«Պէտք Է Ազգովի Միաբան Լինենք». Պարգեւ Արք. Մարտիրոսեան

Այս տարի լրանում է Հայաստանեայց առաքելական եկեղեցու Արցախի թեմի վերաբացման 30-ամեակը: Այդ առիթով «Ապառաժ»-ը հարցազրոյց է ունեցել Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արք. Մարտիրոսեանի հետ:

ՀԱՐՑՈՒՄ.- 30 տարի առաջ Արցախում տեղի ունեցաւ դարակազմիկ իրադարձութիւն` վերաբացուեց Արցախի թեմը: Ի՞նչ նշանակութիւն ունի այդ օրն Արցախի համար:

ՊԱՏԱՍԽԱՆ.- Այդ օրը մենք քանդեցինք հոգեւոր կապանքները, հոգեւոր շրջափակումը: Վերջապէս հնչեց Գանձասարի զանգը` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ զուգահեռ: Եւ եթէ հոգեւոր շրջափակումը քանդւում է, ֆիզիքականը մեքենականօրէն է քանդւում, ինչն էլ 2 տարի 7 ամիս յետոյ տեղի ունեցաւ` միջանցքի ազատագրումով միացանք Մայր Հայաստանին:

Հ.- Արցախն ամուր հաւատքի տաճար է, վկայութիւնը կառուցուած բազմաթիւ վանքերն են, մատուռները, եկեղեցիները, խաչքարերը: Սակայն եկեղեցին ի՞նչ վերաբերմունք ունի Ստեփանակերտի չորս բլուրներին եւ մի շարք բնակավայրերում խաչերի տեղադրման երեւոյթի վերաբերեալ, որը վերջին շրջանում կարծես թէ աւանդոյթ է դառնում:

Պ.- Շատ լաւ վերաբերմունք ունի, եւ մենք էլ օրհնում ենք այդ խաչերը: Դրանք մեր հաւատքի խորհրդանիշներն են, որոնք խորհրդանշում են Քրիստոսին:

Հ.- Ինչպէ՞ս էք գնահատում հասարակութեան հոգեւոր արժէքների ընկալման մակարդակը, եւ ի՞նչ անելիք ունի եկեղեցին այս ուղղութեամբ:

Պ.- Եկեղեցու անելիքը 2000 տարի է` նոյն է` Աստծոյ աւետարանը տարածելը: Ազգային արժէքները, ես կարծում եմ, որ պէտք է շատ ամուր պահենք: Եւ երկրորդը, բարեբախտաբար Արցախում դեռ հայ իրականութեան մէջ քիչ թէ շատ պահպանուած է աւանդական նիստ ու կացը, ու դա շատ ուրախալի է: Աւանդական յարաբերութիւնները, մօտեցումները դեռ պահպանուած են:

Հ.- Արցախի բոլոր զօրամասերում եւս եկեղեցին իր ներկայութիւնն ունի: Ի՞նչ առաքելութիւն ունեն զօրամասերի հոգեւորականները:

Պ.- Առաջին հերթին` զօրամասերի հոգեւորականները հաւատք են քարոզում, Աւետարան են տարածում, փորձում են գիտելիքներ փոխանցել մեր սպաներին ու զինուորներին: Երկրորդ հերթին էլ` հսկում են բարոյական մակարդակը, եւ դա շատ կարեւոր դերակատարութիւն է: Հաւատն են խորացնում, ոգին են բարձրացնում. դա շատ կարեւոր առաքելութիւն է:

Հ.- 30 տարիների ընթացքում եկեղեցին խոհեմութեան խորհրդով էր պետութեան եւ հասարակութեան կողքին: Սակայն որքանո՞վ են օրէնսդրօրէն կարգաւորուած եկեղեցի-պետութիւն յարաբերութիւնները, եւ այդ ուղղութեամբ անհրաժե՞շտ են արդեօք կարգաւորումներ:

Պ.- Սահմանադրութեան մէջ արձանագրուած է մի կէտ, եւ կան որոշ օրէնքների կէտեր: Եւ եթէ անգամ եկեղեցին պաշտօնապէս, տէ-ժիւրէ անջատուած է պետութիւնից, ապա տէ ֆաքթօ այն մեր ազգային եկեղեցի է, մեր ժողովրդի եկեղեցին է:

Հ.- Կառավարութեան վերջին նիստին որոշուել է Արցախի թեմին ազատել յուշարձանի կարգավիճակ չունեցող այն շինութիւնների գոյքահարկերից եւ հողի հարկերից, որոնք օգտագործւում են եկեղեցական եւ ծիսական պարագաների արտադրութեան եւ իրացման նպատակով: Ինչպէ՞ս էք վերաբերւում կառավարութեան այդ որոշմանը:

Պ.- Դա բնական է: Մոմի կամ մկրտութեան համար խաչերի վաճառքի համար պէտք չէ հարկուենք:

Հ.- Ապրիլեան պատերազմից յետոյ Միացեալ Նահանգներում անցկացուած  «Հեռուստամարաթոն-2016»-ի ընթացքում  յայտարարել էք, որ Արցախի բնակչութեանն անհրաժեշտ են ռմբապաստարաններ: Որքանո՞վ լսելի եղաւ ձեր կոչը, եւ եկեղեցին ի՞նչ քայլեր է ձեռնարկում քաղաքացիական պաշտպանութիւնն ապահովելու համար:

Պ.- Ապրիլեան պատերազմից յետոյ Արցախի թեմի խողովակով, անձանց միջոցով մենք տարբեր թեմերից գումարներ բերեցինք, եւ ասեմ, որ Գարեգին 2-րդ Ամենայն Հայոց կաթողիկոսը 1 միլիոն տոլար է տրամադրել այդ նպատակի համար: Եւ մենք էլ մի քանի հարիւր հազար տոլար փոխանցեցինք մեր խողովակով:

Հ.- Արցախցիները մշտապէս դժուարութիւնները դիմագրաւել են հաւատքով, եւ հարցազրոյցներից մէկում խօսելով արցախեան շարժման յաղթանակի մասին` նշել էիք, որ` «Աստուած մեր կողմն էր»: Կարծում էք` այսօր Աստուած մե՞ր կողմում է:

Պ.- Աստուած միշտ մեր կողքին է, եթէ մենք Աստծոյ հետ լինենք, եթէ համապատասխան բարոյական գործեր անենք:

Հ.- Եկեղեցին ի՞նչ դեր ունի հասարակութեան մէջ բեւեռացումները չէզոքացնելու եւ միասնականութիւնը պահպանելու գործում:

Պ.- Եկեղեցին, բացի հաւատքի, Աւետարանի քարոզից, քարոզում է նաեւ ազգային միաբանութիւն, սէր եւ համերաշխութիւն: Սա մեր մէկ ընտանիքն է, որի մէջ պէտք է լինի ներդաշնակ խաղաղութիւն: Եւ եթէ ազգը միաբան է, կատարեալ Աստծոյ օրհնութիւն է լինում այդտեղ: Դրա համար մեր գաղտնիքը մէկն է` պէտք է ազգովի միաբան լինենք եւ մաքուր աշխատենք, մաքուր ծառայենք:

ԼՈՒՍԻՆԷ ԹԵՒՈՍԵԱՆ

 

 

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)