Ինչպէ՞ս Դիմագրաւենք Այս Համաճարակը

ԴՈԿՏ. ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ

Զարմանալի երեւոյթ, առաջին անգամ լինելով հայերս մենակ չենք աշխարհում տիրող այս մահացու համաճարակի քաոսում: Ինչպէ՞ս եղաւ, որ այն առաջինը մեր գլխին չպայթեց հարցնելու փոխարէն, փորձենք առաջինը եւ ամենաարագը ազատուել այդ ժահրից, մէկդի նետելով այլոց վրայ յենուելու, համեմատուելով հանգստանալու մեր դարաւոր սովորութիւնը:

Զանց առնելով շրջանառող բոլոր վարկածները թէ ինչպէ՞ս եւ որտեղի՞ց յայտնուեց այն, որով մեր ժողովուրդը յատկապէս սիրում է սնուել ու մխիթարուել, մտածենք թէ ինչպէ՞ս պաշտպանենք մեր սիրելիներին, ինքներս մեզ, մեր շրջապատը, մեր երկիրը նոյնպէս:

Այս համաճարակը պարտադրում է մեզ բաւական լուրջ հարցադրումների մասին մտածել կապուած մեր ապրելակերպի, մեր սովորոյթների, մտածելակերպի, մեր ապրած երկրների իրավիճակների մասին:

Բոլորս ականատես ենք մի անժխտելի իրականութեան, որ նոյնիսկ հզօր հռչակուած պետութիւններում անգամ այդ համաճարակով վարակուած մի քանի հազար հիւանդների փաստը անդամալուծում է ողջ երկիրը, այսինքն մի քանի հարիւր միլիոնը դառնում է անօգտակար, ապրում սարսափի ու սպասումի մէջ:

Բժշկութեամբ աշխարհին հիացնող Ամերիկան, այսօր բացայայտ անօգնական, կարիքի մէջ է սկսած ամենահասարակ ախտորոշման գործիքներից, պաշտպանական, ախտահանման միջոցներից, մինչեւ համապատասխան օգնութեան, բուժման, մեկուսացման հնարաւորութիւններից, վերջացրած բուժաշխատողների պակասով:

Ուտեստեղէնի, պարէնային բոլոր խանութների անժխտելի դատարկութիւնը ստիպում է մեզ մտածել, որ եթէ այս հարուստ հռչակուած երկրում  այս իրականութիւնն է, ի՞նչ վիճակ են ապրում սակաւ հզօր, կամ աղքատ երկրները:

Ո՞ւր մնացին այն թրիլլիոնների արժողութեամբ զէնքերը, որով պարծենում էին այս երկրները եւ ահաբեկում թոյլերին, որով անխնայ կոտորում էին անմեղ, իրենց առօրեան հազիւ հայթայթող միլիոնաւոր ժողովուրդներին, աւերում կողոպտում նրանց երկրները, ողջ բնակչութեանը տեղահանում, զրկելով նրանց մարդկային ամենահասարակ կարիքներից ու իրաւունքներից:

Պարզւում է մի քանի տարբեր բացիլի պարունակութեամբ ժահրը աւելի ուժեղ է, քան այդ թրիլլիոնների արժողութեամբ զէնքերը:

Տիեզերքի տարածքին տիրացած, մինչեւ լուսնի վրայ քայլող, զէնքերի ամենաարդիական ձեւերի արտադրութեամբ իրար հետ մրցող ու աւերին, պատերազմներին իրար թիկունք կանգնող պետութիւնները մոռացան, որ մի օր կանգնելու են մեծագոյն հարցադրման առջեւ՝ -ՈՐՏԵ՞Ղ ԵՆ ՁԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԸ:

Անյագուրդ ագահութեամբ, էլ աւելի մեծ շահոյթների տիրանալու համար, ժողովրդներին խառնեցին իրար, աշխարհաքաղաքականացում անուան տակ տեղահանեցին ժողովուրդներին, միաձուլեցին, առանց հաշուի առնելու նրանց տեղանքների վրայ ստեղծած դարերի փորձառութիւնը, սովորոյթները, ժողովուրդների առանձնայատկութիւններն ու նրանց ապրելակերպի մանրակրկիտ տարբերութիւնները:

Ոչ միայն փոխեցին երկրների տարածքային սահմանները, իրաւունքները, այլ դատարկեցին երկրները իրենց ժողովուրդներից, ունեցած հարստութիւններից, թշուառութեան, անօթեւանութեան, աղբակոյտերի, հիւանդութիւնների ու համաճարակների կաթսայ դարձրին ողջ երկրագունդը:

Միայն իրենց անձնական շահով կուրացած, նրանք հիմա կանգնել են այն հազարաւոր բացթողումների առջեւ, որոնց մէջ մխրճուած ապրել են իրենց երկրները եւ այդ ամենահասարակ բացթողումներն այսօր անլուծելի քաոսի են վերածել այդ երկրները:

Գուցէ այս ամէնն անհրաժեշտ էր սթափեցնելու ամէնից առաջ այդ հզօրներին եւ հաւասարապէս նաեւ ողջ մարդկութեան, որոնք դարձել էին միայն արտադրող ու սպառող մեքենաներ, զուրկ մարդկային ամենահասարակ զգացողութիւնից՝ իրենց կեանքը բնականօրէն ապրելուց: Շուայտութեան, ցուցադրութեան, իրապաշտութեան, իրար յօշոտելու, մարդկային ամենահասարակ բնազդները մոռացած, անձնասիրութեան բարձրակէտով տառապող, միայն դրամի մոլուցքի վազքին մէջ մտած մի հասարակութիւն, գուցէ այս դադարով հնարաւորութիւն ունենայ ինքն իրեն վերանայելու:

Այս դադարը, որն անհրաժեշտութիւն էր աշխարհի շնչասպառ այս մարաթոնում, վստահ եմ, կամ յուսալի է, որ պետութիւնները վերանայեն ժողովուրդների շահագործման իրենց ընդունած օրէնքները եւ մի փոքր սանձեն երկրագունդը իրենց անձնական տիրոյթը դարձնելու մոլուցքը:

Յուսանք շատ փոփոխութիւններ կատարուեն պետութիւնների ներքին եւ արտաքին յարաբերութեան օրէնքներում այս համաճարակից դուրս գալուց յետոյ:

Յուսանք, որ երկրները վերանայեն եւ փոփոխեն ամէնից առաջ օդանաւային մենատիրութեան օրէնքները, ժողովրդին որպէս ապրանք փոխադրելու նրանց այսօրուայ կառոյցը, որը եւ հիմնականում բացիլ, համաճարակ տարածելու ամենաարագ միջոցն է հանդիսանում:

Ագահութիւնից օրէցօր աւելի սահմանափակուող, մարդկային մարմինը իրենց դրամի համար օգտագործուող, կեղտոտ, որպէս հանրակարք օգտագործուող իրարայաջորդ, առանց ախտահանման թռիչքները ուր ամեն օր գների բարձրացումով սեղմւում են աթոռները, թռիչքներում պակասում են սպասարկումները, ուր հաւանաբար շուտով շնչելու օդն էլ դրամի են վերածելու:

Վերանայեն ժողովրդների մասսայական տեղահանման եւ միլիոնաւորներին անօթեւան թողնելու իրենց ծրագրերը: Վերանայեն ժողովրդին սպասարկող բոլոր կառոյցները, բժշկութիւնից, հիւանդանոցներից, դեղանիւթերից սկսած, պարէնային ներմուծումով վերջացրած բոլոր հաստատութիւնները:

Սահմանափակեն զէնքերի խելայեղ արտադրութեան եւ փորձարկման պատերազմական աւերի եւ կողոպուտի իրենց մոլուցքը:

Ամենակարեւորը՝ յարգեն ու պաշտպանեն ոչ միայն իրենց երկրի ժողովրդին, այլ նաեւ այլ ժողովրդների մարդկային իրաւունքները:

Ինչ խօսք անասելի դժուար օրեր են առջեւում, քանզի անհատութիւնն ու անորոշութիւնն է տիրում ամէնուրեք: Եւ քանի որ մենք մենակ չենք, ապա փորձենք այդ դժուարութիւնը մեր օգտին օգտագործել:

Սակայն եկէք մեկուսացման այս դժուար օրերը օգտագործենք վերանայելու ընտանիք հասկացողութիւնը, գնահատենք իրար ունենալու ամենամեծ հարստութիւնը, իրար հոգ տանելու, անձնականը մոռանալով իրար ճանաչելու, զգալու ամենամեծ դրամագլուխը:

Այս պահին իմ անհանգստութիւնը նաեւ իմ ժողովրդի համար է, որը երկու համաճարակի դէմ է պայքարում՝ պատերազմի եւ «Քորոնա»ի բացիլի դէմ:

Ես մաղթում եմ, որ մեր ժողովուրդը լրջօրէն ընդունի այս համաճարակը եւ ինքն իրեն տէր կանգնի, օգնի հետեւելով աշխարհում թելադրուող մաքրութեան, զսպութեան, մեկուսացման կանոններին: Որոշ ժամանակ դադարեցնի ցուցադրական անիմաստ, շուայտ կեր ու խում հաւաքոյթները, այս առիթը օգտագործի թօթափուելու արդէն արմատացած քաղքենիութիւնից, իրար կեանք խորտակող բամբասանքներից, օգտագործի իր դարաւոր պարզ մարդկային իրար օգնելու, ձեռք մեկնելու, դժուարութիւնը միասնաբար յաղթահարելու ներքին բնազդը: Մեկուսացման եւ անգործութեան այս շաբաթները օգտագործի իր երկրի, իր ժողովրդի իրական պատմութիւնը ուսումնասիրելու, մեր ազգի մեծութիւններին եւ նրանց գործերին ծանօթանալու, չէ՞ որ մենք այսօր ապրում ու յարատեւում ենք նրանց ստեղծածով:

Միշտ յիշենք, որ թուով փոքր ենք եւ իւրաքանչիւր կորուստով էլ աւելի ենք փոքրանալու: Մենք չենք կարող այդ շռայլութիւնը թոյլ տալ: Մենք պարտաւոր ենք իւրաքանչիւրս միմեանց եւ ինքներս մեզ պաշտպանելու:

Վստահ եմ, այս ամէնից մենք էլ դուրս ենք գալու աւելի միասնացած, աւելի բարիացած, աւելի ամրապնդուած:

Մարտ 17, 2020թ.

 

Share This Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )