«Վէմ» Հանդէսի 2019-ի 4-րդ Համարը Լոյս Տեսաւ

Լոյս է տեսել «Վէմ» համահայկական հանդէսի 2019 թուականի վերջին` 4-րդ համարը փոքր-ինչ աւելի մեծ ծաւալով եւ հարուստ բովանդակութեամբ:

Խմբագրականում վերլուծութեան են ենթարկւում ներկայումս Թուրքիայի շուրջ ընթացող քաղաքակրթական ու աշխարհաքաղաքական գործընթացները, որոնք աստիճանաբար պայմաններ են ստեղծում Հայկական հարցի վերաբացման համար:

Ընթացիկ տարուայ` 2019 թուականի աշնանը լրացաւ ՀՅԴ 9-րդ Ընդհանուր ժողովի ընդունած Յատուկ  գործի մասին պատմական որոշման 100-ամեակը, որը հիմք դարձաւ Հայոց ցեղասպանութեան կազմակերպիչներին պատուհասած` «Նեմեսիս» գործողութեան համար: Այդ առիթով հանդէսը լոյս է ընծայել «Սողոմոն Թեհլիրեանը եւ «Նեմեսիս» գործողութիւնը» ուսումնասիրութիւնը (հեղ. Գոհար Վ. Խանումեան), որում ուշագրաւ ճշտումներ են արւում համաշխարհային պատմութեան մէջ իր նախադէպը չունեցող այդ արդարահատոյց գործողութեան մասին: 

 Քանի որ «Վէմ» հանդէսը 2019 թուականը հռչակել է «Թումանեանի տարի», ներկայ համարում տեղ է գտել Մեծ լոռեցուն նուիրուած եւս մէկ հրապարակում (հեղ. Սերգեյ Ա. Աղաջանեան), որում ներկայացւում են ժամանակի ընթացքում մեր ինքնութեան մէջ սողոսկած արատների թումանեանական բացայայտումները: Հայոց ինքնութեան հարցը քննութեան է ենթարկուել նաեւ լեզուաբանական կտրուածքով (հեղ. Դաւիթ Ս. Գիւրջինեան)` ընթերցողին ներկայացնելով ինքնութեան փոփոխութեան նշանակիչ այն հայերէն բայերը, որոնց բովանդակութիւնը մեր օրերում «արդիական» հնչեղութիւն է ստացել:

Պատմատեսական ծանրակշիռ ուսումնասիրութիւն է անգլերէնով լոյս տեսած` Ալբերտ Ա. Ստեփանեանի «Տուն/ընտանիքը Մովսէս Խորենացու ընկերային տեսութեան մէջ» հրապարակումը, իսկ արդիական-քաղաքական բնոյթ ունեցող  նիւթերից կարելի է առանձնացնել  երիտասարդ  քաղաքագէտ Գէորգ Մ. Ղուկասեանի «Փափուկ  ուժի»  տեսութեան  եւ լոպիինկի հաստատութեան  յարաբերակցութեան շուրջ» յօդուածը:                                                                                      

Եւ վերջապէս` «Յաւելուած» բաժնում լոյս տեսած Կարէն Պ. Հայրապետեանի «Հատուածականութեան յաղթահարման ՀՀ իշխանութիւնների քաղաքականութիւնը 1918-1919 թթ.» հրապարակումով «Վէմ»  հանդէսն աւարտում է 2019 թ. մայիսի 24-ին տեղի ունեցած «Միացեալ Հայաստանի անկախութեան 1919 թ. մայիսի 28-ի աքթը. պատմութիւն եւ արդիականութիւն» գիտաժողովի նիւթերի հրապարակումը:

Ներկայացնում ենք «Վէմ» համահայկական հանդէսի 2019 թուականի վերջին` 4-րդ համարի Բովանդակութիւնն ու Խմբագրականը:    

Խմբագրական

Թուրքիային Սանձելու Ժամանակը*

Միացեալ Նահանգների Քոնկրեսի Ներկայացուցիչների պալատի 2019 թ. հոկտեմբերի 29-ի եւ ծերակոյտի 2019 թ. դեկտեմբերի 12-ի միահամուռ քուէարկութիւնները ոգեւորութեանը միախառնուած շփոթմունքի տրամադրութիւններ են ստեղծել հայ հասարակութեան ներսում:

Ինքնաբերաբար յայտնուելով համաշխարհային քաղաքականութեան ասպարէզ վերադարձող Հայկական հարցի շքեղ տեսլականի առջեւ` մենք անմիջապէս արձանագրում ենք այն իր «դասական տեսքով» առաջադրելու հնարաւորութեան բացակայութիւնը: Բայց քանի որ մերձաւոր-միջինարեւելեան ընդարձակուող տարածաշրջանի «կափարիչին» յայտնուած մեր երկրի համար Հայկական հարցի վերաբացումը ոչ թէ հնարաւորութիւն է, այլ` ճակատագիր, այսօրուանից պարտաւոր ենք մտածել անհնարին թուացողը հնարաւոր դարձնելու հանգրուանների մասին:

Մեր տարածաշրջանում Առաջին Աշխարհամարտից յետոյ ձեւաւորուած աշխարհաքաղաքական իրողութիւնների փլուզումները օպյեկտիւ հիմք ունեցող գործընթացներ են, որոնք Հայաստանին ու հայութեանն անպայմա՜ն ներառելու են իրենց շրջապտոյտի մէջ` անկախ նրանից` ցանկանո՞ւմ ենք դառնալ «մեծ խաղի» մասնակիցը, թէ՞ ոչ: Որովհետեւ ամերիկեան ներկայ վարչակազմին բնորոշ իզոլեացիոնիզմի պայմաններում անգամ ողջ «քոլեկտիւ Արեւմուտքը» սկսել է մերձաւոր-միջինարեւելեան «նոր Վերսալի» նախապատրաստութիւնները` դանդաղօրէն խաղի մէջ ներքաշելով նաեւ Ռուսաստանին, որը, յետխորհրդային տարածքում լինելով «մեծ խաղի» օպյեկտը, Մերձաւոր-Միջին Արեւելքում նրա սուպյեկտը դառնալու ուղիներ է փնտռում: Բայց մեզ համար ամենակարեւորն այն է, որ տարածաշրջանի շուրջը ծաւալուող «մեծ խաղի» թիրախում է յայտնուել իր նախկին աշխարհաքաղաքական գործառոյթը կորցրած Թուրքիան: Վերջինիս ակրեսիւութեան կտրուկ աճը իրականում ոչ թէ հեռահար-ռազմավարական հաշուարկի արդիւնք է, այլ աշխարհի հզօրների կողմից թելադրուող խաղի նոր կանոնների մէջ չտեղաւորուելու հետեւանք:

Թուրքիան չունի ապագայի այնպիսի տեսլական, որը կարող է համահունչ լինել տարածաշրջանում ծաւալուող քաղաքակրթական գործընթացների խորքային ուղղուածութեանը: Նրա նոր օսմանեան յաւակնութիւնները սպառնալիք են յունական  (Յունաստան,  Կիպրոս) ու արաբական աշխարհների (Սիրիա, Իրաք, Լիբանան), եւ անգամ` Իսրայէլի համար, իսկ ահա նոր թուրանական ձգտումները` ոչ միայն Հայաստանի, Վրաստանի ու Իրանի, այլեւ «մեծ խաղի» գրեթէ բոլոր մասնակիցների համար: Ուստի ժամացոյցի սլաքի պտոյտներին հակառակ ուղղութեամբ` Պալքաններից ու յունական աշխարհից մինչեւ արեւելեան Միջերկրածովք ու արաբական աշխարհ, Իսրայէլից մինչեւ Իրանի սահմաններ, Հարաւային Կովկասից մինչեւ Ղրիմ ու մերձսեւծովեան գօտի, Թուրքիան սկսել է դուրս մղուել երկբեւեռ աշխարհակարգի փլուզմանը յաջորդած քաղաքակրթական խոշոր հանրոյթների ձեւաւորման գործընթացից:

