛հ եղէք, այս անգամ եւս հակառակորդը  ձախողուելու է: Յաղթանակը հեշտ չի տրուելու: Իր բնոյթին հաւատարիմ` հակառակորդը թիրախաւորելու է խաղաղ բնակավայրերն ու քաղաքացիական բնակչութեանը,  նա տարբերութիւն չի դնելու զինուորի ու մանկահասակ երեխայի, հոգեւորականի ու տարեց կնոջ, հասուն տղամարդու եւ անօգնական ծերունու միջեւ. նրա թիրախը բոլորս ենք: Յաղթանակը պահանջելու է ուժերի գերլարում եւ երկաթակուռ միասնութիւն: Հիմա մի կողմ պէտք է դրուեն բոլոր տարակարծութիւնները, բոլոր տեսակէտները, բոլոր  կարծիքները: Մեր նպատակը մէկն է` ջախջախել հակառակորդին բոլոր հնարաւոր միջոցներով, խորտակիչ հարուածներ հասցնել նրա զինուած աւազակախմբերին, ոչնչացնել նրա ռազմական ենթակառուցուածքը,  անհրաժեշտութեան դէպքում նաեւ ընդարձակել անվտանգութեան գօտին ու պարտադրել վերջնական խաղաղութիւն:

Այդ խնդիրը կատարելու համար պէտք է մէկտեղուեն բոլորիս ջանքերը:

Մեր յաղթանակն այլընտրանք չունի. մենք պաշտպանում ենք մեր նախնիների շիրիմներն ու մեր երեխաների ապագան: Մենք պաշտպանում ենք մեր նախնիների հողի վրայ  ապրելու իրաւունքը:

Մեզ հետ է ամբողջ հայ ժողովուրդը:

Մեզ հետ է արդարութիւնը:

Մեզ հետ է Աստուած:

Յաղթանակը մե՛րն է լինելու»:

 

 

 

Share This Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )