Փորձութիւն Անկախութեամբ

ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆ

Անկախութիւնը բացարձակ արժէք է: Յայտնագործութիւն չէ արձանագրելը, որ որեւէ ժողովրդի անվտանգ եւ հեռանկարային ապագայի հիմնական երաշխիքը նրա գոյավիճակն է անկախ  պետականութեան պայմաններում: Միաժամանակ  բացարձակ չէ անկախութիւնը, քանի որ նոյնիսկ տիեզերական մարմիններն են ձգողականութեան օրէնքով փոխկապակցուած իրար հետ: Երկրագնդի գերհզօր տէրութիւնները  կաշկանդուած են միջազգային օրէնքներով, դաշնակիցների եւ ոչ դաշնակիցների հետ ունեցած փոխյարաբերութիւններով եւ այլն: Հզօրանալով տնտեսապէս, քաղաքական հեղինակութեամբ,  ռազմականօրէն, ինչպէս եւ առողջապահութեան, մշակոյթի եւ այլ բնագաւառներում պետութիւնը մեծացնում է իր անկախութեան չափը, իսկ հակառակ գործընթացների պարագայում այդ չափն սկսում է նուազել: Ներկայացուած հաստատումները քաղաքագիտական այբուբենի  յիշեցում չեն, այլ մտքեր են, որոնք կամայ թէ ակամայ ծնւում են գլխումս, երբ խորհում եմ Հայաստանի մասին` անկախութեան հերթական տարեդարձի առիթով: Խորհրդային կայսրութեան  անարիւն փլուզումը ստեղծեց  նրան ենթակայ երկրների անկախացման եւ սեփական պետականութիւնը կերտելու հնարաւորութիւն: Ի տարբերութիւն այլ ժողովուրդների` տուեալ գործընթացը հայութեան համար չեղաւ սահուն ու խաղաղ, ուղեկցուեց` տնտեսութեան փլուզմամբ, շրջափակմամբ, զանգուածային արտագաղթի փորձութիւններով, ազատագրական պատերազմով, ինչպէս եւ հանրապետութեան մէկ երրորդը հողին հաւասարեցրեց պատուհասած երկրաշարժը:

Հետեւաբար սխալուած չենք լինի` ասելով, որ մեր անկախութիւնը ձեռք է բերուել ժողովրդի գերագոյն ճիգով եւ թանկ գնով:

Գեղարուեստական բնորոշում չի լինի, այլ իրականութեան փաստարկում եթէ արձանագրենք, որ Հայաստանի անկախութեան ճանապարհը անցաւ արցախեան պատերազմի միջով: Աւելի՛ն. Հայաստանի անկախացման գործընթացը ծնուեց ղարաբաղեան պայքարի բովում, եւ վերջինս ոչ միայն բարոյահոգեբանական, այլեւ քաղաքական, տնտեսական լուրջ ազդեցութիւն ունեցաւ անկախացող Հայաստանի զարգացման վրայ: Եթէ  հայութիւնը չյաղթէր Ղարաբաղում, այսօր մենք լինելու էինք գլխիկոր ժողովուրդ, թոյլ, կարելի է ասել` յարաբերական պետական ներուժով ու քաղաքական կշռով: Թշնամին «նստած» էր լինելու Զանգեզուրի սահմանների վրայ եւ այստեղից էր սպառնալու մեր երկրի ներկային ու ապագային:

Միանշանակօրէն կարելի է ասել, որ արցախեան յաղթանակն ու հայկական երկրորդ պետութեան  ձեւաւորումը հայոց նոր պետականութեան   բաղկացուցիչ մասն են եւ անկախութեան  ընձեռած ձեռքբերումների մէջ` գլխաւորը: Ամրապնդելով Հայաստանն ու Արցախը` մենք  լայն  հեռանկարներ ենք ապահովելու  Հայաստանի համար:

Միաժամանակ արձանագրենք, որ անկախ Հայաստանը, բառի բովանդակ իմաստով, իր անկախութեան սահմանափակման  մարտահրաւէրները յաղթահարելու փորձութեան առջեւ է գտնուելու դեռ երկար տասնամեակներ: Եւ պատճառը միայն շրջափակումը, տնտեսական առարկայական ու ենթակայական բնոյթի բարդութիւնները չեն: Այլեւս գոյութիւն չունեն խորհրդային փակ սահմանները, որոնք առհասարակ կաշկանդիչ լինելով` միաժամանակ   թոյլ չէին տալիս տարբեր կողմերից զանազան բնոյթի ազդեցութիւնների ներթափանցումը երկիր: Բաց սահմանների պարագայում, ժողովրդավարութեան եւ ազատութիւնների որդեգրումով, Հայաստանը ենթակայ է դարձել  քաղաքական, հասարակական, տնտեսական, հոգեւոր-մշակութային  եւ  այլ օտար հոսանքների գրոհին, որոնք կազմակերպուել եւ կազմակերպուելու են տարբեր կողմերից, Հայաստանի նաւը այս կամ այն ազդեցութիւնների դաշտ հրելու, այս կամ այն արտաքին հաշուարկների ենթական դարձնելու մղումով:  Եւ դա արուելու է ոչ  թշնամու, այլ յաճախ հայ մարդկանց ձեռքով, ինչը որ տեղի ունեցաւ  Վրաստանում ու Ուքրանիայում, արաբական աշխարհում եւ գունաւոր յեղափոխութիւնների փոթորիկներում յայտնուած այլ երկրներում:  Ինչո՞ւ պէտք է Հայաստանը շրջանցեն նման  նախագծերը, եթէ  այսօր մեծապէս մեր երկրով  է պայմանաւորուած, թէ ո՞ր կողմ կը նաւարկի կովկասեան նաւը,  աշխարհաքաղաքական ի՞նչ հնարաւոր վերադասաւորումներ կարող են տեղի ունենալ, ի՞նչ ապագայ կ՛ունենան  մեր ոխերիմ թշնամիների ու «բարեկամների» հետ փոխյարաբերութիւնները, մանաւանդ` արցախեան  հարցի  գոյութեան պայմաններում: Այս ամէնը հայ ժողովրդին եթէ ոչ դատապարտում ապա պարտադրում են բազմապատիկ պատասխանատուութեամբ վերաբերելու  պետականութեան ամրապնդման ու հզօրացման հրամայականին: Հայաստանը անկախութեան իւրաքանչիւր հերթական տարեդարձը պէտք է դիմաւորի առաւել հզօր, ինքնուրոյն  ու անխոցելի դարձած` քաղաքական, տնտեսական, հոգեւոր եւ այլ առումներով: Միայն ազգային արժէքների եւ անփոփոխելի շահերի վրայ խարսխուած,  ազգային գիտակցութեամբ եւ ապագայի միասնական տեսլականով օժտուած ամուր  հասարակութիւնը ունակ կը լինի դիմագրաւելու  մարտահրաւէրներին եւ չշեղուելու  որդեգրած  ուղուց:

Չնայած բոլոր թերութիւններին ու վայրիվերումներին` անցնող գրեթէ երեք տասնամեակը Հայաստանի համար եղել է շօշափելի ձեռքբերումների ժամանակահատուած: Հայաստանը վերափոխուել է ներսից` սկսած տնտեսական հնարաւորութիւններից, մինչեւ հասարակական կառուցակարգերն ու իրաւական համակարգը: Սա երբեք չի կարող նշանակել, որ արդէն հասել ենք վերջնանպատակին, որովհետեւ  վերջնանպատակ չկայ, այլ կայ կատարեալի մշտական ձգտում` բոլորի համար:

Սրանով հանդերձ, չենք կարող չարձանագրել, որ  ազատութիւնների ու ժողովրդավարութեան որոշակի դրսեւորումներով գուցէ Հայաստանը  առաջ է շա՜տ շատերից: Օրինակ` Հայաստանը տեսել է 2008 թուականի մարտի 1-2-ի գիշեր, բայց դժուար է պատկերացնել, թէ մեզանում շաբաթներ ու ամիսներ շարունակ կարող է տեղի ունենալ այն, ինչ եղաւ Փարիզում` դեղին բաճկոնաւորների հրապարակ իջնելով: Հայաստանի իրաւական համակարգը  դեռ շատ պէտք է ժողովրդականանայ, բայց դժուար է նաեւ պատկերացնել, որ, օրինակ, Հայաստանի ոստիկանը կարող է ինչ-որ հրահանգ տալ քաղաքացուն, ապա հանգիստ բարձրացնել  ատրճանակն ու կրակել ենթադրեալ յանցագործի վրայ, ինչպէս` Ամերիկայում: Կարելի է նման օրինակների շարքը շատ երկարացնել` անդրադառնալով շատ աւելի լուրջ խնդիրների եւ ոլորտների: Վերջին երկու տասնամեակների փոխլրացնող արտաքին քաղաքականութեամբ Հայաստանը կարողացել է բազմակողմ ճկուն եւ  չհակադրուող յարաբերութիւններ հաստատել աշխարհաքաղաքական տարբեր միաւորների ու բեւեռների հետ` սկսած ընդգծուած  հակառուսական-արեւմտամէտ արեւելում որդեգրած Վրաստանից, պատժամիջոցների ճիրաններում գտնուող Իրանից` մինչեւ Ռուսաստան, Միացեալ Նահանգներ, Եւրոմիութիւն, արաբական աշխարհ, Չինաստան եւ այլն: Մութ ու ցուրտ 90-ականների  տնտեսական ամբողջական կախուածութեան շրջանից յետոյ, Հայաստանն այսօր սննդի, հացամթերքի, մսամթերքի, թեթեւ եւ հանքարդիւնաբերութեան, շինարարութեան, վերամշակող ճիւղերի, զբօսաշրջութեան, մի շարք  եւ այլ արտադրանքների գծով ամբողջականօրէն կամ մասամբ բաւարարում  է ոչ միայն սեփական կարիքները, այլեւ ամէն տարի շատ ուղղութիւններով ընդլայնում է արտահանումների  ծաւալները:

Այս ցանկը նոյնպէս կարելի է երկարացնել, խնդիրն այն է, որ հեռանկարները ծրագրելիս  երբեք պէտք չէ ընկնել հիւանդագին մտասեւեռումների յորձանուտը եւ ամէն անգամ  խորհել զերոյից սկսելու մասին, այլ գործնականօրէն արժեւորելով եղածը` մտածել  եղած մեկնակէտից առաւել արդիւնաւէտօրէն առաջ շարժուելու մասին:

Յանուն ճշմարտութեան պէտք է նաեւ խոստովանել, որ վերը թուարկուած եւ ներքին այլ պատճառներով մենք օգտագործել ենք հնարաւորութիւնների բնաւ ոչ առաւելագոյնը, եւ մօտ ու հեռու մրցակիցների ընդհանուր առաջընթացի համեմատ, տարբեր ուղղութիւններում  ունենք ոչ արդարացուած յապաղում:

Տասնամեակներ եւ նոյնիսկ դարեր շարունակ մենք մեր  բնօրրանում ապրել ենք որպէս տուեալ պետութեան խորթ քաղաքացիներ, եւ մեզ  բնաւ այդ պետութիւնների յաջողութիւնները չեն ոգեւորել: Հիմա մենք դարձել ենք ե՛ւ հողի ե՛ւ պետութեան տէրերը, ու հոգեբանական շրջադարձը պէտք է լինի  լիակատար, մանաւանդ` ողջ հայութեան հաւաքական  գիտակցութեան մէջ:  Մենք այլ հայրենիք եւ այլ պետութիւն չենք ունենալու, իսկ ինչ որ ունենալու ենք, լինելու է եղածի շարունակութիւնը: Անկախ Հայաստան-Արցախի արժէքը մեր սերունդների ազգային ապագայի երաշխիքն է, որից թանկ բան չի կարող լինել:

Հերթական անգամ  ձեռք բերելով անկախութեան հնարաւորութիւնը` կանգնած  ենք սեփական ապագան կերտելու կամ այն եւս մէկ անգամ ու գուցէ վերջնականօրէն խորտակելու  փորձութեան առջեւ: Ոչ ոք մեր անելիքը չի անելու մեր փոխարէն եւ չի կիսելու  երազանքի հարցում մեր շահագրգռուածութիւնը: Մենք ենք մեր երկրի տէրը, ի հարկէ եթէ  կարողանանք ծրագրել ու արարել միայն սեփական խելքով ու բազուկներով:

 

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)