Գաղափարազրկութեան «Կրթական» Արշաւը

ԱՐՏԱԿ ՍԱՐԳՍԵԱՆ

Գրականութեան եւ պատմութեան պարտադիր դասաւանդումը չի կարող հակացուցուել բարձրակարգ մասնագէտների պատրաստմանը. դա չի կարող աւելորդ ծանրաբեռնուածութիւն լինել հայ մաթեմաթիկոսի, ֆիզիքոսի, քիմիկոսի եւ ոեւէ այլ մասնագէտի համար, որոնց խնդիրը հայութեան եւ Հայաստանի զարգացումն է: Բարձրակարգ մասնագէտներ պատրաստելու խոչընդոտները բոլորովին այլ են. իսկ ազգային արժեհամակարգի ներառումն այդ մասնագէտների եւ, ընդհանրապէս, հայ մարդու կերտման գործում ոչ թէ կարեւոր, այլ պարտադիր է: Իհարկէ, անհրաժեշտ է հասնել Օքսֆորտի, Քեմպրիճի եւ Հարվըրտի մակարդակին, սակայն արդեօ՞ք հայոց լեզուն, գրականութիւնն ու պատմութիւնն են խոչընդոտ, որ ունենք այլ իրավիճակ:

Մեր կրթութեան եւ գիտութեան մրցունակութիւնն ուղղակի կախուած են իւրայատուկ լինելուց, իսկ այդ իւրայատկութիւնը ազգային մշակոյթն է` բառիս լայն իմաստով: Օքսֆորտը, Քեմպրիճն ու Հարվըրտը արեւմտեան մշակոյթի արդիւնք են, որը նոր հիմքերի վրայ դրեցին` Տիտրոն, Մոնթեսքիոն, Վոլթերն ու մնացեալ Էնսիքլոփետիսթները` հիմնուելով նախապատմական մշակութային ժառանգութեան վրայ: Ժամանակակից Եւրոպան արդիւնք է նոր մտածողութեան, որը ծնուեց մշակոյթի խորքից եւ ոչ թէ անմշակոյթ նիւթից:

Հարց է` մեզ պէտք են բարձրակարգ մասնագէտնե՞ր, թէ՞ բարձրակարգ հայ մասնագէտներ: Մենք խնդիր ունենք հայկականութեա՞մբ նպաստել համաշխարհային առաջընթացին, թէ՞ անմշակոյթ աշխարհաքաղաքացիութեամբ: Մենք ուզում ենք Արագածի փէշերի՞ց դիտել աստղերը, թէ՞ Ուրալեան լեռներից կամ Թեքսասի տափաստաններից….

Արեւմտեան քաղաքակրթութեան կարեւոր բաղադրիչը կայսերականութիւնն է, հիմնուած` նաեւ մշակոյթների կլանման վրայ: Եւ Օքսֆորտները, Քեմպրիճներն ու Հարվըրտները սպասարկում են այդ քաղաքակրթութեան շահերը: Այս պատերազմում մեր կռիւն այլ է: Մենք նախ խնդիր ունենք Հայաստանում հայկականութեամբ կերտելու հայ մարդուն` գիտնականին, ռազմիկին ու մշակին` թոյլ չտալով մարդուժի, ուղեղների արտահոսք եւ ձուլում: Մենք խնդիր ունենք հայկականութեամբ կայանալու, մրցելու եւ ազդելու այլոց վրայ` այնքանով, որքանով կը ների մեր ներուժը: Եւ հայոց գիտութիւնը պէտք է շողայ այնպէս, ինչպէս Սարեանի կտաւներում Հայաստանն ու նրա գոյներն են, եւ ոչ թէ անապատներն ու ուղտերի հետքերը, Թեքսասի տափաստաններն ու կովպոյների լայնեզր գլխարկները, Իտալիայի քուրթիզանուհիներն ու Ճափոնի սամուրայները: Հայ գիտնականը պէտք չէ իր գիւտը յղանայ աննպատակ ու անհայրենիք տարածքներում: Ունենալով համաշխարհային սփռում` մեր ուղեղները առաւել քան պարտաւոր են աշխատել հայկականութեամբ եւ հայութեան փառքի համար, այլապէս կը մարենք ոչ մի երազուած տեղ չտանող օտար-ամայի ճամբեքի վրայ: Սա է հայկական համալսարանների առաքելութեան տարբերութիւնն Օքսֆորտներից: Գիտութիւնն իւրայատուկ ու բարձրակարգ է այն կերտողների ինքնութեամբ. հայ գիտնականը չի կարող չմտածել եւ չաղօթել հայերէն: Սա է կրթութեան եւ գիտութեան մրցունակութեան հայկական բանաձեւը: Այս տեսանկիւնից էական տարբերութիւն կայ անչափահասների եւ չափահասների կրթութեան միջեւ. դեռեւս կրթական համակարգի մէջ գտնուող չափահաս անձանց` մեր կարողական զինուորներին ու մայրերին զրկել ազգային արժեհամակարգից սնուելուց, ուղղակի հարուած է մեր ազգային անվտանգութեանը, հարուած է սահմանին կանգնած մեր զինուորի հայրենասիրական ոգուն եւ գիտակցութեանը:

Օրուայ իշխանութեան կողմից ազգային արժեհամակարգի վրայ յարձակումն այլեւս մեղադրանք չէ, այլ` փաստ, իսկ գաղափարազուրկ եւ ազգային որեւէ հեռանկար չունեցող ուժի պարագայում` նաեւ օրինաչափութիւն:

 

 

 

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)