50 Տարի Առաջ (10 Օգոստոս 1969)

Գ. Մահարիի Թաղումը

Յուլիսի 22-ին Հայաստանի աշխատաւորները վերջին հրաժեշտը տուին խորհրդահայ մեծ գրող, բանաստեղծ եւ արձակագիր Գուրգէն Մահարուն:

Երեւանի արուեստի աշխատողների տանը, որտեղ դրուած էր հանգուցեալի դագաղը, հնչում է սգոյ մեղեդին: Հայ գրականութեան անխոնջ մշակի դագաղը շրջապատուած է թարմ ծաղիկներով: Գրողին հրաժեշտ տալու են եկել` նրա գրչակից ընկերները, երկրի տարբեր քաղաքներից թաղմանը մասնակցելու համար ժամանած հիւրեր, Գ. Մահարու մերձաւորներն ու բարեկամները:

Դագաղի մօտով անցնում են` բանուորներ, ծառայողներ, մշակոյթի, արուեստի գործիչներ, ուսանողներ:

Պատուոյ պահակ են կանգնում` գրողներ, գիտնականներ, արուեստի գործիչներ, կուսակցական, խորհրդային աշխատողներ, թաղումը կազմակերպող կառավարական յանձնաժողովի անդամները:

Հրաժեշտի վերջին պահն է, Գ. Մահարու դագաղին մօտ պատուոյ պահակ են կանգնում` Ա. Քոչինեանը, Բ. Մուրադեանը, Ն. Յարութիւնեանը, Գ. Արզումանեանը, Մ. Մելքոնեանը, Լ. Ղարիբջանեանը, Հայկական Գերագոյն խորհրդի նախագահութեան նախագահի տեղակալ Հ. Բաղդասարեանը: Նրանք դագաղը դուրս են բերում շէնքից:

Յուղարկաւորների թափօրը շարժւում է դէպի քաղաքային պանթէոն: Այստեղ կայացաւ սգոյ միթինկ, որը բացեց Գ. Մահարու թաղումը կազմակերպող կառավարական յանձնաժողովի նախագահ Ս. Վարդանեանը:

– Յարգելի՛ ընկերներ, բարեկամնե՛ր,- ասաց նա,- մենք այսօր հաւաքուել ենք հրաժեշտի խօսք ասելու խորհրդահայ մեծ գրող Գուրգէն Մահարուն, սգալու մեր կորուստը, արտայայտելու ափսոսանքի անհուն ցաւը եւ միեւնոյն ժամանակ կշռելու այն անկորնչելի հարստութիւնը, գրական այն գանձը, որ կեանքից հեռանալուց առաջ Մահարին կտակեց մեզ: Այդ հարստութիւնը պատկառելի է, մեծ ու գեղեցիկ, մի քնքուշ ու խոր քնարերգութիւն է դա, գունագեղ, ինքնատիպ, բարձրագոյն մակարդակի արձակ, մի անզուգական յուշագրութիւն, քննադատական աշխուժ, սրամիտ ու կրքոտ յօդուածների մի մեծ քանակ:

Գուրգէն Մահարին խորհրդահայ գրականութեան առաջին զօրակոչի զինուորներից է եղել: Չարենցի ու Բակունցի զինակիցը, նրանց մտերիմն ու գրական բարեկամը: Իր հնչեղ սրինգով ներբողեց ապրած օրերի վեհութիւնը, հարազատ ժողովրդի ճակատագրի մէջ կատարուած պատմական մեծ բեկումը, Հայաստան երկրի վերածնունդը: Գուրգէն Մահարու պոէզիան քնարական իւրայատուկ տարեգրութիւն է, մեր օրերի շունչն է, նայիրեան հինաւուրց հողի նորոգ զարթօնքը:

Մահարին գրեց մեր պոէզիայի ամենաինքնատիպ ու վառվռուն էջերից մէկը: Հայաստանի գոյներով ու երանգներով է հարուստ նրա պոէզիան, հարուստ` մարդկային խորը ու նրբին զգացմունքների բազմազանութեամբ:

Գուրգէն Մահարին գեղարուեստական նոյնքան մեծ ընդհանրացումների կարողացաւ հասնել իր արձակ ստեղծագործութիւնների մէջ: Նրա «Երիտասարդութեան սեմին» եռերգութիւնը արձակի այն գլուխ-գործոցներից է, որի վաւերական տեղը հայ դասականի ամենանշանաւոր ստեղծագործութիւնների կողքին է: Այդ սքանչելի գործի մէջ իրենց արտայայտութիւնն են գտել հայ ժողովրդի պատմութեան ամենաճակատագրական  տարիները: Պատմութեան զարկերակն է տրոփում Մահարու ինչպէս այդ, այնպէս էլ բազմաթիւ ուրիշ արձակ ստեղծագործութիւններում, որոնք իրենց ամբողջականութեան մէջ նշանաւորեցին հայ արձակի նոր որակը, նոր մակարդակը: Մահարին պատմուածքի խոշոր վարպետ էր, անզուգական հումորիստ, որը գիտէր պարզ ու անպաճոյճ խօսքերով շատ բան ասելու զարմանալի գաղտնիքը:

Նա այն քչերից էր, որոնց մէջ երբեք չի խախտւում հողի եւ արեւի, մտքի եւ սրտի դաշինքը: Մտածողութեան, կրքի եւ ոճի ներդաշնակութիւնն էր Մահարու արուեստի մեծութեան խորհուրդը, որը նրան ուղեկցեց «Տիտանիկից» մինչեւ «Մրգահաս», մինչեւ «Այրուող այգեստանները» եւ անաւարտ «Քաջ Նազարի թոռները»: Արեւային էր Մահարու արուեստը: Նրա ստեղծագործութիւնը իր եւ իր սերնդի կենսագրութիւնն էր, հաւաստի տարեգրութիւնը` մեր յեղափոխական ժամանակաշրջանի:

Չկար գրական որեւէ երեւոյթ, որ վրիպէր նրա ուշադրութիւնից: Երիտասարդ գրողի նոր գիրք էր լոյս տեսնում` Մահարին է նրա գրախօսը, գրական բանավէճ էր, նա ամենաաշխուժ մասնակիցն էր: Գրականութեամբ էր ապրում ու շնչում նա, գրականութիւնը նրա հրճուանքի աղբիւրն էր, ուրախութիւնը եւ երջանկութիւնը:

Հէնց մանկութեան օրերից բախտը դժուարին կեանք էր վերապահել Մահարուն: Ծնուած լինելով Արեւմտեան Հայաստանի Վան քաղաքում` նա վաղ մանկութիւնից ճաշակեց գաղթի ճանապարհների զարհուրանքը, հարազատներին կորցնելու ցաւը, թափառեց որբանոցից որբանոց, ապրեց սով ու զրկանք: Հետագայում բախտի այլ հարուածներ կրեց, սակայն նրա ստեղծագործութիւնների մէջ ի սպառ բացակայ էր տրտունջը, ընդհակառակն, միշտ լուսաւոր ու բարի հայեացքով է նայել Մահարին կեանքին, ոգու արիութիւնը երբեք չի լքել նրան:

Վերջին մի քանի տարիներին թէեւ ծանր հիւանդ էր, սակայն գրիչը երբեք չգցեց: Շարունակում էր գրել գործեր, որոնց մէջ տակաւին անբացակայ էին զուարթ հումորն ու բարի ժպիտը: Յատկանշական է, որ նրա ամենավերջին, դեռեւս անտիպ բանաստեղծութիւնը վերնագրուած է «Ուրախ երգ»: Դա իւրօրինակ հրաժեշտ-խօսք է, որը սակայն գարնան գալուստն է աւետում, հաստատում է կեանքի յաւերժութիւնը եւ գեղեցկութիւնը:

Կեանքից հեռացաւ Գուրգէն Մահարին` ապրողներին թողնելով իր հիասքանչ ստեղծագործութիւնը, իր սէրը, ժպիտը: Խոնարհուենք նրա աճիւնի առաջ, խոնարհուենք նրա արուեստի այն վայելքի համար, որ նա պարգեւել է մեզ:

Ելոյթ է ունենում բանաստեղծ Վահագն Դաւթեանը:

– Հայաստան երկրի հողը,- ասում է նա,- իր գիրկն է առնում իր շռայլ, մեծատաղանդ, պայծառ զաւակներից մէկի աճիւնը, եւ մենք հիմա ոչ միայն հրաժեշտի, սգոյ, ափսոսանքի խօսքեր պիտի ասենք նրան, այլ նաեւ խօսքեր` երախտագիտութեան ու շնորհապարտութեան, քանի որ նա մի մեծ ժառանգութիւն թողեց մեզ, ճշմարիտ արուեստի գանձեր:

Հայ գրականութեան ամենաինքնատիպ տաղանդներից է եւ ինքնատիպ էր որպէս մարդ: Ֆիզիքական ու հոգեկան ցաւերի մէջ նա երբեք չկորցրեց աշխարհին ու մարդկանց ժպտալու զարմանալի կարողութիւնը: Կատակեց մինչեւ վերջ, կատակեց ցաւի, տառապանքի, մահուան հետ: Գուրգէն Մահարին, նա, որ գիտէր ողբերգական ժպիտով պատմելու զարմանալի գաղտնիքը, որ նման չէր ոչ ոքի, որ արուեստագէտ էր իր ամբողջ էութեամբ, եւ ահա իր հոգու ամբողջ հարստութիւնը, իր պոէզիան, արձակը, ամէն ինչ մեզ թողած, հրաշալիքներ ծնած գրողն ու մարդը գնում են յաւերժական հանգստի: Ու որքան ժամանակ անցնի, մեզ համար այնքան թանկ պիտի դառնայ նրա ստեղծագործութիւնը, գնում է նա` դառնալով հայ դասականներից մէկը, յաւիտենապէս կանգնելու Դեմիրճեանի, Չարենցի, Զօրեանի, Բակունցի, Զարեանի կողքին: Գնա՛ս բարով, սիրելի՛ Մահարի, թող թեթեւ լինի հողը քեզ վրայ, այն հողը, որ դու առաւել գեղեցկացրիր քո զարմանալի արուեստով:

Անկախ այն բանից, ասաց բանասիրական գիտութիւնների դոկտոր Ս. Աղաբաբեանը, թէ ի՛նչ է տուել Գուրգէն Մահարին հայ գրականութեանը, իսկ նրա տուածի կշիռը շատ է մեծ, այդպիսի մարդու գոյութիւնը բանական, գեղեցիկ ու հետաքրքիր է դարձնում կեանքը: Իրօք նա կեանքի մարդ էր, երեխայի անմիջականութեամբ: Թէեւ հիւանդ ու ուժասպառ, նա ծախսում էր իր վերջին ուժերը` վայելելու հաճոյքներից մեծագոյնը, ստեղծագործելու հաճոյքը:

Մահարին հերոս էր, հերոսի պէս էլ դիմաւորեց մահը մինչեւ վերջին օրը` ձեռքին պահած այն հասարակ աշակերտական գրիչը, որով գրուել են հայ գրականութեան ոսկեբառ էջերը, անտառի ու անձրեւի երգերը, Շապին Գարահիսարի նահատակների ու կարմիր ձիաւորների մասին պատմող բալադները, հայրենի հնձանների ու այգեստանների, հողի աւիշով լի տողերը:

Գուրգէն Մահարին խորհրդահայ հայ գրականութեան պատմութեան այն անուններից է, որոնց դէմ անզօր է ժամանակը: Հայրենի գրականութեան մէջ նա թողել է իր ցայտուն հետագծերը, մահարիական կենդանի շունչը:

Կը բոլորեն տարիներ ու տասնամեակներ, բայց չի թուլնայ ուժը այն խօսքի, որին մարմին ու ձեւ էր տալիս Գուրգէն Մահարու նման բացառիկ տաղանդաւոր մարդը:

Հ. Հ. Գ.

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)