«Ապառաժ»-ի Խմբագրական. Ժողովրդի Կամքն Արտացոլուելու Է Միասնական Օրակարգով

Արցախում կայացած ՏԻՄ ընտրութիւնները համանման նախորդ ընտրութիւններից շատ աւելի քաղաքականացուեցին: Անշուշտ, ՏԻՄ ընտրութիւնները, յատկապէս այն պետութիւններում, որտեղ տեղական ինքնակառավարման մարմինները երկրի կառավարման համակարգում իրենց ուրոյն տեղն են գրաւում, քաղաքական կարեւոր ընտրութիւններ են համարւում: Սակայն պէտք է խոստովանել, որ մեզ մօտ այդպէս չէ:

Այնուամենայնիւ, այս ընտրութիւններին տրուեց քաղաքական լիցք: Այդ քաղաքական լիցքը նախեւառաջ պայմանաւորուած էր Հայաստանի եւ Արցախի իշխանութիւնների միջեւ լարուած յարաբերութիւնների խորապատկերով: Հայաստանի կառավարութեան նիւթական աջակցութեամբ քաղաքական միաւորներ ձեռք բերելու մտայնութեամբ իշխանամէտ դիտորդական առաքելութիւններ գործուղուեցին Արցախ: Սակայն, շնորհիւ Արցախի ժողովրդի ինքնագիտակցութեան, դիտորդական առաքելութիւնները խոստովանեցին բարձր մակարդակի ընտրութիւնների անցկացման իրողութեան մասին:

Միւս կողմից` Արցախում առկայ ներքին քաղաքական դաշտը, պայմանաւորուած 2020թ. կայանալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրութիւններով, ինչ-որ չափով լարուած է: Իսկ կայացած ՏԻՄ ընտրութիւնները համարւում էին թէ՛ որպէս փորձադաշտ եւ թէ՛ շահարկման առիթ ապագայ ընտրութիւնների համար քարոզչական հող նախապատրաստելու գործում:

Բազմիցս մտահոգութիւն ենք յայտնել, որ 2020թ.` յատկապէս նախագահական ընտրութիւնների քարոզարշաւը օրէնքի խախտմամբ սկսուել է շատ աւելի վաղ: Այդ երեւոյթը Արցախի ներքաղաքական դաշտը տանում է դէպի բեւեռացման եւ ժամանակ առ ժամանակ ստեղծում լարուած մթնոլորտ: Հայաստանի Հանրապետութիւնում տեղի ունեցող իշխանափոխութեան գործընթացների այս հանգրուանում նման լարուածութիւններն ու բեւեռացումները արցախեան քաղաքական դաշտում չեն յաճախ կարող են օգտագործուել զանազան ուժերի կողմից շահարկումներ կորզելու նպատակով:

Այս համայնապատկերի վրայ, նկատի ունենալով Արցախի ուրոյն դերը համահայկական օրակարգ ձեւաւորելու եւ համազգային խնդիրներ թելադրելու հարցում, Արցախում քաղաքական պատասխանատուութիւն կրող բոլոր ուժերը շատ աւելի խորը պէտք է գիտակցեն քաղաքական համերաշխութեան անհրաժեշտութիւնը համահայկական հարթակում:

Հէնց այդ համահայկական նշանակութիւն ունեցող կարեւոր խնդրից ելնելով է, որ Դաշնակցութիւնը ՏԻՄ ընտրութիւնների աւարտից յետոյ նախաձեռնել է միասնական օրակարգի ձեւաւորման եւ նախագահի համաձայնեցուած թեկնածուի առաջադրման գործընթացը: Այս քայլը եւս որոշ ուժեր փորձում են շահարկման նիւթ դարձնել` իբր թէ համաձայնեցուած թեկնածուի առկայութիւնը խանգարում է մրցակցային ընտրութիւնների կայացմանը: Ժողովրդավարութիւնը մեր երկրի զարգացման համար ընտրուած ուղի է, եւ դա ընտրուել է ոչ թէ վերջին ժամանակաշրջանում, երբ մոտայիկ են դարձել ժողովրդավարութեան նմանակումները, այլ` հէնց ղարաբաղեան շարժման առաջին իսկ օրերից: Ժողովրդավարութեան ոգին ոչ միայն ընտրութիւնների գործընթացում է թաքնուած, այլ ժողովրդի կամքի դրսեւորման միջոցով է կայանում իրական ժողովրդավարութիւնը:

Այսօր Արցախի ժողովրդի հիմնական մտահոգութիւնը միասնականութեան պահպանումն է: Բոլորի համոզումն է, որ պառակտումներն ու բեւեռացումները անկանխատեսելի վտանգներ են պարունակում թէ՛ ներքին եւ թէ՛ արտաքին ճակատներում: Միասնականութիւնը օրակարգի գլխաւոր կէտն է, իսկ այդ օրակարգի շուրջ համախմբումը` օրախնդիր:

19 սեպտեմբերի 2019թ.

 

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)