«Հայոց Ցեղասպանութեան Թանգարան-Հիմնարկ» Հիմնադրամի Յայտարարութիւնը՝ Ս. Սոֆիայի Տաճարը Մզկիթի Վերածելու Մասին

Հայոց ցեղասպանութեան բաղադրիչներից մէկը մշակութային ցեղասպանութիւնն է: Այն չսկսուեց ու չաւարտուեց 1915-1923 թթ., այն շարունակւում է մինչ օրս:

Հարիւր տարի առաջ այն իր դրսեւորումն է գտել ինչպէս Արեւմտեան Հայաստանի, այնպէս էլ Օսմանեան Թուրքիայի այլ հայաբնակ շրջաններում եւ իրականացուել է ոչ միայն հայերի, այլ նաեւ կայսրութեան քրիստոնեայ միւս ժողովուրդների նկատմամբ:

Այն փաստը, որ հազարամեայ Կարսի Առաքելոց եկեղեցին, ինչպէս նաեւ տասնեակներով այլ քրիստոնէական եկեղեցիներ շարունակում են ձեւափոխուել մզկիթների, այն իրողութեան վկայութիւնն է, որ մշակութային ցեղասպանութիւնը շարունակւում է:

Դրա դրսեւորումներից մէկը տասնեակ տարիներ շարունակուող գանձագողութեան մոլուցքն է, երբ քրիստոնէական հետքերի վերացման գործին` պետութեան թողտուութեամբ` լծւում են շարքային քաղաքացիները եւ քրիստոնէութեան հետքերի ոչնչացումը ձեռք է բերում զանգուածային ու, ցաւօք սրտի, անդառնալի բնոյթ:

Քրիստոնէութեան հետքերը հանգիստ չեն տալիս թուրքական պետութեան կառավարող շրջանակներին ոչ միայն երկրի հեռաւոր արեւելքում, այլեւ հէնց սրտում` բազմամիլիոն բնակչութիւն ունեցող, Եւրոպայի ու Ասիայի խաչմերուկում գտնուող, համաշխարհային քաղաքակրթական արժէքներին հետամուտ լինելուն յաւակնող Ստամպուլում: Դրա վերջին վկայութիւնն է ներկայում թանգարանի կարգավիճակ ունեցող, բայց եւ աշխարհի ուղղափառ քրիստոնէական ամենամեծ եկեղեցիներից մէկը համարուող 1500-ամեայ Սուրբ Սոֆիա տաճարը մզկիթի վերածելու Թուրքիայի Հանրապետութեան նախագահ Էրտողանի որոշումը:

«Հայոց ցեղասպանութեան թանգարան-հիմնարկ» հիմնադրամը այդ որոշումը գնահատում է որպէս պետական մակարդակով իրականացուող մշակութային ցեղասպանութեան դրսեւորում: Ցեղասպանական իւրաքանչիւր գործողութիւն դատապարտելի է եւ պատասխանատուները ենթակայ են պատժի, քանի որ ցեղասպանութիւն յանցագործութիւնը վաղեմութեան ժամկէտ չունի:

 

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )