Սալտօ Մորտալէ Ազրպէյճանի Դիւանագիտական Երկնակամարում

ԱՐՄԱՆ ՆԱՒԱՍԱՐԴԵԱՆ
Արտակարգ եւ լիազօր դեսպան

Եթէ ընթերցողի համբերութիւնը հերիքի եւ մինչեւ վերջ կարդայ ազրպէյճանական 1news-ի յուլիսի 2-ին լոյս ընծայած «Ազրպէյճանի մշակութային դիւանագիտութիւնը ազգային հետաքրքրութիւնների ծառայութեան գործում» վերտառութեամբ օպուսը, ապա խորհուրդ կը տայի այն ընթերցել անպայման նստած, նոյնիսկ կապուած` օրկաններից որեւէ մէկը սալջարդի չենթարկելու նկատառումով:

Ի դէպ, ձեւով եւ բովանդակութեամբ ամբիցիոզ ու ստայօդ այս յօդուածը նուիրուած է «Ազրպէյճանական հանրապետութեան դիւանագիտական օրկանների 100-ամեակին»:

Դասական առումով «դիւանագիտութիւն» եզրը բոլոր ժամանակների Ազրպէյճանի համար մի տեսակ ականջ է ծակում: Եւ քանի որ դիւանագիտութիւնն ու մշակոյթը փոխկապակցուած իպոստասներ են, ակամայից յիշում ես խորհրդային տարիների  «Հայկական ռատիոյի» հետեւեալ անեկդոտը:

Սովետական Հայաստանին նախարարների խորհուրդը դիմում է մոսկովեան ղեկավարութեանը` խնդրելով թոյլատրել ստեղծելու նաւատորմ Սեւանում: Մերժում են: Պատճա՞ռը: Այդ չափի ջրային մակերեսն անհամատեղելի է նաւատորմիղ ունենալուն: Հայաստանն ուղարկում է երկրորդ հեռագիրը.

– Իսկ ինչո՞ւ Ազրպէյճանն ունի մշակոյթի նախարարութիւն:

Հաւատացնում եմ. ես հեռու եմ շովինիզմից, թէկուզ սովետական արտադրանք լինելուս համար, եւ չեմ ժխտում հարեւան ժողովրդի մշակութային նուաճումները խորհրդային տարիներին: Շեշտում եմ` խորհրդայի՛ն տարիներին, քանզի դրանից առաջ, մեծ հաշուով, չեն եղել ո՛չ Ազրպէյճան, ուրեմն, ո՛չ էլ դիւանագիտութիւն: Այնպէս որ, խօսել այդ երկրի մշակութային դիւանագիտութիւնից` աբսուրդ է եւ մտագարութիւն:

Իսկ յօդուածը, ամբողջութեան մէջ, հանդիսանում է ստի ու կեղծիքի դասական օրինակ, որը յատուկ ուսումնասիրութեան եւ վերլուծութեան հարուստ նիւթ է այդ ուսմունքի ճանաչուած մետրեր Պոլ էքմանի, Հենրիկ Ֆեքսէուսի, Չարլզ Ֆորտի եւ միւսների համար:

Յօդուածում ազրպէյճանական պրոպագանդիստական մեքենան չի խորշում, նախ` մտնել մշակութային դիւանագիտութեան խորքային ծալքերի մէջ, յետոյ կատարեալ «Master Class» է ցուցադրում թեմայի շուրջ, շնորհիւ որի` մենք տեղեկանում ենք Ժոզեֆ Նայի, Ֆրետերիք Պարհորնի մասին, ծանօթանում ենք մշակութային դիւանագիտութեանը, «փափուկ ուժի» կիրառմանը, այդ ասպարէզում Ֆրանսայի նուաճումներին եւ այլ դիւանագիտական տրիւկների: Շնորհակալութիւն` «Լիկբեզ»-ի համար:

Յետոյ յայտնաբերում ենք, որ այդ ամէնը` իմա մշակութային դիւանագիտութիւնը, անյիշելի ժամանակներից է եղել Ազրպէյճանի դիւանագիտական արսենալում, որի շնորհիւ` ազրպէյճանցիներին «յաջողուել է համաշխարհային հասարակութեան ուշադրութիւնը հրաւիրել պատմամշակութային արժէքների, ճարտարապետական յուշարձանների, ներառեալ Կովկասեան Աղուանքի անտիկ եւ վաղքրիստոնէական գերեզմանավայրերի, քրիստոնէական ժառանգութեան եւ մուսուլմանական ճարտարապետութեան գլուխգործոցների վրայ»:

Յետոյ գալիս է աթոռից պինդ բռնելու պահը: Պարզւում է, որ այդ բոլոր հրաշալիքները յայտնուել են տարածքներում, բնականաբար զաւթուած հայերի կողմից, եւ ենթարկուել մեծ վտանգների` լրիւ աւերում, թալան, ոչնչացում, ծագումնաբանութեան խեղաթիւրում: Նման սարսափելի տեսարաններ` բարբարոս հայերի մեղքով:

Այնուհետեւ փայլատակում է ազրպէյճանական մտքի հերթական հանճարը: «Շնորհիւ այդ ամբողջ ակտիւութեան` մենք (ազրպէյճանցիները` Ա.Ն.) կարողացանք ոչ միայն ցրել Հայաստանի պատմական ստայօդութիւնը Ազրպէյճանի դէմ նրա ագրեսիայում, այլեւ կիսեցինք սիրիական Փալմիրայի եւ Միջագետքի յուշարձանների փրկութեանն ուղղուած խոր մտահոգութիւնը»:

Պարզապէս «հիանալ» կարելի է համաշխարհային մշակութային արժէքների նկատմամբ մեր հարեւանների տածած հոգատարութեամբ` յիշելով, թէ վանտալիզմի ինչ մոլուցքով էին նրանք ոչնչացնում հայկական խաչքարերը եւ գերեզմանները:

Չի կարելի ըստ «արժանաւոյնը» չգնահատել եղբայրական ժողովրդին` վուլկար գողութեան մէջ ձեռքբերումների համար եւս: Այսպէս, դեռ տասը տարի առաջ ԵՈՒՆԵՍՔՕ-ն յայտարարեց, որ ազրպէյճանական մուղամը մարդկութեան ոչ նիւթական արժէքների գլուխգործոց է: Իսկ 2018 թուականը բերքառատ եղաւ Պաքուի համար: Աշխարհն իմացաւ, որ աշուղական արուեստը, լաւաշը, քամանչան, թառը, գորգագործութիւնը, նախիջեւանեան պարերը, այդ թւում` քոչարին, եւ շատ ու շատ այլ բաներ Ազրպէյճանի դարերից եկող սեփականութիւնն է: Ո՛չ աւել, ո՛չ պակաս:

Վիվատ! Ազրպէյճանի փոխնախագահ, ԵՈՒՆԵՍՔՕ-ում բարի կամքի դեսպան Մեհրիպան Ալիեւա խանում: Ձեր շնորհքները եւ նաւթադոլարները հրաշքներ են գործում միջազգային այդ ինստիտուտում, որում կոռուպցիան եղել է, կայ եւ կը մնայ քանի կան ձեզ նմանները: Իսկ որ շնորհիւ հայաստանեան հասարակական «փափուկ ուժի» ջանքերի (բայց ոչ` պետութեան մասնակցութեան) Պիւլպիւլօղլին չդարձաւ ԵՈՒՆԵՍՔՕ-ի գլխաւոր քարտուղար, ըստ երեւոյթին, շատ չի փոխել այդ կազմակերպութեան դէմքը: Եւ կամ` մենք չենք կարողանում ճիշտ աշխատել Փարիզում:

Արդ, Պաքուն վերջերս հրաժարուեց ապահովել հայկական պատուիրակութեան անվտանգութիւնն իր «հիւրընկալ» յարկի տակ, ԵՈՒՆԵՍՔՕ-ի գալիք համաժողովում: Հարուստ երեւակայութիւն պէտք չէ ունենալ պատկերացնելու, համար, թէ ի՛նչ կեղտ կը թափի Ազրպէյճանը Հայաստանի գլխին` նրա պատուիրակութեան բացակայութեան պայմաններում:

Հենրիխ Մխիթարեանի միջադէպից յետոյ սա դառնում է Ազրպէյճանի կողմից հակահայկական մշակութային դիւանագիտութեան կարծրատիպ:

Ինչեւէ: Մենք ուշանում ենք: Ժամանակն է, որ հայկական դիւանագիտութիւնը նոյնպէս ակտիւօրէն գործարկի դիւանագիտական այն վեկտորը, որը կոչւում է մշակութային: Դրա կարիքը խիստ կայ: Կան նաեւ բոլոր նախադրեալները եւ գործօնները, ինչպէս Հայաստանում, այնպէս էլ սփիւռքում: Վաղուց ժամանակն է:

 

 

Share This Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)