ԹԱԹՈՒԼ ՕՀԱՆԵԱՆ
Լիբանանի մայրաքաղաք Պէյրութում տեղի ունեցած ահաւոր, ցնցիչ ու մահաբեր պայթումը, ցնցեց ո՛չ միայն լիբանանահայութեանն ու հայութեանը, այլ համայն մարդկութեանը: Պայթումից յետոյ հայութեան ցաւին ու կսկիծին զուգընթաց, ոմանց կողմից զգացական կերպով ծայր են առել զրոյցներ, այն մասին, որ իբրեւ պայթումը տեղի է ունեցել դիտաւորեալ եւ քաղաքական նպատակով, ուստի լիբանանահայութեանը փրկելու համար անհրաժեշտ է հայրենադարձութիւն կազմակերպել, մինչդեռ մինչ այսօր մասնագէտների կողմից կատարուած ուսումնասիրութիւնները չեն հաստատում այդ վարկածը:
Եթէ նկատի ունենանք, որ ազգերն ապրում ու գոյատեւում են միայն հայրենիքում, հետեւաբար հայրենադարձութեան բուն նպատակը, սփիւռքահային ձուլումից փրկելն է, եւ սփիւռքն էլ ինքնանպատակ չէ, այլ նա իր գոյութիւնը հայապահպանման դժուարին աշխատանքներով սփիւռքում պահում է, որպէսզի մի երջանիկ օր հայրենիք վերադառնայ, ուստի անհրաժեշտ է հայրենադարձութիւնը կազմակերպել նախ այն երկրներից, որոնց քաղաքական պայմանները աննպաստ են հայութեան համար եւ աւելի շատ ենթակայ են ձուլման եւ ապա հերթաբար ուրիշ երկրներից: Արդ, տեսնենք, թէ ինչպէ՛ս է Լիբանանի եւ լիբանանահայութեան վիճակը:
Լիբանանի պետական համակարգը համայնքային է եւ հայութիւնն էլ եօթն համայնքներից մէկն է համարւում, որի բերումով հայութիւնը կարողանում է իր լիարժէք մասնակցութիւնը ունենալ երկրի օրէնսդիր, գործադիր ու դատական կառոյցներում, որն եւ քաղաքական նպաստաւոր պայմաններ է ստեղծում հայութեան համար, ի նպաստ հայ դատի աշխատանքների, թէ՛ ներքին եւ թէ՛ արտաքին ճակատներում:
Լիբանանահայերը որպէս ցեղասպանութեան ենթարկուած ժողովրդի սերունդ ո՛չ միայն պահել են իրենց ինքնութիւնը, այլեւ իրենց տքնաջան աշխատանքով ստեղծած ազգային, եկեղեցական, մարզամշակութային եւ զանազան կազմակերպութիւններով լայնածաւալ աշխատանք են կատարել հայապահպանման վեհ գործին, ո՛չ միայն Լիբանանում, այլեւ աշխարհացրիւ հայութեան մօտ: Լիբանանահայը իր ազգային բեղուն գործունէութիւնից բացի մեծ ներդրում է ունեցել Լիբանանի տնտեսութեան զարգացմանը, որն եւս իր հերթին անհատական բարեկեցիկ կեանք ստեղծելուն զուգահեռ օգտակար է հանդիսացել նաեւ հայ ժողովուրդի ընդհանրական շահերին: Հետեւաբար այսօր լիբանանահայութիւնը ո՛չ ձուլման վտանգի առջեւ է կանգնած եւ ո՛չ էլ քաղաքական աննպաստ`պայմանների:
Ի մտի ունենանք նաեւ, որ մեր դարաւոր թշնամու հակահայ ծրագիրներից է չէզոքացնել ու նուազեցնել հայերի ունեցած ազդեցութիւններն ու թուաքանակը իրենց բնակած երկրներում, որի իրականացման համար զանազան կազմակերպութիւնների միջոցով խրախուսում ու լայն հնարաւորութիւններ է ստեղծում արտագաղթողների համար:
Զանգուածային հայրենադարձութիւնը լոզունգներով ու բարի կամեցողութեամբ չէ, որ իրականանում է, այլ սփիւռքի հետ համախորհուրդ, պետութեան կողմից կազմուած մանրակրկիտ եւ երկարամեայ ծրագիրով, համապատասխան պիւտճէով եւ գերմարդկային կամքով, ճիգ ու ջանքով, որի իրականացման համար այսօր մեր հայրենի պետութիւնը ո՛չ հնարաւորութիւնն ունի, ո՛չ կամքը, ո՛չ ծրագիրն ու ո՛չ էլ պիւտճէն:
Համաձայն միջազգային օրէնքների, ազատ տեղափոխութիւնը մարդ անհատի անկապտելի իրաւունքն է, ոչ ոք իրաւունք ունի որեւէ մէկին պարտադրել բնակութեան վայր ընտրելու համար, արդ, եթէ որեւէ լիբանանահայ կը կամենայ ազատ կամքով բնակութիւն հաստատել Հայաստանում, ազգային մարմինների եւ հայրենի պետութեան պարտականութիւնը պէտք է լինի ըստ ամենայնի նեցուկ կանգնել ու լայն հնարաւորութիւններ ստեղծել յիշեալների նկատմամբ, իսկ արտագաղթողներին եւս խրախուսել, օտար ափեր գաղթելու փոխարէն, ներգաղթել հայրենիք, քանզի անհատաբար կամ ընտանիքով ներգաղթողներին աւելի դիւրին է պատսպարել, քան զանգուածային ներգաղթողներին:
Վստահ եմ, մեր աշխատունակ, ջանասէր, հայրենասէր ու անկոտրուն կամքի տէր լիբանահայութիւնը, համազգային եւ միջազգային օժանդակութեանց շնորհիւ եւ նոյնիսկ առանց ակնկալութեան այդ օժանդակութեանց, շատ շուտով, պիտի վերակառոյցի իր քանդուած օճախները եւ վերագտնելով իրեն, պիտի ստեղծի իր բնականոն կեանքը:
Ով որ հայ է ինչ կը սպասէ… արդէն ժամանակն է Լիբանանահայութեանը օգնութեան հասնել:
Նոր–Ջուղա
21-8-2020