ՀՅԴ Հայաստանի Գերագոյն Մարմինի Ուղերձը` Թաթուլ Կրպէեանի Եւ 4 Զինակիցներու Նահատակութեան Տարելիցին Առիթով

30 ապրիլը Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպէեանի եւ անոր զինակից ընկերներուն` Սիմոն Աչիկգէօզեանի (Դեդ), Արթուր Կարապետեանի, Վալերի Նազարեանի եւ Զարզանդ Դանիէլեանի նահատակութեան օրն է: Այս առիթով ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինը հրապարակեց հետեւեալ ուղերձը.

«Այս առիթով, եւս մէկ անգամ մեր խոնարհումը բերելով արցախեան ազատագրական պայքարի բոլոր նահատակների յիշատակին, հարկ ենք համարում շեշտել Թաթուլ Կրպէեան մարդու եւ գործչի իւրայատուկ կերպարը եւ դերը մեր նորօրեայ ազատամարտի պատմութեան մէջ: Դժուար է ասել` էութեամբ մտաւորական, գործով մարտական հրամանատար Թաթուլի դերակատարութիւնը դեռ որքան կը մեծանար ու ծանրակշիռ կը դառնար մեր ազգային կեանքում, եթէ ճակատագիրը շնորհէր նրան կենսագրութիւնը հարստացնելու հնարաւորութիւնը:

Գիտակցական կեանքի եւ աշխուժ գործունէութեան ոչ առատ տարիներն էլ, սակայն, բաւական եղան, որ 26 տարեկան նահատակ հայորդին անմահութեան արժանանար իր ժողովրդի հոգու եւ գիտակցութեան մէջ: Թաթուլ Կրպէեանին կարելի է համարել իր սերնդի խորհրդանշական կերպար: Հայրենակորուստ գերդաստանի շառաւիղը, լսելով հայոց վերազարթօնքի ղօղանջները, ուսանողական նստարանը փոխարինեց պայքարի ասպարէզի հետ:

Անդամագրուեց ՀՅ Դաշնակցութեանը եւ ցանկացաւ լինել այնտեղ, ուր կրկին բարձրացուել էր հայրենիքի ազատագրութեան դրօշը: Սիրած պատմական հերոսների օրինակով սեփական ճակատագիրը կապեց բռնագրաւուած հայրենիքի հետ եւ դարձաւ Գետաշէն-Մարտունաշէնի ենթաշրջանի ընդհանուր հրամանատարը: Իրականում, սակայն, Թաթուլ Կրպէեանը եղաւ իսկական ժողովրդական առաջնորդ, հայդուկապետ, ինչպիսին որ էր իրենից ոչ հեռու գործող Շահէն Մեղրեանը: Կարճ ժամանակում նա դարձաւ անվերապահ վստահութիւն վայելող հրամանատար ո՛չ միայն կուսակցութեան, այլեւ տեղի եւ այլ վայրերից ժամանող մարտական ջոկատների համար: Թաթուլն անառարկելի հեղինակութիւն դարձաւ ժողովրդի համար, եւ պատահական չէ, որ նրան անուանում էին ուսուցիչ: Թաթուլ Կրպէեանը կամաւորապէս կեանքը կապեց հայութեան այդ հատուածի ազատութեան, նրա կրթութեան, նրա առօրեայի կազմակերպման բազում այլ խնդիրների հետ` յանգելով ճակատագրական վճռի, որ կա՛մ կ’ազատագրի այդ հողը, կա՛մ կը մեռնի նրա կորստի հետ: Թաթուլը նահատակուեց` չդաւաճանելով իր ընտրութեանը, ինչպէս քիչ հեռւում նոյնն էր անելու Շահէնը:

Ազատ եւ հզօր հայրենիքի կերտման գաղափարական հաւատամքով Թաթուլ Կրպէեանը ամենավառ մարմնաւորողներից էր մի սերնդի, որը ծնուել էր ճանապարհ հարթելու հայութեան եւ նրա ապագայի առջեւ: Ազգային հերոսի նրա բարձր կոչումը մենք գնահատում ենք որպէս իտէալի եւ փառապսակ գործի ամբողջական արժեւորման արգասիք:

Մեր հակասական ժամանակներում, երբ դարձեալ քննարկման առարկայ են դառնում ազգային գերակայութիւնները, անվիճարկելի ճշմարտութիւններն ու արժէքները, առաւել քան պահանջուած է Թաթուլ Կրպէեանին եւ նրա նմաններին յիշելը, ոգեշնչուելը նրանց հաւատով, տեսլականներով եւ այդ տեսլականները իրականութեան վերածելու անբեկանելի կամքով:

Համաճարակի պէս ազգային կեանք թափանցող օտարածին ու ախտաւոր բարքերի ու արժէքների դիմաց անհրաժեշտ է նորահաս սերունդներին մատուցել հերոս հայորդիների կեանքի ու ինքնանուիրումի դասերը:

Նահատակութեան 29-րդ տարելիցի առիթով յիշելով եւ պատշաճը մատուցելով Թաթուլ Կրպէեանի, Սիմոն Աչիկգէօզեանի (Դեդ), Արթուր Կարապետեանի, Վալերի Նազարեանի եւ Զարզանդ Դանիէլեանի յիշատակին` ցանկանում ենք յիշեցնել բոլորին, այդ թւում` եւ պետական պատասխանատուներին, որ հերոսները ազգային արժէք են, եւ մենք նաեւ նրանց ըստ արժանւոյն յիշելու եւ յիշատակելու պատասխանատուութեան ժառանգորդներն ենք»:

 

 

 

Share This Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)