ԽՍՀՄ-ի փլուզումից յետոյ մի պահ թւում էր, թէ ունենալով դէպի Եւրասիայի խորքերը ձգուող իր թուրանական յետագիծը` Թուրքիան գոնէ այս ծիրում կարող է ծաւալուել ու միաժամանակ` որոշակի «ծառայութիւններ» առաջարկել «քոլեկտիւ Արեւմուտքին»: Բայց  երբ «սուլթան Էրտողանը» ընդհարվեց Ֆ. Կիւլենի հետ եւ սկսեց արմատախիլ անել նրա գլխաւորած շարժումը, նման հնարաւորութիւնը եւս ի չիք դարձաւ: Իսկ Թուրանի նորացման տեսլականին փոխարինած պարզունակ ծաւալապաշտութիւնն անխուսափելի է դարձրել  Թուրքիայի շահերի բախումը ոչ միայն իր պետական ու էթնիկ սահմանագծերը հսկող երկրների` Իրանի ու Չինաստանի, այլեւ Եւրասիական միութեան միջոցով ժամանակաւորապէս «Նոր Ոսկէ Հորդայի» գործառոյթը ստանձնած Ռուսաստանի հետ, որն իր վերահսկողութեան տիրոյթում «նոր սելճուկների» կարիքը չի զգում:

Եւ սա ոչ թէ թրքամէտութեան պոլշեւիկեան համախտանիշից այդպէս էլ չազատուած Ռուսաստանի ղեկավարութեանը պարբերաբար հասցուող «թիկունքից հարուածների» հետեւանքն է, այլ մէկ կաթսայում «երկու շան գլուխ» եփելու անհնարինութեան լուսարձակումը: Իսկ ահա Թուրքիային սիրաշահելու Ռուսաստանի փորձերը շարունակում են մնալ ՕԹԱՆ-ի հարաւային թեւի թուլացման` սառըպատերազմեան հնացած պատկերացումների շրջագծում, որովհետեւ  եւրասիական տարածքում նրանք ամենաանհաշտ մրցակիցներն են:

Ուրեմն Թուրքիայի քաղաքակրթական շրջափակումն աշխարհաքաղաքականի վերածուելու ճանապարհին առկայ իրական խոչընդոտը ոչ թէ Ռուսաստանի հետ նրա «հրթիռային ֆլիրթն» է, այլ` ՕԹԱՆ-ի միջոցով դեռեւս մի կերպ պահպանուող ընդհանուր տնտեսաքաղաքական համակարգը: Որովհետեւ ռուսական հրթիռները կարող են փակել Թուրքիայի երկինքը` ապահովելով «սուլթան Էրտողանի» անձնական անվտանգութիւնը, բայց չեն կարող շրջափակել այդ երկրի ֆինանսատնտեսական համակարգի փլուզման ուղին: Ռ. Էրտողանի գերնեարդային արձագանգը ՕԹԱՆ-ի «ուղեղի մահուան» մասին Ֆրանսայի նախագահի եզրայանգմանը վկայում է, որ Թուրքիայի ղեկավարութիւնն այս մարտահրաւէրի պատասխանը չունի: Որովհետեւ երբ բրիտանական «Պրեքզիթի» նախօրէին իր քաղաքակրթական դիմագիծը յստակեցնող մայրցամաքային Եւրոպան նայում է դէպի Արեւելք, նրա տեսադաշտում յայտնւում է ոչ թէ իսլամական Թուրքիան, այլ` քրիստոնեայ Ռուսաստանը: Իսկ արեւելքից` Չինաստանի, հարաւից` թուրքական աշխարհի ներթափանցումների թիրախում յայտնուած Ռուսաստանի համար ռազմավարական առումով եւրոպական հեռանկարը գերադասելի է Լենին-Աթաթուրք դաշինքի վերականգնման գայթակղութիւնից:

Նման պայմաններում ոչ միայն եւրոպական «նոր խաչակիրների» շրջանում, այլեւ «Հին Իսրայէլի» անվտանգութեամբ մտահոգ ուղեղային  կեդրոններում առաջ է եկել «սառը պատերազմի» ընթացքում պարարտացած Թուրքիային իր ազդեցութեան իրական սահմաններին վերադարձնելու տեսլականը, ինչից վաղ թէ ուշ ծնուելու է «նոր Իսրայէլ» ունենալու պահանջմունքը: «Հին Իսրայէլը» արդէն կատարել է արաբական ազգայնականութեանը զսպելու իր գործառոյթը` զուգահեռաբար նախապատրաստելով քրտական ինթիֆատայի հասունացումը: Մինչդեռ սիւննի իսլամների խալիֆի ու թուրանական խաքանի արխայիկ գործառոյթների միաձուլման մասին երազող Թուրքիայի ղեկավարութեանը զսպելու առաջադրանքը պահանջում է պատերազմելու եւ յաղթելու ունակ հզօր բանակներ: Եւ այստեղ հերթական անգամ արձանագրւում է մայրցամաքային աշխարհաքաղաքականութեան յայտնի փարատոքսը. ինչպէս Սիրիայի, այնպէս էլ Հարաւային Կովկասի վրայ աչք տնկող Թուրքիայի ճանապարհները փակւում են հէնց իր «բարեկամ» Ռուսաստանի կողմից: Միացեալ Նահանգների Քոնկրեսի 2019 թ. հոկտեմբերի 29-ի միահամուռ քուէարկութիւնից յետոյ Հայաստան ժամանող ու Ծիծեռնակաբերդի բարձունքին խոնարհուող Ռուսաստանի արտաքին գործոց նախարարը 2019 թ. դեկտեմբերի 12-ին Միացեալ Նահանգների ծերակոյտում տեղի ունեցած միաձայն քուէարկութիւնից առաջ յայտնւում է Տ. Թրամփի գրասենեակում: Որովհետեւ «աշխարհաքաղաքականութիւն» կոչուող գիտութեան յստակ օրինաչափութիւններին արդէն գումարւում են նաեւ Հայաստանում կողմերի ունեցած ընդհանուր շահերը:

2018 թ. գարնան յեղափոխութեան ու մանաւանդ Միացեալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանութեան ճանաչման հետեւանքով Հայաստանի Հանրապետութիւնը աշխարհաքաղաքական նոր կարգավիճակ է ձեռք բերել: Թէեւ մենք «տէ-ժիւրէ» դեռեւս  Հարաւային Կովկասի մասն ենք, բայց «տէ-ֆաքթօ» արդէն ներառուել ենք Մերձաւոր-Միջին Արեւելքում ձեւաւորուող նոր հակակշիռների համակարգում: Իսկ ահա այդպէս էլ Հարաւային Կովկասում մնացած  թուրքական Ազրպէյճանը յայտնուել է «վտանգաւոր անտէրութեան» մէջ` դառնալով Թուրքիային սանձելու խնդրի լուծման հնարաւոր թիրախներից մէկը:

Միացեալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանութեան ճանաչումը ոչ միայն Թուրքիային զսպելու հերթական քայլն է, այլեւ 1923 թ. հոկտեմբերի 29-ին ստեղծուած Թուրքիայի Հանրապետութեան տելեկիթիմացման գործընթացի սկիզբը: Մինչդեռ` տարածաշրջանում ծաւալուող աշխարհաքաղաքական տեղաշարժերի առանցքում Առաջին Աշխարհամարտի արդիւնքների վերանայման հիմնախնդիրն է: Ուրեմն ներկայումս ողջ խնդիրն այն է, թէ ո՛ր կողմից է քանդուելու այդ պատերազմի աւարտին մեր տարածաշրջանում հիւսուած «թուրքական կծիկը»` սկզբի՞ց, թէ՞ վերջից:

Մօտ 100 տարի առաջ` 1918 թուականին` Հայոց ցեղասպանութեան իրականացման միջոցով Արեւմտեան Հայաստանի հայութեանը բնաջնջելուց յետոյ, Մեծն Թուրանի երազանքով  տարուած Թուրքիան ներխուժել է Հարաւային Կովկաս` ստեղծելով «Ազրպէյճան» կոչուող թուրքական պետութիւնը եւ փորձելով նրան կցել նաեւ հայկական Արցախը: Ուստի Առաջին Աշխարհամարտի արդիւնքների վերանայման միջոցով Թուրքիային սանձելու խնդրի լուծումը ենթադրում է «Ազրպէյճան» կոչուող թուրքական պետութեան խաղաղ կամ բռնի կազմաքանդումը` նրանից հայկական երկրամասերը տարանջատելու եւ արեւելեան Այսրկովկասի թուրքացման ենթարկուած  ժողովուրդներին  ազատագրելու միջոցով:

Այս առաջադրանքի իրականացման նախնական հանգրուանում Թուրքիային սանձելու խնդրի լուծումը մեր օրերի հրամայականն է դարձել: Ուստի ոչ միայն ճանաչւում է Հայոց ցեղասպանութիւնը, այլեւ «տարօրինակ» տեղեկատուական արտահոսքի միջոցով ասպարէզ է նետւում Հայաստանի վրայ կախուած թուրքական վտանգի գաղափարը: Քանզի շուէտա-կիւլենական «Nordic Monitor»-ի կողմից Հայաստանի դէմ ուղղուած Թուրքիայի օդուժի «գաղտնի» ծրագրերի վերջին լուսարձակումն իրականում ոչ թէ մեզ սպառնալու, այլ Ռ. Էրտողանի գլխին «գործ սարքելու» համար էր:

Յաջորդ քայլը պէտք է ձեռնարկի Ռուսաստանը, որովհետեւ Պրաթիսլաւայում կայացած ԵԱՀԿ նախարարական վերջին խորհրդաժողովում լաւրովեան «բազմաչարչար  փլանի» հերթական ձախողումը ոչ թէ Ազրպէյճանի, այլ Թուրքիայի ապտակն էր Ռուսաստանին: Ազրպէյճանը թուրքական պետութիւն է, որը, շարժուելով Հայաստանի Հանրապետութեան վերացման Քեմալ Աթաթուրքի ծրագրով(1), զոմպիացուել եւ իր հակահայկականութեան պատանդն է դարձել: Բայց քանի որ Հայոց ցեղասպանութեան ամերիկեան ճանաչումով Հայաստանը «Թուրքիայի մասով» ստացել է անվտանգութեան յստակ երաշխիքներ, ապա «պատերազմի փաստարկն» աստիճանաբար ձեռքից բաց թողնող նրա հակառակորդները շուտով յայտնուելու են անելանելի դրութեան մէջ: Դրան գումարուելու է նաեւ փոխբացասող աշխարհաքաղաքական ազդակների բախումը Ազրպէյճանի ներսում` այդ արհեստածին պետութեան գոյութեան հիմքը կազմող 1921 թ. մարտի 16-ի պայմանագրի 100-ամեակի նախօրէին. Արեւմուտքի համար Ազրպէյճանը սոսկ հակաիրանական ցատկահարթակ է, Ռուսաստանի համար` տարածաշրջան վերադառնալու ցատկահարթակ, Թուրքիայի համար` իր շարունակութիւնն Արեւելքում: Իսկ դա նշանակում է, որ Հայոց ցեղասպանութեան ճանաչումով Թուրքիայի առջեւ կրկին փակուող Հարաւային Կովկասում Ազրպէյճանն այն «թոյլ օղակն» է, որի շուրջն է ծաւալուելու Առաջին Աշխարհամարտի արդիւնքների վերանայման գործընթացը:

Անշուշտ, 2020 թուականին մեր առջեւ բացուող այս պատմական հնարաւորութիւնը չէզոքացնելու համար Թուրքիան կարող է Ռուսաստանի գիրկը նետել «կանացի կերպարանք» ստացող Ազրպէյճանին` փոխարէնն ակնկալելով Նախիջեւանի հետ նրա «շահաւէտ փոխանակութիւնը»: Բայց այսօր 1920 թուականը չէ, եւ ալիեւեան Ազրպէյճանի փաշայեւացումը չի կարող քօղարկել նրա քաղաքակրթական դիմագծի բացակայութիւնը:

Ազրպէյճանի կազմաքանդման գործընթացը սկսուելով` Ղարաբաղի լեռներից իջնելու է Քուռ եւ ապա Արաքս գետերի հովիտները, որպէսզի Նախիջեւանի վրայով վերադառնայ Մերձաւոր-Միջին Արեւելքում արդէն նշմարուող` Թուրքիայի ճնշուած ժողովուրդների ազատագրութեան խնդրի բաղկացուցիչը հանդիսացող` Հայկական հարցի գիրկը:

Նման պայմաններում Միացեալ Նահանգներ-Ռուսաստան` աշխարհառազմավարական եւ Ռուսաստան-Եւրոպա` քաղաքակրթական դիսկուրսների մէջ յարմարաւէտ կերպով տեղաւորուող քրիստոնեայ Հայաստանն իր գոյատեւումն ապահովելու եւ հայ ժողովրդի իրաւունքների վերականգնման խնդրին տէր կանգնելու համար պարտաւոր է առաջնորդուել Ազրպէյճանի ու Թուրքիայի «վիրահատութիւնների» համար հող նախապատրաստող` մերձաւոր-միջինարեւելեան քաղաքակրթական տարածքի ձեւաւորման  ռազմավարութեամբ:

*Ընդունուել է տպագրութեան 10.12.2019:

1.- Աւելի մանրամասն տե՜ս «Վէմ»-ի ներկայ համարում հրապարակուող` Ռուբէն Ա. Սաֆրաստեանի աշխատութեան մեր գրախօսութեան մէջ:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ
ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՍԱՆՁԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ            

ՀԻՄՆԱՔԱՐԵՐ
Դաւիթ Վ. Գիւլզատեան (Վանաձոր)
 ՀԱՍԿԱՑԱԿԱՆ ԴԱՇՏ ԵՒ ԱԶԴՈԼՈՐՏ  

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ
Ալբերտ Ա. Ստեփանեան
ՏՈՒՆ/ԸՆՏԱՆԻՔԸ  ՄՈՎՍԷՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ԸՆԿԵՐԱՅԻՆ
ՏԵՍՈՒԹԵԱՆ ՄԷՋ (անգլերէն)    

Գոհար Վ. Խանումեան
ՍՈՂՈՄՈՆ ԹԵՀԼԻՐԵԱՆԸ ԵՒ «Նեմեսիս» ԳՈՐԾՈՂՈՒԹԻՒՆԸ
Յատուկ գործի մասին ՀՅԴ 9-րդ Ընդհանուր ժողովի որոշման 100-ամեակի առթիւ       

ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՏԵՍՈՒԹԻՒՆ
Յովսէփ  Ի. Աղաջանեան
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԵՏԵՐՄԻՆԻԶՄԻ ՊԱՐԱԴՈՔՍՆԵՐԸ
Հասարակական-տնտեսական ֆորմացիաների մարքսեան տեսութեան քննադատութիւն

ԳՐԱԿԱՆԱԳԻՏՈՒԹԻՒՆ
Սերգէեյ Ա. Աղաջանեան
ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՔՆՈՒԹԵԱՆ ԻՄԱՆԵՆՏ  ՅԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ   
Ըստ Յովհ. Թումանեանի հրապարակախօսութեան  

ԼԵԶՈՒԱԲԱՆՈՒԹԻՒՆ
Վազգէն Գ. Համբարձումեան
ՀԱՅԵՐԷՆԻ ԵՒ ԿԵԼՏԱԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐԻ ՀՆՉԻՒՆԱԿԱՆ ԶՈՒԳԱԲԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ
(Ձայնաւորական, ձայնորդային եւ «երկհնչիւնային» մակարդակ)        

Դաւիթ Ս. Գիւրջինեան
ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹԵԱՆ ՓՈՓՈԽՈՒԹԻՒՆ ՆՇԱՆԱԿՈՂ ՀԱՅԵՐԷՆ ԲԱՅԵՐԸ          

ՀՆԱԳԻՏՈՒԹԻՒՆ
Արսէն Է. Յարութիւնեան
Սերժիու Վ. Մատվէեւ (Քիշնեւ, Մոլտովայ)

ԻԶՄԱՅԻԼԻ ՀԱՅԵՐԷՆ ՎԻՄԱԳՐԵՐԸ. ՆՈՐ ԳՏԱԾՈՆԵՐ      

ՄՇԱԿՈՅԹ
Էմմա Լ. Չուգասզեան (Մոնպելիէ, Ֆրանսա)
Ջ. ՓՈԼ ԳԵԹԹԻԻ ԹԱՆԳԱՐԱՆԻ` ՄԵՍՐՈՊ ԽԻԶԱՆՑՈՒ

ՆԿԱՐԱԶԱՐԴԱԾ ԱՒԵՏԱՐԱՆԻ ՆՈՐԱՅԱՅՏ ԷՋԸ (անգլերէն)    

ՅԻՇՈՂՈՒԹԻՒՆ
Անահիտ Ի. Եահեամասիհի
ԳԱՐԵԳԻՆ ՍՐՈՒԱՆՁՏԵԱՆՑ ԵՒ  ՍԱԴԵՂ ՀԵԴԱՅԱԹ
Ազգագրութեան եւ բանագիտութեան հայ եւ պարսիկ
ռահվիրաների գործունէութեան համեմատական քննութիւն            

ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ
Սեդա Ա. Պարսամեան
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆԸ ՑԵՂԱՍՊԱՆԱԳԻՏՈՒԹԵԱՆ ՏԻՐՈՅԹՈՒՄ   

ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ
Գէորգ Մ. Ղուկասեան
«Փափուկ Ուժի» ՏԵՍՈՒԹԵԱՆ ԵՒ ԼՈՊԻԻՆԿԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՅԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹԵԱՆ ՇՈՒՐՋ    

ԳՐԱԽՕՍՈՒԹԻՒՆՆԵՐ
Գէորգ Ս. Խուդինեան,- Ռուբէն Սաֆրաստեան,
Մուսթաֆա Քեմալ. պայքար Հայաստանի
Հանրապետութեան դէմ 1919-1921 թթ.           

ԱՐԽԻՒ
Ռուբէն Օ. Սահակեան
ԹՈՎՄԱՍ ՆԱԶԱՐԲԷԿԵԱՆԻ ԱՆՏԻՊ ՅՈՒՇԵՐԸ
Ռազմական գործողութիւնները Կովկասեան ճակատում
1914 թ. յուլիսից  մինչեւ 1916 թ.  ապրիլի 26-ը 
Տետր 4. 1915 թ. յուլիսի 10-ից մինչեւ օգոստոսի 14-ը        

ՅԱՒԵԼՈՒԱԾ – ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՆԻՒԹԵՐ
Կարէն Պ. Հայրապետեան
ՀԱՏՈՒԱԾԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՅԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ 1918-1919 ԹԹ.       

 

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )