Ինճիրլիքի Դատական Գործը, Ամերիկեան Դատարանը Որոշում Է Կայացրել Յօգուտ Թուրքիայի Հանրապետութեան Կենտրոնական Եւ «Զիրաաթ» Դրամատների

ԷԴՎԻՆ ՄԻՆԱՍԵԱՆ

Ինճիրլիքի դատական գործով Միացեալ Նահանգների վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել յօգուտ Թուրքիայի Հանրապետութեան Կենտրոնական եւ «Զիրաաթ» դրամատների: Երեք դատաւորներից կազմուած 9-րդ  շրջանային վճռաբեկ դատարանը, հիմնուելով վաղեմութեան ժամկէտի վրայ, մերժեց երեք հայ հայցուորների պահանջները` ճանաչել անշարժ գոյքի իրենց իրաւունքը կամ ստանալ փոխհատուցում:

Հայցուորները դատարան հայց էին ներկայացրել` հիմնուելով 1976 թ. ուժի մէջ մտած «Օտարերկրեայ ինքնիշխան պետութիւնների անձեռնմխելիութեան օրէնքի» շրջանակներում բացառութիւն համարուող «Բռնագրաւուած  գոյքը եւ սեփականութիւնը` ըստ միջազգային օրէնքների» յօդուածի վրայ, եւ պահանջում էին յետ տալ Ինճիրլիքում գտնուող 500 հեկտար հողատարածքը, որ ժամանակին իրենց ընտանիքներին է պատկանել եւ պետութեան կողմից առգրաւուել է կամ էլ` փոխհատուցում տրամադրել իրենց:

Առաջին ատեանի դատարանն այդ դատական գործն ընդգրկել էր «քաղաքական տոքթրին»-ի շրջանակներում  եւ համարել, որ դատարանները իրաւասու չեն այդ հարցում վճիռ կայացնել, այլ  իրաւասու են Միացեալ Նահանգների նախագահն ու կառավարութիւնը: Հէնց այս հիմնաւորմամբ էլ հայերի պահանջները մերժուեցին. խօսք չէր գնում վաղեմութեան ժամկէտի մասին:

12 Էջանոց Վճիռը

Դատաւոր Հուրվիցի կողմից կայացուած 12 էջանոց վճիռը, որը թուագրուած է օգոստոսի 8-ով եւ ընդունուել է միաձայն, լիովին տարբեր է նախորդ վճռից: Առանց անդրադառնալու վիճելի հարցերին` հայցը համարուել է ժամանակավրէպ եւ դատական գործը  կասեցնելու որոշում է կայացուել:  Չնայած դա չի փոխում արդիւնքը, սակայն վճիռը բեկանելու համար շատ կարեւոր է այն փաստը, որ հայցը քննելու ժամանակ իրաւասութեան հարցը վճռում առկայ չէ: Առաջինը` «քաղաքական տոքթրին»-ի հարցում` 1976 թ. օրէնքի շրջանակներում դատարանի լիազօրութիւնների վաւերականութիւնը, իսկ երկրորդը այն շեշտադրումն է, որ մարդու իրաւունքների խախտումների յայտնաբերման իրաւասութիւնը կառավարութեան վարած արտաքին քաղաքականութիւնից անկախ դատարանների ձեռքում է:

«Իրենց գոյքի բռնագրաւումից յետոյ շատ մեծ դժուարութիւնների են հանդիպել, սակայն…»

«Որեւէ կասկած չունենք, որ Օսմանեան կայսրութեան արհաւիրքներից փրկուածները իրենց գոյքի բռնագրաւումից յետոյ շատ մեծ դժուարութեան առաջ կանգնեցին», դատարանը այսպիսի մի նախադասութիւն է աւելացրել վճռում: Սակայն վերջում ասւում է. «Հայերի հանդիպած դժուարութիւնները մարդու իրաւունքների խախտումներ են, սակայն եթէ ուշադրութիւն դարձնենք այն հարցին, որ անմիջապէս այդ ամէնից յետոյ հայց չի ներկայացուել դատարան, այս դատական հայցն արդէն շատ ուշ է ներկայացուել»: «1923 թ. կամ 1928 թ. մարդու իրաւունքների խախտումներն ակնյայտ էին, սակայն դատական հայց չի ներկայացուել», ասում է դատարանը եւ եզրակացնում. «Ենթադրում ենք, որ դատական հայց չներկայացնելու պատճառն այն է, որ նրանք կենտրոնացած էին իրենց կեանքը նոր էջից սկսելու վրայ, իրենց այդ իրաւունքը ճանաչող օրէնք չկար, եւ իրատեսական շանսեր էլ չունէին, սակայն այս իրավիճակը ողջամիտ էր մինչեւ  1976 թ. Միացեալ Նահանգների կողմից օրէնքի ընդունումը: Այն ժամանակ վերսկսուել է վաղեմութեան ժամկէտի գործընթացի կիրառումը: Խելամիտ պարզաբանումներ չկան առ այն, թէ ինչո՛ւ են 24 տարի սպասել, չկայ նաեւ որեւէ  իրաւական հիմք»:

Այս փուլից յետոյ հայցուորներն ունեն երկու տարբերակ, որոնց յաջողութեան հասնելու տոկոսային յարաբերակցութիւնը բաւականին ցածր է: Առաջինը` այս վճիռը բարձրագոյն վճռաբեկ դատարան տեղափոխելն է կամ վճիռը Միացեալ Նահանգների բարձրագոյն դատարանում բողոքարկելը:

«Բակալեանն ու Դաւոյեանը ընդդէմ Թուրքիայի Հանրապետութեան եւ նրա Կենտրոնական դրամատան ու «Զիրաաթ» դրամատան դատական գործն առաջին անգամ լսուել է 2010 թ. յունուարին Քալիֆորնիայի Կենտրոնական դատարանում: Ալեքս Բակալեան, Անայիս Յարութիւնեան եւ Ռիթա Մահտեսեան անունով երեք ամերիկահայեր պահանջում են վերադարձնել Ինճիրլիքում գտնուող 500 հեկտար տարածքը, որն իրենց է պատկանում:

http://www.agos.com.tr/tr/yazi/22790/incirlik-davasi-abd-yargisi-tcmb-ve-ziraat-bankasi-lehine-karar-verdi

Թարգմանեց ԱՆԻ ՄԵԼՔՈՆԵԱՆԸ

Akunq.net 

 

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )