Սթափուէ՛ք, Արցախը Շահարկման Նիւթ Չէ Եւ Ընդհանրապէս Չի Կարող Լինել

ԴՈԿՏ․ ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ

Այս օրերին, երբ Թուրքիան իր դիրքերն է ամրացնում ամէնուրեք, որպէս ռազմական ուժեղ պետութիւն, մինչեւ անգամ բաց ծովում Միացեալ Նահանգների հետ հաւասար զինավարժութիւն անում, մենք դեռ շարունակում են ազգովին քննարկման ենթարկել, նուաստացնել Արցախի 2016-ի Ապրիլեան քառօրեայ յաղթանակը:

Հարց է ծագում`— միթէ՞ ներքին «թշնամուն» յանձինս` Ս․ Սարգսեանին դատելու համար, յաղթական ենք հռչակելու իրական թշնամուն:

Սթափուէ՛ք, իւրաքանչիւրդ մտածէք, թէ ինչո՞ւ էք դարձել ներկայ իշխանութեան անձնական թշնամութեան զոհերը:

2016թ Ապրիլեան պատերազմում մեր զոհերի եւ Լէլէ Թէփէի (հայերէնով՝ Կակաչների Բլուր) կորստի համար ես եմ առաջինը իմ գրութիւններում բզկտել Ս․ Սարգսեանին, յատկապէս իր յայտարարութեան համար, ուր ասում էր՝ «որ թշնամու կողմից գրաւուածը ընդամէնը մի փոքր տարածութիւն է»:

Սակայն թշնամու հսկայական յարձակումը ետ մղելու, այդ անհաւասար, կարճատեւ պատերազմում մեր յաղթանակը, երբեւէ նսեմացման կամ քննարկման հարց չի դարձել, քանի որ թշնամին միայն սանձուել է այդ բլուրում:

Ամենահասարակ տրամաբանութեամբ, եթէ պարտուած լինէինք, ինչպէս վերջին ամիսներին այս իշխանութեան քննարկման հարցն է դարձել, ապա թշնամին պէտք էր այսօր Արցախում լինէր եւ ոչ թէ երկրորդ յարձակումը գործեր արդէն Հայաստանի տարածքի վրայ:

ԵՒ ԱՄԵՆԱԿԱՐԵՒՈՐԸ, ԻՆՉՈ՞Ւ ԱՅՍ ՆՈՐ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆԸ ԱՅՍ ՀԱՐՑՆ Է ՇԱՀԱՐԿՈՒՄ, ՅԱՂԹԱՆԱԿԻ ՊՍԱԿԸ ՀԱՅԻ ԳԼԽԻՑ ԽԼԵԼՈՎ ԴՆՈՒՄ ԹՇՆԱՄՈՒ ԳԼԽԻՆ:

Մտածո՞ւմ էք մեր այն հերոսների մասին, ովքեր իրենց կեանքով պաշտպանեցին մեր տարածքները, ովքեր զոհուեցին այդ թանկագին տարածքների համար, ովքեր պատրաստւում են նոր յարձակման դէպքում իրենց կեանքը նուիրաբերել հայրենիին:

Իսկ այսօր հարց է ծագում` եթէ հայրենին այսպէս է արժեւորում իւրաքանչիւր զինուորի կեանքը, ի՞նչ ոգով է նա ինքնակամ զոհաբերուելու:

Ազերիների վերջին յարձակման` յուլիս 12-ի ժամանակ մեր հայ սպան գերի է վերցուել եւ բոլորս գիտենք, թէ ի՛նչ է նշանակում թուրքի ձեռքին գերի ընկնելը եւ ազգովին հանգիստ ենք: Իսկ մեր յոխորտացող վարչապետը ընդհանրապէս լռել  է: Հարց է ծագում ինչո՞ւ:

Աշխարհը ականատես եղաւ, թէ ինչպէ՛ս վարչապետը իր ռազմական նախարարի յաղթանակի զեկոյցը նուաստացրեց՝ «իսկ հնարաւոր ա՞ էդ մեքենայի հետ կապուած» տգէտ հարցումով: Երկու տարուայ ընթացքում նոյնիսկ չսովորելով իր երկրի գրական, իր պաշտօնին վայել հայերէնի բառապաշարով խօսել, փոխանակ յոտնկայս շնորհաւորելու եւ իր առաջին հարցումը լինէր` զոհեր եւ գերիներ ունե՞նք, ամօթով լսեցինք մեր յաղթանակը արհամարող վարչապետի հարցումը:

Ներկայ իշխանութեան ազերամիտ քաղաքականութիւնը, ազերի ժողովրդի շահերն ու իրաւունքները Արցախի ժողովրդի շահերի ու իրաւունքներին հաւասարեցնելը, այնքան ակնյայտ է, որ պէտք է անհանգստացնի մեզ:

Ժամանակն է մեր ժողովուրդը արթնանայ եւ հասկանայ իր երկրի ոչնչացման համար աշխատող ուժերի գործընթացը, որը երկարամեայ ծրագրով պատրաստուեց եւ այժմ այս իշխանութեան ձեռքով է իրագործում:

Ոչ մէկին գաղտնիք չէ, որ երբ երկիրդ ղեկավարւում եւ ֆինանսաւորւում է դրսի տարբեր ուժերի կողմից, նրանց թիրախը դառնում են ազգային բոլոր տեսակի պատկանելիութիւնները, կրթական, մշակութային եւ պաշտպանական համակարգերը:

Ազգային բնական ներքին հարստութիւնները ցաւօք արդէն առաջին ծախուած նախագահի կողմից ոչնչացուեցին երկրի բնապահպանական բոլոր օրէնքները խախտելով, երկրի գետերն ու լճերը, արօտավայրերը թունաւորելով: Տիրող իշխանութիւնն այսօր՝ զանց առնելով իր եւ իր զաւակների առողջութիւնն ու հարստութիւնը պաշտպանող ժողովրդի պահանջը, որպէս առաջինի հլու հետեւորդ շարունակում է նրա գործը: Ականատես ենք Ամուլսարի հարցով ժողովրդի բուռն բողոքի եւ իշխանութեան կոպիտ միջամտութեանը՝ հաստատելով, երկրի ոչ միայն ներքին հարստութեան, որը ժողովրդի ապագան է, այլ նաեւ բնապահպանութեան հանդէպ իշխանութեան անտարբերութիւնը:

Մենք ականատես ենք արդէն, թէ ինչպէս են ոչնչացնում մեր կրթական համակարգը, հանելով այնտեղից բոլոր այն արժէքները, որը օժանդակում է մարդու մէջ ձեւաւորելու ազգային գիտակցութիւնը: Երբ այդ գիտակցութիւնը բացակայ է, մարդը այլեւս դառնում է անարժէք, անարմատ, մի ոմն էակ, առանց երկրի եւ ազգային գիտակցութեան, որին կարող են ցանկացած` սեռային, մտային, ազգային, հոգեկան բոլոր ձեւերով ուղղորդել, որպէս դատարկ կերպարանք:

Ոչնչացման նոյն առաքելութեանն է ծառայում մեր սփիւռքի նախարարութիւնը, որը նոր աշխարհ յայտնաբերածի հպարտութեամբ յայտարարում եւ ուզում է իրականացնել մեր երկիրը քանդող պատուիրատուների ծրագիրը, երկիր ներմուծելով այլազգիների:

Սակայն սրանով չի ամփոփւում նրանց քանդման ծրագիրը:

Այսօր ամբողջ թիրախը նաեւ մեր բանակի վրայ է ծանրացած, որն այս պահին դեռ անկախ գործող եւ միակ ամուր հաստատութիւնն է:

Բանակի ապակայունացման, կազմաքանդման գործընթացը արդէն վաղուց ծրագրուած է եւ վա՛յ մեզ, եթէ իրապէս տեղի տանք եւ հետեւենք մեր ներկայ իշխանութեան քարոզներին:

Գաղտնիք չէ, որ  ապակայունացնելով բանակը աւելի հեշտօրէն հնարաւոր է քանդել երկիրը:

ՈՒՇՔԻ ԵԿԷ՛Ք ԵՒ ԱՊԱԶԳԱՅԻՆ ՔԱՐՈԶՉՈՒԹԵԱՆԸ ՎԵՐՋ ՏՈՒԷ՛Ք: ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԱՅՍՕՐՈՒԱՅ ԹԱՓԹՓՈՒԿՆԵՐԻ ՆՄԱՆՆԵՐԻՑ  ԵԹԷ ՅԵՏ Է ՄՆԱՑԵԼ, ՍԱԿԱՅՆ ԿՐԿԻՆ ՈՏՔԻ Է ԿԱՆԳՆԵԼ:

ՄԻԱՅՆ ԱՅՍ ԱՆԳԱՄ ԹՈՅԼ ՉՏԱՆՔ, ՈՐ ՄԵԶ ԿՐԿԻՆ ԵՏ ՏԱՆԵՆ:

ԼՐՋՕՐԷՆ ՄՕՏԵՑԷՔ ՄԵԶ ԴԱՆԴԱՂ ՈՉՆՉԱՑՆՈՂՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԻՆ, ԵՒ ՄԵՐ ԶԱՒԱԿՆԵՐԻ ԱՐԵԱՆ ԳՆՈՎ ՇԱՀԱԾ ՅԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ ՀՊԱՐՏՕՐԷՆ ԾԱԾԱՆԷՔ:

ԴՐԱՆՔ ՄԻԱՅՆ ՈՒ ՄԻԱՅՆ ՄԵՐ ԲԱՆԱԿԻ, ՄԵՐ ԿՌՈՒՈՂ ԶԻՆՈՒՈՐՆԵՐԻ, ԻՐԵՆՑ ԱՐԻՒՆԸ ՆՈՒԻՐԱԲԵՐՈՒԱԾՆԵՐԻ ԵՒ ՆԱԵՒ ԳԵՐԻ ԸՆԿԱԾՆԵՐԻ ՅԱՂԹԱՆԱԿՆ Է ԵՒ ՈՉ ԹԷ ԵՐԿՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ:

26 Օգոստոս 2020

 

 

 

 

 

 

 

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (1)
  • Եթէ այս բոլորին մէջ թափթփուք մը կայ, այդ մէկը դուն ես, Մարրի Ռոզ Աբուսեֆեան:

  • Disqus (0 )