Նախագահ Սարգսեան. «Արցախն Էր Այն Կայծը, Որից Բռնկուեց Ազատութեան Բոցը»

Հայաստանի նախագահ Արմէն Սարգսեան հետեւեալ շնորհաւորական խօսքը ուղղեց Արցախի անկախութեան օրուան առիթով:

«Շնորհաւորում եմ Արցախի անկախութեան օրուայ առթիւ:

1991 թ. սեպտեմբերը ճակատագրական ու բախտորոշ էր հայ իրականութեան մէջ.  սեպտեմբերի 2-ին անկախութիւն հռչակեց Արցախը, իսկ սեպտեմբերի 21-ին իր անկախութեան հանրաքուէն անցկացրեց Հայաստանը:

Արցախն էր այն կայծը, որից բռնկուեց ազատութեան բոցը եւ տարածուեց հայկական աշխարհում: Մեր ժողովուրդը ոտքի ելաւ պաշտպանելու իր իրաւունքները եւ իր արժանի տեղը գրաւելու ժամանակակից ազգերի ընտանիքում:

Սա մեր իղձերի իրականացման եւ հնարաւորութիւնների իրացման իսկապէս պատմական ժամանակաշրջան էր, որի կարեւորութիւնը շատ լաւ էինք գիտակցում ինչպէս Արցախում, այնպէս էլ Հայաստանում:

Անկախութեան հռչակումը դարձաւ այն արագացուցիչը, որի միջոցով Արցախում մարմին առաւ ինքնիշխան պետականութիւնը:

Այսօր` 29 տարի անց, Արցախի Հանրապետութիւնը կայացած պետական միաւոր է` շնորհիւ այն պայքարի, որը մղւում է համահայկական ուժերով, շնորհիւ այն յաղթանակի, որը կերտուեց Արցախի, Հայաստանի ու սփիւռքի միասնութեամբ, շնորհիւ այն կամքի, որն առաջնորդում է արցախցիներին եւ այսօր էլ նրանց յաջողութիւնների գրաւականն է:

Ես գլուխ եմ խոնարհում բոլոր այն հերոս նահատակների առաջ, ովքեր իրենց կեանքը զոհաբերեցին յանուն անկախ ու ազատ Արցախի, երախտագիտութիւնս եմ յայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց առողջութիւնը եւ բարեկեցութիւնը նուիրաբերեցին այդ նպատակին:

Արցախը համազգային կամքի փորձաքարն էր, այսօր էլ այն շարունակում է մնալ մեր միասնութեան առանցքը: Որպէս ժողովուրդ` հայերիս համար իւրաքանչիւր ձեռքբերում Արցախում մի քար է մեծ հայկական աշխարհի վերականգնուող պատին: Ուստի մեր միտքն ու ջանքը, մեր գործն ու խոհը պէտք է ուղղուած լինեն հայրենիքի` Արցախի ու Հայաստանի անվտանգութիւնն ու խաղաղութիւնն ամրապնդելուն, մեր ժողովրդի բարեկեցութիւնն ապահովելուն:

Այս գիտակցումը պէտք է բարձրագոյնը լինի իւրաքանչիւրիս մէջ, որովհետեւ Արցախի լիակատար ազատութեան, մեր ժողովրդի ոտնահարուած իրաւունքների վերականգնման պայքարը դեռ աւարտուած չէ, այն դեռ շարունակւում է:

Կրկին շնորհաւորում եմ Արցախի Հանրապետութեան անկախութեան օրուայ առթիւ, մաղթում խաղաղութիւն, բարեկեցութիւն եւ լաւատեսութիւն»:

Նոյն օրը նախագահ Արմէն Սարգսեան հեռաձայնային զրոյց ունեցաւ Արցախի Հանրապետութեան նախագահ Արայիկ Յարութիւնեանի հետ, շնորհաւորեց զայն եւ բոլոր արցախցիները Արցախի անկախութեան հռչակման 29-րդ տարեդարձին առիթով` մաղթելով խաղաղութիւն, բարեկեցութիւն եւ անսասան հաւատ ապագային նկատմամբ:

 

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )