ՀՅԴ-ի Համաներման Առիթով

ԹԱԹՈՒԼ ՕՀԱՆԵԱՆ

ՀՅ Դաշնակցութեան Բիւրոն, կուսակցութեան 130-ամեակի առթիւ, համաներում է յայտարարել, շարքերից հեռացուած կամ հրաժարուած նախկին բոլոր դաշնակցականների նկատմամբ, որը համայնքի լայն շրջանակների մօտ մեծ հետաքրքրութիւն է առաջացրել եւ այլեւայլ մեկնաբանութիւնների տեղիք տուել:

Աշխարհի բոլոր կրօնները, պետութիւնները, զանազան հաստատութիւններն ու կազմակերպութիւններն, իրենց անկարգ հետեւողների, քաղաքացիների եւ անդամների նկատմամբ մշակել են մի շարք կարգապահական եւ պատժական օրէնքներ, որոնք կիրառւում են ոչ թէ վրէժի կամ անցանկալիների հետ հաշուէյարդար տեսնելու՝ այլ շեղ ճանապարհ գնացողներին սաստելու ու կարգի հրաւիրել համար եւ միեւնոյն ժամանակ կարգի եկողների նկատմամբ էլ կիրառուել են ներման սկզբունքներ ու օրէնքներ:

Կազմակերպութիւնները, կրօնական, պետական, քաղաքական, տնտեսական եւ այլն, իրենց գոյութիւնը պահում եւ յաջողութիւնների են հասնում եթէ իրենց վարչական կառոյցում տիրում է կատարեալ կարգապահութիւն, որը ոչ այլ ինչ է եթէ ոչ, ենթարկուելու եւ ենթարկելու գիտակցութիւն ու կարողականութիւն:

Դաշնակցութիւնն էլ որպէս մի կուռ կազմակերպութիւն, իր 130-ամեայ գոյութիւնը պահել ու պահպանել է իր կանոնագրով նախատեսուած ամուր կարգապահութեան շնորհիւ որին անվերապահօրէն եւ գիտակցօրէն ենթարկուել են կուսակցութեան բոլոր անդամները: Դաշնակցութեան կանոնագիրը որին հաւատարիմ մնալու ուխտ են կատարել բոլոր դաշնակցականները, իր կարգապահական գլխում նկատի է առել տասը հակակարգապահան արարքներ որոնց համար նաեւ նախատեսուած են համապատասխան պատիժներ, որոնք տնօրինւում են ենթականերին պաշտպանուելու հնարաւորութիւն տալուց յետոյ միայն, ըստ կանոնագրի պատժի նկատմամբ կարելի է բողոքել եւ վերանայութեան առաջակ ներկայացնել աւելի գերադաս մարմնի, որն եւս իր հերթին, շատ յաճախ տնօրինուած պատիժը բեկանում կամ մեղմացնում է:

Վերոնշեալ կանոնագրային պատժական տնօրինումներից, բեկանումներից ու մեղմացումներից զատ, ՀՅԴ Բիւրոն իրաւասութիւն ունի ժամանակ առ ժամանակ եւ զանազան առիթներով, համաներման յայտարարութիւն հրատարակել, որի մէջ ոչ մի արտառոց խնդիր չկայ եւ չգիտեմ թէ ինչու են ոմանք փորձում անախորժ բացատրութիւններ տալ, այս ներողամտութեամբ առ լեցուն համաներմանը:

Դժբախտաբար վերջին մի քանի տարիների ընթացքին, շարքերից հեռացուածներից մի քանիսը, իմ տարիների սրտակից ընկերներն են եղել, որոնց հետ մէջք մէջքի տուած աշխատել ու պայքար ենք մղել հայ դատի աշխատանքների ուղղութեամբ, որոնց շարքերից հեռացման լուրը ինձ խորը վիշտ պատճառեց: Արդ որպես կուսակցական ցէնզով եւ տարիքով, դաշնակցութեան երէցներից մէկը, ինձ իրաւունք եմ տալիս կոչ անելու բոլոր հեռացուածներին ու հրաժարուածներին, ի մասնաւորի իմ ազիզ սրտակից ընկերներին, առանց այլազան մեկնաբանութիւնների, ընդառաջելով Բիւրոյի համաներման յայտարարութեանը, այն էլ առանց զղջումնագրի, վերադառնան իրենց շատ սիրեցեալ կուսակցութեան գիրկը, ոչ թէ կուսակցութեանը ընկրկումից փրկելու, ինչպէս ոմանք բարբաջում են, այլ իրենց վաստակը մեծացնելու եւ ի դերեւ չանելու համար:

Նոր-Ջուղա
11-9-2020թ.

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )